Ըստ գրականագետ Ջ. Սքոթ Բրայսոնի՝ էկոպոեզիան բնության պոեզիայի մի տեսակ է, որին հատկանաշական է կենսակենտրոն հայացքը, որն ընդունում է աշխարհի փոխկապակցված բնույթը, արտահայտում է բնության հանդեպ խորին խոնարհում և ակնածանք, թերահավատորեն է վերաբերվում գերռացիոնալության ու տեխնոլոգիաներին և նախազգուշացնում է բնության քայքայման, կլիմայական փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետևանքով առաջացող մոտալուտ էկոլոգիական աղետների մասին: Էկոպոեզիան վերելք ապրող ժանր է աշխարհի տարբեր կողմերում ստեղծագործող ժամանակակից հեղինակների շրջանում։ Ստորև ներկայացված են Մերի Պողոսյանի ընտրած հեղինակներն ու նրա թարգմանած բանաստեղծությունները: Կետադրության և մեծատառերի մերժման հարցում հնարավորինս պահպանվել է հավատարմությունը բնագրին:
Մերի Պողոսյան
Բանաստեղծ ու ուսուցիչ Էլեն Բասը մեծացել է Նյու Ջերսիում: Նա բակալավրի աստիճան է ստացել Բոստոնի համալսարանում՝ ստեղծագրության մասնագիտությամբ, որտեղ սովորել է Էնն Սեքսթոնի հետ: Բասի ոճը պարզ է, նա ասում է. «Ես աշխատում եմ խոսել այն ձայնով, որը իմաստալից հաղորդակցություն է ապահովում: Բանաստեղծությունը ամենամտերմիկն է բոլոր գրությունների մեջ: Ես ուզում եմ խոսել ինքս ինձ հետ, ապա քեզ հետ»: Բասի բանաստեղծությունների ժողովանծուներից ենMules of Love (2002), որը շահել է Լամբդայի գրական մրցանակը The Human Line (2007), որը ճանաչվել է տարվա լավագույն գիրք San Francisco Chronicle-ի կողմի, Like a Beggar (2014) եւ Indigo (2020). Նա օգնել է խմբագրել կանանց բանաստեղծությունների անթոլոգիան՝ No More Masks! An Anthology of Poems by Women (1973)։
Բասը նաև գրել է ոչ գեղարվեստական գործեր, այդ թվում՝ Լաուրա Դեյվիսի հետ, «Համարձակություն բուժվելու համար: Դասագիրք մանուկ հասակում սեռական բռնությունից վերապրած կանանց համար» (1988) և «Սկսել բուժվել. Առաջին գիրքը տղամարդկանց և կանանց համար, որոնք մանուկ հասակում եղել են սեռական բռնության զոհ» (2003, վերանայված հրատարակություն 2008): Քեյթ Քաուֆմանի հետ նա գրել է «Ազատիր քո միտքը: Գիրք գեյ, լեսբոսուհի և բիսեքսուալ երիտասարդների համար՝ և նրանց դաշնակիցների» (1996): Բասի պարգևների և մրցանակների թվում են Գուգենհայմի կրթաթոշակը, Լամբդայի գրական մրցանակը, Պաբլո Ներուդայի մրցանակը, Լարի Լևիսի ընթերցանության մրցանակը, Նոր նամակներ գրական մրցանակը և այլն: Նա գլխավորում է Ամերիկայի բանաստեղծների ակադեմիան և դասավանդում է Խաղաղօվկիանոսյան համալսարանի MFA ծրագրում: Բասը ապրում է Սանտա Կրուզում, Կալիֆոռնիա նահանգում:
Մեծ պատկերը
Ես փորձում եմ տեսնել մեծ պատկերը:
Արևը՝ բոցավառ մի լեզու,
որ մեզ լիզում է՝ իր նորածին ձագով տարված
մոր նման, ի վերջո կսպառվի։
Ամեն ինչ անցողիկ է։
Մտածիր այն երկնաքարի մասին,
որ բնաջնջեց դինոզավրերին։
Իսկ մինչ այդ հրաբուխները Պերմի
ժամանակաշրջանի` այրված պտերներն ու
սողունները, շնաձկներն ու ոսկրոտ ձկները.
դա այնպիսի չափերի բնաջնջում էր, որի կողքին
մեր կորուստները խաղատանն անցկացրած անհաջող օր են թվում։
Եվ միգուցե մեզ վիճակված է համբառնալ
դեպի ինտելեկտի մի այնպիսի տեսակ,
որը մարմնի, մաքուր ջրի կամ նույնիսկ օդի կարիք չունի։
Բայց ես չեմ կարողանում թոթափել կարոտս
առ վերջին վեց հարյուր
փունջականջ իբերական լուսանները,
առ բրազիլական կիթառաձկները, նրանց միայն 4
տոկոսն է դեռ լողում
ծովի հատակին՝ աչքերը հառած ուղիղ վեր։
Եվ բոլոր նորածին պարկավորները՝
կարմիր կենգուրուների`մեղվաչափ ձագուկներով,
պողպատագլուխ իշխանները, գետի դելֆինները,
առ գորտերի այնքան տեսակները,
որ շնչում են իրենց խոնավ,
թափանցիկ թաղանթներով:
Այսօր ավտոբուսում մի կին՝
ճիշտ կարմրասարեկի գույնի սվիտերով,
և նույն գույնի կրծկալի ուսակապը`
բաց իր գունատ ուսին, ստիպում է ինձ տենչալ
ձյան մեջ երևացող այդ վառ բոցկլտումները։
Եվ բևեռային արջեր՝ սերուցք ու սաթ
իրենց մորթով, երկար, սնամեջ
մազիկներով, որոնց միջով արևը սահում է՝
կլանվելով նրանց մուգ մաշկի մեջ։ Երբ տուն եմ հասնում,
որդիս գլխացավ ունի, ու թեև արդեն
գրեթե չափահաս է, խնդրում է ինձ երգել իր համար։
Միասին պառկում ենք անհարթ բազմոցին,
ու դայլայլում եմ հին շոուների երգերը. «Գիշեր ու ցերեկ»…
«Նրանք չեն կարող ինձնից դա խլել»2… Մի էժանագին
արծաթյա շղթա փայլում է նրա կոկորդին՝
բարձրանալով ու իջնելով զարկերակի հետ։ Երբեք էլ
ուրիշ ոչինչ չի եղել։ Միայն այս տանջալից
աննշան էակները, որոնց մենք սիրում ենք։
Թարգմանեց Մերի Պողոսյանը
