Օֆելի Դալաքյան/Վայրին

– Քեզ մի քիչ աղջկա նման պահիր,- ձայն տվեց Վարսիկն աղջկա հետևից, երբ հերթական անգամ Հայկուհին բակի տղաներին ծեծել էր։ – Ես ինչքա՞ն կարող եմ գլուխս կախ ման գալ փողոցում, որ տան մոտով անցում եմ, ծնողները բողոքում են, արդեն փոքր չես, աղջիկ ջան։

Չէր հանգստանում Վարսիկը, հետո էլ բարկացած ժամանակ խմորն ավելի լավ էր շաղում․ ներսում ինչքան բարկություն կար, խմորից էր «վրեժ» առնում։

Հայկուհին վաղուց փողոցի մյուս ծայրն էր հասել ու բառ առ բառ կրկնում էր մոր ասածները, թեև մոր ձայնն արդեն լսելի չէր։ «Ես ինչքա՞ն կարող եմ գլուխս կախ ման գալ, քույրերիցդ օրինակ վերցրու, խելոք, համեստ, չիմացա՝ ինչպես ավարտեցին դպրոցը»,- մտքում կրկնում էր մորը։

– Վայ, մամ, դու այդպես էլ ինձ չներեցիր, որ տղա չեմ ծնվել,- բարձր-բարձր, ինքն իրեն ասելով՝ հասավ դպրոց Հայկուհին։

Հայկուհին տան երրորդ երեխան էր, երկու մեծ քույր ուներ։ Նրանց միջև տարիքային տարբերությունը յոթ և ութ տարի էր։ Երկու դուստրերից հետո ծնողները երազում էին որդի ունենալ։ Հայրը որոշել էր, եթե տղա ունենա, անունը կդնի Հայկ՝ ի պատիվ հոր, բայց դարձյալ աղջիկ ծնվեց, անունն էլ՝ Հայկուհի՝ ի պատիվ պապի։ Հայկուհին մեծացավ գյուղի տղաների հետ՝ իրար հետ կռվելով, ծեծելով, ցոգոլ գողանալով հարևանի դաշտերից։ Ամեն օր տուն էր գալիս ոտքերը քերծած, տաբատը պատռած։ Տղաները սիրում էին Հայկուհու հետ ընկերություն անել։ Նա ազնիվ էր, պարզ, արդարության ջատագով և, ամենակարևորը, խոսք տանել-բերել չուներ։ Հայկուհին գիտեր՝ տղաները երբ են առաջին անգամ ծխել, երբեմն էլ ինքն էր խանութից նրանց համար գնել ծխախոտ՝ վաճառողին ասելով, թե հոր համար է։ Նրանք միասին գաղտնիք պահել սովորեցին, ինչը չէր ստացվում հասակակից մյուս աղջիկների հետ։ Հայկուհին նաև շատ սիրուն էր, վայրի գեղեցկություն ուներ, թխամորթ էր ու կանաչավուն աչքերով, որոնք անձրևից հետո արթնացած խոտի գույնն ունեին, իսկ մաշկը հարթ էր ու մաքո՜ւր-մաքուր։ 

Հայկուհու հայրը աղջկա անկարգությունների վրա աչք էր փակում, իր երազած տղայի նման էր մեծացնում նրան։ Ընկերական բոլոր հանդիպումների, բերքահավաքի կամ ձուկ բռնելու Հայկուհու հետ էր գնում։ Իր փոքրիկ, բայց ամենամոտ ընկերն էր աղջիկը։

Չհաշված չարաճճիությունները՝ Հայկուհին դասարանի լավագույն սովորողն էր։ Երբ նախարարությունից գալիս էին դասալսման, Հայկուհին էր պարզեցնում դասարանի դեմքը։ Բայց,այնուամենայնիվ, մայրը զարմանում էր, որ աղջիկը գերազանց առաջադիմություն ուներ․նա երբեք Հայկուհուն դաս անելիս չէր տեսել, բայց երբ դաս էին հարցնում, անգիր պատասխանում էր։ Մայրն այդ նույն դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր աշխատում։ Աշակերտները շատ էին սիրում ընկեր Վարսիկին։ Ամբողջ դասարանին մեկ միավոր բարձր էր գնահատում, բացի Հայկուհուց, որովհետև նա կարող էր ավելին, բայց չէր անում։ Ու երբ 9-րդ դասարանում կարմիր վկայական ստանալու հարց կար, միայն գրականության միավորն էր ցածր։ Տնօրենը համոզում էր Վարսիկին, որ քարը փեշից թափի ու աղջկան բարձր գնահատի։

– Ոչ,- ասել էր Վարսիկը,- նա Դուրյանի «Լճակը» այդպես էլ չսովորեց։

– Վայ, այ, Վարսիկ ջան, էդ «Լճակը» նույնիսկ ես անգիր չգիտեմ,- ծիծաղել էր տնօրենը,- թող մի բանաստեղծություն էլ չիմանա։

Վարսիկը հոգու խորքում ուրախանում էր աղջկա համար, բայց չէր էլ ուզում, որ դպրոցում խոսեին, թե աղջկան առաջ է տանում։ Երևի հենց դրա համար էր, որ հրաժարվեց աղջկա դասարանից։

– Դու բոլորի համար ես ապրում, բացի քեզ համար ապրելուց, զգուշավոր ես, վախենում ես ուրիշի կարծիքից, վախենում ես, որ կասեն՝ աղջկան բարձր միավոր է նշանակել, է, թող ասեն, դրանից ի՞նչ կփոխվի,- մի անգամ չէր դիմացել Հայկուհին։

– Լռիր, անպատկառ, եկել ինձ խելք է սովորեցնում,- բարկացել էր Վարսիկը։

– Ճիշտ է, դու ես ուսուցիչը և դու պետք է սովորեցնես,- պատասխանել էր Հայկուհին։

Վարսիկը զայրացել էր, բայց հասկանում էր, որ աղջիկն իրավացի է․ամեն օրն ապրել էր այնպես, որ ուրիշներին հարմար լինի։ Թերևս դա էր պատճառը, որ երբեմն Հայկուհու հետ լեզու չէին գտնում․ շատ տարբեր էին մայր ու աղջիկ։

Հայկուհին որքան էլ գեղեցիկ էր, որքան էլ վայրի ու անկարգ, նույնքան էլ անհասանելի էր տղաների համար։ Ու քանիցս տղաները փորձել էին սիրահետել, իրենցով անել, բայց ապառաժ քարի էին բախվել։ Թվում էր՝ այդ ընդգծված մարմնի ներսում սիրտ չկա, զգացմունք չկա։ Եվ այդ անհասանելիությունն ավելի էր զայրացնում տղաներին։

Մի քանի ամիս անց վերջին զանգն էր։ Եվ այդ օրը մայրը Հայկուհուն հազիվ էր համոզել շրջազգեստ հագնել։ Ու նա այնքան ուրիշ էր այդ կարճ շրջազգեստով ու բարձրակրունկներով, մի անուշ նրբություն էր իջել նրա մանրիկ աչքերին։ Բայց չէին կարողացել համոզել աչքերը և շրթունքները ներկել։ Նա բնական գեղեցկություն ուներ, որը խոսում էր նաև բնավորության մասին։․․․ Միջոցառման ժամանակ բեմից հանկարծ նկատեց, որ մի զույգ խոշոր ու սև աչքեր իրեն են նայում։ Այնպես չէր, որ առաջին անգամ տղայի հայացք էր զգում, նա այդ հայացքների մեջ էր մեծացել, իրեն աղջիկ զգացել, բայց այս մեկից փոքր-ինչ շփոթվել էր, ուզում էր թաքնվել վարագույրի հետևում։

Միջոցառման ավարտից հետո այդ աչքերի տերը փորձեց մոտենալ Հայկուհուն, բայց վերջինս գնաց կանգնեց մոր կողքին, համբուրեց մորն ու ժպտաց։ Մայրը զարմացավ․ Հայկուհին երբեք սենտիմենտալ չէր եղել։

Ամբողջ հունիսի ընթացքում աշակերտներից շատերը պատրաստվում էին համալսարանի ընդունելության քննությունների։ Հայկուհին ևս անմասն չէր։ Քննություններին հայրն էր նրան ուղեկցում։ Տանում էր քաղաք, սպասում մինչև ավարտեր ու գնան տուն։ Միայն վերջին քննությանն էր, որ Հայկուհին խնդրեց հորը, որ մենակ գնա քաղաք։

– Ես ընկերուհիներիս հետ կգնամ,- ասել էր Հայկուհին։

– Դու ընկերուհիներ ունե՞ս,- ծիծաղել էր հայրը,- քոնը ընկերնե՞ր չէին։

– Դե, պապ, ես կգնամ ավտոբուսով,- շարունակել էր Հայկուհին։

– Ո՛չ,- կտրուկ պատասխանել էր հայրը։

Հայկուհին գիտեր, եթե հայրը մի բան ասում է, հակառակը համոզել չէր լինի։ Այդ բնավորության գիծը Հայկուհին էլ էր ժառանգել։

Վերջին քննությունն էր, հայրը անհանգիստ սպասում էր մեքենայում, հետո իջնում ծխում էր, նայում ժամացույցին, հետո նորից նստում մեքենա։

– Հայկուհի ջա՞ն, ուշացար էս անգամ,- ասաց հայրը։

– Դժվար էր,- պատասխանեց Հայկուհին ու բացեց մեքենայի դուռը։

Քննություններից մեկ ամիս անց պարզվեց՝ ովքեր էին ընդունվել համալսարան։ Նրանց դասարանից տասը հոգի էին դիմել, որոնցից յոթն ընդունվեցին, իսկ Հայկուհին ընդունվեց գերազանցության կարգով՝ անվճար։ Ողջ օգոստոսին նորելուկ ուսանողները պատրաստվում էին նոր կյանք մտնելուն։ Հայկուհին նոր զգեստներ գնեց, զարմանալի էր, բայց տաբատներին փոխարինելու եկան շրջազգեստները, սկսեց հայելու առաջ հաճախ կանգնել, վերին շրթունքի աղվամազիկները սկսեցին Հայկուհուն խանգարել։ Երբեմն թարթչաներկ ու շրթներկ էր օգտագործում։ Սկզբում անսովոր էր իր համար, հետո հաշտվեց այդ նոր կերպարին։

Դասերը սկսվել էին, և գյուղի ավտոբուսը ժամացույցի ճշգրտությամբ աշխատում էր։ Բոլոր ուսանողները միասին գնում գալիս էին, երբեմն էլ Հայկուհու հայրն էր իր մեքենայով նրանց տանում համալսարան։ 

Մի քանի ամիս է՝ ուսանողական կյանքով էր ապրում Հայկուհին, գոհ էր կարծես թե։  

– Վերջերս սկսել ես ուշ գալ համալսարանից,- սուրճի սեղանի շուրջ, հարևանցիորեն ասաց մայրը Հայկուհուն, երբ մյուս աղջիկներն էլ էին այդ օրն իրենց տանը։- Ընկերուհիներդ ավելի շուտ են գալիս։

– Դե, գրադարան եմ գնում դասից հետո,- լղոզած պատասխան տվեց Հայկուհին։

Վարսիկը խոր շունչ քաշեց, բառ չասաց։ Հայկուհին վերցրեց սուրճն ու գնաց իր սենյակ․ պարապեր պիտի։

Հետո դասից ուշ վերադարձերը սկսեցին կրկնվել, ընկերուհիները քաղաքից զանազան լուրեր էին բերում Հայկուհու մասին։ 

– Հայկուհի,- մի օր ավտոբուսից իջնելիս ձայն տվեց տղաներից մեկը,- սիրու՞մ ես էդ տղուն։

– Ի՞նչ տղա,- զարմացած ու կարմրած հարցրեց նա։

– Էն տղեն, որ ամբողջ օրը քաղաքում իրար հետ ման եք գալիս։- Նայի հա՜, եթե քեզ նեղացնի, կսպանեմ դրան։

Աբուլն էր, Հայկուհու հետ են մեծացել։ Աբուլը երբեք անտարբեր չէր եղել Հայկուհու նկատմամբ։ Սկզբում թվում էր՝ մանկական սիրահարվածություն է, կանցնի, բայց չանցավ։ Աբուլը երազում էր Հայկուհու ձեռքը բռնել, համբուրել, ինչպես ֆիլմերում էին տեսել, երբ փոքր էին։ Բայց բացի ապտակից Աբուլը ոչինչ չէր ստացել։

– Վայրի,- գոռաց Աբուլը մի անգամ, երբ փորձել էր համբուրել Հայկուհուն, իսկ վերջինս, ինչքան ուժ ուներ, խփել էր Աբուլին։

Հայկուհին առանց բառ ասելու, առանց արդարանալու, որ ընկեր չունի, հեռացավ Աբուլի մոտից։
Աբուլի սիրտը հազար կտոր էր եղել, երբ իմացել էր, որ Հայկուհուհին ընկեր ունի։ Ինչքան էր երազել, որ ինքը Հայկուհուն ուղեկցի համալսարան, հետո միասին ոտքի տակ տային քաղաքը, ծաղիկներ նվիրեր Հայկուհուն, հետո վերադառնային տուն։

Այս հանդիպումից անցել էր գրեթե մեկ տարի, Աբուլը գնացել էր գյուղից, էլ չէին հանդիպել, մինչև մի անգամ տեսավ Հայկուհուն Երևանի այգիներից մեկում լաց լինելիս։ Սիրտը չդիմացավ, մոտեցավ, գրկեց գլուխը։

– Լացի, ինչքան ուժ ունես լացի,- ասաց Աբուլը։

Հայկուհին երևի սպասում էր, որ մեկն իրեն թույլ կտա արտասվել, ու սկսեց հեկեկալ։

-Ախր, ոնց թողեցիր քեզ խեղճացնի, այ վայրի, ամբողջ գյուղը քեզնից էր վախենում, բոլորս երազում էինք կողքովդ քայլել, դու էս ու՞մ տվեցիր սիրտդ,- ասաց ու ավելի ուժեղ գրկեց Հայկուհուն։

Հայկուհին երբեք չէր զգացել, որ Աբուլն այսքան ամուր ձեռքեր ունի, որ այսքան անուշ է բուրում։

Մի քանի օր հետո գյուղում տարածվեց, որ Հայկուհին ու Աբուլն ամուսնանում են, գնան Հայաստանից։ 

– Բա քո ուսումը, համալսարանը, այ Հայկուհի ջան,- համոզում էր Վարսիկը աղջկան։

– Հետո էլ կսովորեմ, մամ,- կտրուկ պատասխանել էր Հայկուհին՝ տխուր աչքերը մորից փախցնելով։

– Դու չես սիրում Աբուլին,- միանգամից զրույցի թեման փոխել էր Վարսիկը։

– Սիրում եմ, մենք փոքր ժամանակից սիրել ենք իրար, ուղղակի ես թիթիզություն էի անում,- հազիվ ժպտացել էր Հայկուհին։

Վարսիկը չէր շարունակել, որ սպասելի պատասխանը չլսեր։ 

Արտերկրից համարյա ամեն օր զանգում էր Հայկուհին, ձայնը զրնգուն չէր, բայց հանգիստ էր։ Ոչ ոք չգիտեր Հայկուհին երջանիկ էր, թե ոչ, բայց կարևորը՝ երեխան հայր ու ընտանիք ուներ։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *