Հայ գրականությունն առանց Հակոբ Պարոնյանի անչափ տխուր կլիներ, և ամենևին ոչ այն պատճառով, որ նա երգիծանքի մեծ վարպետ է։ Գրական ասպարեզ գալով 19-րդ դարի երկրորդ կեսին` Հակոբ Պարոնյանը դարձավ հայ գրականության ռեալիստական արձակի և դրամատուրգիայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Հակոբ Պարոնյանի գրական ելակետն ու թիրախը ճշմարտությունն է, որը նրա գրչի տակ հաճախ դառնում է կծու, ցավոտ, անտանելի, երբեմն էլ` ծիծաղելի ու շատ տխուր` միաժամանակ։
Այսպես է բնութագրել նրան ռուս բանաստեղծ, գրաքննադատ Յ. Վեսելովսկին. «Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները»։
Հ. Պարոնյանը կարծում էր, որ պետք է զգուշանալ ժամանակի և պատմության մեջ «ամեն բան վարդագույն տեսնելե», «ամեն ինչ ծիրանեգույն նկատելե»։ Նա իրականությունը փորձում է տեսնել հայելու նման, որի նպատակն ավելի շատ իրականության դիմակազերծումն է, ոչ թե իրականության ինքնանպատակ ցուցադրությունը։
«Ազգային ջոջեր»-ի նախաբանում նա գրում է. «․․․ո՞ր հայելին գաճաճը Աքիլլես կցուցանե»1։
Հ. Պարոնյանի գրական մեծ ուղին սկսվում է թատերգությամբ։
«Պաղտասար աղբար» կատակերգությունը նա գրել է 1886 թ., որը բեմ բարձրանալուց ի վեր շարունակում է մնալ պահանջված, այսօրեական և անհրաժեշտ ստեղծագործություն։
Կատակերգության կոնֆլիկտը ներկայացվում է հենց սկզբում։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապի մեջ է ընտանիքի բարեկամ համարվող Կիպարի հետ, և Պաղտասարն իր կնոջ անհավատարմության մասին իմանալուց հետո իր մտատանջությունների մասին հայտնում է հենց Կիպարին, խնդրում նրա օգնությունը` դավաճանությունը բացահայտելու համար։ Նա կասկած անգամ չուներ, որ հենց Կիպարն է իր փնտրած մարդը, քանի որ Կիպարը շատ լավ էր խաղում ընտանիքի բարեկամի իր կեղծ դերը։
Մարդիկ երբեմն միամտաբար օգնություն են սպասում այնտեղից, որտեղից ստացել են հարվածը։
Սյուժեի հաջորդ արարներում կատակերգության մյուս կերպարները` դատական խորհրդի անդամները, սպասուհին, դրացի կանայք դառնում են սրիկաների և զրպարտիչների մի համասեռ զանգված, որոնք, կեղծ ցուցմունքների ու բանսարկության թակարդի մեջ գցելով Պաղտասարին, փորձում են կոծկել ու թաքցնել ճշմարտությունը։
Պաղտասար աղբարը դիմում է դատարան, նա ցանկանում է բաժանվել կնոջից, սակայն կինը դիմում է տարբեր միջոցների, որովհետև չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, և այդպես էլ չի կարողանում ապացուցել սեփական իրավացիությունը։
«Փաստաբաններու մեծ մասն արդարությունն ու իրավունքը հոն կգտնե, ուր շատ ոսկի կտեսնե»։
Այսպիսով` գրեթե դավաճանական արարքի վրա բռնած լինելով կնոջը և մեծ գումար վճարելով փաստաբանին, որը խոստացել էր բարեհաջող պաշտպանել իր դատը, Պաղտասար աղբարն ինքն է ճանաչվում մեղավոր: Դատական խորհուրդը պաշտպանում է կնոջը, Կիպարին և դրացի կանանց՝ սպառնալով Պաղտասար աղբարին խենթ հռչակել, եթե նա շարունակի զրպարտել անմեղ կնոջը։ Հ. Պարոնյանն այստեղ բացահայտում է մի կողմից` անհատի ճակատագիրը, մյուս կողմից` մերկացնում մի ամբողջ համակարգ, որտեղ արդարությունը վաճառվում է, իսկ ճշմարտությունը՝ պատժվում։ Բարոյական արժեքների էրոզիան գնալով խորանում է հատկապես դատական խորհրդի անդամների երկխոսություններում.
«Եթե ազգային մյուս ժողովներն, խորհուրդներն, հանձնաժողովներն և այլն մեզի պես աշխատեին` ազգն քանի մը տարվա մեջ զգալապես կհառաջադիմեր: Բայց ո՞վ պիտի ճանչնա մեր երախտիքը»։
Պաղտասար աղբարը մնում է ճշմարտության հետ մեն-միայնակ, շահի համար կուրացած մարդիկ տեսնում էին միայն այն, ինչ ձեռնտու էր իրենց։
«Աներեսներ, լիրբեր, չամչցածներ»,- ահա համբերատար ու դյուրահավատ Պաղտասար աղբարի պատասխանը, որ լսվում ու ակնթարթորեն կորչում է անամոթ խաբեբաների հրճվանքի մեջ։
Պաղտասար աղբարի հետ կատարվածը մոտավորապես այն է, ինչ եղավ նորվեգացի գրող Հ. Իբսենի պիեսի հերոսի` Թոմաս Սթոքմանի հետ («Ժողովրդի թշնամին», 1882թ)2։
Նա մի օր հայտնաբերում է, որ իրենց առողջարանային քաղաքի բուժիչ ջրերն աղտոտված են և վտանգավոր են մարդկանց առողջության համար։
Որպես բժիշկ՝ նա իր պարտքն է համարում բարձրաձայնել ճշմարտությունը և առաջարկում լուծումներ, սակայն բախվում է քաղաքային իշխանությունների և բնակիչների դիմադրությանը, քանի որ այդ բացահայտումը սպառնում էր նրանց տնտեսական շահերին։
Նրան չի ցանկանում լսել անգամ եղբայրը, որ քաղաքային իշխանության պաշտոնյա էր (ֆոգտ) և առողջարանի ղեկավարը։
Բժշկին համարում են «ժողովրդի թշնամի», մեկուսացնում հասարակությունից, ենթարկում տարատեսակ բարոյական ճնշումների։
Ատելության ալիքը հետզհետե սկսում է մեծանալ։ Սթոքմանից երես են թեքում նույնիսկ իրեն սատարող ընկերները, երեխաներին դասավանդող ուսուցիչները խորհուրդ են տալիս, որ երեխաները միառժամանակ մնան տանը և դպրոցից տուն են ուղարկում։ Ճշմարտությունը չար աղետի պես կախվում է նրա ընտանիքի գլխին, փողոցից քարեր են նետվում տան վրա, դուստրը ազատվում է աշխատանքից, բժիշկը նույնպես ստանում է աշխատանքից ազատման ծանուցագիր։
Բայց բժիշկ Սթոքմանը հպարտ ու անկոտրում է դիմագրավում յուրաքանչյուր աղետին. նա գիտեր, որ կենսական կարևոր հարցերում մեծամասնությունը շատ հաճախ է սխալ լինում։
«Ճշմարտության և ազատության ամենավտանգավոր թշնամին համախմբված մեծամասնությունն է»։
Պաղտասար աղբարի և Սթոքմանի կերպարները նման են իրար առաջին հերթին իրենց ազնիվ միամտությամբ, որովհետև նրանք կարծում են` հենց որ բարձրաձայնեն ճշմարտությունը, բոլորը կընդունեն այն և կկանգնեն իրենց կողքին։ Նրանք անվերապահորեն հավատում են մարդկանց անաչառությանը, և երկուսն էլ դուրս են գալիս անարդարության դեմ` վճռական ու աննահանջ պայքար մղելու։ Նրանց կերպարներն ապացուցում են, որ տարբեր մշակույթներում ու տարբեր միջավայրերում անհատի պայքարը կեղծիքի դեմ հաճախ ունենում է միևնույն ընթացքն ու վերջաբանը։
Երկու գրողներն էլ նույն ժամանակաշրջանում շոշափում են համամարդկային նույն խնդիրը. ի՞նչ է պատահում, երբ մարդու ազնվությունն ու ճշմարտությունը բախվում են հասարակական կեղծիքին և շահամոլությանը։ Այս կերպարները նման են և միաժամանակ տարբերվում են միմյանցից։ Նրանց տարբերությունը պայմանավորված է հատկապես երկու ստեղծագործությունների ժանրային և հեղինակների աշխարհայացքային մոտեցումներով։ Հ. Պարոնյանի հերոսը դատապարտվում է լռեցման և նվաստացման, մինչդեռ Իբսենի հերոսը, թեև պարտվում է հասարակությանը, սակայն չի հրաժարվում իր ներքին հաղթանակից։ Երկու դեպքում էլ ճշմարտությունն առաջացնում է մեկուսացում, բայց այդ մեկուսացումն ունենում է տարբեր բարոյական ելքեր։
Մեկը հանձնվում է, մյուսը, ունենալով ընտանիքի ամուր աջակցությունը, շարունակում է ապրել ավելի հպարտ ու գլուխը բարձր և իր գործունեությունը փորձում է իրացնել հասարակության համար պիտանի այլ բնագավառներում։ Նա որոշում է փողոցում հայտնված երեխաների դաստիարակությամբ զբաղվել։
Այս երկու կերպարների ճանապարհները տարբեր են, բայց մի պահ հատվում են անկանխատեսելի կյանքի ինչ-որ անհասցե խաչմերուկում.
– Գացեք, գացեք, ես խենթ եմ,- հուսահատված բացականչում է մեկը։
– Աշխարհում ամենաուժեղ մարդը միայնակ մնացած մարդն է,- անվրդով հնչում է մյուսի պատասխանը։
- Հ. Պարոնյան «Երկեր», Երևան 1979 թ. ↩︎
- Հ. Իբսեն «Պիեսներ», Երևան -1968 թ, ռուս. թարգմ.` Սերգո Պայազատ ↩︎
