ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ63/ Էդ թղթի համար ծառեր են կտրել/Ժաննա Հայրապետյան

Ինձ համար միամիտն ընկած` իմ բաժին կորոնակարանտինն «էի վայելում» ու ամբողջ օրը, մոլորակը ոտիս տակ տված, արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ անում, տալիս-առնում, թե էս անտերը ո°նց եկավ, որտեղի°ց մտավ, ու°ր հասավ, ու էս լրատվական խառնաշփոթի մեջ հանկարծ աչքովս ընկան մի խումբ գրողներ, որ «Գրողուցավ» կայքն իրենց համար ֆուտբոլի դաշտ են դարձրել ու քափ-քրտինքի մեջ մտած` կորոնաֆուտբոլ են խաղում:
Մեր Արփի Ոսկանյանն էլ , որ դեռ 99 թվականին` մեր ուսանող տարիներին էր իր տարբերվող գրվածքներով գրական դաշտում թույն գոլեր խփում ու դարպասներ գրավում, հիմա դարձել է էս կորոնաֆուտբոլ խաղացող-գրողների մարզիչն ու տու’ր թե կտաս ամեն գոլի հետ պայթեցնում է դաշտը:
-Եկե’ք, վայելե’ք, տեսեք` գոլ խփելը որն է:
Իսկապես էնքան վարակիչ են խաղում, էնքան վստահ են խաղում, որ մեր դիմացի շենքում ապրող Լիլի Հովերն էլ, որ տեսներ, երևի բարձրակրունկ կոշիկներին ու նեղ շորերին չէր նայի, ինքնամոռաց կնետվեր դաշտ:
Բայց նախապես ասեմ, որ ես ու ֆուտբոլը իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունենք… Ո’չ հոր կողմից ենք բարեկամ, ո’չ մոր: Իրար հետ չունենք էն աստիճանի, որ հեռուստացույցով ցուցադրվող ֆուտբոլն ինչքան էլ «էլ կլասիկո» լինի, ինձ համար գլխացավի բուն է, անասելի աղմուկ ու անտանելի ժխոր…
Ի տարբերություն շատ աղջիկների` երբեք մտքովս չի անցել` խառնվեմ բակի տղաներին ու ֆուտբոլ խաղամ, չնայած գնդակը երբեմն միամիտ դեպի ինձ է եկել, ես խղճացել եմ գնդակի ետևից վազողներին ու կանխել եմ գնդակի վազքը, գնդակը նետել խաղացողներին… Հիմա էլ երբեմն բակում խաղացող երեխաների գնդակը պատահաբար հայտնվում է ոտքիս տակ, ու ես ինքնաբերաբար խաղացողներին եմ նետում գնդակը… Այսքանով սկսվում ու անփառունակ ձևով ավարտվում է իմ ֆուտբոլային կարիերան:
Բայց միայն սա չէ, քանի անկեղծացել եմ, ասեմ, որ էլի այիբներ ունեմ, օղորմածիկ տատս ասում էր՝ մեր աղջիկը մի մեծ այիբ ունի` թղթերի վրա ամբողջ օրը բաներ է խզմզում: Ժամերով գրում է, ջնջում, վերջում էդ գրած թղթերը լցնում պեչը(վառարանը):
Լուսահոգի ընկեր Աշոտը` իմ մաթեմատիկայի ուսուցիչն էլ էր շատ ասում.
-Աղջիկ ջան, էդ թղթերը էդքան մի’ պոկոտիր ու մի’ խզմզիր, դրանց համար ծառ են կտրել:
Ընկեր Աշոտ ու այիբ ասացի, հիշեցի, որ ես էդպես էլ չհաշտվեցի թվերի ու թվաբանության հետ: Թվերը իմ խելքի բանը չեն: Չեն ու չեն, հո զոռով չի°… Իմը տառերն են, որ շարում եմ թղթի դատարկ սպիտակության մեջ ու փորձում իմաստներ ձևել, կարել-կարկատել ու ծածկել էջի մերկությունը:
Ձևելը ձևում եմ, հոգով ու սրտով կարում, հագցնում էջին, բայց արդյո°ք էդ էջը լցվում է տվածս իմաստով: Շատ հաճախ չի լցվում, շատ հաճախ էդ իմաստներն էնքան անիմաստ են լինում ու ծիծաղելի, որ ինքս ինձ ասում եմ` ավելի լավ էր չխախտվեր էջի ձյունաճերմակ մերկությունը, էդպես մորեմերկ դատարկ մնար: Ինչպես տատս է մարտի ութին իրենց հավաքույթին Ասիկ տոտային երգելու ժամանակ ասել.
-Օղորմի հորդ, ձայնդ կտրիր:
Նույն ձևով կարդում ես անհամ-անալի գրվածքներ ու ուզում ես ասել` օղորմի հորդ…
Ու հենց էստեղ էլի հիշում եմ մաթեմատիկայի ուսուցչիս` լուսահոգի ընկեր Աշոտին, որ մեր դպրոցական տարիներին դաշտային աշխատանքի գնալիս ամբողջ դասարանի համար մի արկղ պաղպաղակ գնեց, որ ուտում-ուտում էինք , էդպես էլ չէր վերջանում, ինչպես իմ ներսում չի վերջանում էդ անմահական պաղպաղակի համը: Ապրում է իմ մանկության համերի հետ հաշտ ու համերաշխ: Ընկեր Աշոտին, որ մեր դասարանի Ռուբիկի վրա չէր խոսում, երբ Ռուբիկը իր առաջին տարբերակի հարցերի տակ իմ երկրորդ տարբերակի պատասխաններն էր գրում:
Ասում էր` էս տարիքին արդեն Ռուբիկը մեխանիզատոր տղա է ու աշխատում է դաշտում, դրա համար էլ նրան դրական եմ գնահատում:
Ասում էր՝ երբեմն գնահատելու համար գրածին չպիտի նայես, գրողի ձեռքերին պիտի նայես ու գնահատես:
Ու թեպետ ես այդպես էլ չհասկացա, թե սինուսը կոսինուսի հետ ինչ բարեկամական կապ ունի, քեռի՞ն է, թե՞ սովորական մորքուր, բայց հասկացա կարևոր մի բան: Անգամ մի փոքրիկ թերթիկը չթերագնահատել և ծառայեցնել ճիշտ նպատակին: Ու ինչքան էլ ընկեր Աշոտը հազարքանիերորդ անգամ փորձում էր իմ ուղեղին հասցնել սինուսն ու կոսինուսը, ես տետրի մեջտեղից զույգ թերթ էի պոկում, ու փորձում մի գեղեցիկ առասպել կարել էջի խեղճ դատարկության համար, որտեղ հաղթանդամ Կոսինուսը վերջապես ամուսնանում էր չքնաղ Սինուսի հետ, ու նրանք որդիներ էին ունենում` Տանգեսն ու Կոտանգեսը, որ հուր հեր ունեին ու բոց մորուս, չէ’, վա’յ, սա ուրիշ առասպելից էր:
-Էդքան մի’ խզմզիր , աղջիկ ջան, էդ թերթի համար ծառեր են կտրել:
-Չեմ խզմզում, – ընկեր Աշոտ,- Ֆուտբոլ եմ խաղում, կորոնաֆուտբոլ:
-Գո՜լ…
Կարծում եմ` ֆուտբոլի մեջ էսքան անբաշար լինելով ` գոնե կարողացա մի ծուռ գոլ խփել, որը մեր ընկեր Աշոտի պայծառ ու չխամրող հիշատակին եմ սրտանց նվիրում :

Please follow and like us: