– Մա՜մ, մրջյու՜ն, – տան անկյուններից մեկից աղջկաս ձայնն է լսվում։
«Ի՞նչ։ Մրջյու՞ն։ Օ՜, ո՜չ, – և գլխումս, ուր մանկուց մանր, սև ու քայլող բաների հանդեպ կայուն սարսափն է ապրում, միանգամից մտքերի՝ Շտրաուսի գրչին արժանի վալս է սկսվում,- ո՞նց թե մրջյուն։ Էլի՞ մրջյուն։ Բորաթթու, դիխլոֆոս, Ռեյդ, վակցինա, հակաթույն, մայր-թագուհի, ձագեր… ձագե՜ր, սպանե՛լ, ջնջե՛լ, աաա՜, էլի սև, էլի պուճուր…»։
Վալսը՝ վալս, բայց ի՞նչ կարող եմ անել, հիմա ես մանր, սև, է թեկուզ՝ քայլող բաների ժամանակը չունեմ։ Զբաղված եմ, խիստ զբաղված՝ ինչպես վերջին ամիսներին ինքն իրեն ու պարետի ռոմանտիկ հաղորդագրությունները հարգող յուրաքանչյուր մեկուսացած մանկավարժ։ Միակ բանը, որ արագ հասցնում եմ նետել, սա է.
– Մրջյու՞ն… Է՜, բարևի՛ր։
Աղջիկս, որ կամ էս կարանԾիայի երեսից լրիվ կորցրել է հումորի զգացումը, կամ էլ՝ ճիշտ հակառակը, ու դա միայն ապագան ցույց կտա, տեսնեմ ի՞նչ, իսկականից զրույցի է բռնվել էդ մանրապճեղի հետ.
– Բարև՜, ո՞նց ես։ Լա՞վ։ Մամա՞դ, պապա՞դ, վա՜յ, ի՜նչ ես ասում… տատի՞կդ… բա հոգեհանգիստը ե՞րբ արեցիք… շա՞տ մրջյուն եկավ…
Օ՜ֆ, դե հիմա արի ու մի ասա. ա՜յ համաշխարհային առողջապահության էն սև-սև մա՛րդ, քո արածը քեզ դուր եկա՞վ։ Ախր էս մեր երեխեքն էլ են մեղք, քո հոգուն մեռնեմ, էնքան տանը մնացին՝ արդեն միջատների հետ են տալիս-առնում։ Քո էդ մանր-մունր բացիլավարակների գովազդն անելու՞ բան էր, որ արեցիր, հանեցիր մարդամեջ, դրեցիր գահին, թագն էլ՝ գլխներին։ Դա էլ հերիք չի, մեր պարետն էլ ձեռքերը լվաց (լա՜վ լվաց՝ քսան վայրկյան և մի բան էլ ավել) ու գնաց, Գրիգորի ասածի պես՝ մեզ թողնելով գելուգազանին դեմ հանդիման…
Աա՜յ, Գրիգոր ասեցի, հիշեցի։ Էդ տղեն էնտեղ մեն-մենակ պաս է տալիս, տալիս-առնում, Անդրեասյան ու էլ չգիտեմ՝ում է օգնության կանչել, ես էլ մեծ հավարով խոստացել եմ խաղի ընթացք փոխել, բայց նստել տանը՝ միջատ եմ խաղացնում։
Եկա՜, վազեցի՜։ Գալիս եմ…
Սպասի, է՜, ո՞նց եմ գալիս։ Տրանսպորտ կա՞։ Չէ՛։ Տաքսիո՞վ։ Հապա մի սպասիր, պատուհանից նայեմ, ասում է՝ հիմա բնությունն այնքան է մաքրվել, որ խցանումները հետ են վերադարձել փողոցները… Հա՛, ճիշտ էլ ասում են։ Թե ասա էն բարի ոստիկանն ինձ պռավա ինչի՞ չտվեց հենց կարանտինի նախորդ օրը քննություն հանձնելիս… նախո՜րդ, վերջին օրը, Կարլ, լսու՞մ ես, հենց փակվելուց առաջ… հիմա մեքենայով առոք-փառոք տեղ կհասնեի։ Ասեց՝ անիվդ ա՜յ այն սահմանն անցել է։ Էլ ո՜նց կլինի։ Եղբա՛յր, հիմա մեր մոլորակն է բոլոր սահմաններն անցել, մենք՝ փակ սահմանների ձեռքը խելառել, ջերմաչափման սնդիկն է սահմանները խառնել, սուպերմարկետի էն թմբլիկ կինն ու իրա պուճուր մարդը, մեր բակի Սուսանը…իտալական խոհանոցի կահույք սարքողն ու էն դասական… ԱԺ-ից պատմե՞մ… պետք չի՞… Լավ, հեռու չգնանք, երեկվա երեխեն, որ ուզում էր վարչապետի լայվն ու սոցիալական ապահովության զգացումն իր սելֆիով սահմանա-խախտել, և ում անգամ ժպիտը չէր փրկելու ո՛չ կորոնայից, ո՛չ անՍահմանափակ խրատներից՝ չվարակվել վարչապետից, չվարակել հայրիկին, չվարակել պապիկին, պապը՝ տատին, տատը…
Տա՞տը… տեսնես ի՞նչ եղավ էն մրջյունի տատը։ Չէ՛, տաքությունս չի բարձրացել, մի՛ անհանգստացեք։ Պարզապես գիտե՞ք՝ մեկ-մեկ ինչ եմ մտածում. ասում եմ՝ էդ պուճուր քայլողներն էլ են, էլի, արարած, դրանք էլ են երևի ապրել ուզում։ Հիմա՝ մեր էս հարազատ թագաճիճուն. դա հո մարդկության մահը չի՜ ուզում, որ աշխարհով ընկել ենք հետևից։ Ինքն ախր առանց մեզ հազիվ մի քանի ժամվա կյանք ունի. թղթի վրա՝ մի քիչ քիչ, ապակուն՝ շատ, ասենք՝ ոստիկանի մեքենայի վրա կսատկի, իսկ ոստիկանի մարմնում՝ ոչ (ի դեպ, տեսնես քաղաքացիական շորերով ծպտյալ ոստիկանների՞ հետ ոնց կլինի, հը՞…):
Ասում եմ՝ վազեմ, հասնեմ դաշտ, բռնեմ գնդլիկին ու բացատրեմ, որ դա մեզ անիմաստ չկոտորի։ Ասեմ՝ առանց մեզ՝ ցեղասպանվելու, կորելու ես գնաս, դառնաս ցայտաղբյուր, մի օղորմաթաս բարձրացնող էլ չունենաս։
Կարո՞ղ է հասկանա… Մեկ էլ տեսար։ Խելոք է, համաշխարհային առողջապահության էն սև-սև մարդու խելքը տեսա՞ք ոնց կերավ…
Վե՛րջ, որոշվա՛ծ է, գնացի՜։
Էս ի՜նչ օր էր, այ մարդ, ճակատիս գրված էր երևի՝ շփում զանազան մանր ու պուճուր, սև ու քայլող էակների հետ։ Խե՛ր լինի։
Եկա՜, հասնու՜մ եմ, սպասե՜ք ինձ, բռնեեեք դրան… գալի՜ս եմ…
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ61/Մանր ու սեւ քայլողները/ Մարինե Մարգարյան
Please follow and like us: