Շուշանիկ Արամ/Թեւնոցներ, ածելի, կապույտ երակներ

Ես այսօր
կկառուցեմ գիշերն այս
այսահար,
որտեղ քո մասին
ոչ մի ակնարկ չկա,
ու քո մասինը
իմ հորինած հեքիաթն էր
միայն,
ու հեքիաթից միայն
ապակե քաղաքը մնաց…
ու լռություն մնաց,
որը մի օր
ճաք կտա
ջրերի վրա,
որտեղ այլևս
ոչ մի նավ
չկա,
ու այսուհետ կարևոր չէ
ճայերն ինչ տեսք ունեն,
ու բացարձակ կարևոր չէ
ճայերն ինչ տեսք ունեն…

Իմ միակ
հավատարիմ
ուղեկիցը
եղավ
սրտխառնոցը ,
անձրևից առաջ ու
անձրևից հետո,
ուժեղ տապին
ու ցրտերին
հեռվից եկող,
բոլոր միջանկյալ
ժամերին,
անսովոր ու
սովորական
մի բան,
զգուշավոր
անպարկեշտ,
սատանայական
ժպիտով
ու թեև կարողացավ
հաշվել
մանրաթելերը բոլոր
ու բջիջները
նյարդային,
բայց տեղ չհասավ,
բայց տեղ չհասավ,
մնաց մոլորյալ`
ինչպես բեդվինը
անծանոթ
անապատում …

Փորձիր ինձ տեսնել
այս մշուշի մեջ,
այս մշուշի միջից,
խոնավ թարթևանների տակից,
սառցապատ ձեռքերով,
անշունչ,
անմարմին,
անգոյական,
չեղյալ,
փորձիր
լսել ձայնս,
խզված,
այստեղ,
այսօր,
անցյալից եկող,
անվստահ,
վարանոտ,
անպատեհ,
ապաշուք…
մեկնիր ձեռքդ
անհասցե,
անօրինակ

այստեղ,
հիմա,

այս պահին
ուրիշ ոչինչ,
ուրիշ ոչինչ…

Դու չմնացիր
իմ լուսավոր
օրերում
այլ եկար
դեպի իմ
մղձավանջները,
որ հաշվես
ռիթմերը
անքնության,
կաթոցը
ջրի
տագնապների,
փետուրները
հրեշտակների,
դևերի,
մահվան
եկար,
որ
մնաս…

Ներիր ինձ
հայրիկ,
մորոտներից ես
դուրս չեկա,
ոտքերս ծանր
կպել են թաց
հողին,
ինչ որ
ուժ
դանդաղ
քաշում է ինձ
դեպի
խոռոչները
անհրապույր,
անհերքելի
ծանր,
անվերջ
տխուր,
մարմինս
կերակուր
չդարձավ
վայրի կենդանիների
համար
ու աչքերումս
ագռավներ
չապրեցին,
արյունս գինի
չդարձավ,
այլ հոսեց
գետերի
հուներին
հակառակ,
իբրև
բացակայության
նշան,
իբրև
երկվություն
անցյալի
և
ներկայի
արանքում,
և մի
ջրակայուն
մերկություն
մնաց
ի հեճուկս
այն ամենի
ինչ երեկ
պիտի
լիներ,
բայց առանց
դադար առնելու
գնաց,
առանց ետ
նայելու,
քանզի
թիկունքից
լսում էր
աղե արձաների
լուռ հառաչը:

Թևնոցներ
ածելի
ածելի
թևնոցներ
կապույտ
երակներ
զարկերակ
արյուն
լռություն
այստեղ
դանդաղ
խոնավ
պատշգամբ
ածելի
պարաններ
մեղքեր
կապույտ
լռություն
մերկություն
թաց
աշուն,
որ կգա,
չեկավ,
չկա…

Ասա, որ
դրախտում ես,
և սերը
դրախտում
ծաղիկների գույն ունի,
այն ծաղիկների,
որոնց մասին պատմում էիր,
իսկ ես չհասցրի տեսնել,
ասա, որ կարոտը
դրախտում գույն չունի
ու գոյություն չունի,
ասա, երբ ձեռքս
այստեղ բաց թողեցիր,
նորից բռնելու
համար էր…
ասա, ասա, ո՞ր
դրախտում ես…

Ու վայրի
ու վայրի խորդենին
կծաղկի իբրև
հիշողություն
ու երևի շունչս
կկտրվի այստեղ
մաքուր օդից,
նիկոտինի հերթական
չափաբաժնից
դառը սուրճից
ու երևի
չեմ մեռնի վաղը
քո բացակա
ներկայությունից,
սառը քամուց,
անձրևից,
ու թոքերս կլցվեն
նորից մաքուր օդով
ծխով անմահական
ու ծանր հիշողությամբ
խորդենու մասին…

Ներիր այն ամենի
համար
ինչը չեմ կարող քեզ
տալ
երազների համար
անիրական
սիրո համար ներիր,
ծաղիկների համար

միայնության
կապույտ կապույտ
ալիքների համար
տառապանքի
ու հաշտության համար
ու հայտնության
առեղծվածի

չլինելու համար

ու լինելու նաև
մահվան վախի
ու ապրելու չկամության
համար

ներիր…

Ինձ համար միևնույն է
այսօր, այստեղ եմ,
առանց զարդարանքի
առանց շքեղ հանդերձների,
առանց գայլերի,
առանց քեզ
ու
թքած ունեմ…

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *