Ավ. Իսահակյանը հայ ամենահայտնի, ամենաքննարկված, ուսումնասիրված ու սիրված գրողներից է։ Նա բազմաժանր գրող է, և բոլոր ժանրերում նրա խոսքի վարպետությունը մշտապես բարձր է գնահատվել։
«Հայրենի հողը» լեգենդը Ավ. Իսահակյանը գրել է 1920 թ․ Ժնևում`արևելյան մի զրույցի հիման վրա։ Սակայն այն, ինչ տեսնում ենք այս ստեղծագործության մեջ, կարծես դուրս է գալիս զրույցի սովորական սահմաններից։
Լեգենդը պատմում է մի քաջ զորավարի մասին, որը մեկը մյուսի հետևից հաղթական պատերազմներ էր մղում իր հայրենիքում։ Սակայն թագավորը պատշաճ չի գնահատում հմուտ զորավարին՝ նախանձելով նրան։ Խնջույքի ժամանակ նա դրվատանքի խոսքեր է շռայլում միջակ մի զորականի և նրան կարգում սպարապետ, իսկ հմուտ զորավարին կարգում է նրա թիկնապահը։ Զորավարի տարած հաղթանակների դափնիները բաժին են հասնում անարժան մեկին։ Մարդկային հոգու ամենամեծ հակամարտություններից մեկը սեփական արժանապատվության և պարտքի զգացումի միջև եղած բախումներն են։ Վիրավորված զորավարը հեռանում է հայրենիքից. երբ արդարությունը զոհաբերվում է նախանձին, իսկ արդար վաստակը`քմահաճույքին, մարդու մեջ ծնված դառնությունը կտրում է անգամ ամենաամուր կապերը։
Շուտով արքան ու անարժան սպարապետն սկսում են պարտություններ կրել և հայտնվում են ծանր կացության մեջ։ Այդժամ նրանք հիշում են այն նույն զորավարին, որին ժամանակին մոռացության էին մատնել և օգնություն են խնդրում`թշնամու դեմ պայքարելու համար։
Քաջ զորավարին վերադարձնելու համար նախ`ճանապարհ են ընկնում իմաստուն ծերունիները, սակայն զորավարը մերժում է նրանց խնդրանքը։ Երբ ժողովուրդը տեսնում է, որ թշնամին օրեցօր ավելի է մխրճվում երկրի սահմանների մեջ, այս անգամ զորավարի մոտ են ուղարկում գուսանին ու մի շինականի։ Գուսանն սկսում է երգել հայրենի երգերը, իսկ շինականը զորավարի առջև է դնում քսակի մեջ լցված հայրենի հողը։ Այդ պահին զորավարը, մոռանալով իր վիրավորանքն ու կսկիծը, վերադառնում է հայրենիք՝ պաշտպանելու իր հողը։
Նրա վերադարձն ապացուցում է, որ իրական քաջությունը ոչ թե թշնամուն հաղթելն է, այլ ներելու և վեհ նպատակի համար սեփական ցավը ստորադասելու կարողությունը, սեփական ես-ին հաղթելը։
Այս լեգենդում չի ընդգծվում միայն հայրենի հողի ձգողական ու մոգական լինելը, այստեղ կա նաև մի այլ ուշագրավ հանգամանք։ Երբ թագավորը դրվատում էր անարժան մեկին և նրան բարձր պաշտոն շնորհում, ժողովուրդը կամ իմաստուն ծերունիները, ըստ երևույթին, որևէ ձևով չեն ընդդիմանում։ Համենայն դեպս, լեգենդում այդ մասին ոչինչ չի հիշատակվում։ Սակայն երբ վտանգը հասնում է իրենց հողին, երբ թշնամին ավերում է իրենց տունն ու երկիրը, ժողովուրդը հիշում է իր փորձառու զորավարին և միաձայն պահանջում նրա վերադարձը։ Լեգենդի այս հատվածը կարևոր հիշեցում է`ամեն ինչ և ամեն ոք պետք է գնահատվի ճիշտ ժամանակին, որովհետև ուշացած ամեն ինչ չի լինում հենց այն տեղում, որտեղ որ սովորաբար պիտի լիներ։
Այդ է պատճառը թերևս, որ զորավարը մերժում է ծերունիներին, և նրա սիրտը փափկում է միայն այն պահին, երբ շինականը նշխարի նման նրան է պարզում հայրենի հողով լի քսակը.
Այդ հողն է նրան ծնել ու սնել,
Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,
Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,
Եվ նախնիքները, որ հող են դառել։
Հողն ուղղակի տարածք չէ՝ քարտեզի վրա ծուռումուռ գծված։ Հողը հավաքական հիշողություն է, նախնիների մասունք, կենսաբանական գոյություն։
Հայրենի հողի ազդեցությունը մարդու վրա չի սահմանափակվում միայն սիրո, ձգողականության կամ հիշողության գաղափարներով։ Գրական մտածողության մեջ հողը նաև բարոյական չափանիշ է, որը տարբերակում է արժանին անարժանից։
Հայ գրականության մեջ հողը հաճախ հանդես է գալիս նաև որպես բարձրագույն դատավոր։ Դավաճաններն ու անարժանները հիմնականում չեն արժանանում հողում թաղվելու պատվին։ Հողը կարծես մերժում է ընդունել նրանց մարմինները, ովքեր դրժել են իրենց ուխտը։ Նրանց մեծ մասամբ բաժին է հասնում անփառունակ վախճանը։ Նրանց գլորում են անդնդախոր ժայռերից, թողնում գիշատիչների՝ ցին ու ագռավի հոշոտմանը, կամ նրանք պարզապես անհետանում են պատմության մութ ու բազմաշերտ դրվագներում։ Հողին հանձնվելը սրբազան ծես է, որին պետք է արժանանալ, իսկ հողից զրկվելը նույնիսկ մահից հետո ամենածանր պատիժն է դառնում մարդու համար։ Օրինակ`Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում Թաթուլ իշխանի դավաճան կնոջը գլորում են բարձր ժայռերից։
Հողի և մարդու անքակտելի կապի մասին հետաքրքիր բացահայտում է նաև Արշակ Երկրորդ թագավորի և Շապուհ արքայի պատմությունը (Փ․ Բուզանդ «Հայոց պատմություն»)։
Պարսից Շապուհ արքան, զգալով հայոց արքայի ներքին ուժի աղբյուրը, փորձում է պարզել նրա էությունը հենց հողի միջոցով։
Տիզբոնում փռված հայկական հողի վրա քայլելիս Արշակ Երկրորդը կերպարանափոխվում է, նրա աչքերը փայլում են վստահությունից, կեցվածքը դառնում է խրոխտ ու համարձակ, իսկ խոսքը՝ ինքնիշխան։ Այդ պահին նա այլևս Շապուհի խաբեության ճիրաններում հայտնված գերին չէր, այլ իր տան գլուխն ու վստահ տանտերը։ Իսկ պարսկական հողի վրա նա դառնում է զգուշավոր, հավասարակշռված և չափավոր։
Այս պատմությունները պարզապես առասպելներ կամ լեգենդներ չեն։ Սրանք կենդանի օրինակներ են, որոնք ցույց են տալիս`մարդն իր հողի վրա հսկա է, իսկ օտարի հողում՝ հյուր կամ ստվեր։
Հողը մարդու ինքնության հայելին է, երբ մարդը կորցնում է կապը նրա հետ, ասես կորցնում է նաև իր ներքին ուժը։
Դ. Վարուժանի «Հացին երգը» և Մ. Մեծարենցի «Նոր տաղեր» ժողովածուների բանաստեղծություններում հողի հետ աշխատող մարդը ներկայացվում է ոչ թե որպես տանջված ու ծանր աշխատանք կատարող մեկը, այլ որպես աշխատանքով ազնվացած, ոսկեհատիկ քրտինքը դեմքին, հողի տեր և աստվածային կարողություններով օժտված մարդ։ Նրանց համար աշխատանքը պարզապես ֆիզիկական ծանրաբեռնվածություն չէ, այլ օրհնություն։ Միայն նրանց ամբարները չեն լցվում բերք ու բարիքով, այդ բերքն ու բարիքները նախ նրանց սրտերն են լցվում պռնկեպռունկ`որպես անգին հարստություն։
Իսկ Սիամանթոյի «Հողին ձայնը» քերթվածի մեջ հողը դառնում է պատմության խոսուն վկան, նա տագնապալի ձայնով դիմում է իր ցիրուցան զավակներին։ Հողն այստեղ վերածվում է աղաղակող մայրական կանչի ու դառնում սրտատրոփ սպասում։ Այստեղ հնչում են նոր պատգամներ, որոնք ժողովրդին մղում են եղբայրության և ազգային միասնության.
Եթե կուզեք, որ ձեր հոգիները զօրանան և ձեր ճակատները լուսաւորուին,
Եթե կուզեք, որ դաժան խղճի խայթը ձեր ամենուն առջև գերեզմաններ չի փորե…
Ինծի հասե՛ք այն ատեն, մոլեգնաբար և գունդ առ գունդ….
Հողի ուժի և ձգողականության մասին հետաքրքիր անդրադարձներ կան ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության մեջ։ Կ. Համսունի «Հողի բարիքը» վեպը դրա վառ ապացույցն է։
Վեպի հերոսը, քաղաքակրթությունից հեռանալու մեծագույն ցանկություն ունենալով, իրեն նետում է անապակ բնության ամայի մի անկյուն և կյանքի իմաստը որոնում հողի վրա քրտինք թափող հողագործի խաղաղ աշխատանքի մեջ։
Բերված օրինակները վկայում են, որ և հայ, և համաշխարհային գրականության մեջ եզրահանգումները նույնն են։ Հողի տերը կանգնած է ամենակարող Աստծո հետ արարչագործության նույն սահմանագծին։
Եվս մի կարևոր եզրահանգում`հողը ուղղակի բառ չէ։ Նա փքուն ածականների ու ասեղնագործ մակդիրների կարիք ընդհանրապես չունի։
Հողին առաջին հերթին պետք են գոյականներ։ Նրան պետք է մարդ՝ մշակ, զինվոր, զավակ։ Նրանց ներկայության, հոգատարության և պաշտպանության շնորհիվ է դատարկ հողը սկսում շնչել և դառնում հայրենիք։ Որպեսզի հողը կենդանի մնա, նրան հարկավոր են հավատարիմ ու հավատավոր գոյականներ, որոնք անթերի գիտեն իր`ոչ մի լեզվով երբևէ չթարգմանվող լեզուն։
