Համբարձում Համբարձումյան/Շեկոն

Փայտի ահռելի կապոցների տակ  ճկռած Շեկոն հազիվ էր բարձրանում զառիվեր կածանով։  Աջ կողմն ընկած կապոցը ակնհայտորեն ավելի մեծ էր, և ձիու հետևից քայլող տղարամարդուն թվում էր, որ ուր որ է ծանրությունը կքաշի, ձորը կգլորի ձիուն էլ, ձիաբեռն էլ, իր` մեքենա առնելու երազանքն էլ։  Երեկոյան հարևան գյուղից ձիու գնորդն էր գալու ապրանքը նայելու, և Սամոն ձիու փողը, իր  ետ գցածի վրա դնելով, առնելու էր իր երազանքի մեքենան՝ «Ջիպը», որ ճիշտ է հին էր,   բայց լավ պահպանված և դեռ երկար կարող էր ծառայել։  Տիրոջ հետ արդեն պայմանավորվել էր գնի շուրջ, և նա խոստացել էր չվաճառել, սպասել մինչև Սամոն ձին կծախի ու անհրաժեշտ գումարը կհավաքվի։

Զառիվերի կեսն էին դեռ անցել, իսկ ծեր ձին արդեն հոգնել էր։  Սամոն մտքում ինքն իրեն մեղադրեց ձիուն անխճորեն բարձելու համար, ասես արդեն վաճառել էր, ասես ուրիշի ապրանքն էր անխնա շահագործում։  Դեռ բարձելիս էր հասկանում, որ շատ է, ձիու համար դժվար է լինելու, բայց եթե  հենց երեկոյան տանեին, մեկ էլ ե՞րբ էր անտառից փայտ բերելու։

Քրտնամխած  Շեկոն ավելի ու ավելի դժվարությամբ էր շարժում, իսկ զառիվերը գնալով ավելի ու ավելի էր սրվում։  Սամոն ձիու քայլքը արագացնելու համար ճիպոտով գավակը դաղեց։ Ձին դժգոհ խրխնջաց, գլուխը թեքեց, թվաց, որ հանդիմանանքով նայեց։  Սամոն մտքում քմծիծաղ տվեց իր զգացողության վրա՝ ձին էդ ինպե՞ս պետք է հանդիմանանքով նայի։ Սամոն մի քանի անգամ էլ ճիպոտով խփեց, բայց Շեկոն քայլերն արագացնելու փոխարեն կանգնեց ու չշարժվեց։  Սամոն կատաղեց, բայց ոչ այնքան ձիու համառությունից, որքան իր այդքան տարվա ընկերոջը շահագործելու ու խղճի խայթի պատճառով։ 

-Չե՞ս շարժվում , հա՞, չես շարժվում ուրեմն։

Եթե մինչ այդ խնայելով էր խփում, հիմա արդեն ամբողջ ուժով հարվածեց՝ այնքան, մինչև ճիպոտը կոտրվեց։ Ճիպոտի կոտրվելու հետ ասես կատաղությունն էլ անցավ։  Առաջ անցավ, շոյելու նման մի շարժումով դիպավ Շեկոյի ճակատի պեծին, սանձից բռնեց ու քաշեց դեպի վեր։ Ձին մի պահ դիմադրեց, ապա հնազանդվեց տիրոջ կամքին։  Սամոն ափսոսանքով մտածեց՝ եթե այդպես կարելի էր, ինչի՞ անխճորեն ճիպոտեց։

Երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ լուռ էին։  Միայն փոքր հնգամյա որդին էր լացը հազիվ զսպելով սվսվացնում։  Կինը՝ Նանարը և աղջիկները Սամոյի դեմքին չէին նայում։  Մեծ աղջիկը տապակած կարտոֆիլները պատառաքաղով այսուայնկողմ էր շրջում ու բոլորովին չէր ուտում։  

-Մի բան կե՛ր,- ասաց Սամոն , եւ երբ աղջիկը հայացքը բարձրացրեց ու նրան նայեց, արդեն ինքը չէր կարողանում նրա աչքերի մեջ նայել։

Փոքրը նույնպես հանդիմանանքով իրեն էր նայում ու ձեռքի թաթիկով սրբում էր թաց աչքերը՝ շարունակելով զպել իրեն, որ ձայնով լաց չլինի։  Հայացքը փոքրից էլ փախցրեց։ 

-Չեմ ուզում, որ իմ Շեկոյին ուրիշին տաս,- ասաց դեռ թոթովախոս փոքրը ու զռռոցը դրեց։

Փոքրից հետո ասես բոլորի զսպված զգացումները պորթկացին, մեծ  աղջիկն ու միջնեկն էլ սկսեցին լաց լինել, իսկ կինը այնուամենայնիվ զսպեց իրեն ու միայն անձեռոցիկը վերցնելով աչքերի թացը սրբեց ու քիթը մաքրեց։

-Դե հերիք եղավ,- գոռաց Սամոն ու ափսեն մի կողմ հրելով բարձացավ սեղանից։

Ընտանիքի անդամներին չնայելով՝ դուրս եկավ տանից, հանեց ծխախոտը ու վառեց։  Մի գլանակը հերիք չէր, երկրորդը վառեց, ոչ թե ծխել էր ուզում, այլ որովհետև չէր ուզում տուն մտնել ու երեխաների թաց աչքերը տեսնել։

Հեռվից երևացին գնորդի մեքենայի լույսերը։ Մինչ մեքենան տեղ կհասներ, Սամոն Շեկոյին գոմից դուրս հանեց։ Ձին դեռ հակառակման, անհնազանդության տրամադրության մեջ էր, բայց դա գնորդի մոտ առույգության տեղ անցավ։ Խոսեցին, պայմանավորվեցին, որ հաջորդ օրը փողը կբերի ու ձին կտանի։  Ամբողջ ընթացքում Սամոն ետ՝ տան կողմը չէր նայում։ Գիտեր, հիմա կինն ու երեխաները լուսամուտի մոտ կանգնած իրենց կողմ էին նայում։ Մտածում էր, որ եթե շրջվի, տեսնի, սիրտը լցվելու է, Շեկոյին վաճառելու մտքից հրաժարվի։  Եվ իրոք, երբ գնորդի մեքենան շարժվեց, ու Սամոն ձին դեպի գոմը տարավ, փոքրը դեռ լուսամուտի մոտ էր։

Գիշերը, երբ կնոջ կողքին պառկած էր ու գրկեց նրան,  փաղաքշելու փորձ արեց, կինը ձեռքը մի կողմ հրեց։  Իր պես անխիճ մարդու փաղաքշանքը կինը փաստորեն չէր ընդունում։ Սամոն մտքում վերլուծում էր, հասկանում, որ ճիշտ է վարվում, իրենց պես բազմանդամ ընտանիքի համար մեքենան անհրաժեշտություն է, բայց միևնույնն է, որքան էլ գիտակցում էր, որ ճիշտ է, խիղճը տանջում էր։

Լուսադեմին, երբ Սամոյի աչքերը նոր էին փակվել, իսկ խիճը դեռ արթուն էր, լսվեց առաջին ռումբի պայթյունի ձայնը, իսկ հետո երկրորդը, երրորդը։  Ռումբերից մեկը շատ մոտ ընկավ և տունը ցցվեց, ապակիները փշրվեցին։ Սամոն, տեսնելով որ կինը արդեն արթնացել է, վազեց երեխաների սենյակ։  

Գիշերը նկուղում անցկացրին։

Առավոտյան պարզվեց, որ սահմանի բերանին գտնվող գյուղը պետք է լքեն։ Գյուղում արդեն մի քանի տներ ծխում էին։  Սամոն կանիստրով սալյարկան բերեց, որ լցնի տան մեջ, բայց ձեռքը չգնաց պապի սարքած տունը հրդեհել։  Եթե նույնիսկ ետ գալու հնարավորություն չլիներ, մտածեց, որ ավելի լավ է թուրքի բաժին դառնա, քան թե իր ձեռքով հրդեհի պապի սարքածը։

Տան կահ-կարասին բարձված էր բեռնատարի մեջ, որտեղ մի քանի հարևանանների եղած-չեղածն էլ էր։ Շեկոյին տանելու հնար չկար։  Սամոն գոմից դուրս բերեց ձիուն։ Բեռնատարը իրեն էր սպասում, երկար հրաժեշտ տալու ժամանակ չկար։ Սամոն ուզում էր գրկել Շեկոյին, բայց հիշեց, որ երեկ ուզում էր ծախել, ազատվել նրանից, և ձիուն գրկելու մղումը երեսպաշտություն թվաց։  Ճիպոտեց Շեկոյին, որ գնա դեպի դաշտերը, բայց ձին տեղից չշարժվեց։ Երեկվա համառությո՞ւնն  էր շարունակում, թե՞ հասկանում էր, որ տերը լքում է իրեն։

Երբ մեքենան շարժվեց, Սամոն կողային հայելիների մեջ տեսավ, որ Շեկոն քառատրոփ սլանում է իրենց հետևից։  Մտածեց, որ գուցե ճիշտն էլ այդ է ու ձիուն կհաջողվի մինչև վերջ իրենց ետևից գալ։  Բայց գյուղը հազիվ էին անցել,  շուրջը սկսեցին արկեր պայթել։  Բեկորներից մեկը խփեց բեռնատարի թափքին։ Վարորդը ավելի մեծացրեց արագությունը։ Հայլու մեջ տեսավ, որ Շեկոյից քիչ հեռու ռումբ պայթեց ու փոշու ամպ բարձրացավ։ Շեկոն ծառս եղավ, բեկո՞րը խփեց, թե՞  պայթյունից խրտնեց։

Պատերազմի ավարտի մասին լուրը Սամոն խրամատում դիմավորեց. գյուղից հեռանալուց հետո, երբ Ստեփանակերտ էին հասել, անմիջապես կամավորագրվել էր:  Երբ վերադարձավ տուն, չէր կարողանում կնոջ, երեխաների աչքերի մեջ նայել, ասես հենց անձնապես ինքն էր պարտվել: Կառավարությունը մի կիսաքանդ շինություն հատկացրեց` դարձյալ սահամանամերձ գյուղում: Կինը համոզում էր, որ Երևան կամ գոնե Ստեփանակերտ տեղափոխվեն, բայց Սամոյի համար դա նոր պարտություն կլիներ, այս անգամ` վերջնական: 

Պարտության կսկիծը, հայրենազրկման ու ունեզրկման ցավը մի կողմ թողած՝  Սամոն աշխատանքի ընդունվեց: Գյուղի վերջում նոր տներ էին սարքում իր նման փախստականնների համար:  Ցերեկները այնտեղ էր աշխատում, իսկ երեկոյան, երբ վերադառնում էր տուն, իր նոր տունն էր նորոգում: 

Գիշերները դժվարությամբ էր քնում Սամոն։  Մղձավանջներ էր տեսնում, որոնցից քնից վեր էր թռչում, և այդ ժամանակ սկսվում էր իսկական մղձավանջը, որովհետև հիշում էր իրենց զորքի անվերջանալի նահանջը, ինչպես էին թողնում իրենց կահավորված դիրքերը ու հեռահար հրետանու ռումբերի տեղատարափի տակ հեռանում՝ զոհեր ու վիրավորներ տալով։ Վիրավորների ու զոհվածների դեմքերն էր հիշում, անօդաչուի հարվածից մոխրացած դիակները։  Շեկոյին էր հիշում, ծանր, սրտամաշ զգացումով մտաբերում էր, թե ոնց էր ուզում վաճառել, իսկ հետո ոնց լքեց նրան՝ ռումբերի հարվածների տակ թողնելով։  Իր արածը դավաճանություն էր թվում, ինչպես որ տունը թողնել-հեռանալն էր դավաճանություն երևում աչքին։ Իսկ ամենաշատը ամաչում էր, ինքն իրեն դատապարտում, երբ հիշում էր, թե Շեկոյի գնորդի գալու  օրը ինչպես էր նրան անխղճորեն բարձել ու ուզում էր վերջին անգամ շահագործել։  Տարօրինակ էր, բայց նման պահերին մտքում համեմատություն էր անցկացնում իր արարքի ու նրա հետ, թե ոնց ժողովուրդը վարվեց երկրի հետ։  Մտածում էր՝ ինչպես որ ինքն էր անխղճորեն բարձում, շահագործում ձիուն, մի՞թե նույնքան անխղճորեն պետության ուսերին չէին անտանելի բեռ դրել,  որի տակ պետությունը ճկռել էր՝ Շեկոյի նման։ Իսկ հետո, այդքան շահագործելուց հետո, երբ պետք էր մի մարդու պես կանգնել ու կռվել, մի՞թե ժողովուրդը չլքեց հայրենիքը, ինչպես որ ինքը լքեց իր տունը, լքեց Շեկոյին։  Երբեմն էլ երազում էր, պատկերացնում, որ հիմա Շեկոն ազատության մեջ է, ապրում է իր հարազատ հանդերում ու սարերում, պատկերացնում էր նրան բլրի վրա վրնջալիս ու ծառս լինելիս։  Այդ մտքից, որ գուցե ձին դեռ կորցրած հայրենիքում է, գուցե նույնիսկ երեկոները սովորության համաձայն գնում  է իր գոմը, Սամոյի սիրտը հուզվում էր ու անթափանց, թանձր, խեղդող  վիշտը մի փոքր թուլանում էր։

Այսպես մտածում էր Սամոն մինչև լուսադեմ, հետո, երբ հավաբնից առաջին աքլորականչն էր լսվում, մի քիչ խաղաղվում էր, մի երկու ժամ աչք կպցնում, որ ժամը ութին արթնանա ու գնա աշխատանքի։

Զարթուցիչի ձայնը այս առավոտ չարթնացրեց, մինչև կնոջ ձայնը չլսեց, աչքերը չբացեց ու ոտքի չկանգնեց Սամոն։  Դեռ ննջելով քայլեց դեպի խոհանոց։  Գազը ադրբեջանցիները կտրել էին, դրա համար էլեկտրական սրճեփի մեջ լցրեց շաքարավազն ու սուրճը։  Մինչ սրճեփի մեջ ջուրը կեռար, ծորակի ջուրը բացեց ու երկու անգամ երեսին ջուր շփեց, հետո զգալով, որ դա չի արթնացնի՝ գլուխը մտցրեց սառը ջրի տակ։ Ափով մազերի ջուրը քամեց, լվացարանի մեջ։  Սուրճը ինչպես միշտ թափվում էր, արագ ձեռքը գցեց ու հոսանքից անջատեց։  Նայեց, տակը մի կես բաժակ մնացել էր։  Սեղանին անձեռոցիկի տեղը «Կիևյան» զուգարանի թուղթ կար դրված։ Զուգարանի թղթից մի փոքր պոկեց, մաքրեց սեղանին թափված սուրճը ու դուրս եկավ բակ։

Բակի անհրապույր տեսքից դեմքը ծամածռվեց։  Գիշերը անձրև էր եկել ու մինչև տան դուռը ցեխ էր, քիչ հեռվում շինարարական աղբ էր թափված, որ մի ամիս է այդտեղ դրված էր։ Մտածեց, որ աշխատանքից գալուց հետո գոնե շինարարական աղբը թափի։ Զարմանալի է, ուրիշ փախստականների համար սիրով էր տուն սարքում, բայց իր տան վրա չէր ուզում գործ անել։  Մտքում անընդհատ համաեմատում էր իր պապի սարքած ընդարձակ, լուսավոր տունն ու իրեն հատկացված այս խարխուլ խրճիթը, իր այգին,  բանջարանոցն ու ծաղկանոցը և խրճիթի անհրապույր բակը, որտեղ միայն մի չորացող տանձենի կար։  Երեխաների սենյակն էր միայն նորոգել ու իր ննջասենյակը, բայց ձեռքը չէր գնում գործը արագ ավարտին հասցնել, խոհանոցի նորոգումն ու բակի բարեկարգումը ձգձգվում էին, ասես դրանով դավաճանած կլիներ իր տանը, ասես, եթե գործը ավարտին հասցներ, դա կնշանակեր, որ տուն վերադառնալու հույսը կտրել է և համակերպվել է, որ հիմա ադրբեջանցիներն են իր տանը տեր կանգնելու։

Սիրում էր ֆիզիկական աշխատանքը Սամոն, հատկապես հիմա։ Երբ մկանները աշխատում էին, ուղեղը անջատվում էր և բոլոր մտածմունքներն ու հոգսերը ժամանակավորապես հանգիստ էին թողնում նրան։  Բետոնը խառնում էր ու հաճույք էր ստանում նրանից, որ ամբողջովին այդ գործով է տարված։  Քրտինքը կաթում էր ճակատից, թևերը հոգնացությունից թուլանում էին, բայց դադար չէր տալիս, ավելի ու ավելի մեծ ճիգով շարունակում էր նույնքան եռանդով խառնել ու դույլերի մեջ լցնել բետոնը։ Դույլերը կրող երկու երիտասարդ բանվորները չէին հասցնում խառնած բետոնը կրել։ Երբ  դույլերը դեռ չկային, դեռ չէին վերադարձել բանվորները, Սամոն շարունակում էր խառնված, պատրաստի բետոնը նորից ու նորից խառնել։  Շունչը կտրվում էր, բայց տեմպը չէր դադարեցնում, գիտեր որ այդ ֆիզիկական հոգնությունը իրեն շատ է պետք, դա նաև գիշերն է պետք գալու, որ աչքերը հոգնությունից փակվեն ու գիշերային մղձավանջները չքվեն։

Շինարարության կողքով մի մեքենա էր անցնում։ Երբ հասավ, իրենց ընթացքը դանդաղեցրեց։ Սամոն այնուամենայնիվ բետոն խառնելը դադարեցրեց, որ շունչ քաշի։ Դպրոցի տնօրենի մեքենան էր, տնօրենն էլ՝ ղեկին։

-Աչքդ լույս, Սամո, աչքդ լույս։

-Ի՞նչ է եղել,- չգիտես ինչու անհանգստացավ Սամոն, ասես ոչ մի լավ բանի այլևս չէր սպասում։

-Ամբողջ գյուղը դրանից է խոսում, դու չգիտե՞ս։ Տուն գնա։

Տնօրենը ուրիշ ինչ-որ բան էլ ասաց, բայց նրա ձայնը էլ չէր լսվում։  Սամոն մտքերի մեջ ընկավ։ Էդ ի՞նչ էր եղել, որ աչքալուսանք էին տալիս։ Փորձում էր մտաբերել,  տնօրենի ձայնի մեջ հեգնանք կա՞ր, թե՞ իսկապես ինչ-որ լավ, աչքալուսանքի արժանի բան է եղել։  Երբ ցեխ կրող տղաները վերադարձան ու դույլերը ցած դրեցին, Սամոն ուշքի եկավ, նրանց խնդրեց, որ գործն առանց իրեն ավարտեն ու շտապ քայլերով դեպի տուն գնաց։

Երբ բակ մտավ, ոտքերը հուզմունքից թուլացան։  Տան դիմաց կանգնած էր ձին՝  իրենց Շեկոն։ Երեխաները Շեկոյին գրկել էին ու պոկ չէին գալիս, կինը  ձիու  գլուխն էր շոյում։

-Պապա, Շեկոն տուն ա  եկալ,-ասաց փոքրը։

-Հա,  ցավդ տանեմ, եկալ ա, գտել ա մեզ։

Սամոն առաջացավ, ինքն էլ գրկեց ձիուն ու զգաց, որ աչքերը թացացան, արցունքները հոսեցին։

Please follow and like us: