«Ա՛յ քեզ խաղ, ա՛յ քեզ թիմ,- Գրողուցավի կենտրոնում հպարտ կանգնած հիանում եմ մեր թիմով, նրա ցուցադրած աներևակայելի խաղով։ Ի դեպ, Գրողուցավի կենտրոնում հպարտ կանգնելն ամեն մի «ֆուտբոլիստ»-ի տրված չէ, լիքը գլուխ գովալու տեղ ունեմ։- Բա՛ խաղացողները։ Դարպասը պարետին ենք վստահել, և Ավինյանն ու Մռմուռը ոնց որ լավ էլ պաշտպանություն են կառուցել․ ոչ մի հարված առանց գործատուի տեղեկանքի չի կարող դարպասային գիծը հատել։ Ամբողջ հետևի հատվածը տվել ենք ավստրիացի Պետոյին․ մեկ աջից է խաղում, մեկ ձախից, մեկ էլ տեսնում ես արդեն կենտրոնում է հայտնվել։ Մալադեց Պետյա, լավ էլ արագ հարմարվել խաղին ու իր խաղն է խաղում։
Մեջտեղի օղակի համալրումների մասին էլ չասեմ։ Քանի որ Ոսկանյան Արփին տրանսֆերային պատուհանը գիշերները լրիվ բաց է թողնում, տարբեր տարածաշրջաններից ներգրավումներ ենք ունենում։ Մարինան մեր մեջի «մատոռ»-ն է, հեշթեգով սկսում է շնչել ու էս Գրողուցավի անհարթ դաշտն էս ծերից էն ծերը վարելով դուրս է գալիս։ Էդ էլ քիչ է, տնաշենը կարանտինի ոչ մի կանոնի չի ենթարկվում, բայց էս դեպքում դա մեր օգտին է։ Արփին՝ Մախսուդյանը, մեր ամենակոշտ հենակետայիններից է, գերմանական ոճի սիրահար։ Ճիշտ է, մեկ-մեկ անցնում է թույլատրելիի սահամններն ու խաղի ժամանակ ՖԻՖԱ-ով կտրականապես չթույլատրվող, բայց մեր Գրողների միությամբ անտեսված «գևորգ պետրոսյան» սահմռկեցուցիչ արտահայտությունն է գործի դնում, բայց մենք էլի բողոքելու բան չունենք, թող մրցակիցը մտածի։ Սաթիկին մի քիչ առաջ ենք քաշել, հարձակմանն ու ախպորը մոտ։ Ինչքան էլ ասեցինք՝ մենակ բարեկամներիդ պաս չտաս, մեկ է՝ Գիլանցին դեռ չի վստահում, Քարամյան եղբայրների նման մենակ ախպոր հետ է պատ խաղում։
Դե հարձակման գծի մեր հեգեմոնների մասին էլ չասեմ, մեկը մեկից կծու, մեկը մեկից խայթող։ Բայց էլի թող մեր մախատավոր մրցակիցը մտածի, մենք որ գոհ-գոհ ենք մեր կրքոտ ջահելներից։ Էն ա որ ամեն դրվագից հետո Պիկեի ու Ռամոսի նման սկսում են սուտի իրար խորոված ու խաշ հիշացնել, վերմակն ամեն մեկն իր վրա քաշել, էս մամուլն էլ կուտն ուտում և իր դեղին էջերում Գիլանցի ու Մեսի ահասարսուռ կամ սկանդալային նկարներն է տեղադրում։ Լուրեր են պտտվում, որ առաջիկա համարում Մեսի, կիսամերկ Քարդաշյանի ու Գիլանցի թևանցուկ նկարն է լինելու, իսկ Կիմի էն լավ տեղերում 2 ֆուտբոլի գնդակ։ Ի դեպ, Քարդաշյանին չկարողացանք թիմ վերցնել, այս դեպքում ՖԻՖԱ-ի հետ նաև Գրողների միությունը կտրկանապես դեմ եղավ»։
Էս սովորական դարձած մտքերով տարված կանգնած եմ գրական դաշտի կիզակետում ու գրպանիս մեջ պինդ բռնել եմ զատկի ձուն։ Չէ, Գիլա՛նց ջան, հաստատ բիլիարդ չեմ խաղում, ֆուտբոլ եմ խաղում, ուղղակի փոքրուց ձևավորված սովորության համաձայն տնից մի հատ պինդ ձու եմ թռցրել ու դրսում մարդ եմ փնտրում՝ ձուս կռվացնելու համար։ Ձու ասեցի, մութ ու ցուրտ տարիներից մի զավեշտ միտս էկավ։ Էն վատ ձմեռներից մեկն է լինում, լքված փողոցներ, կտրտած ծառեր, առատ ձյուն ու սառած մայթեր։ 50-ին մոտ մի կին մայթով հազիվհազ իջնելիս է լինում, իսկ դիմացից մի տղամարդ է գնում՝ «յաչեյկա»-ով ձվերը ձեռքին։ Կինն աչքը թեքում է թե չէ, մեկ էլ մի դմփոց է լսում, տղամարդը շխկացել է սառած հատակին։ Էս կինը մոտենում է, փորձում է օգնել, ու առաջին հարցը հենց էս է լինում․ «Ձվերդ ջարդեցի՞ր»։ Տղամարդը թարս նայում է կնոջը, բայց իրեն չի կորցնում․ «Ձվերս նորմալ են, քամակս ա մի քիչ ցավում»։ Կինը զարմացած գլուխը թեքում է ու տեսնում, որ «յաչեյկա»-ով տղամարդը շարունակում է իր զգույշ քայլքը, իսկ ընկածը լրիվ ուրիշ տղամարդ էր։ Հիմա իմն է, խաղի էս թեժ պահին գրպանիս ձուն պետք է ձիգ պահեմ, որ զավեշտալի թյուրիմացությունների առիթ չդառնամ։
Հ․Գ․ Գնամ Գիլանցի բարձրացրած հարցով վարչապետի ու նախարարի հետ խորհրդակցեմ, տեսնեմ տրիբունա-մեկուսարանի հարցով երբ են զբաղվելու դրանց գերազանցիկ պիոներները, պացիենտները կան, բայց պայմանները դեռ չեն բավարարում․․․
Հ․Գ․ Ա՛յ քեզ թիմ, ա՛յ քեզ ֆուտբոլ։