Ռուբեն Ներսիսյան/Իմ սրտում գոռում է Rammstein-ը

Ապոկալիպսիս

Հե՜յ, դուք`
«ճշտի» մեջ թաղվածներ.
սեմուշկա լափող, 
գարեջուր խմող, ուղտի պես թքող, 
սևազգեստ, ակնոցավոր,
քիթը ծուռ, 
անողնաշար,
ճկույթի եղունգը ցցած`
դասական քծնող, 
«մարդաչնման` մարդաչհավան»
տիտղոսը կրող,
իրար քաշքշող, թզբեխ ֆռցնող
ապերիկներ` 
երանի, 
երանի կատարվի ձեր 
ապոկալիպսիսը։

Վաղվա մասին

Քեզ ամեն օր խաբում են,
ձեռ առնում,
իրենցից գոհ` անցնում են,
թարս նայում,
կծում,
հետեւիցդ ֆշշացնում են
բլոտ ֆռցնողները․
-Դոձիկ ա, գիրք ա կարդում․․․
Բամբասում են աղջիկները.
-Չորսաչքանուն տեսեք․․․
Բայց հոգ չէ այս ամենը –
«տրորիր ու անցիր».
սա է գոյի պայմանը – memento mori – 
Հիշի՛ր…

Դժոխք մեքենա 

Թաթուլ, Արամ Ասատրյան, Սուպեռ Սաքո․․․
Զռռոցներ, մելիզմներ անթիվ-անհամար,
խաչված Հիսուսներ՝
շուրջբոլորը։ 
Բերանից թափող բառեր՝
սրբապիղծ, անկապ․ 
քֆուր-քյաֆար։ 
Ուղիղ սանրած մազեր՝ 
որդեր կախված, 
մորուք՝ ոջլոտ, 
սեւ կոշիկներ, լավագույն դեպքում՝ վաքսած։ 
Քրտինք, իբրեւ տղամարդու հոտ, 
գրպանում դրված դանակ։ 
Մինիմալը՝ 1800 դրամ։ 
Զդաչի ուզելը՝ շանտղություն։
Դու էլի չկա՛ս, Աստված։

Դպրոցի հետև

Ընկած եմ։ 
Գլուխս զնգում-զրնգում ա, 
փորս ահավոր ցավում։ 
Քիթուբերնիցս արյուն ա գալիս,
ոտքերս չեմ զգում։
Արևը վառ դեղին ա, 
ասֆալտը նման ա թավայի։
Ոստիկանության նվագի տակ
գալիս են շները․
ատամները տնգած, ականջները վեր,
լսվում են նրանց հաչոց-գռմռոցները։
Ու մինչ ես եփում եմ ասֆալտի վրա` 
արևի տակ, 
ինչպես կարմիր պոմիդորը՝
դանակները գցած, տակները արած՝
վազում, թռնում են
լավ տղերքը։

Ատելի քաղաք

Այստեղ գիրք կարդալը հանցանք է,
գրելը` անհապաղ մահապատիժ,
լավ երաժշտությունն արգելված է –
շնչե’լ,
լսե’լ ռաբիզ։
Ես շրջում եմ բոլոր օրենքները`
անբաշար քյարթերի սահմանած,
ինձ պատել են վախն ու կսկիծը.
-Չկա փրկություն էս դժբախտ կյանքից։
Ես շրջվում եմ դեպի ամպերը.
հայացքս հպարտ, 
հանդուգն, 
համառ։
Իմ սրտում գոռում է Rammstein-ը –
Zeit ու մի քիչ էլ`
Du hast:

Please follow and like us: