Բեսիկ Խարանաուլի/Այս գարունը ես բերեցի

Գարնան դուռը

Ո՞վ է բացում դուռը գարնան:
Մենք ձմռան խցերում
լուռ քարացել ենք:
Գուցե կանա՞յք՝
այս բանտերի առաջին մատնիչները,
կրծքերի արանքում բանալիներ պահողները:

Այս գարունը

Այս գարունը ես բերեցի,
Զի ցանկացար, կարգադրեցիր,
Զի հոգնել էիր այս ձմեռից,
Այս գարունը ես բերեցի։
Ուրիշները այլ բան տարան,
Ինձ կանաչը բաժին հասավ,
Այս գարունը ինձնով եկավ,
Այս գարունը ես բերեցի։
Երանգները համրեցի բյուր
Ծաղիկների անուշաբույր
Թերթիկներին՝ մի-մի համբույր,
Այս գարունը ես բերեցի։
Կաթ-կաթացի ու վերջացա,
Խանգարեցին, բայց դիմացա,
Ճամփան լացով իմ չորացավ,
Այս գարունը ես բերեցի։

Արդ երկուսով քեզ մոտ ենք մենք,
Ինչ որ ասես, այն էլ կանենք։

Գարնան առաջին օրը կրկին ձմեռ է

Բեսարիո՜ն,
քո մասին գրիր,
ուրիշների մասին էլ կլինի։
Թե երգես,
գյուղի վերջում
ձայնակից կլինեն քեզ,
թե լաց լինես՝
քաղաքի կենտրոնում
արցունքները կսրբեն։
Սա այսպիսի երկիր է,
Բեսարիո՜ն,
երգում է ու լաց լինում։
Գարնան առաջին օրը
կրկին ձմեռ է։
Զարմացած մի՛ հարցրու՝
թե ինչն է հավերժական։
Հավերժականը
տափակ է։
Զարմանքը,
ձմեռ-գարունը,
ամեն ինչ,
ինչում կյանք կա,
արցունքն էլ,
ծիծաղն էլ
տափակ են
ու հավերժական։
Գարնան առաջին օրը
կրկին ձմեռ է։

Գարունը ներս թռավ ձմեռվա միջից

Նման բան ոչ ոք չէր տեսել
աշխարհի սկզբից՝
Գարունը հանկարծ ներս թռավ
ձմեռվա միջից։
Առաջինը հենց ես տեսա
իմ պատուհանից,
հանել էի քիթս հաստ ու տաք
վերմակիս տակից․

Ես՝ հիվանդ,
գամված
անկողնուն,
Ու կարծես
արևը ծագեց,
Ինձ ասաց՝
հերիք
դու քո դեմ
Կռիվ տաս
ու քեզ քրքրես,
Բացվել է
օրը,
դուրս նայի՛ր
Քո կյանքի
այս պատուհանից
Կանաչիր,
բողբոջ
տուր ու հար
Կլինես
ջահել
այս պահից…

Գարունը ներս թռավ հանկարծ
ձմեռվա միջից,
Երազներով էի ես ընկած
դեռ իմ ակունքից,
Ութ ամիս ձմեռ է լինում
ուր ծնվել եմ ես,
Պատճառը այդ էր, որ տեսա
առաջինը հենց․
Տեսա իմ երկար կյանքի
այս պատուհանից․
Երկինքը հողին մաղում էր
փաթիլե ծաղիկ,
Մեռելներն անգամ նայեցին
երկնքին՝ ծաղկած,
Գարունը ձմեռվա միջից
ներս թռավ հանկարծ։

Բայց ափսո՜ս, միայն ես տեսա՝
իմ պատուհանից,
Իմ ինչի՞ն էր հրաշքը այդ,
թե չտամ այլոց։
Գարունը խրտնեց, հեռացավ,
հաջող էլ չասաց,
Ձյան փաթիլներին էի նայում
պատուհանից բաց։
Երկինքը թաղիք էր հագել՝
Փաթիլից՝ կցած փունջ-փնջի,
քաղաքում քաղաք էր կանգնել,
ուսերին՝ սպիտակ յափնջի․․․

Թարգմանությունը՝ Ասյա Դարբինյանի եւ Արփի Ոսկանյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *