***
Բավիղները արշալույսի, բավիղները քինոտ
Լուռ ձգվում են առաջ` ասես խունկ են անհոտ,
Որ ծխում է դանդաղ, աննպատակ, ժահրոտ
Եվ գուժում է նորից մի նոր վախճան ծանոթ…
Ալիքներում այս գիժ ու մոգական ստի,
Ես գերի եմ դարձել հավերժական վիհի,
Որ քաշում է անվերջ դեպ իր խորքը լացի,
Ու ստիպում քաղել մի ծաղկեփունջ վշտի…
Եվ ծաղրի է նման հառաչանքը բախտի,
Որ կապված է անզոր անցաթղթին կյանքի,
Որ դարձել է խնձոր մի վաղեմի կռվի
Ու զուր ծառս է լինում, երբ բախվում է մութին…
Ես պարզել եմ ձեռքս, որ համոզեմ բախտին,
Թե վավեր է, իրավ, անցաթուղթը կյանքի,
Թե չի եկել բնավ պահը վերջակետի…
Կլսի՞ ինձ բախտը, կհավատա՞ կրկին…
***
Բա՜վ է…
Պիտ քանդեմ կապանքներն ամուլ,
Թոթափեմ բեռը պատվախնդրության,
Դառնամ խամաճիկ ստի հանդեսում,
Ծիծաղեմ բարձր ինչպես գիժ հսկան,
Որ գիտի հեգնել քաշը սեփական…
Բա՜վ է…
Պիտ ելնի իմ դեմ որպես ժայռ
Անսասան փարոսն այլասիրության,
Որի վարակիչ ուժն ահարկու,
Տարրալուծվելով ստի ճահճում,
Տրվի ամբոխին այս խառնիճաղանջ
Ինչպես բալասան ինքնափրկության…
Բա՜վ է…
Պիտ հնչի էտյուդ լռության,
Որ սսկվեն հավերժ մոգերն ինքնակոչ,
Հատեն սահմանը ինքնագոհության,
Դառնան պարզ զինվոր բարեպաշտության,
Որ անբասիր է աղավնու նման,
Եւ ուր էլ լինի, երբեք չի կորցնի տունդարձի ճամփան…
***
Մեզ մնաց միայն մայրամուտ այրվող,
Որ մեր հոգնատանջ հոգու գույնն ունի,
Ու պիտ արեւի մահով հուրհրա,
Հիշեցնի սարսափն անդարձ օրերի։
Մեզ մնաց միայն այլայլված երկինք,
Որ մեր սրտի պես բյուր ճեղքեր ունի,
Ու պիտ աստղաթափ մութով շաղախվի,
Հնչեցնի կոչնակ սառած ներկայի։
Մեզ մնաց միայն մի բուռ հող հայոց,
Որ մեր աչքերից թաց է ավելի,
Ու պիտ իր անտակ սուրբ գիրկն առնի
Կյանքի համ չառած բյուր պարմանների…
Մեզ մնաց միայն աղոթք կիսաձայն,
Որ մեր թեւաթափ ձեռքերի ուժով
Պիտ ելնի նորից, դառնա սպեղանի
Մեր լուռ ծխացող անթիվ վերքերին…
Չստացված պոեմ
Հեռո՜ւ, հեռավո՜ր միգում օվկիանի
Թափառում էր նավն` աշխարհից լքված,
Նա չէր գանգատվում իր մենությունից,
Քանզի նրա հետ հաշտ էր, համերաշխ:
Նավն օրորվում էր օվկիանի շնչից,
Փարվում լազուրի մեղմ ալիքներին
Ու հրճվում ինչպես փոքրիկ երեխա,
Երբ ալիքվում էր սիրտը թույլ վարգից:
Եվ այսպես անհոգ ու թեթեւացած՝
Նավը շրջում էր աշխարհեաշխարհ,
Նա վայելում էր այն բերկրությունը,
Որ ուներ միշտ իր կյանքից մենակյաց:
Բայց մի օր անսիրտ չարքերն օվկիանի
Հոռի ու լպրիշ ծիծաղով անզուսպ
Նավի դեմ ելան հուժկու ալիքով,
Որ խախտեն նավի ուխտը մենության…
Թեք էր ալիքը, հատու հարվածով
Այն խոցեց մեկեն նուրբ սիրտը նավի,
Կայմը օրորվեց ու շռնդյունով
Պատեց իր մարմնով հատակը նավի:
Գազազեց օվկիանն ու մի նոր ուժով
Հարձակվեց նավի նուրբ սրտի վրա,
Կլանեց իր բիրտ, կոշտ ալիքներով
Խորտակվող նավի սիրտն անպաշտպան:
Նավը ծառս եղավ ու շունչը պահած՝
Փորձեց դիմադրել խորտակման ուժին,
Բայց ուշ էր արդեն, քանզի էլ չկար
Փրկության հույսի կաթիլ կենարար:
Նավը խորտակվեց, բայց իր հետ տարավ
Հավերժող շունչն անխախտ մենության,
Այնտեղ՝ հատակում, հանգավ առհավետ
Որպես մենության սիմվոլ հաղթական…
***
Եղիցին կարոտ
Եվ մխիթարանք,
Թե կարոտն անսիրտ
Մի օր կսանձվի,
Ու կլինի ձոն մխիթարության,
Որ լուռ կփարվի մեր հոգիներին,
Որ մերկ են այնպես,
Որ դողում են խեղճ ու հավերժ լքված
Այս ցրտից խոնավ,
Որ թափանցում է մեռնող կարոտի ոսկորների մեջ
Ու ցեցի նման հոշոտում ամեն մի մխիթարանք,
Թե դեռ կլինի ինքնափրկություն
Սեփական տենդից՝ բութ ու անիմաստ,
Թե դեռ կշնչենք ու լայն կժպտանք…
Եղիցին ցասում
Եվ տարակուսանք,
Թե ցնորքն այս բիրտ
Հօդս կցնդի,
Ու կճաքճքի այս ծուռ հայելին,
Որ զզվանք ունի իր մեջ ամբարած
Սեփական տեսքից,
Որ ծուռտիկ ու մեղկ տարաբախտության փոթորիկներում
Հալածվել է միշտ այնպես կուրորեն,
Որ դարձել է լոկ խեղված հանգրվան
Ամեն այլանդակ ապիկարության,
Որ տանջում է դեռ այն փոքրոգությամբ,
Թե կեռ բանալին պիտի պտտվի
Ու դռներ բանա…
Եղիցի աղմուկ
Ու սին պարսավանք…
