Ռուբեն Ներսիսյան/Հ.Գ. ԱՆԱՍՏՎԱԾ ՏԵՂԻՑ

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Ֆունկցիաների անծանցյալներից, կրիտիկական կետերից
մոնոտոնության միջակայքերից, էքստրեմումի կետերից
եւ էքստրեմումներից մի խոսքով
մաթեմի շտեմի այլեւայլ զրթուզիբիլից հետո
շորորացող մարմնով քայլում էի մայթով
եւ վերեւում արեւի պսակը եկեղեցու գլխին շողշողում էր
մի ուրիշ կերպով
մի ուրիշ տաքություն էր օծում մարմինս
եւ ես լիահույս էի նրա գալուստին
ամենեւին պարտադիր չէր էշով
կամ ոտքով նույնիսկ
BMW-ն էլ հարմար կլիներ
կամ կարգին Mercedes-ը մեր օրերի
եւ նամանավանդ Բանգլադեշը նորմալ պատրաստվել էր-
եկեղեցու այգով ձգվող շուկան
լիքն էր ճիչերով մարդկանց
լիքը գրպաններով
սիգարետի բիչոկներով…
եւ ահա լսվում էին զանգերը
զանգերը գալուստի
բայց չկար նա։
ես կանգնել նայում էի ածանցվող մարմիններին մարդկանց
կրիտիկական հոգիներին —
անՏեր, ճկվող, մոնոտոն։
եւ դատարկություն կար։ եւ չկային ստվերներ իրերի։

2025 թ. ապրիլի 27

ՏՈՒՆ

-Բրիգա՛դ
Հավսա՛ր
Զգա՛ստ
Գլխարկները հանե՛լ
Գլուխները կախե՛լ
Աղոթքը… կատարի՛ր-

Օրհնյալ տեր մեր…
որ տալիս ենք անունդ ամեն երկուշաբթի
ճաշարաններին ու գիշերները
եւ հետո հայհոյում մեր կողակիցներին
եւ նրանք հայհոյում են մեզ
սիգարետ չունենալու կամ ունենալ ու չտալու համար
այսօր արի՛
ու սավառնիր նրանց մարմինների վրայով
ովքեր կան միայն անվանականչերին
սավառնիր մեր մարմինների վրայով
որոնք հազիվհազ ցցվում են մի
երկու… գուցե նաեւ երեք ժամ
սարսուռ տուր մեզ
կարոտ ու ցավ
թող սառը ջրով ոտք լվալուց մենք մրսենք
հիվանդանանք ու հարբուխ կպնենք
գնալով զզվենք վերկացներից
շարվել-ցրվելու բոլոր հնարավոր ձեւերից
հարցուպատասխանից
ծառայողական ու լավ տղա զրույցներից
որ գա այդ օրը եւ այս օրերը գնան
որ հոգնած, արնաքամ հոգով
հասնենք հավիտենական
տուն
ու գլուխներս բարձր տանք քո անունը
որ կատարվեցիր։
ամեն։

2026 թ. ապրիլի 5

*
Հ.Գ. ԱՆԱՍՏՎԱԾ ՏԵՂԻՑ

Դեկտեմբեր։ Քամի։
Երկնուղեշ բառը հարմար չէ։
Մենք կապրենք, կլինենք էլի մոտ երկու տարի-
մինչեւ սեպտեմբեր։
Ծալ-ծալ, ծակծկված ասֆալտի վրա։
Թռչունե էջանիշ օրագրի մեջ, ճաքճքած։
Ամառվա հոտ։
Խեչոյանի նարինջը կախված գլխներիս։ Երկնքից։
Չկա գիշեր եւ առավոտ։
Անավարտ դրվագ։
-Կանգ ա՛ռ, արի՛ տուն, թե կարաս։
Շարային երթով։ Հավասարությամբ դեպի ձախ։
Տուն, տուն, տուն, տուն, տուն, տունիկ։
Վերջավոր անվերջությունից դեպի հետդարձ։
Ազա՛տ։

2025թ, դեկտեմբերի 27

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *