Կորոնաֆուտբոլ 39/Կորոնահարեւան/Ամի Չիչակյան

Կորոնաֆուտբոլում ես էն վատ հարևանն եմ, որը տանը նստած իր համար սերիալ է նայում ու մեկ էլ ինչ՝ գնդակը պատուհանին։ 

Ես հերիք չի չեմ հասկանում, թե ինչ են գոռում, աղաղակում էս ֆուտբոլ խաղացողները, չեմ էլ պատկերացնում, թե էսքան մարդ ինչի պետք է տարված լիներ էս գնդակով, որ մի հատ էլ խանգարեն սերիալ նայելուս։ Հարևանը երբեք չի խառնվում, ու իրեն խաղը ընդհանրապես հետաքրքիր էլ չի, բայց դե ով է իրեն հարցնում, գնդակը վաղուց հասել է հինգերորդ հարկի պատուհաններին։ Լավ է, մեքենայում էլ շատ ժամանակ չեմ անցկացնում, թե չէ վստահ եմ՝ մեքենաս էլ է ձեր հետ խաղում։

Ու ես, թողած իմ սերիալը, պատուհանից պետք է հետևեմ, թե ոնց են էսքան մարդ ոգևորված մի մաշված գնդակի հետևից վազում, պահի տակ իրար վրա մուննաթ գալիս, թե սխալ են խաղում, գնդակը սխալ ուղղությամբ են տշում  ու մեկ էլ գոռում-գոչում, ուրախանում, ոնց որ ըհը, գտան կորոնավիրուսի պատվաստանյութը, մնում է՝ թեստավորեն ու վերջ, մենք ազատ ենք։ 

Կամաց գոռացեք, էլի, Լոկին քնած է, ձեր ձայներից չեք պատկերացնի՝ ոնց է վեր թռնում ու իրեն դուրս գցում պատշգամբ, երևի մտածում է իրեն էլ եք խաղացնում։ Բայց չնայած ձեզ ձայն է տալիս, մի վայրկյան աչքներդ չեք կտրում էդ գնդակից, որ տեսնեք՝ մարդ ես, կարող է՝ լավ էլ ֆուտբոլ է խաղում։ 

Էս ընթացքում ինչքան պատուհանիս խփել եք, բախտներդ շատ է բերել, որ մեր պատշգամբ չեք գցել։ Թե չէ, ես տան դուռը չբացելու ու մեռած ձևանալու բնավորություն ունեմ։ Ու հետո հիշում եմ՝ ֆիլմերից, թե վատ հարևանները ինչ էին անում էդ գնդակի հետ։ Բայց վախենամ էդ էլ չի օգնի, դուք մի բան էլ կգտնեք աղմուկ-աղաղակ հանելու ու ձեր խաղը շարունակելու համար։ Ես նամանավանդ պարոն Հարությունյանի երևակայությանը չեմ կասկածում, հաստատ մի տեղից մի ճար կտեսնի ու գնդակ կհորինի։ Ու էլի կսկվի ֆուտբոլը, որը ոնց որ վերջ չունի։ Լավ, էս մարդիկ ե՞րբ կհոգնեն էդ գնդակից։ 

Ինչքան սպասում եմ, որ տուն կգնան, չէ, ավելի ու ավելի են թեժանում փոխանցումները ու հարվածները։ Բակում բերել, դարպասներ են դրել, որ ավելի ռեալիստիկ լինի իրենց ֆուտբոլը։ Ու որ ամեն անգամ Արփին ստիպված չլինի հարվածի կրկնությունը նայել՝ խնդրահարույց հարվածների դեպքում։ 

Լոկին էլ չի դիմանում ձայներին, տնից ստիպողաբար դուրս է հանում, որ հանկարծ բաց չթողնի հերթական հարվածը, բայց ո՞ւմ է պետք Լոկին, որը հնարավոր է շատ էլ լավ ֆուտբոլ է խաղում։ Համենայնդեպս, գնդակի հանդեպ հեչ էլ անտարբեր չի։ Բայց դա քիչ է հետաքրքրում մեր ֆուտբոլասեր բարեկամներին, ու չնայած շունը արդեն ոտքերի տակ է ընկնում, հայացքը գնդակից չեն կտրում, լավագուն դեպքում մուննաթ են գալիս՝ էդ շանը էն կողմ տարեք հա, խանգարում է։ Ու էդպես քոռ ու փոշման վերադառնում ենք տուն՝ Լոկին միանգամից վազում է պատշգամբ, որ հանկարծ բաց չթողնի հերթական գոլը։ 

Ես էլ զգաստ նստած եմ, որ մեքենայի ազդանշանային համակարգը միանա, վազեմ պատշգամբ ու տեսնեմ էդ քաջին, որ համարձակվեց մեքենայիս խփել։ Բայց ամեն անգամ տեղիցս վեր եմ թռնում, ու պարզվում է՝ էլի իմ ավտոյից չէր ձայնը գալիս։ Չեմ զարմանա, եթե իմանամ, որ նկատել են ուշադրությունս ու դիտմամբ հոգուս հետ են խաղում։ 

 

 

Please follow and like us: