Դաշնակիցներ/Քրիստին Օթեն

Հոլանդացի գրող և դրամատուրգ Քրիստին Օթենը (1961) գրել է մի քանի նորարարական վեպեր, ինչպիսիք են «Վերջին բանաստեղծները» (2004), որը թարգմանվել է անգլերեն և արաբերեն, «Մեզանից մեկը» (2020), որը հիմնված է նիդերլանդական բանտում գրական «մարզչի» իր փորձի վրա: Նա գրել է «Բանտային մենախոսությունները»՝ թատրոն, որը հիմնված է նախկին բանտարկյալների պատմությունների վրա: Օթենի գրած մի քանի վեպեր բեմականացրել են: Նրա ստեղծագործությունը սոցիալականացված է և շատ հարցերում առաջամարտիկի դեր է կատարում: Նա բացատրել է իր աշխատանքային մեթոդը եւ գրականության (նաեւ արվեստի) մասին գաղափարները «Մյուսը գոյություն չունի» (2022) էսսեում: Օտենը հիմնադրել է Blocknotes-ը՝ ոչ առևտրային կազմակերպություն, որը խրախուսում է բանտարկյալներին զարգացնել իրենց ստեղծագործական գրելու հմտությունները:

Հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։

Ես հիշում եմ հարավաֆրիկյան բանաստեղծուհի Ռոնելդա Սոնետ Քամֆերին։ Իմ գրական հերոսները չեն ստանում որեւէ կարեւոր մրցանակ/Ես երբեք չեմ եղել ինչ-որ մեկի ղեկավարը կամ սիրուհին/․․․իմ բանաստեղծությունները կանանց համար են, որ խոհանոցում են/ իմ բանաստեղծությունները փոքրիկ թխամաշկ կամ սեւ երեխաների համար են/ սպիտակ երեխաներով լեցուն դասասենյակում։ Քեմֆերը հիշեցնում է մեզ, որ գրականությունն իր էությամբ ունի ազատագրող, եթե չասենք հեղաշրջող ուժ, որը տրամագծորեն հակադրվում է «յուրաքանչյուրն իր համար եւ աստված բոլորիս համար» ծեծված բուրժուական գաղափարախոսությանը, որով ներծծված է մեր հասարակությունը։ Որպես գրողներ մենք պիտի խուսափենք շուկայի եւ առեւտրի «օրենքներից»։ Մենք պետք է մեզ դարձնենք նվազ փխրուն։ Ես սա նկատի ունեմ բառացի։ Մենք չպիտի լինենք այդպես հեշտ խոցելի, մերժված, բացառված։ Ես այս հարցում հաջողել եմ միայն այնժամ, երբ հասկացա, որ կարող եմ գրական գնահատանքի ու ճանաչման արժանանալ ընդունված կարգից դուրս։ Օրինակ՝ այն մարդկանց շրջանում, որոնց մասին եւ որոնց համար գրում եմ։

Գրականությունը «բարձր արվեստ» չէ, գրականությունը «ոչ-էական» չէ։ Գրականությունը շունչ է, ինչպես բանաստեղծ և արձակագիր Անտժիե Կրոգն է ասել՝ «շնչել կարողանալ»-ն է։ Գոյատևման համար անհրաժեշտ։ Այս կերպ ընկալված գրականությունը ենթադրում է մարդկության մասին այլ՝ սովորական գերանհատապաշտականից տարբերվող ընկալում և որպես ելակետ ընդունում է արմատական ​​հավասարությունը։

«Ֆիքսդիթի» համագործակցությունը թարմ օդի պես է, քանի որ մենք մեր դաշնակցությունը վեր ենք դասում փոխադարձ մրցակցությունից։ Այլեւս չմրցակցելով միմյանց հետ՝ արդչոք անուղղակորեն ինչ-որ բան չենք ասում նաեւ գրականության մասին, որում կասկածի տակ են դրվում առասպելները հաղթողների եւ պարտվողների, բարու եւ չարի, առնականության եւ կանացիության, ինչպես նաեւ ալ արհեստական հակադրությունների մասին։ Կարծրատիպերը վատ են գործում բանաստեղծության մեջ ու արձակում, գրողը միշտ ձախողում է։

Ես համոզված եմ, որ այս կարգի համագործակությունները եւ դաշինքները վերջնահաշվում առավել արդյունավետ են անհավասարության դեմ պայքարում, քան երբ մենք յուրաքանչյուրս մեր կռիվն ենք տալիս, ինչպես սովորաբար անում ենք, եւ որ դա մեզ օգնում է, երբ ժյուրիների կամ հանձնաժողովների կազմում, դպրոցներում ու համալսարաններում, հրատարակիչների ու լրատվամիջոցների հետ հարաբերվելիս մենք պայքարում ենք ավելի շատ հավասարության, բազմազանության, «մոռացված» հեղինակների և բանաստեղծների վերհանման և գրողի գործին այլ կերպ նայելու համար։

Որովհետև այդ դեպքում մենք այլևս միայնակ չենք լինի։ Մեզնից մեկի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։

Թարգմանությունը՝ գրողուցավի

Please follow and like us: