ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 44/ՀԿ-ական կարանտին /Սաթիկ Հարությունյան

Ուրեմն ես խելքս տվել եմ էս ջահելներին, հույսս դնելով 40 տարվա մտքում գրածներիս պաշարի վրա՝ մեկ հետ, մեկ առաջ եմ անում, մեկ էլ հոպա, տեղ հասանք, չունեցածս բոյով՝ ստոլբի նման տնկվում եմ դաշտի կենտրում: Արփին՝ Մախսուդյանը, որ ինչպես դեռ կպարզվի, մարզիչի արտահաստիքային (լեվի էլի) բուժ գծով տեղակալն ա, ու որի աչքից բան չի վրիպում, մոտ ա գալիս՝ բա թե ինչով օգնեմ… չէ՜, շնորհակալ եմ, աչքս հալա Էն եքա ոչխարը չի մարսել (Ճիշտ ա իմ՝ էս ի՞նչ ես նամյոկում հարցին, թե բա չէ՜, բա ես ինքս ինձ…, բա ես քանի գլխանի եմ, բա մտքում մի նենց վեպ կգրես… մտքում կգրեմ է՜, բայց քառասուն տարի ա պետք, որ տեսնաք: Կորոնաֆուտբոլը ձեզ՝ փաստ նա երես), հիմա էլ, որ ասեմ ուղեղիս մկանն ա ձգվել, կասի թե՝ չեղած բանը ո՞նց կձգվի…. Էնպես որ, ոնց դասականն ա ասում՝ չեմ դավաճանի ես իմ Նվարդին:
Նվարդը ով ա՞: Նվարդը իմ ամենավստահելի բժշկուհին ա, որի հետ ես ու Լուսը (Լուսի մասին մի ուրիշ անգամ կգրեմ, եթե կենդանի մնամ… լավ, լավ չեմ գրի) 2008 թվից ՀԿ-ական կարանտինում ենք: Նվարդը էն մարդն ա, որ կարող ա մի քանի բան միանգամից անի, օրինակ՝ առանց կոմպլեքսների կորոնաֆուտբոլի դաշտ կմտնի, խառնկոտի, միանգամից համ դարպասին հարվածի, համ էլ նույն պահին՝ էդ նույն գնդակը բռնի:
Թվարկածներս ոչ բոլոր հմտություններն են, որ ունի, բայց դրանց կողքին Նվարդը մի շատ ունիկալ հիվանդություն ունի (պետք է խոստովանեմ, Էս վերջերս ինձ մոտ էլ ա դա նկատվում), որին մենք կարճ անվանում ենք՝ «Երևաաաան»: Էս հիվանդության ժամանակ ինքը լրիվ կորցնում ա հումորի զգացումը, դա սկսվում ա հենց ինքը Երևան ա գնում ու բուժվում ա առանց որևէ միջամտության՝ Մեղրի գալուց մի քանի օր հետո:
Մի անգամ ես, Լուսը, Նվարդն ու Արսենը, որ մեր ՀԿ-ական կարանտինին միացել ա 2013-ից, գորիսյան մի սեմինարց հետո Մեղրի էինք գալիս: Ու քանի որ կրճատով, այսինքն՝ չերեզ Խնձորեսկ էինք գալիս,Կապան հասնելուց արդեն սոված էինք, Արսենը թե. «Մոցարտում» հաց ուտենք:
Ու գնա՜ց Նվարդի հարցերի շարքը.

– Նոր ա՞ բացվել, դուք երբ ե՞ք եղել, հինչ ե՞ն տալիս…
Երրորդ հարցից հետո, մինչև Նվարդը շունչ քաշի ես (չնայած իմ ընկերների արդարացված կարծիքին, որ մի բան ասելու համար երկու օր մտածում եմ) անմիջապես ասում եմ.
– Ուտելիքը էական չի, մատուցողները բոլորը Մոցարտի նման կեղծամներով են:
Լավ էր մեքենան կանգնեց ու ես արագ դուրս պրծա, որ կարողանամ ծիծաղս պահեմ, Իսկ Նվարդը, որն ի դեպ Երևանից էր եկել ու Գորիսում միացել մեզ, մի ոգևորվել ա…
– Վա՜յ ինչ լավ ա, ա դե Ղափանը ուրիշ ա էլի՜, Մեղրիում ոչ մեկը չէր համաձայնվի…
Մենք հազիվ ենք մեզ զսպում, որ չփռթկանք, Արսենը ցույց ա տալիս, որ երկրորդ հարկ պիտի բարձրանանք, Նվարդը համարյա վազելով բարձրանում ա, մտնում սրահ էս ու էն կողմ նայելով կեղծամով մատուցող ա ման գալիս… ու էստեղ մենք երեքով,
– Վա՜յ «Երևաաաան»…
Հա, բայց անցնենք մեր խաղին: Էն Գրիգորն էլ մամուլը լրիվ աչքաթող ա արել, լավ ա Արփին հետևում, տեղ-տեղ էլ արձագանքում ա՝ կորոնայի դաշտից դուրս: Էն ա տարածել ա BBC-ի հոդված-գուշակությունը, բա թե «За коронавирусом идут потоп, засуха и голод». Բայց դե անգամ ամենալավ գուշակներն էլ են սխալվում:
Դե տեսեք:
Ձեզ արդեն հայտնի մեր ուսանողական կարանտինի ժամանակ իմ Վաչ եղբայրը (հիշում եք չէ՞, որ նաև գուշակություններ ա անում) իրա քիմիայի քննության նախորդ օրը թե.
– Վաղը գնում եմ քննության, տոմսը քաշում, լավ պատասխանում եմ, դասախոսը ասում ա՝ ապրես, չէի սպասում, արի մի հատ էլ հարց տամ, չորս նշանակեմ, ես էլ՝ բա չէ, ընկեր Եդիգարյան, ես չորսի քիմիա չգիտեմ, ինքն էլ՝ դե լավ, որ էդքան ազնիվ ես՝ չորս:
Հաջորդ օրը Վաչը մանթրաշի կնիքը դեմքին մտնում ա տուն ու մեր հարցական հայացքներին.
Ամեն ինչ գնաց նենց, ոնց ասում էի, բայց վերջում Եդիգարյանը թե.
– Դե լավ, որ էդքան ազնիվ ես … ու ասում ես չորսի քիմիա չգիտես, ուրեմն՝ երեք:
Նենց որ հայտնի գուշակներն էլ են սխալվում, բայց եթե հանկարծ այնուամենայնիվ այսը այնպես չլինի, այլ սակայն լինի, Մեսրոպի ասած էն ջրալի մրգի պահը կլինի ու հեչ որ չէ՝ կորոնաֆուտբոլը կհաղթենք, պլավնի կանցնենք потоп-засуха-голодաֆուտբոլին:
Ու քանի որ կորոնաֆուտբոլի դաշտում մի ղայդին երևանցի չկա, ես՝ իմ ուղեղիս մկանը ձգված վիճակում անգամ, հիմնավոր կասկածներ ունեմ, որ էդ «Երևաաաան» հիվանդության պատճառը հենց երևանցիներն են:
Գրգոր, դու սուս, շատ էլ Երևանում ես ծնվել, մեծացել, դու Սյունիք-գեղարքունիքյան ռազլիվ ես:
Իսկ Տերավոր Գևորգը հալա ոնց որ դաշտ չի մտել ու ինչպես Անտեր Գևորգն ա ասում՝ կանգնել է դաշտի եզրին ու մի հայիլ-մայիլ է լինո՜ւմ, մի ինքնազմայլվում է՜, իր գերկարևորագույն գերբեռնվածության լայնքն ու երկայնքն է ինքնաներկայացնում։ Մեկ քայլ է անում դեպի դաշտը, մեկ զադնի դնում… էն հայտնի մուլտի կատվին հիշեցի. Я – кот, хожу сам по себе. И гуляю, где вздумается. Приду, когда захочу.
Մյուս կողմից էլ ես՝ որպես շատ խաղաղասեր ու բարի սրտի տեր մարդ, մտածում եմ՝ կարող ա՞ երևանցիները նեղանան, ու էստեղ մի բան էլ հիշեցի:
Մեր ուսանողական կարանտինի ժամանակ, երբ հանկարծ մեզնից մեկը ուզում էր նեղանար, Վաչը ասում էր.
– Խռովի, խռովի՜ հալա աչքս էլ հանի՝ հաց մի կեր..
Տեսնա՜նք, տեսնա՜նք՝ ով ա սոված մնալու:

Հ.Գ.
Ու ոնց երևում ա, կորոնավիրուսի կողքին Հայաստանում կլոունավիրուս ա զարգանում…

Please follow and like us: