Սեդա Մինասյան/Մեզ ասացին՝ մեծանաս կանցնի

1.Մեզ ասացին՝ «մեծանաս կանցնի»,
Մենք հավատացինք՝ սպասելով…
Ու ցավե՜ց, ցավե՜ց՝
ցավեց ծնկի վրա բացված վերքը,
ու սպի թողեց, որ անընդհատ պիտ մռմռար…
Մեզ ասացին՝ «մեծանաս կմոռանաս»,
Մեզ չասացին, որ մեծ ժամանակ անդնդախոր ցավեր կան։
Դարդդ էլ գլխիդ կերած գնդակով հարվածը չէ,
դրա համար էլ էդ մեկը մոռացար…
Մեզ ասացին՝ «կյանքի օրենք է»,
Երբ սիրած նապաստակի գլուխը
մարմնից կիսաանջատ, վանդակից դուրս ընկած տեսանք…
Ու նույնն ասացին, երբ ձիու պես կոխոտեցին
խորանարդիկներով պատրաստած աշտարակը,
որ երեխայի նման, վայրկյան-վայրկյան,
իրար վրա էինք շարել, շնչներս պահած…
Մեզ ասացին՝ «Սա էլ կանցնի»,
Ու անցա՞վ…
Անցա՞վ արդյոք…

2.Գիրկդ կառնե՞ս ինձ, քաղաք
Դու ինձ ուրի՜շ ես հիշում՝
խանդավառ, խիզախ ու խինդոտ…
և ոչ խամրած, ու ոչ խեխտված…

Ես ինձ այդպիսին էլ չեմ հիշում։
Կհամբուրե՞ս հուշերս, քաղաք,
որ գրքից պոկված մայթերդ
նորից պտտվեն միապաղաղ մարմնովս,
ու մանր ծաղիկներ աճեցնեն
թոքերիս սրբալցված օդե պարիսպներդ։

Գուցե մի (թե ունես) անշուք անկյունում
քեզ ապաստարան ասած լինի
կորած մանուկ ուրախությունս…

Վա’յ, աղջիկ վազեց աղյուսներիդ վրայով,
խուճուճ մազերով, ծաղկե աչքերով,
սրտում բռնած հազար հեքիաթ,
որ քարերիդ մեջ փակված կատարելությանդ արվեստ ասաց ու անցավ…

Ո՞վ էր, չիմացա,
հետո ինձ մոտ էլ հետ չեկավ…

3.Մի տեսակ համոզված եմ, որ ամենամաքուր հոգիներին
Աստված վերջում ասում է ուր ուզես»։

Ու եդեմն էլ վայր չէ, այլ ընտրություն։
Պապիս եդեմը գուցե տատիս կողքին ծվարելն է հիմա,
որ երբեք չարեց կենդանի,
երբեք իրար չհասկացան։
Կյանքին սիրահարված,
կյանքից կարոտ գնացածի դրախտը՝ ապրած օրերը,
ֆիլմի պես թերթում է.
օրը մեկը… օրը մեկը…
Մի տատիկ էլ ճերմակած մազերի մեջ
պահում է ջահել սև խոպոպների սիրուն հուշերը,
ջերմացնում է ամեն անգամ՝
դրանց քամու թռթռոցի մեջ ապրելով։
Ու պատմում եդեմում բոլորին.
«Սև էին սաթի պես,
իրանս բարակ,
մաշկս մարմար…
գնանք ցույց տամ, թե չեք հավատում…»
Ու թե գաղջի մեջ
«Ամեն, Ամեն» փսփսալով
հասնեմ Նրան,
երանի թե ասի.
«Գնա՛ ուր ուզես»։
Պիտի թառեմ կտուրներիդ
ու աստղերին պատմեմ, որ ապրել եմ։
Հիմա մոտ ենք,
շատ մոտ ենք։
Պիտի թռվռամ ամենաբարձր քարերիդ վրա գիշերով ու՝
«Տե՛ս, հեռանալիս խոստացել էի՝ կգամ, ու եկա…»
Գլուխս դնեմ երազակերպ երկաթներիդ
բարձի տեղ՝
փափու՜կ, փափու՜կ։
Քեզ հետ հոգիս խաղաղ էր մարմնումս,
քեզ հետ հոգիս խաղաղ է մարմնիցս դուրս։
Օրոր ասի ապրողներիդ՝ մի ուրու-աղջիկ,
գմբեթներիդ կենդանի հուշերը քսելով,
ու ում երազից պոկված թարթիչներում խաղացիր՝
գիտես, ես դեռ սիրում եմ նրան…

4.Ես քեզ չասացի՝ մնաս բարով,
որ դու երբեք չհեռանաս ինձանից։
Բայց դագաղները չեն հավատում լիրիկայի,
չգիտեն սեր, չեն հասկանում կապվածություն։
Ես քեզ չեմ ասել՝ բարով գնաս։
Բարով գնացի՞ր… գոնե ասա։

    Դարձիր տեսիլ, մրմունջ, պատրանք…
    ու րոպեի վաթսունմեկերորդ վայրկյանում
    ինձ այցելիր երազին մանկությանս,
    ու արքայադստեր զգեստը թևիդ
    հագցրու արդեն հասուն ուսերիս։
    Դեռ փոքր եմ, գիտես,
    կարոտիցդ եմ փոքրանում։

    Ձայնագրիր ծիծաղս ու հետդ տար,
    ասա՝ էլի կգաս ձմռանը,
    որ ձմեռները դառնան
    բաղձալի գարուններից։
    Ու ճամպրուկիդ մեջ վերադարձի
    պահիր ինձ համար մի կտոր ապաշխարանք՝
    այն ամենի համար,
    ինչ զգացի քեզնից հետո։

    Մենակ ինձ չէ.
    ես նախանձ չեմ (ինչպես հորդորել ես),
    բոլորի,
    բոլորի համար պահիր։

    Ես քեզ չասացի՝ մնաս բարով,
    որ դու երբեք չհեռանաս ինձանից…

    5.Երբվանի՞ց ինձ ինձնից խլեցին,
    Որ չգտնեմ ճամփա ինձ՝ իմ հետ հաշտեցնելու։

    Բաժակիս մեջ սուրճի տեղ ես լուծվեմ,
    Մրուր դառնամ, որ չգտնեն ինձ՝
    Սև մրուրից, սև անդունդից։

    Լվացքի հսկա կույտի մեջ
    Գուլպադ լինեմ թեկուզ,
    Քոնն եմ, լավ է արդեն։

    Վառածդ լուցկու հատիկը լինեմ,
    Այրվելով լցվեմ օդի աչքերն ու
    Կըծկըծ-կըծկըծ դեռ երկար հիշեցնեմ՝
    Ես այստեղ եղել եմ։

    Լինեմ նա, ում սիրում են
    Անգամ տարիներ անց բաղձալի պսակից,
    Ով չի ձուլվում տան պաստառներին,
    Ու չի դառնում սովորական։

    Քայլող տոն լինեմ,
    Քեզ համար լինեմ,
    Որ շեմը դեռ չկոխոտած՝
    Փնտրես՝ ու՞ր եմ։

    Չկարողանամ դառնալ
    Սարդոստայն կախված
    Տան մի անկյունում։

    Երբվանի՞ց ինձ ինձնից տարար,
    Երբվանի՞ց այնքան քոնը սարքեցիր։

    6. «Պիտի ցավա, որ լավ գրես»։
    Որ շոշափես տառերդ՝ Բրայլի պես,
    Խարխափելով անգիտության մեջ։
    Իսկ դու՝ քիչ ես։

      «Պիտի գոռաս, որ լավ ծնես»։
      Ինքդ քեզ մաշես, պատռվես ու կարվես,
      Բերանքսիվայր գցվես լվացքի մեքենա
      Ու հուսաս՝ կլվացվի, կանցնի։
      Բայց դու էլ նոր չես։

      «Պիտի քրտնես, որ հերիք տաս»։
      Թե չէ ծառից պոկված ճյուղ ես՝ ոչ ավելի։
      Վարսերդ նրա ափին պիտի
      Վաստակած հանգստանան։
      Թե չէ՝ դու քիչ ես։

      «Պիտի ճենճոտվես, որ մի բան ստացվի»։
      Ճենճոտած մազերով՝ դեռ ոչինչ,
      Բայց հոգով ու մտքով
      Դեռ պիտի հասնես այնտեղ,
      Որ կյանքի կատակից հռհռաս։
      Թե չէ՝ դու անպետք ես։

      Պիտի ասեն՝ լավն ես։
      Հետմահու…

      7. Ինձ չես թողել շնչահեղձ լինելու մի փողոցում։
      Շնորհակալ եմ դրա համար։

      Ես չեմ մեռել այնտեղ, ուր մազից էի կախված։
      Ճոճեցրել-ճոճեցրել՝
      Դեպի կյանք ես հրել ինձ։

      Ես չեմ սպանել այնտեղ, ուր Գաբրիելը՝
      Հոգին տանելիս, պիտի ասեր․
      «Արժանի էր, հիրավի»։

      Արմունկս սրտիս ծալել ու կամացուկ ասել ես․
      «Ես կամ»։

      Ինձ ասել ես․
      «Այսօր դու ես կերտողը»։
      Ու հետևել, որ ճիշտ վերակերտեմ
      Քո ամենաուժեղ ստեղծագործությունը։

      Ինձ ասել ես․
      «Արա,
      Եթե չստացվի՝
      Դարդը ես կքաշեմ»։
      Միշտ ստացվել է, գիտես։

      Ինձնից առել ես,
      Ինձնից տարել,
      Ինձ մի կարևոր բանից զուրկ ես պահել։
      «Հը՞ն,
      Ես դեռ կա՞մ»։
      -ԿԱՍ։

      Ինձ ասել են՝
      Կլքես։
      Ես ասել եմ՝
      Չես լքի։

      8. Ու սերը չի ավարտվի,
      Քանի դեռ սուրճդ սենյակ մտցնելուց առաջ
      Դզմզում եմ վարսերս։

        Որ զանգես՝ ասես
        «արդեն հասնում եմ»,
        Առաջինը հայելին ձեռքս կվերցնեմ,
        Հետո նոր՝ գդալը։

        Երբ մի նոր բան հագնեմ,
        Ծիտիկի պես կողքիդ տպտպեմ էնքան,
        Մինչև գովասանքի փոքրիկ համբույր գողանամ։

        Ու սերը չի ավարտվի,
        Քանի իմ խաժ աչքերից քեզ համար կապուտաչյա արև կարող եմ ծնել,
        Քանի երկնելուց
        Ինքս ինձ չեմ ափսոսում, չեմ խղճում
        Քեզ համար…

        Ու սերը չի ավարտվի,
        Քանի գոռում ենք, ծիծաղում,
        Մեկ-մեկ հրում,
        Մեկ-մեկ պաշտում,
        Փնովում։

        Քանի մեկ-մեկ ատում եմ քեզ,
        Մեկ-մեկ ֆետիշացնում,
        Մեկ-մեկ խնկարկում
        Բազուկներիդ կապույտ երակներն ու
        Առավոտյան շշնջում՝
        «մնա՜»։

        Էսօր թքիր աշխատանքի վրա,
        Թող տաք մնա անկողինս։

        Please follow and like us:

        Leave a Reply

        Your email address will not be published. Required fields are marked *