Րաֆֆու «Սամվել» պատմավեպի երեք հիմնական մասերը կազմված են առանձին ենթագլուխներից։ Բոլոր դրվագները միավորվում են մեկ գաղափարական առանցքի շուրջ, յուրաքանչյուր հատված ունի իր ներքին ամբողջականությունն ու ինքնուրույն բովանդակությունը, ինչն էլ վեպը դարձնում է ավելի լարված, դինամիկ ու հետաքրքիր։ Բոլոր առանձին հատվածները գունավոր խճանկարների պես հերթով հավաքվում են` ներկայացնելով 4֊րդ դարի ողբերգական իրադարձությունները Հայաստանում։
Պարսից արքա Շապուհը խաբեությամբ գերեվարել էր Արշակ Բ-ին և բանտարկել Անհուշ բերդում` նրա դիմաց դնելով սպարապետ Վասակ Մամիկոնյանի պաճուճապատանքը։ Վասակ Մամիկոնյանի սպանությունն ու այդ դաժան տեսարանի ընդգծված ներկայացումը հայոց պետականության կորստի ու նվաստացման վերջնահարվածն է դառնում։
Պատմավեպում անընդհատ դավաճանության ու հավատարմության բախումներն են։ Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը, գայթակղվելով Շապուհի խոստումներով` մեկին գահ, մյուսին՝ սպարապետություն, անցել էին պարսիկների կողմը։ Հենց այդ խոստումներն էլ դառնում են նրանց անկման ու կործանման պատճառները։ Նրանց հակադրվող Սամվելի քայլը՝ դավաճան ծնողների սպանությունը, Րաֆֆին ներկայացնում է որպես ծայրահեղ, բայց գաղափարական տեսակետից հիմնավորված ընտրություն։
Պատմավեպի պատմական հիմքը գալիս է Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմություններից», սակայն Րաֆֆին պատմական նյութը վերածել է գեղարվեստական մի այնպիսի հուշարձանի, որի շուրջ չեն դադարում ծավալվել բանավեճեր, տարատեսակ քննարկումներ ու հակակշիռ վերլուծություններ։
Պատմավեպի ամենահուզիչ դրվագներից մեկը Մերուժան Արծրունու վերադարձն է իր հայրենի քաղաքը` Հադամակերտ («Ուրացողը յուր տան շեմի վրա», Երկրորդ գիրք, Զ)։
Այստեղ հեղինակը հետաքրքիր հոգեբանական նրբությամբ ու խորությամբ է բացահայտում ուրացողի ներքին ողբերգությունը։
Մերուժան Արծրունին իր հայրենի երկիր էր եկել պարսկական զորքի հետ, ականատես ու մասնակից եղել ավեր ու կոտորածի և հազիվ ազատվելով հայրենակիցների կատաղի վրեժխնդրությունից` որոշում է այցելել իր ծննդավայրը, այնտեղ հանգիստ առնել և սպասել Շապուհի նոր զորքերի վերադարձին։ Նրան դիմավորում է սգակիր լռության մեջ թաղված քաղաքը։ Ոչ մի դիմավորող, ոչ մի կենդանի շունչ չկար քաղաքում։ Այդ անապատային լռությունը զարմացնում է Մերուժանին, նույնիսկ իր տոհմայիններից որևէ մեկը չկար, որ դիմավորեր իրեն. չէ՞ որ գալուց առաջ տեղեկացրել էր գալու մասին։
Սև դրոշներով պատված քաղաքը կարծես կենդանի մարդու համար կազմակերպված հոգեհանգստի վայր լիներ։ Մերուժան Արծրունին ականատեսն է դառնում իր իսկ մահվան ծիսակատարությանը.
«Վերջապես հասավ նա քաղաքադռներին: Նայեց դռան ճակատին և սոսկաց: Այդ հոյակապ դուռը, որի բարձր կամարները ամեն մի հանդիսավոր մուտքի ժամանակ զարդարած էին լինում ծաղիկներով ու պսակներով, — այժմ ներկայացնում էր մի տխուր տեսարան: Դռան ճակատը պատած էր սև պաստառներով, իսկ վերևում փողփողում էին երկու սև դրոշակներ:
Այդպես անում էին միայն այն ժամանակ, երբ երկրի իշխանի դագաղն էին ներս տանում: Իսկ այժմ ո՞վ էր մեռյալը… ո՞ւմ համար էր այդ սգավորությունը…»։
Այլայլված հայացքով, որ նման էր ճաքեր տված ապակու, Մերուժանը դանդաղ առաջ էր գնում` կրկին ու կրկին վերապրելով, վերզգալով իր մահը։
Սոսկումն ավելի է խտանում հայրենի տանը, երբ ծանր վարագույրները ետ են գնում, և նա տեսնում է իր ընտանիքի սգազգեստ կանանց։ Մոր, քրոջ, կնոջ հայացքներն ընդունել էին ծանր վշտի ու մեծագույն ցավի արտահայտություն ու անշարժացել այդպես։
Մոր աննահանջ պայմանը կարճ էր` հայրենի տան դուռը նրա առաջ կբացվի միայն անկեղծ զղջման ու ապաշխարության դեպքում։
«Գնա՜, Մերուժան, նախ եկեղեցին, հաշտվի՜ր Հիսուս Քրիստոսի հետ, զղջա՜ քո մեղքերը, խոստովանի՜ր քո հանցանքները աստուծո տաճարի մեջ և ապա վերադարձիր, այն ժամանակ քո տան դռները բաց կգտնես քո առջև…
-Այդ երբե՛ք չէ կարող լինել, – մռնչաց նա և երեսը շուռ տվեց»։
Այստեղ մայրը պարզապես որդուն դիմող կին չէ։ Նա դառնում է Արծրունյաց ազնիվ ու հայրենանվեր նախնիների խիղճը, որը չի լռում նույնիսկ այն պահին, երբ մայրական սիրտը կարող էր փոքր-ինչ մեղմանալ։ Նրա սառն ու խիստ խոսքերը անձնական վիրավորանքներ չեն` Մերուժանին ուղղված, այլ բարոյական ծանրակշիռ որոշում` ծնված դառը ճշմարտությունից։
Այդ պահին Մերուժանը բախվում է իր իսկ ընտրության հետևանքին։
Նա ետ էր գնում դառնացած, ու նրա ներսում անցյալի ծանր հիշողությունները, անցած փառքը, ունեցածն ու կորցրածը սկսվում են ալիքվել, հորձանք տալ ու հետզհետե ավելի կատաղի դառնալ։ Մի կողմից` Շապուհի քրոջ հանդեպ ունեցած սիրո մոլորեցնող ուժը, նրա թուլությունը, մյուս կողմից` նրա դիմաց փակված հայրենի տան դուռը հետզհետե ավելի էին ավելացնում խղճի երկաթե ծանրությունն ու ավելի խճճում նրան հոգեբանական խառնիճաղանջ լաբիրինթոսում։
Մերուժան Արծրունին գիտակցում էր իր կորստի անդառնալիությունը։ Հասկանում էր, որ կորցնելով իրեն` կորցրել էր նաև ամենաթանկը` ընտանիքը, հայրենիքը, և կորուստների շղթան հետզհետե երկարում էր նրա մտքում` իր կապանքների մեջ ավելի կաշկանդելով Մերուժանին։
Առհասարակ այս պատմավեպի գրեթե բոլոր հատվածներում պատմական իրադարձություններն անընդհատ կերպարներին կանգնեցնում են հակառակ ընտրությունների առաջ, ու յուրաքանչյուրի ընտրությունն էլ հենց որոշում է նրա հետագա ճակատագիրը։
Միայնակ մնացած, նույնիսկ հավատարիմ թիկնապահների կողմից լքված Մերուժան Արծրունու ծանր տվայտանքների այս հատվածը շատ նման է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում միայնակ մնացած Աշոտ Երկաթին ներկայացնող դրվագին։ Երբ Աշոտ Երկաթի ու Ցլիկ Ամրամի կնոջ` Ասպրամի սիրային կապը երկիրը վերածել էին կատարյալ քաոսի, ներքին խռովությունների ու ապստամբությունների պատճառ դարձել, ու ավելի լայն բացել դռները մեր ուժն ու թուլությունը լավ գիտակցող թշնամու առաջ։
Երկուսն էլ զղջում էին, բայց կյանքում կան դեպքեր, որ ուշացած զղջումը ոչինչ չի կարողանում փոխել ու նշանակել։
Ու տեղին էր այստեղ Մուրացանի հետևությունը, որ այն, ինչ ներելի է սովորական մահկանացուներին, աններելի ու անդառնալի է պետական այրերի համար։ Եվ հենց այս դրվագում է հատկապես դարերի խորքերից ավելի բարձր լսվում առասպելական արքայի` Արա Գեղեցիկի ձայնը. «Չեմ դավաճանի իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ՜ Շամիրամ»։
Աստվածաշնչյան հայտնի «Անառակ որդու վերադարձը» առակում (Ղուկասի ավետարան), երբ անառակ որդին անկեղծ զղջումով վերադառնում է տուն և խնդրում հորը, որ նա իրեն դարձնի հայրենի տան վարձկաններից մեկը, քանի որ մեղանչել է երկնքի և հոր առաջ, հայրը գնահատում է որդու անկեղծ զղջումը։ Նրան փաթաթում է նախկին փառավոր պատմուճանով ու արժանացնում մեծարանքի։ Հայրն այդպես է վարվում`պատճառաբանելով, որ կորած որդին գտնվել է և վերածնվել մեռյալներից։ Եվ տոնական ցնծությամբ է նշում նրա երկրորդ ծնունդը։
Մերուժան Արծրունու վերադարձը անառակ որդու վերադարձը չէր, այդ է պատճառը թերևս, որ նրան հայրենի տան շեմին փաթաթում են ամոթի ու նախատինքի պատմուճանով։
Մերուժան Արծրունին ոչ մի դեպքում էլ երբեք դեն չի նետում այդ պատմուճանը, հենց դրանով էլ ուրվականի պես անթաղ քարշ է գալիս պատմության վերուվար ճամփեքին` գլխին ժանգոտած մի շիկացած երկաթ, քանի որ նա ուզում էր, շատ էր ուզում թագավոր դառնալ։
