Ֆուտբոլի ու Պուտինի օրենքները համարյա նույնն են: Ինքը ասում է՝ եթե ուզում ես հաղթես, պետք է առաջինը խփես, ֆուտբոլում էլ չ-գրված է՝ եթե չես խփում դու, խփում են քեզ: Համարյա ջունգլի: Իմիջիայլոց, ջունգլիներում կորոնավիրուս չկա, բայց տեղաշարժի խիստ սահմանափակումներ կան, օրինակ եղջերուները չեն կարող ֆռֆռալ վագրերի մոտ, որոնք ինչպես հայտնի է գործում են գաղտնի, դարանակալած, համարյա մեր ճանապարհային ոստիկանության պես: Մի խոսքով, ժամանակակից աշխարհում ջունգլիները մեկուսանալու իդեալական ապահով տեղ են: Իսկական ջունգլիները, ոչ թե Վանաձորի Ջունգլիներ թաղը: Չնայած…Լավ, չխորանամ, մանավանդ որ քայլում ես դեպի խորքը, լուսավոր Հայաստանից մնում է Հայաստանը: Իմ քայլ-ից էլ՝ միայն Իմը, Ազգային ժողովից էլ՝ ժողովը, ազատամարտիկից էլ՝ մարտիկը, Արարատ-73-ից էլ՝ 73-ը,…գրողուցավից էլ գրողը: Ցավն անցավ: Ուժեղ մարդու կարգախոսն է: Պուտինը ուժեղ է: Տերմինատորի պես: Բայց աշխարհին ուժեղ մարդիկ են պետք, ոչ թե Պուտին, ոչ թե Թրամփ, ոչ թե Կիմ Չեն Ըն, ոչ թե Ծինփին, ոչ թե Տերմինատոր, սովորական ուժեղ մարդ, որը ցանկալի է կին ունենա: Սիրի կնոջը, այնքան շատ, որ հարեւանները ձայնից չքնեն ու ստիպված իրենք էլ իրար սիրեն: Մնացածը բախտի ու նախասիրության հարց է՝ երեխայից ու նրա սեռից սկսած՝ մինչեւ ննջասենյակի տրիմոյի գույնն ու կոնկրետ տեղը: Ուժը էս աշխարհի ամենակարեւոր մաղթանքն է, էն որ ծննդյան օրերին կամ կնունքին, մանավանդ հարսանիքին մաղթում են, ամենակարեւորը պիտի ուժ մաղթեն՝ անկախ սեռից: Ուժեղ չլինես՝ չես հաղթի հիվանդությանը, ուժեղ չլինես՝ կգժվես հարազատիդ հիվանդությունից, ուժեղ չլինես՝ ամբողջ կյանքում փողոցները կավլես, ուժեղ չլինես, գլուխդ վեր չես բարձրացնի՝ փողոցն ավլելիս ու դիմացովդ անցնողին չես ասի. Տո շատ էլ լավ եմ անում: Ուժեղ չլինես գոլ չես խփի: 0:0 հաշիվը կդառնա կյանքի վերնագիր, սա էլ էն դեպքում, եթե բախտդ բերել է: 0:0-ն ձեռնպահ քվեարկելու պես մի բան է, էն որ քո համար մեկ է՝ ապօրինի ձեռքբերված գույքը պետությունը պետք է վերցնի՞, թե՞ դրա տերերը պետք է շարունակեն կուխնյայում մի ստաքան չայ խմել:
Բայց էս տեմպով ինձ կարող են փոխարինել: Խաղը ձանձրալի եմ դարձնում: Մարդիկ նույնիսկ սեքսից են խոսում, ես՝ 0:0-ից: Իսկ թիմը շատ ուժեղ է՝ պարտվելու համար: Պետք է արագ մի բան մտածել: Ֆուտբոլը կյանքի պես է. չխփեցիր դու, կխփեն քեզ: Խաբս եմ տալիս: Ստացվում է: Ուրեմն սովորում եմ ապրել: Տրիբունայում մարդիկ ծափահարում են: Մարդիկ ծափահարում են խաբս տվողներին: Ոգեւորված հրում եմ ինձ դիմավորած մրցակցին: Մրցավարը հեռու է, չի նկատում. պետության պես: Հետո ինձ են հրում, էլի չի նկատում, բայց սա արդեն անարդարություն է: Տրիբունան դժգոհ սուլում է: Մարդիկ միշտ հարձակումն են սիրում: Չեմ ընկնում: Ուժեղ եմ: Մրցակցի տուգանային հրապարակի մոտ եմ: Պա՞ս տամ, թե՞ խփեմ: Չեմ կողմնորոշվում… Ուշ է: Կորցրեցի պահը. ֆուտբոլը կյանքի պես է: Վազում ես ու քրտնում: Քրտնած վազում ես: Սուլում են, ծափահարում են, խփում են, քաշում են, քաշում-թռնում են…Ի վերջո տշում են: Մարզիչիս հայացքն եմ զգում: Դժգոհ է: Թիմս էլ: Տրիբունան էլ: Ես էլ:
Մարզիչս կանչում է: Ինձ փոխարինում են: Դաշտից կամաց դուրս եմ գալիս ու մտածում, որ ջինս ու կոկա-կոլա է պետք՝ ամեն ինչ փոխելու համար: Ամեն ինչ պետք է փոխել: Օրինակ էս պասը: Կենսատու բաները չկան: Սեքսը ոչինչ. ամենակարմիր երկրում էլ չկար, հումոր չկա: Բայց մի րոպե, լինում են չէ՞ պահեր, որ սիրելիներով մի տան մեջ ամբողջ օրը կատակում եք, հետո՝ ուշ երեկոյան, ուզում ես մեն-մենակ թեյ խմել՝ էն եռանկյունի առաստաղով սենյակում՝ բուխարու մոտ: Դարչինով:
Նստում եմ պահեստայինների նստարանին ու սպասում պենալներին: Ֆուտբոլը կյանքի պես է. մի հնարավորությունդ կորցնում ես ու սպասում հաջորդին:
Տխուր ստացվեց, բայց ամեն դեպքում մի նարինջ կիսեք, եթե անգամ թեյի հետ չուտեք էլ, միայն տեսքից ու հոտից կժպտաք: Նաեւ նրանից, որ հոտի զգացողությունը չեք կորցրել:
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ65/Կիսատ նարինջ/Հովիկ Աֆյան
Please follow and like us: