Կար-չկար, մի իտալացի մարդ կար,
Ոմանք նրան համարում էին խաբեբա, խարդախ ու զեղծարար,
Բայց նա չէր նեղանում,
Քանզի ոմանք էլ նրան լավ տղա էին համարում,
Եվ նա ասաց, որ աշխարհը կլոր է,
Եվ ականջը չշոյող բաներ ասացին բոլորը,
Բայց նա գնաց ու փորձեց փող պոկել Ֆերդինանդից1,
Բայց Ֆերդինանդն ասաց՝ Ամերիկայից խեր չկա, ես նիսյա բաների
հետեւից չեմ ընկնի ու չեմ գերադասի նաղդից,
Բայց Կոլումբոսի ուղեղը չէր չորացել, բերրի էր ու պտղատու,
Նա հիշեց, որ Ֆերդինանդը պսակված մարդ է եւ կնոջ հետ՝ շուն ու
կատու,
Եվ մտածեց՝ իր բախտից է, որ մարդ ու կնիկ չեն հասկանում իրար,
Քանզի եթե ամուսինը մտածում է, որ այսինչ բանը վատ
միտք է, կինը պիտի որ համարի դա ընտիր գաղափար,
Եվ ահա, թաշկինակի վրա ցողեց «Բեյ ռոմ»2 եւ ցիտրոննելա3
Եվ ուղեւորվեց այնտեղ, որտեղ նստում էր Իզաբելլան,
Կանգնեց նրա դեմ իր շքեղ ու անհեթեթ տեսքով՝ սրտակերի պես
բարձրացրած ունքը,
Եվ Իզաբելլան ասաց, որ դեմքը տեղը չի բերում, բայց ծանոթ է
բուրմունքը,
Կոլումբոսը լռեց ժպիտով ամոթխած ու բարի,
Ահա ամենն, ինչ նա ասաց՝ ես Կոլումբոսն եմ, ես ծովակալ
Բյորդն4 եմ տասնհինգերորդ դարի,
Եվ ճիշտ իր ենթադրածի պես՝ բարի ու կամեցող էր թագուհու հոգին,
Եվ նա ասաց՝ ահա իմ գանձերը, իսկ նա աղքատ չէր Կոռնելիայի5 պես՝
Գրակքոս եղբայրների մոր, նա նկատի չուներ իր երեխաներին,
ոչ, նա նկատի ուներ իր զարդերը՝ շատ ու շատ թանկագին։
Եվ բացականչեց Կոլումբոսը՝ մեկնումեկդ ցույց տվեք ինձ, թե որ
կողմում է արեւը մայր մտնում, եւ ինչ-որ մեկը ցույց տվեց, եւ նա
ճանապարհ ընկավ՝ չվախենալով փոթորիկներից, որ ալեկոծում
էին ծովն ու նավը ցնցում,
Եվ նա հայտնաբերեց Ամերիկան, եւ դրա համար նրան փակեցին
բանտախցում,
Եվ կապանքներից նրա ոտքերին ու ձեռքերին վերքեր եղան,
Եվ բոլորովին այլ մարդու անունով կոչեցին Ամերիկան։
Կոլումբոսի բախտը դժխեմ հարկ է տալ սերտելու ամեն աշակերտի ու
ընտրողի,
Քանզի առակը կցուցանե շատ կարեւոր բան՝ մի՛ եղիր հայտնագործող,
հանրահռչակո՛ղ եղիր։
- Ֆերդինանդ II Արագոնացի (1452-1516, ( իսպ․՝ Fernando de Aragón “el Católico” ) Արագոնի, Կաստիլիայի , Սիկիլիայի թագավոր, սկիզբ է դրել Իսպանիայի միավորմանը, ձգտել է հաստատել բացարձակ միապետություն։ Վարում էր կաթոլիկամետ քաղաքականություն, կնոջ՝ Իզաբելլայի հետ հիմնել է Ինկվիզիցիայի դատարանը (1480), հրեաներին վտարել երկրից, բռնի կերպով դավանափոխ արել մավրերին։ Ֆերդինանդ II-ի կառավարման ժամանակաշրջանում հայտնաբերվել է Ամերիկան, և սկզբնավորվել է իսպանական գաղութային, նվաճողական քաղաքականությունը։
- Bay Rum– սափրվելուց հետո օգտագործվող լոսյոն՝ պատրաստված 18-րդ դարի բաղադրատոմսով, Կարիբյան կղզիներում աճող բեյ ծառի եթերայուղից։ Նավաստիները երկար նավարկության ընթացքում բեյ ծառի տերեւներով շփում էին իրենց մարմինը՝ վատ հոտը մեղմելու համար, ապա սկսեցին թաթախել իրենց սիրելի ըմպելիքի՝ ռոմի մեջ եւ օգտագործել որպես օդեկոլոն։
- ցիտրոնելլա-(Cymbopogon flexuosus) արեւադարձային բույս՝ սուր հոտով, տերեւներն օգտագործվում են իբրեւ համեմունք, եթերայուղը օգտագործվել է որպես մոծակների դեմ պայքարի միջոց։
- Ռիչարդ Բյորդ (1888-1957), ամերիկացի բեւեռախույզ, օդաչու, ծովակալ։ Ամերիկյան անտարկտիկական չորս խոշոր արշավախմբերի ղեկավար։ Առաջինն է օդանավով անցել հարավային բեւեռի վրայով։ Բյորդի անունով է կոչվում ամերիկյան անտարկտիկական գիտական կայանը։
- Կոռնելիա (մ․թ․ա․ 2-րդ դար)- հռոմեական մատրոնա, տասներկու երեխաների, այդ թվում տրիբուններ Տիբերիոս եւ Գայոս Գրակքոսների մայրը։ Վալերիոս Մաքսիմոսը պատմում է, որ երբ հռոմեացի բարձրաշխարհիկ տիկնայք հպարտանում են իրենց արդուզարդով, Կոռնելիան, զրկված լինելով զարդեղենից, մատնացույց է անում իր երեխաներին՝ ասելով․ «Ահա իմ զարդերը»։
Անգլերենից թարգմանեց եւ ծանոթագրեց Արփի Ոսկանյանը