Դեկտեմբերի վերջին օրերն են․ նոր տարվան մնացել է մի քանի օր։ Երևանի գլխին կախված երկամսյա մառախուղը թեթև ճաք է տվել։ Թեպետ մայթերի սառույցները դիմադրում են արևի թույլ հպումներին։ Փողոցները մարդաշատ են։ Քայլում ենք արագ, իրար դիպչելով, առանց միմյանց նայելու։ Բոլորս շտապում ենք։ Կենտրոն գնացող ավտոբուսը շարժվում է․ քայլերս արագացնում եմ։ Իմ կողքից քայլող մարդը սայթաքում է, անցորդներից մեկը հասնում է ու բռնում թևից։ Երկուսով օրորվում են սառույցի վրա։ Նստում եմ ավտոբուս ու նայում դուրս․ իրար ձեռքից բռնած սառույցի վրա երերալով քայլում են, հասնում մայթին, ժպտալով հրաժեշտ տալիս ու հեռանում։
Ավտոբուսը լեփ-լեցուն է։ Կողքիս կանգնած ուղևորը ծանր տոպրակները դրել է ուսիս։ Վերցնում են նրա իրերն ու դնում գրկիս, հուսալով որ կժպտա։ Բայց ուղևորն առանց շնորհակալություն հայտնելու, սառը հայացք է նետում ինձ վրա։ Սեղմված մարդիկ դժգոհում են։ Կանգնելու տեղ չկա։ Տեղավորվելու համար հրմշտում են միմյանց։ Կարծես կրկին կռիվ է սկսվելու միմյանց վրա չհենվելու պահանջով և հասնի մինչև քաղաքական հայացքներ։ Գրկիս դրված տոպրակներից շողշողում են տոնածառի գույնզգույն խաղալիքները։ Նայում եմ ինձ վրա հենված կնոջն ու ասում․
-Ի՜նչ սիրուն են,-և սպասում ոգևորող խոսքի, որ շարունակենք զրույցը տոնածառի խաղալիքների, նոր տարվա ու երազանքների մասին։ Բայց տիկինը չի պատասխանում․ անհաղորդ ինձ է նայում։ Լարվածությունն ավտոբուսում հասել է գագաթնակետին․ մերթ ընդ մերթ բողոքում են՝ մի հրեք, տեղ տվեք, տեղ չկա։
Խցանում է։ Փողոցներն ու լանջերն ամայի են։ Հուսահատ այս ու այն կողմ եմ նայում, ծառ գտնելու և հայացքս այնտեղ թողնելու համար։ Պատուհանից այն կողմ մայթեզրի եղևնին է՝ մենակ ու խեղճացած։
Մի տղամարդ բռունցքներով հարվածում է ավտոբուսի դռներին․ կանգառում չենք, բայց վարորդը բացում է ավտոբուսի դռները։ Տղամարդը ներխուժում է և զայրացած մռթմռթում։ Զննում եմ․ ուզում եմ հասկանալ՝ ինչու՞ է բարկացած․ երկա՞ր է սպասել տրանսպորտի, թե՞ ինձ նման ատում է ձմեռային գորշ եղանակը․․․
Տղամարդը հանկարծ աչքերը չռեց ինձ վրա ու ասաց․
-Ստրուկ։
-Ո՞վ, ե՞ս, -ապշահար հարցրի ու հետ նայեցի, հուսալով, որ այլ մարդու է ասում։
-Բոլորդ։
Փորձում եմ դուրս գալ շփոթմունքից և անծանոթին հարցնել․
-Ինչու՞ ստրուկ։ Չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել ստրուկ որակելու համար։ Ինչու՞ եք գոռում։ Ինչո՞ւ եք փչացնում իմ օրը։
Բայց մինչ մտքերս կհավաքեի, նա կրկին գոռաց․
-Ցարի ստրուկներ, ինչու՞ չեք բողոքում․․․- և սկսեց այնպես բղավել, ասես ոչ թե ավտոբուսում էր, այլ հանրահավաքում։
Քաղաքում հանրահավաք է ամեն օր։ Հինգ, տասը հոգանոց խմբերով ամեն օր հավաքվում են փողոցներում, հրապարակներում և գերտերություններին պահանջներ ներկայացնում։ Փորձում են պաշտպանել պետությունը, որ վաղուց անպաշտպան է մնացել։ Իշխանությունը դեմ չէ, որ մարդիկ զբաղված լինեն ամենագլխավորով և չնկատեն խցկված ու կռացած երթևեկելը, այգիների ու պուրակների բետոն դառնալը։ Տասնյակ տարիների չլուծված խնդիրներից մարդիկ ուժասպառ են եղել և միմյանց են մեղադրում։
Բայց ինչու՞ է գոռում․ կարող էր հարցնել՝ կգա՞ք գնանք ցույցի, հարգելի քաղաքացի, ընկեր, հայրենակից։ Ես էլ կպատասխանեի՝ հարգելի ընկեր, կարծում եմ՝ ամենօրյա հանրահավաքներն ու կոչերն անիմաստ են, գուցե, ավելի լավ է մեկ անգամ այնքան կազմակերպված հանրահավաք անենք, որ ազդեցություն ունեննա։ Եվ ստիպենք իշխանությանն ավելի արդյունավետ աշխատեն կամ հեռանան։ Մենք կզրուցեինք և ժպտալով կբաժանվեինք։
Ձմռանը Երևանում ապրելը դժվար է։ Ամենօրյա աղմուկին, գոռգոռոցներին ու մեղադրանքներին ավելանում է ցուրտը, մառախուղն ու սառնությունը։Մնում ես առանց արևի և հուսադրող լույսի։ Շուրջդ սառցակալած փողոցներ են և ծառերի սաղարթներից մերկացած անկանոն ու տգեղ շինվածքներ։
Ավտոբուսի վերջից հնչող կնոջ ծղրտոցից վեր թռա։
-Երեսպաշտների դեմ պետք է ցույց անել, ոչ թե բարեկամների․․․
Բարեկամներ բառը կռիվն ավելի բորբոքեց։
Խցանումն անտանելի և անվերջ է թվում։ Թեպետ սառը քամի է փչում, բայց գլուխս հանեցի լուսամուտից, որ չլսեմ բղավոցները։ Մայթը գրաված վարսավիրանոցի ու քյաբաբնոցի հոտերն իրար խառնված փչեցին վրաս, ավտոլվացման կետի ահասարսուռ ձայնն էլ խլացրեց ականջներս։ Քյաբաբնոցի առջև կտրած ծառի արմատն է․ մեզ այնքան նման՝ անպաշտպան ու կոտրված։ Քաղաքում համատարած չորացնում են ծառերը, հետո կտրում, որ գովազդները լավ երևան։ Երևանն էլ ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների ցանկում պատվավոր տեղ է զբաղեցրել։
Գոնե Կենտրոն հասնեինք և նոր հայտնվեինք խցանման մեջ։ Կնայեի նախշազարդ շենքերին ու կցրվեի։ Կենտրոնում խնամում են ծառերը, որ զբոսաշրջիկներին գրավեն, և քարոզարշավների ընթացքում լուսանկարվեն թեկնածուները։
Հանկարծ մի խումբ մարդիկ շրջապատեցին մեր ավտոբուսն ու փակեցին ճանապարհը։ Նրանք նույնպես պահանջում են միանալ իրենց հանրահավաքին և մեղադրում ավտոբուսում գտնվողներիս։
Արևը թեքվեց ու անհետացավ բարձրակառույցների թիկունքում։ Մի քանի օրից Ամանոր է․ տեսնես հիմա ի՞նչ են անում փարիզեցիները, միլանցիները․․․ Երևի քայլում են լուսավորված ու զարդարված փողոցներով, նվերներ են գնում խանութներից և երազանքներ են պահում։ Իսկ մենք մեկ ժամից ավել է՝ նստած ենք ավտոբուսի մեջ, որտեղ շնչելու օդ չկա, որտեղ գոռում են, մեղադրում, ստրուկ որակում, հետո փակում են ճանապարհդ։ Ինձ վրա հենված է մի քանի մարդ, գրկիս դրված են ծանր տոպրակներ։ Դեռ քանի՞ ժամ ենք մնալու այս վիճակում։ Եվ այսպես ամեն օր։ Տոնածառի արծաթագույն խաղալիքները վերջացա՞ն, թե՞ կհասցնեմ գնել։ Քանի՞ օրից գարուն կգա։ Հատ ու կենտ ծառերն էլ որ ծաղկեն, բավականին կգեղեցկանա քաղաքը,- շշնջացի։
Հանկարծ բոլորը լռեցին։ Կողքիս կանգնած կինն ասաց․
-Խաղալիքներից որը հավանում ես, վերցրու։
Զարմացած նայեցի։ Խոսեց՞, թե՞ ինձ թվաց։
-Վերցրու, որը հավանել ես,- կրկնեց կինը։
Ժպտացի և ուրախությունից շփոթված նայեցի կնոջը։
-Դժվարն անցել ենք, նոյեմբեր, դեկտեմբերն է ամենածանրը, հունվարից արդեն արև է, -ասաց «ստրուկ» բղավող տղամարդը։
Լռություն է։ Հոգնած ենք և ուժասպառ, բայց նայում ենք իրար առանց ատելության։ Մեր ավտուբուսը, վերջապես, հասավ Կենտրոն։ Ժպիտով ճանապարհ ենք տալիս միմյանց և իջնում ավտոբուսից։ Եվ առաջին անգամ էր, որ արևի չքանալուց հետո տագնապ չէի զգում։