Ուր չկա մտքի և բանականության ազատություն, այնտեղ կա հոգու ստրկություն, իսկ ուր ստրկություն, այնտեղ չկա կյանք։
Միքայել Նալբանդյան, «Հիշատակարան»
Եթե պատահական մարդկանց շրջանում փորձենք հարցում անցկացնել հետևյալ թեմայով, թե հայ գրականությունից հատկապես որ բանաստեղծի բանաստեղծություններից անգիր կհիշեն դպրոցական տարիներից, թվարկվածների մեջ միանշանակ նաև Մ.Նալբանդյանի անունը կհնչի։ Նրա ամենահայտնի բանաստեղծություններից են «Իտալացի աղջկա երգը» (ՀՀ պետական օրհներգ), «Ազատություն», «Մանկության օրեր» բանաստեղծությունները, որոնք գուցե հատուկ չենք նստել` անգիր սովորելու, բայց շատերս անգիր գիտենք։
Սակայն Մ. Նալբանդյանն այն գրողներից է, որոնց դերն ու նշանակությունը իրապես ու ամբողջապես ճշգրտելու համար միայն որպես գրող ճանաչելն ու ներկայացնելը անչափ քիչ է։ Մ. Նալբանդյանի հասարակական գործունեությունը, հրապարակախոսական կարևորագույն աշխատանքն ու կենսագրությունն ամբողջապես մեզ ստիպում են նրան այլ տեսանկյունից բացահայտել ու արժևորել։ Նրա հրապարակախոսական բոլոր երկերն ունեն հստակ ասելիք, ուղերձներ, կարևորություն, և ժամանակ առ ժամանակ դրանց անդրադառնալու, տեսանելի դարձնելու, դրանք կրկին վերարժևորելու կարիք է լինում։
Նալբանդյանի մանկավարժական, քաղաքական, հասարակական տեսակետներն ու պնդումները լավագույնս արտացոլված են նրա «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրական թերթերից 1858֊1860» աշխատության մեջ, որը նախ` հատվածաբար տպագրվում էր Մ. Նալբանդյանի ու Ստ. Նազարյանի ջանքերով լույս տեսնող «Հյուսիսափայլ» ամսագրում, հետո տպագրվում է ամբողջական։ «Հյուսիսափայլ» առաջադիմական-լուսավորական ամսագրում Նալբանդյանն իր համախոհների հետ պատասխանում էր իրենց ուղղված քննադատություններին, որոնք հիմնականում լույս էին տեսնում տարբեր պարբերականներում: Բանավիճող կողմերն իրենց հոդվածները մեծ մասամբ ստորագրում էին կեղծանուններով, որոնցից ամենաշատը տարածում է ստանում Մ. Նալբանդյանի Կոմս Էմմանուել ծածկանունը:
«Հիշատակարանում» նաև Մ. Նալբանդյանի կենսագրական, օրագրային հուշերն են, որոնք հրաշալի ձևով են բացահայտում նրա լայնախոհ, քաղաքակիրթ կերպարին բնորոշ գծերը, բազմաշերտ են, առաջադիմական և շատ արդիական։ Նալբանդյանն այստեղ գործի է դնում տարբեր գրական ժանրեր` բանավեճ, գրաքննադատական հոդված, նամակ, երկխոսություն, բանաստեղծություն, հրապարակախոսություն, որոնք ավելի հարուստ, կենդանի և հետաքրքրաշարժ են դարձնում երկը։ «Հիշատակարանի» առաջին իսկ էջերից պարզ է դառնում Մ. Նալբանդյանի դիրքորոշումը` անողոք պայքար մղել տգիտության, խավարամտության, սնապարծության դեմ, շարունակ բարձրաձայնել համազգային աղետների հասնող խնդիրների մասին։
Նա վեճի է բռնվում ոմն պարոն Խ֊ի հետ և հակադրվում նրան, որը պնդում էր չբարձրաձայնել այնպիսի ճշմարտությունների մասին, որոնք մերկացնում են ազգի պակասություններն ու ամոթը, քանի որ չի կարելի խոսել այնպիսի ճշմարտությունից, որը կարող է կտրատել ազգի սիրտը։ Սակայն Մ. Նալբանդյանը պնդում է, որ չպիտի շարունակ քողարկել, լռել ազգային արատների ու տգիտության դրսևորումների ժամանակ, պատրաստ է գալիք փորձություններին, քանի որ լավ է հասկանում` ոչինչ այնքան չի հեռացնում մարդկանց իրարից, որքան ճշմարտությունը.
«Ինչո՛ւ փախչենք լուսի տակ քննելուց մեր ազգային գործերը, ինչո՞ւ սիրենք խավարի վարագույրով ծածկել մեր վերքերը, որոնք, այսքան տարիներ թաքուն մնալով բժիշկներից, կարոտ են այժմ մեծամեծ վիրաբուժական հնարների։
Այնպես է, մեր քարոզած ճշմարտությունը գուցե թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած և ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու և հեռացնելու համար»։
Նարեկացիական մոտեցմամբ մոտենալով քնարկվելիք խնդիրներին` Մ. Նալբանդյանը իրեն չի զատում ու առանձնացնում բոլորից, նա կողքից դիտորդ֊քննադատ չի դառնում կամ անխնա քննադատության ենթարկելով` ամենևին էլ դատավորի կեցվածք չի ընդունում, և եթե Նարեկացին հանդես էր գալիս ողջ մարդկության անունից ու ողջ մարդկության մեղքերը ամբարել էր իր մեջ, ապա Նալբանդյանը հանդես է գալիս` անընդհատ շեշտելով «մենք»-ը, ոչ մի վայրկյան նրա կերպարը չի զատվում «մենք»-ից։
«Ես հայ եմ, դուք ևս հայ եք, մի՞թե այս անունը չունի յուր մեջ այն ուժը, որ երկու այդպիսի անունով մարդիկ, թեև հազարավոր դարավոր մղոններով միմյանցից հեռի, մոտեցներ միմյանց սրտով և հոգով. մի՞թե իմ և ձեր հայությունը գրավական չեն մեր մտերմության, ի՞նչ եմ ասում ես, մեք պիտի ավելի լինենք, քան թե մտերիմ, ըստ որում մեք եղբայրք ենք, ըստ որում մեր երկուքի արյունը ևս մի աղբյուրից է»։
Նա գրում է, որ մեր ազգի` մեկը մյուսին հաջորդող թշվառությունները ծնվում են մեր անմիաբանությունից, միմյանց դավաճանելուց և այնպիսի վճռորոշ ու վտանգավոր պահերին, երբ նախախնամությունը կշռում և չափում է մեծուփոքր ազգերը, մենք տարված ենք լինում ներազգային մանրախնդիր վեճերով։
«Մեր աչքով տեսանում ենք ուրիշ թառամած ազգերի վերստին ծաղկիլը, ճնշված և չորաբեկ սրտերի նոր զորությամբ զվարթանալը և ընդարձակվիլը, այդ բաները լինում են մեր քթի տակ, բայց մեք կրոնական վեճերը քրքրելուց ավելի բան չունինք»։
Նա մի անհանգիստ հոգի էր և միշտ այնտեղ էր, որտեղ, իսկապես, իր կարիքը անչափ շատ կար։ Նրա անմիջական ջանքերով վերջապես ստացվում է հնդկահայ մեծահարուստ գործիչների` հայերին կտակած գումարը հասցնել իր ծննդավայր, և այդ գումարով կառուցված հիվանդանոցը այժմ էլ կանգուն է իր ծննդավայր Նոր Նախիջևանում։
Մ. Նալբանդանը հեղափոխական էր, հեղափոխական` բոլոր առումներով, նրա քարոզած ազատությունը առաջին հերթին մտավոր ստրկությունից ազատվելու մասին է։ Նա նաև ամենատես ու խորագետ ուսուցիչ էր` կտրուկ, հատու, սուր լեզվով, բայց համբերատար ու մանրամասն սովորեցնող, նա նաև բժիշկ էր` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Աշխատելով Լազարյան ճեմարանում որպես հայոց լեզվի ուսուցիչ` իր աշակերտներին ասում էր, որ պետք է նրանք անպայման հայերեն մտածել սովորեն։ Նա ահռելի մեծ դեր ունի աշխարհաբարի զարգացման գործում։
Բանտարկության օրերին գրում է մի քանի կարևոր աշխատություններ ու գրելու այլ միջոցներ չունենալով` թղթի վրա կաթով էր գրում, թրջված թղթի վրա տառերը չորանում էին, և երևում էր գրված տեքստը։
Դասավանդելու հետ միաժամանակ նա սովորում էր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում որպես ազատ ունկնդիր։ Նա ոչ միայն մասնագիտությամբ, այլև հասարակական կյանքում էր էությամբ բժիշկ. հմուտ բժշկի ճշգրտությամբ էլ կարողանում է ճիշտ ախտորոշել ազգային տարատեսակ ախտերը և համապատասխան բուժումներ առաջարկել դրանց համար։
«Մեր ազգի խոցերը և ցավերը քաջ հայտնի են մեզ, բայց ինքը ազգը չկամի խոստովանել յուր հիվանդությունը, նա փախչում է բժշկից, նա կարծում է, թե թաքցնելով փտած և ապականված վերքերը ընկերի աչքից, կարող էր պարտակել յուր ողորմելի դրությունը, այդ վերքերը ճարակում են նորա հոգին, և այս պատճառով հայը մարմնով է միայն ապրում առողջ»։
Երեխաների դաստիարակության մեջ նա շատ էր կարևորում ընտանեկան դաստիարակության և միջավայրի նշանակությունը։ Կարևորելով նաև դպրոցում ու համալսարաններում ստացած կրթության դերը` Նալբանդյանը պնդում էր, որ ընտանեկան վատ դաստիարակություն ստացած և վատթարությունը իր մեջ ամբարած մարդը կարող է իր կրթությունը դարձնել չարության գործիք։
Երեխայի դաստիարակության մեջ նա հատկապես շեշտում է առաքինի և բանագետ մայրեր ունենալու կարևորությունը ։
«Հայ կանայք, ձեզ հետ է այսօր իմ խոսքը, ազգի վերանորոգությունը և փրկությունը լոկ երազ է, եթե փտած է այդ ազգի ընտանեկան կյանքը»:
«Հիշատակարանում» մի հետաքրքիր դրվագ կա, երբ Բեգզադե անունով ոմն մեկը Մ. Նալբանդյանին սպառնում է, որ պատրաստ է նույնիսկ երեք հազար մանեթ «ջուրը դնել», որ «Հիշատակարանը» արևի երես չտեսնի, Մ. Նալբանդյանն իրեն չի կորցնում, սկսում է համոզել, որ նա այդ գումարներն ու միջոցներն ուղղի հայ աղջիկների կրթության գործին, նրանց համար ուսումնարան բացի, որ մեր աղջիկներն ապագայում կրթված ու դաստիարակված մայրեր դառնան։
Նա նաև բավականին համոզիչ փաստարկներով բացատրում է, թե ինչու պետք է հայ ծնողներն իրենց երեխաների համար ընտրեն հատկապես ազգային դպրոցներ։
«Նույնպես ստույգ դաստիարակություն և լուսավորություն տալ չէ, եթե մի ծնող դնում է յուր որդին մի օտար ազգի դպրոցի մեջ. նա այն օտար շրջակայքի մեջ կփոխե յուր բուն հատկությունքը, ինչպես բուսականը կամ կենդանին տեղափոխված յուրյանց սեփական շրջակայքից»։
Եվ օրինակներ է բերում բուսական ու կենդանական աշխարհից, թե ինչպես է Վանա կատուն, հայտնվելով Էջմիածնում, կորցնում իր տեսակին բնորոշ մի շարք կարևոր առանձնահատկություններ։
Նա նաև պնդում է, որ երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ կարևոր է առողջ միջավայրը և էլի ծավալուն օրինակներով բացատրում է միջավայրի կարևորությունն ու ազդեցությունը։
Մ. Նալբանդյանը «Հիշատակարանում» շատ է կարևորում համազգային հոգատարությունը: Այդ կապակցությամբ էլ նա քննադատում էր հասարակության այն անդամներին, որոնք, իրենց մասնավոր անձ համարելով, հեռու են կանգնում ազգային գործերից և հասարակությանը հուզող հրատապ հարցերը թողնում երեսնիվայր ընկած: Նրա նպատակն էր ստեղծել ընդհանուր շահերի մասին մտածելու ձգտում, որովհետև «մի անհիմն բան է մասնավորի երջանկությունը առանց ընդհանուրի և հասարակաց երջանկության»։
«Հիշատակարանը» ոչ միայն գրական կարևոր երևույթ է, այլև ժամանակաշրջանի գաղափարական ծրագիր, որը մեծապես կանխորոշում է հաջորդ տասնամյակների հայ հասարակական-քաղաքական և գրական զարգացումները։ Այստեղ նա մեծ ոգևորությամբ խրախուսում է համազգային ինքնագիտակցության զարգացումը՝ շեշտելով, որ ազգային առաջընթացը հնարավոր է միայն կրթության, լեզվի մաքրության և սոցիալական հավասարության պայմաններում։
Մ. Նալբանդյանն իր կարճ կյանքի օրերը նվիրել է հասարակաց երջանկությանն ու հայոց կյանքի բարելավմանը, նրա բոլոր պնդումներն ու ուղերձները իր կենսագրության մեջ են, ներծծված են նրա ամենօրյա գործունեության և բոլոր գրվածքների մեջ։
Ու ապրում են։
