Կորոնաֆուտբոլ/ Պենալներ (մաս առաջին)

Իզաբելա Ավետյան

-Ահա և վերջ,- ասաց մի ծեր և իմաստուն ձի, տեսնելով առաջին ավտոմեքենան։              
-Ահա և վերջ, -ասեցինք մենք՝  եզրափակիչ սուլիչից հետո  թիմային ուժերով փակելով  «Կորոնաֆուտբոլի» վերջին՝ հարյուրերորդ էջը։ Հրաժեշտի խոսքերից առաջ․․․             
– Լու՞րջ ,-լսում եմ ինչ-որ ձայն ներսից,- հլը ստո՛պ,
Девочка, стоп! Не надо,
Не надо,  путать угловой с девяткой․
-Ա՜խ, հա, տասնմեկ մետրանոց հարվածս,- ուշքի եմ գալիս ես,-  Էլի որ չեմ խառնում, ձեր ցավն էլ տանեմ, ու պատասխանատու եմ իմ իրականացրած համապատասխան պենալի համար։ Բայց, ասենք, էն խառնաշփոթը, որը տիրում է  մյուս դաշտերում, էլ հին ու նոր, նորեր-հներ, կորոնավարակի թվեր, որ Շերլոկ Հոլմսն էլ բրիտանացի բոլոր գիտնականների ձեռքից բռնած գա, գլուխ հանողը չի։ Ի դեպ, էս խառնաշփոթի ֆոնին, արժի՞ Արփիին խոստովանել, որ մինչ կորոնադաշտ մտնելս գրական ստեղծագործական գործունեություն ծավալել եմ միայն դպրոցում սովորելիս՝ գրածս երկու շարադրությունների տեսքով։ Աման, եսիմ է՜։ Հիմա էս պայմաններում կլինի՞ դիպուկ հարվածել, չվրիպել։
-Պենալ՛դ, Իզա աղջիկ, ու  վրիպել չկա,- նորից ներսից այդ ձայնը, որին այս անգամ  պատասխանում եմ հստակ իրականացրած տասնմեկմետրանոցով։
Այ, հիմա վսյո։ Բարով վայելեցինք «Կորոնաֆուտբոլը»։ 

Դիանա Մելիք- Սարգսյան

Բոլոր խաղերը ֆուտբոլին զուգահեռ խաղացինք, մնաց մարդավարի մեր բաժին պենալը… ըըը … տասնմեկ մետրանոցը խփելը։ Քանի որ ես լավ խաղող չեմ (ավելորդ համեստությունը մի օր ինձ կսպանի), պենալս լավ եմ խփելու։ Բոլորդ էլ նկատած կլինեք, որ լավ խաղողները սովորաբար 11 մետրանոցի ժամանակ վրիպում են` չեն խփում (Ռոնալդինյո, իմ երիտասարդության գունավոր ու անհասանելի սեր, ականջդ կանչի), ու աշխարհի լավը վատից տարբերող ու բանիմաց մարդկանց ֆուտբոլասեր կեսն էդ պահին վստահաբար մրթմրթում է` Եվրոֆուտբոլը  միլիոններ աշխատեց։ Բայց էս ամենը մի կողմ (սա ուրիշ խաղից էր), որոշել եմ էս անգամ ինձ խայտառակ չանել, մանավանդ որ էլ բացթողման իրավունք չունեմ։ Դաշտ եմ մտնում աննկատ, բառիս բուն իմաստով` մինչև ատամներս զինված դիմակով ու ձեռնոցներով, թե չէ կարմիր քարտս երանելի հաղթանակից շուտ կշրըպպա ճակատիս։ «Քո հաղթանակը միասնությանդ մեջ է»,- մտովի հիշում եմ դասականին, երբ անցնում եմ արդեն հարազատ թիմակիցներիս կողքով։ Արփին սուլիչը մոտեցնում է շուրթերին, դե ես էլ , քանի որ ոչ մի աղոթք անգիր չգիտեմ, մտքումս քուանշ եմ տալիս բոլոր վախերիս ու  գնդակը սուլոցի հետ ուղարկում դըբա լավը։  Գնդակի հետ դեպի դարպասն եմ ուղարկում արձակ գրելուս հետ կապված բոլոր կամուկացերս, Ֆեյսբուքի գաղջից փախչելու ցանկությունս, կորոնային գրկելու ու մեռնելու վերջին փափագս։ Գնդակի կողմը չեմ էլ նայում։ Հաստատ խփել եմ։

Մարինա Գեւորգյան

Բնիկ կորոնաֆուտբոլիստ էղնելը կյանքի համալսարան սորվելու պես բան է, ուրիշ էլ հեչ մե տեղ ու հեչ մե ժամանակ չէր հաջողվի մեկուսացիայի ամիսներին դառնալ առյուծի ալկոգել խմած, գրագետ քյավառա ձկներ տեսած և հանուն պասի չինարեն սերտելով՝ «Կորոնաֆուտբոլի» թիմ ներխուժած առաջին կին պասագիր․․․ էս ընթացքում էնքան վերհուշեր արթնացան, ընդհուպ մինչև էն, որ ջահել ժամանակ ընկերովի ֆուտբոլի թիմում ես Գևոր էի, էս ամեն ինչից մոտիվացված՝ Ալենը շախ և մատ արեց ՖԻԴԵ-ի checkmatecoronavirus մրցաշարերում ու երկու մրցանակ շահեց՝ արձանագրելով․
-Կորոնից օգուտ էլ կա, մամա․․․
Ըսպես մեկ էլ քյավառա գրագետ ձկներն օրհնեցին կորոնին՝ մարդկանց բացակայությամբ Սևանի ջուրը մաքուր վայելելու համար։Ես սթափ մարդ եմ, ընթերցող ջան, բայց էսօր, երբ խելոք նստել էի դաշտի  անկյունում ու կմտածեի, որ ֆուտբոլը առհասարակ փաստորեն կէղնի իրեք տեսակի՝ սովորական, հայկական ու կորոնաֆուտբոլ, մեկ էլ ուրդից ուր մի քամի ելավ, տորնադոյապնդեց (չէ, տերմինատորը չէր իջել, ոչ էլ ամենայն հայոց սիթքոմցիներն էին ՍԴ ու սահմանադրության կարկտաբեր ամպերը կրակում, նույնիսկ անգամ ոչ էլ համապատասխանաբար դա էն բարի մարդիկ էին ասենք թե բոյկոտում, չնայած՝ կարծրատիպը կոդրաա՜ավ, կորոնը բարիներին էլ կպավ), սովորական, իրա համար բնական երևույթ էր, ինչպես ասենք՝ հումորը հերթական պասի մեջ, քամուց քշված մի թերթ ընկավ ուղիղ գլխիս, վերցրի նայեմ՝ ինչ․«ԳՐՈՂՈՒՑԱՎ պարբերականի ֆուտբոլային հավելված, 2220 թ․», առաջինը աչքիս ընկավ վերնագիրը՝ «Խմբային պասագրության 200-ամյակի հոբելյանն ու կորոնաֆուտբոլի թանգարանի կողոպտման փորձը»․․․ Հոդվածի հեղինակը նշված չէր, բայց էն, որ ասվում էր՝ «․․․կորոնաֆուտբոլիստների շնորհիվ համավարակն ու դրանից բխող դեպրեսիան հաղթահարած բազմահազար ընթերցողներ, որոնք անցել էին կորոնաֆուտբոլային թեստավորում, դրական ախտորոշմամբ իրենց սիրո ձևաթղթի նմուշներից կազմել էին հուշամատյան ու նվիրել կորոնաֆուտբոլի ազգային թանգարանին, ի նշան հաղթահարված թագավարակի՝ թիմը խաղի վերջին օրը դաշտ էր բերել դիմակներից պատրաստված գնդակն ու ալկոգելի շշերից ու ձեռնոցներից հյուսված դարպասին խփել բազմանշանակ պենալներ, նախկին պարետն անձամբ փակել էր իր տան դուռն ու Վարդիշաղ տատին թևանցուկ հասել տրիբունա՝ տատի խորհրդով՝ իր իսկ որոշումների հետևանքով տուգանվածների ակտերից վառված խորհրդանշական խարույկով տարատեսակ չարը մարելու․․․»․․․Թերթը վեր պարզած, շնչակտուր, դիմակս հանած՝ հո չեմ վազում, հո չեմ վազում․․․մի կերպ ինձ քցեցի թիմի հանդերձարան, թե՝ հայեե՜եր, էս նշան է ապագայից․․․Ինձ նայողների համար էդ պահին ես, մեղմ ըսած, սայլուգ էի, բայց երբ մուտքի մոտ տեսա սպիտակ դրոշների վրա կորոնաֆուտբոլի հիմնի չափածո տեքստը, եւ չինական լաբորատորիայից արտագաղթած կանաչ հաստագլուխների դիվերսիոն վերջին խմբի անշնչացած անդամներին, սիրտս տեղն ընկավ։ Սրանից երկու հարյուր տարի հետո էլ, Թիմ ջան, կհիշեն ու կհաստատեն, որ մեր էրածը լավ էր, տեղին էր, ճիշտ էր, կորոնաֆուտբոլ չկարդացողները՝ ինքնըստինքյան սխալ, որովհետեւ… Էլ ի՞նչ որովհետեւ, ըշտը կարդան, կիմանան՝ ինչ էին կորցրել ․․․

Հըբը, կըսեինք, չէ՝ լավ կէղնի, հարգելի քաղաքացիներ, Էստեղ ահա ավանդական հեշթեգը՝ պարտադիր, որտև ըսորից հետո էլ  #միշտ_ԼԱՎ_է_ԼԻՆԵԼՈՒ:

(շարունակելի)

Please follow and like us: