Մարդուց թա՞նկ/Ժաննա Հայրապետյան

Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմը (1930թ.) պատկերում է 20-րդ դարասկզբի արևմտահայ իրականությունը, այն ներկայացնում է Սասունի ու նրա բնակիչների կյանքից և ֆիդայական պայքարից ողբերգական մի հատված։ Պոեմի հիմքում մի դժբախտ ընտանիքի  պատմությունն է։ 

Առանց իր կամքը հարցնելու Սանային ամուսնացնում են ֆիդայի Հովանի հետ։ Հովանը գյուղին է վստահում կնոջ ճակատագիրը և ամուսնանալուց ամիջապես  հետո գնում` միանալու ֆիդայական պայքարին.

«Սանան չմոռնաք… ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ…
հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե…»

Սանան մնում է միայնակ, բայց նա կարծես այնքան էլ միայնակ չէ։ Նրա հետ  է գյուղի հետևողական ու խիստ հայացքը։ 

«Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած
ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչ նայվածքի տակ
քայլող մի շուք` մենակություն և հիշատակ»։

Հետաքրքիր է հեղինակի հարցադրումը. երբ մարդու մասին է հարցը տրվում, սակայն «ով»֊ի փոխարեն հնչում է «ինչ» բառը։ Կ. Զարյանը մի կարճ տողով ցույց է տալիս, թե ինչպես է մարդը դադարում «ով» լինելուց և վերածվում «ինչ»-ի, երբ ազատ չէ, երբ չունի սեփական կամք,  անհատականություն, և ինքն իրեն չի պատկանում։

Սանան շարունակում է սպասել ամուսնուն ու ամեն անցորդից լուր է հարցնում, սակայն ոչ ոք ոչինչ չգիտի։ Անցնում է վեց տարի, Սանան այլևս ոչ ոքի չի հարցնում ամուսնու մասին, ոչ ոք նրա հետ չի խոսում։ Սանան մանկամարդ կնոջից հետզհետե վերածվում է սպասող, անդեմ կարգավիճակի։ 

Գրականության մեջ հաճախ ենք տեսնում ամուսնուն սպասող կնոջ կերպարների, դասական օրինակ է Գր. Զոհրապի «Այրին» նորավեպի հերոսուհին` Զարդարը։ Սակայն Սանան Զարդարից  ավելի ըմբոստ կերպար է։ Զարդարն իր ամբողջ  կյանքը անցկացնում է պանդխտության մեկնած և արդեն իրեն մոռացած ամուսնուն լուռ սպասելով` շարունակ դեպի ներս հոսեցնելով սպասման արցունքները, իսկ Սանան վեց տարի անց հասկանում է, որ ինքը դեռ ողջ է, սիրտը պատրաստ է սիրելու, և իր սպասումը կարծես անիմաստ է։ Պոեմում նրա սերը քուրդ տղայի հանդեպ  նման է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի։ Նա փախչում է քուրդ տղայի հետ` գերադասելով մեղավոր երջանկությունը սպասման դժբախտությունից ու սուրբ հավատարմությունից։ 

Բայց Սանան ինքն իրեն չէր պատկանում, պոեմի վերնագիրն էլ հուշում է, որ նա արդեն Տատրագոմի սեփականությունն էր և պատիվը։ Եվ պատահական չէ, որ հենց Տատրագոմն էլ որոշում է նրա ճակատագիրը։ Տատրագոմի  համար Սանան այլևս մարդ չէ, նա իրենց ավանդապաշտ կյանքի խաթարված կարգ ու կանոնն է, և նրանք անմիջապես կնոջ փախուստի լուրն ուղարկում են  ֆիդայիներին, որոնք էլ գտնում են քրդին, սպանում նրան ու տանում Սանային։ 

 Սանայի դավաճանությունը որքան էլ մարդկային ու հասկանալի լիներ, խիստ դատապարտվում է համայնքի կողմից, նամանավանդ պատերազմող մի երկրում, որտեղ ամեն մի զինվորի թիկունքը պետք է ամուր լիներ։ Սանայի փախուստը հարված էր թիկունքից։ Նա դրժում է իր երդումը հենց այն պահին, երբ Հովանը արյուն էր թափում լեռներում, ու նաև հենց սա էր պատճառը, որ Տատրագոմը չի ներում նրան ոչ մի դեպքում և դառնում է ցասման վրեժով լի եռացող կաթսա։ 

Ողբերգությունը հատկապես  հասնում է գագաթնակետին, երբ ֆիդայիները Հովանին ստիպում են սպանել Սանային, որից հետո նա նետում է արյունոտ սուրն ու խելագարված վազում սարերը։

Հովանը սպանում է կնոջը` նրա հետ վերջնականորեն սպանելով նաև իր հավատը կյանքի ու սիրո հանդեպ։ 

Այնուամենայնիվ, Կ. Զարյանը Հովանի մոլեգնությամբ ու խելագարությամբ ցույց է տալիս, որ ցանկացած պայքար կամ գաղափարախոսություն, որը զուրկ է մարդասիրությունից և զոհաբերում է մարդու երջանկությունը հանուն պատվի, ի վերջո հանգեցնում է հոգևոր ամայության։ Իրական ազատությունն սկսվում է այնտեղ, որտեղ բանական մարդուն չեն ստիպում ընտրություն կատարել ու առհասարակ չեն ստիպում պարտադրաբար դիմել քայլերի։

Տատրագոմի հարսի պատմությամբ Կ. Զարյանն ինչքան էլ որ ընտանեկան արժեքների ու հայրենապահպանության կողմնակիցը լիներ, ամեն դեպքում զգուշացնում է, որ իրական ազատությունը սկսվում է մարդու և նրա զգացմունքների ազատությունից։

«Ես սիրեցի… մե՞ղք է սիրել…»,- ինքն իրեն ու խիստ դատավոր դարձած  աշխարհին հարցնում է Սանան։ 

Հատկանշական է, որ սպանությունից հետո Հովանը նետում է սուրը։ Սա պոեմի  ամենակարևոր դրվագներից  է։ Նա  հրաժարվում է զենքից` հրաժարվելով  նաև այն գաղափարից, որն իրեն ստիպում է սպանել կնոջը։

Սուրն այստեղ կարծես դառում է Հովանի հոգևոր կործանման ու վերջնական փլուզման խորհրդանիշը։

Այն նախ ներկայացնում է ֆիդայական շարժումը, ազգային պայքարը, վրեժը, պատիվը, սուրը նաև Հովանի կյանքի իմաստն էր և նրա ընտրած ճանապարհը, և սուրը շպրտելն այս ամենից հրաժարումն էր նաև։

 Սանայի սպանությունը ոչ թե Հովանի անձնական որոշումն էր, այլ յուրայինների պահանջով պատվի վերականգնումը։ Ու նա սարերն է փախչում` վերջնականապես ազատագրվելով ամենից ու բոլորից։

Փորձենք հասկանալ` ինչ կլիներ, եթե  Գր. Զոհրապի նովելում այրի Զարդարը մի ամբողջ կյանք չսպասեր Մարտիրոսին և հանկարծ որոշեր իր կյանքը դասավորել, սիրել ուրիշի։ Վստահաբար կարելի է պնդել, որ պանդուխտ Մարտիրոսը արագ կվերադառնար հայրենի գյուղ ու վրեժ կլուծեր դավաճան կնոջից, որ փրկեր իր տապալված պատիվը։ Բայց քանի դեռ գյուղում Զարդարն սպասում էր, Մարտիրոսը հանգիստ էր և պանդխտության մեջ վայելում էր իր կյանքն այլ կանանց հետ։ Իհարկե, իրավիճակը չի նույնանում Հովանի պատմության հետ, Հովանը զինվոր էր, կռիվների ու պայքարի մեջ էր` ի տարբերություն Մարտիրոսի, բայց երկու դեպքում էլ կինը դիտարկվում է որպես տղամարդու պատվի պահապան հրեշտակը։ 

 Արյունոտ վրեժի նույն տրամաբանությունը տեսնում ենք նաև  Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի մեջ։ Մոսին, գյուղացիների ու ընկերների կողմից հրահրվելով, սպանում է քրոջը փախցրած Սարոյին, բայց նա չի վերականգնում իր պատիվը,  նա ուղղակի կործանում է քրոջ կյանքը և իրեն դատապարտում հավերժական խղճի խայթի։ Ինչպես Հովանի սուրը, այնպես էլ Մոսիի հրացանը դառնում են այն գործիքները, որոնք սպանում են ոչ միայն մարդկանց։ Նրանք սպանում են նախ սերը` հանուն մի պատվի, որն ըստ էության ոչ մեկին երջանկություն չի բերում։ Ավելին`դառնում է ողբերգությունների մի անվերջանալի  շղթա։ 

Պատվի վերականգնման և վրեժխնդրության թեմաները մարդկային կյանքի պատմության հնագույն ուղեկիցներն են։ Դրանք բարոյականության, արդարադատության և անհատի արժանապատվության բախման կետերն են և մշտապես եղել են գրականության մեջ հաճախ արծարծվող թեմաներից։ 

Գրականության մեջ միշտ հնչում է նույն հարցը` ընտրել պատի՞վը, թե՞ մարդուն։ Եվ պատասխանները երբեմն խաղաղ ու միանշանակ չեն լինում։

Վ. Շեքսպիրի «Համլետը» համաշխարհային գրականության թերևս ամենահայտնի վրեժի ողբերգությունն է` իր հավերժական հարցադրմամբ։ Ու էլի նույն հարցերի հարցը` արդյո՞ք վրեժը կարող է վերականգնել արդարությունը, թե՞ այն միայն բազմապատկում է չարիքը։ 

Անգլիացի փիլիսոփա Ֆ. Բեկոնը մարդկային վրեժը վայրի արդարադատություն է համարում, որը օրենքը դուրս է հանում գործածությունից։ Դեռևս նաև Սուրբ գիրքն էր զգուշացնում վրեժխնդրությամբ լի մարդուն տիրող կուրության մասին. «Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք» (Ա.Թես. 5:15):  

Կ. Զարյանն իր պոեմն այս տխուր հատվածով  է եզրափակում.

«Բուք էր դրսում։
Հայոց դաժան լեռների վրա
աստվածները քայլում էին բարկացած»։ 

Այս հատվածը բարձրացված  հավերժական հարցին չի պատասխանում, ընդհակառակը` նոր հարցի ծնունդ է դառնում` իսկ  ինչպե՞ս պիտի վարվեր ֆիդայի Հովանը կնոջ հետ…

Please follow and like us: