«Կորոնա, կորոնա, ուխաձի ս նաշեվը ռայոնա․․․»
Այսպես երգեց ռուսաստանաբնակ հայը դեռ մարտի կեսերին՝ վեցը ութի ռաբիս երաժշտության տակ։ Բայց արի ու տես, որ էդ կորոնան ոչ միայն չգնաց ու չի գնում, այլ նաև խոստանում է դեռ առնվազն մի տարի էլ մնալ մեզ հետ։ Մեզ էլ ասում են՝ մարդը պետք է սովորի ապրել կորոնավիրուսի հետ, իբր՝ մարդը մարդու հետ ապրել մի շատ էր սովորել, հիմա էլ թագանման ժահրի ու ժանտի հետ ապրել պիտի սովորի։ Ու քանի որ պիտի ապրել սովորի, սովորելու մյուս ձևերը չեն կարող լինել հնի նման։
Բյուրակն Իշխանյանը` մի տաղանդաշատ հայ դասախոս (երևի Դանիայից, գրածը կարդալուց էդպես հասկացա), ասաց՝ «համալսարանից լավ տեղ չկա։ Ըհը, էս էլ գնդակը (դե էն գնդակը, որ կռացել-վերցրել ու փախել էր, քանի որ ֆուտբոլ խաղալ չգիտեր), խաղը շարունակեք, ես փախա»։ Հիմա ինքը փախել է, ես շիվարել-մնացել եմ՝ վերցնե՞մ, չվերցնե՞մ։ Ֆուտբոլ խաղալ ես էլ չգիտեմ, հերիք չի՝ էս կարատին էր, կարանծյա էր, ի՞նչ էր, դրա պատճառով էլ էնքան եմ նստել, չաղացել եմ։ Թե սկսեմ խաղալ՝ շնչակտուր կլինեմ, կսկսամ հևալ, դե արի ու հասկացի՝ կովիդի ախտանի՞շ է, թե՞ պարզապես թոքերս են զարմացել։
Բայց դե ո՞նց կլինի՝ նախանձ եմ։ Հեռվից հետևում եմ, ասում եմ՝ մեկ ա, վերլուծելու եմ, թեև ինչ-որ վերլուծության փորձ արդեն կարդացել էի, բայց դե չխառնվել չկարողացա, հատկապես՝ երբ ի հայտ եկավ համալսարանը։ Ըստ էության և ըստ սահմանման, համալսարանն ընտիր տեղ է, քանի որ բոլորի համար միաժամանակ լսելու տեղ պիտի որ լինի, բայց դե կրթության էվոլյուցիան բերեց-հասցրեց նրան, որ հիմա արդեն միայն լսելը բավական չէ։ Դե, Բյուրակնը, Իշխանյան էլի, ասաց՝ մոդել են սարքում, հոգելեզվաբանական առանձնահատկություն են վերլուծում, ու էլի մի շարք թիթիզ բաներ են անում, գիտահետազոտական-միտահետազոտական․․․ Ու էդ համալսարանից լավ տեղ չկա, երբ կա համագործակցային ու գիտելիք ստեղծող միջավայր, որտեղ միտք է ծնվում, հնի վրա նորն է կառուցվում, առօրեական ու պարզ թվացող բանը վերացարկվում են մինչև գրաֆիկ, էն, որ գույնը կարելի է փոխել։
Բայց էդ համալսարանը մեր մոլորակի ինչ-որ հատվածներում անճանաչելի մետամորֆոզների էլ է ենթարկվում։ Հատկապես՝ կորոնաֆուտբոլի օրերին, երբ էն համալսարանը, որտեղ նույն լսարանում նստում էին տարբեր պատճառներով ու առիթներով, հաճախ նաև պատահաբար այդտեղ հայտնված ուսանողները, հիմա էկրանն է, էկրանից հնչող դասախոսի կամ դասընկերների ձայնով, որտեղ դու կարող ես էկրանդ անջատել, բարձրախոսն անջատել, շարունակել քնել, կամ ճաշել, կամ առհասարակ, հարատև և անլուծելի «տեխնիկական խնդիրներ» ունենալ։ Կամ՝ տեղ է, որն այլևս գիտելիքի կաճառ չէ, այլ ինչ-որ գումարի ու ժամանակի դիմաց դիպլոմ կոչվածը շնորհող ու չունեցածդ գիտելիքը վալիդացնող հաստատություն։ Մի տեղ է, որտեղ թյուրընմբռնում կա ուսանողակենտրոն կրթության հասկացության շուրջ․ այն է՝ ուսանողը հաճախորդ է, հաճախորդն էլ, արի ու տես՝ միշտ ճիշտ է։ Ու է՛ս համալսարանը հե՜չ լավը չէ։ Որովհետև ըստ սահմանման և ըստ էության այն այլևս համալսարան չէ՛։
Պատվերով կրթության մասին։ Ուրեմն դեռ հե՜յ, Նիկոլի թիվը չէր, ես էլ՝ նոր եմ ամբիոնի վարիչ նշանակվել, ավելի ճիշտ՝ դեռ ժ/պ, ինչ-որ տարօրինակ նոր բառերի եմ ծանոթանում՝ մալբըրի, նոր ելից, հին մտից, հերիք չի, դասախոսներիս մի մասն էլ, որ իմ դասախոսներն են եղել, որոշել են ամեն հնարավոր ձևերով կյանքս բարդացնել, քանի որ մտածում են՝ էս էրեկվա երեխեն պետք ա գա՝ մեզ ղեկավարի։ Ու էս համատարած անորոշության ու սթրեսի մեջ ամբիոնի դուռը բացում է մի անծանոթ կին, իմա՝ ծնող, ինձ անծանոթ աղջկա, իմա՝ չորրորդ կուրսի ու պրակտիկա գնացող ուսանողուհու հետ։
– Տիկին Սողիկյանն ո՞վ է օր, – ձայնի տոնն արդեն հուշում է մոտալուտ փոթորկի մասին։
Շփոթահար ամբիոնցիները ակամա իմ կողմ են նայում։ Ինձ տեսնելով՝ կինն արդեն իսկ տոնում է իր հաղթանակը, ու «տես, թե հիմա քեզ ինչ կանեմ, այ ջահել» դեմքի խոստումնալից արտահայտությամբ, ուղղաձիգ երթով մոտենում է, առանց հրավերի նստում ու՝
– Ես չեմ հասկնա, ընչի՞ իմ աղջիկս պետք է իր պրակտիկան համալսարանի լաբորատորիա կըսեք, ինչ կըսեք, ըդտեղ անցնի՞։
– Ձեր աղջկա առաջադիմությունը լավը չէ, սա լավ հնարավորություն է իր հետ անհատական աշխատանքի, կարողությունների զարգացման։
– Չհասկցա, իմ աղջկաս ստեղ կպահիք, օր իսանի երես չտեսնի՞, տու՞նը մնա։ Թող երթա, իսան տեսնի, իսանն իրեն տեսնի, բալքիմ նշանենք, գնա։
Այդտեղ էր, որ ես հանձնվեցի, որովհետև հասկացա, որ հերիք չի՝ չեմ նպաստում էդ աղջկա հետագա ամուսնության հեռանկարին, մի բան էլ դեռ՝ էդ խեղճ երեխեն էդ ամբողջ համալսարանում դեռ մի իսանի երես էլ ա տեսած չի․․․
Ասածս ի՞նչ ա՝ հարամեցի կորոնաֆուտբոլը․ համալսարա՜ն, լաբորատորիա՜, գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն․․․
Ասում են՝ համալսարանն ասես փղոսկրից աշտարակ լինի։ Աշխարհն այնտեղ այլ է։ Ուրեմն՝ գնդակը շուտ գցեմ դաշտ, վազեմ-տեսնեմ իմ, ոչ այնքան փղոսկրից ու ոչ այնքան գիտահետազոտական ու միտահետազոտական համալսարանում դեռ ինչ մնաց իմ մասով անելու, որ մի օր էլ գուցե ես, առանց վարանելու ու Բյուրակնի նման, ասեմ՝ մեկ է՝ համալսարանից լավ տեղ չկա՜․․․
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ69/ Գիտահետազոտական-միտահետազոտական/ Քրիստինե Սողիկյան
Please follow and like us: