Սիպիլ/Բանաստեղծություններ

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԾԱՐԱՎ

Չուզեցի խաբվիլ մանկությանս օրեն.
Կեղծիքը ահն էր, սարսափն էր կյանքիս.
Պատրանքբերու մեջ ապրիլ վատորեն
Միշտ մերժեց, ատեց իմ խըրոխտ հոգիս:

Վերքերը փաթթող շըղարշնե՛ր քնքուշ,
Ծաղիկնե՛ր որոնք թույն կը պարփակեն,
Սիրտըս փայփայող խոստումներ անուշ,
Որքա՜ն դողացի ձեր սուտ դյութանքեն:

Տենչոտ, հըրաշունչ համբույրնե՛ր անհագ,
Խուսափուկ սիրո գոզտրիկ փսփըսո՛ւք,
Ծով նայվածքներու ահե՛ղ կաղարդանք,
Լանջքըդ տոչորող հրախա՜նձ պասուք:

Ինչպե՜ս մերժեցի, ինչպե՜ս վանեցի
Ձոր արբեցընեղ խըոռվքն անսահման,
Ջնջեցի իսպառ հանձնելով բոցի
Ինչ որ խաբուսիկ երաղ էր միայն:

Եվ թմրեցընող հանկուցիչ սուտոր՝
Դուք որ անդունդին եզերքը անլույս
Կամ գերեղմանի փոսին առընթեր՝
Բուռ-բուռ կը սփռեք ցնորքներ և հույս:

Երբեք ձեր գութին չըդիմեցի ես,
Որպեսզի սուգիս, տագնապներուս մեջ

Փարատեք, անայդ գիշերու պես
Սև կսկիծներուս խավարը անվերջ:

Կյանքին իրական մեծ սարսափներեն
Երբեք չը վախցա. չուղեցի որ զիս
Սուտ տեսիլքներով գգվեն, օրորեն.
Մերկ ճշմարտության ծարավ էր հոգիս:

Խուժդուժ վայելք մ՚էր միշտ ինծի համար
Շոշափել դաշույնն, որ պիտի խոցեր
Իմ հեք, բաբախուն սիրտըս խանդավառ
Որ ցավեն կուլար ու կ՚ալեկոծեր:

Միշտ բզքտեցի ձեռքով մ՚անսարսուռ
Քողը վարդագույն, քողը ոսկեթել,
Որ ճշմարիտը ծածկեց ինձմե զո՜ւր,
Եվ խաբկանքներով ուզեց զիս դյութել:

Ու հիմա, թո՛ղ զիս գալարեն, տանջեն.
Հոգիդ մի՜շտ ազատ, անյլայլ ու սեգ՝
Հաղթապանծ կ՚ելլե ցավերու մեջեն.
Միայն թե զինքը չը խաբեն երբեք:

1915

ՀՆՉՅԱԿ

Տեսած եք ամպն որ կը սուրա հյուսիսեն
Աներևույթ հաղթ ուժե մը մրրկած.
Ի՛նչ պայքարներ իր ընգերքը կը հուզեն.
Իր ծոցին մեջ՝ ի՜նչ փայլակներ, բոց ու կայծ:

Կը կոծկոծի, կը գալարվի, կը գոռա,
Ամպրոպներում հորձանքներ դուրս կըժայթին.
Հետո հեղեղ մը կը զեղու մեր վըրա,
Քայքայելով փխրուն երազն իր կյանքին:

Անհունություն մը կա իմ մեջս անծանոթ,
Որուն հոգվույս նեղ պատյանը չի բավեր.
Կը բեկբեկի, կը ճմլվի, կ՚այրունի,

Կը փշրվի, ինչպես ամպե նուրբ անոթ,
Իր մեջ մըղված խեռ պայքարեն կարեվեր.
Բայց այդ ահեղ մրրիկներուն պետք ունի:

1913

ԱԳՌԱՎՆԵՐԸ

Սև պատանքին ներքև ամպոտ գիշերին
Արյունի թուխ մառախուղ մը կ՚երկարի.
Հըռընդյուններ լացի կոծի կը մարին
Մահասարսուռ դաշտին վըրա պայքարի:

Հիմա ճիչերն համակ լըռած են արդեն,
Դիակներու վըրա մահը կը շրջի,
Եվ ագռավներն իրենց սևը կը բարդեն
Համատարած խորունկ սուգին հետ շուրջի:

Կը մոտենան կոչնականները մահվան.
Կըտուցներն իրենց քաղացի տենդով կը հևան,
Լանջքերն իրենց քաղցի տենդով կը հևան,
Ու կը կառչին մագիլներնեն երկաթե:

Այստեղ ինկած զինվոր մոր դեռ մեռած չէ
Բայց դնդեր մ՚իսկ խըլրտելու ապիկար,
Իր սերերը, իր հուշքերը կը կոչե
Հերոսական գըլուխն հակած դեպի վար:

Ագռավներու հոծ թափորը կը թառի
Ծաղիկ կյանքին վեհ արյունը ծըծելու.
Այս սիրատենչ սրտին վըրա քաջարի
Զինվորն, ավա՜ղ, հիմա բախտին է հըլու:

Ամեն կողմե կըռինչքներով կը վազեն,
Եվ արյունի ճապաղիքներ կը հոսին,

Բըզըքտելով հոշ-հոշ դեմքեն ու վիզեն
Դեռ բաբախուն թարմ բեկորները միսին․․․

Անգո՜ւթ, անգո՜ւթ սև ագռավներ մարդակուլ
Անկարեկիր իր թարմության ու գեղին,
Ի՜նչպես իր հուսկ հեծեծանքին կ՚ըլլաք խուլ․
Անե՜ծք ձեզի, անե՜ծք բոլոր ձեր ցեղին․․․

Բայց… կը խորհիմ, ո՞րն ավելի է անգութ․
Մարդի՞կ, որոնք գիտակցորեն գիշակեր,
Կը հոշոտեն զիրար փառքի համար սուտ
Քայքայելով բյուր երազներ ու կյանքեր։

Թե թռչուննե՞րն անբան, անմիտ, անոթի,
Որ անգիտակ մեր ըզգացմանց թանկագին,
Կ՚արշավեն հոն որտեղ կյանքը կը դադրի,
Հագուրդ տալու իրենց քաղցին, պապակին։

1915

ԱՊՐԻ՜Լ

Ինչո՞ւ գըրել, խոսիլ, խոկալ,
Հարցում ուղղել չորս հովերուն, տիեզերքին,
Երբ հարցումներդ, գոչյուններդ ալ
Պիտի մարին, պիտի հալին, պիտի ցնդին
Ալքերուն մեջ մեծ անդունդին:

Ինչո՞ւ խորհիլ, տըքնիլ ինչո՞ւ,
Երբ անկարող ես թափանցել, հպանցել գեթ
Կյանքն ըսպառող գաղտնիքներուն,
Երբ խեղճ մտքիդ բոլոր ճիգերն, ավյունն
Անէանա պիտի հավետ:

Ինչո՞ւ երկնել, ինչո՞ւ տալ կյանք
Սրտիդ հըրուտ հուզումներուն, թե ցիրուցան՝
Ժամանակին ճիրանին տակ
Օր մը անոնք բըզիկ-բըզիկ պիտի ըլլան
Մոռացության դարձած ճարակ:

Ինչո՞ւ հեծել, ինչո՞ւ հևալ,
Երբ ոգեսպառ աղաղակովդ անհուն, անծայր
Դուն չես կարող պահ մը վերջ տալ
Թըշվառության հորդ հեղեղին ամպրոպավար,
Որ կ՚ողողե համայն աշխարհ:

Ինչո՞ւ սիրել սերտ, խանդակաթ,
Թե չես կարող պահել գրկեդ հար անբաժան,
Հոգե, ցավե, վերքե ազատ,

Եվ կը թողուս որ մահն անգութ գա խըլե զայն
Զոր սիրեցիր հոգիեդ շատ։

Ինչո՞ւ ապրիլ, թափել արցունք,
Երբ չես կարող ըսել դժբախտ էակներուն
Զորս կը տանջե քաղցն ու պասուք․
«Մի՛ զրկըվիք, ահա՛ մարմինս, ահա՛ արյուն,
Առե՛ք, կերե՛ք, ապրեցե՛ք դուք»։

1931

ՏԵՍԻԼՔՆԵՐ

Մոխիրներու և փուլերու կույտին մեջտեղ,
Զոր միգամած շամանդաղով սուգը կ՚օծե,
Ի՜նչ տեսիլքներ սև հուշերով լեցված ահեղ,
Ի՜նչ երազներ, ի՜նչ պատրանքներ, հույսեր բոցեղ:

Հոն աճյունին տակ կ՚երևան շենքեր փարթամ,
Եվ պարտեզներ, և ցորեններ կուռ ոսկեգես,
Ճերմակ ձիով կտրիճներու ձևեր տարտամ
Աչքին առջև կը թևածեն ամպերու պես:

Հուսկ խավարը, մեծ չղջիկ մը թևատարած,
Կը սավառնի աչքիս առջև համայնակուլ
Դագաղ մըն է բոլոր աշխարհք և ես հառած
Աղջամուղջին, կը մաքառիմ. պայքար ամո՜ւլ…

Հյուսիսայգներ լուսափողփող ինձ կ՚երևան,
Արտևաններ կանանչ, կապույտ բըլուրներով.
Արծիվները բույնին մեջ են աներկեվան,
Հայրն ու որդին մոր գրկին մեջ՝ սիրագորով:

Հետո դեմքեր կը շառաչեն ու կը պայթին.
Մարդասպան սուր մը կը հածի ամենուրեք.
Հեծեծանքներ կը հաջորդեն խաղին, կայթին,
Ու լալյուններ, ցավի ճիչեր՝ գիշեր ցերեկ:

Ու կը տեսնեմ հեք կիներու թափոր մ՚ամբավ.
Սև լաչակով կուգան կ՚անցնին: Վա՜խ, թըշվառներ,

Անոթի են ու խոշտանգված, մերկ ու ծարավ,
Արյուն արցունք լալով կ՚իյնան հոն կիսամեռ:

Ուրիշ թափոր մըն ալ անվերջ և անըսպառ,
Մանուկներու ծով մ՚ալեկոծ փրփուր-փրփուր,
Զոր չար հով մը կը մտրակե անգըթաբար
Ու կը թափե մեծ անդունդին փոսը թափուր:

Հանկարծ շող մը կուռ խավարեն, բոցեղ, հըրթիռ,
Կը բեկբեկի, դուրս կը սուրա եթերին մեջ,
Ամեն կողմե կայծկլտուքներ, լույս և հայթիռ,
Բյուր փայլակներ կը նըշուլեն, հրդե՜հ անվերջ:

Ու կը տեսնեմ նորեն պարը զրկյալներուն.
Փարատած է հիմա մեգը անոնց ճակտին.
Ծիածան մը կը պըսակե զանոնք հեռուն,
Զըվարթ դեմքեր կը փողփողին ու կը ժպտին:

Արշալույսն է որ կը ծագի հորիզոնեն,
Անո՛ւշ արև, քու լույսիդ մեջ սուգը չ՚ապրիր,
Եվ դժբախտներն ու զրկյալներն ըզքեզ կ՚օրհնեն.
Արդարությո՛ւնն ես դուն հաղթող միշտ անխըտիր:

ՄՈՌՆԱ՜Լ

Եթերային ըսփյուռներեն թևել վեր,
Այցել բոցե արևներուն, ծովերուն.
Շամանդաղին ձայնը լըսել, և հեռուն
Միջոցին մեջ՝ ականջ դընել, երբ հովեր
Կը խոսակցին խանդագին:
Եթե պատրանք են այս տենչերս իմ անգին,
Ո՜հ, կ՚ըղձայի մոռնալ խորհուրդը կյանքին:
Ցավի, սուգի ջընջել սերմերն անհամար,
Տառապողին սրբել շիթերն արցունքին,
Մինչև անոր հորդ աղբյուրները ցամքին.
Թըշվառության դեմ մաքառել քաջաբար
Ծայրատելով իր ծավալ:
Թե այս ուժին ես կարող չեմ տիրանալ,
Մարդոց վիշտերն, ո՜հ, կ՚ըղձայի գեթ մոռնալ:
Եթե բյուրեղ տեսիլքներուս իմ երբեք,
Անկարող եմ պահ մը մարմին տալ, ավա՜ղ,
Եվ անոնց գորշ աճյուններուն տակ նըվաղ
Հոգիս հավետ պիտի մըխա վըշտաբեկ
Զերթ խունկ մ՚աննյութ ու անհալ
Սվաղելով իր խոյանքներն անժուժկալ,
Ո՜հ, երազներս ես կ՚ըղձայի գեթ մոռնալ:

1932

ԿՅԱՆՔԸ

Երազել, երազե՜լ վարդերուն քով թառամած,
Երազել և հուսալ սև երկինքեն ամպամած,
Աստղերեն անգորով, և ամպրոպեն, շանթեն ալ
Գութ մուրա՜լ:

Հավատալ, հավատա՜լ տիեզերքին բարության.
Զինաթափ, անձնատուր բախտի սուրին՝ անվարան,
Կեղեքվիլ, արյունիլ, սակայն չըլլալ սրտաաբեկ
Ո՜չ, երբեք:

Տառապիլ, գալարվի՜լ, այլ ապրիլ միշտ երազով,
Բոցին մեջ գեհենին հովանիներ տեսնել զով,
Եվ ժպտիլ անվրդով արյուն հոսի երբ սրտեդ
Վետ առ վետ։

Երազել, երազել մինչև իղձերդ արփանուշ
Փըշրվին ու մարին, հոգիդ պատե քար ու փուշ,
Եվ թաղվի երազդ ալ, մոխիր կտրած հողին տակ
Անհատակ:

1930

Please follow and like us: