Սաթիկ Հարությունյան

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ27/Քննական կարանտին / Սաթիկ Հարությունյան

Մ.Գ.

Եթե դուք սա կարդում եք «Գրողուցավի» էջում, ուրեմն Արփին թույլատրել ա ինձ, իմ առանց թիվ «ՍԱԹԱՆԻ» մակագրությամբ մարզաշապիկով դաշտ մտնել ու խաղալ կարանտինի դեմ պայքարողների թիմում:

Կարանտին, կարանտին…

Էս կարանտինը չլիներ, ես՝ ինձ հայտնի «մտքում գրող» ամենահայտնի գրողս, իմ էս տարիքում չէի դառնա սկսնակ խզմզող…

Արփին ինձ դաշտ թողնելուց առաջ շատ նուրբ ակնարկեց, որ պասերը մենակ ազգակիցներին չտանք: Սաթիկ տատս ասում էր. «ղայդայա՝ կասեն»:
Դուք կարող եք ենթադրել, որ մենք նախանձ չենք, բայց, որ ոչ միայն մաթեմատիկան ա մեր արյան մեջ, այլ նաև առատաձեռնությունը, հաստատ չգիտեք: Իսկ դա ես ու Մեսրոպը ժառանգել ենք մեր մայրական, իսկ Գրիգորը՝ հայրական, Արփիկ տատիկից:
Արփիկ տատս 40-50-ական թվերին աշխատում էր խանութում ու միշտ մի բան հասցնում էր ամենաչքավորներին, իսկ 70-ականներից հետո, երբ ապրում էին Երևանում, ամեն տարի, բացի մամայիս տնական ջեմերից, ուզում էր Մեղրու պահածոների գործարանի արտադրած՝ 10-ական ընկույզի և թզի մուրաբա, ու մամայիս՝
«այ մեր էդքան ի՞նչ ես անում» հարցին պատասխանում էր.

– Երկուական տալու եմ Անիկին, մեկական Նատաշային, Հայկուշին, Ամալյային… մնացածն էլ՝ զապաս:
Զապաս ասեցի, մի բան էլ հիշեցի, բայց սա
արդեն ուրիշ պատմություն ա, որը մեզնից մեկը մի օր կգրի… կամ չի գրի…

Ու հիմա ես՝ էն Յաշինին մտքով գոլ խփած ջահելի նման, դաշտ մտնելուց առաջ ինձ ցուցադրելով՝ վերջին նախավարժանքն եմ անում, իսկ մրցավարի օգնական էլ լուրջ-լուրջ գլխավերևում բարձր պահել ա լուսատախտակը, որի վրա ոչ մի բան գրված չի: Մրցավարը, չհասկանալով ինչ ա կատարվում, աչքերը լուսատախտակին ա չռել, Մեսրոպն ու Գրիգորը «էս ում քուրն ա՜ա՜» հայացքով էս ու էն կողմ են նայում, խաղը դիտողները շվվացնում, ծափահարում, գոռգոռում, ապա հռհռում են, հակառակորդն էլ էս ամեն ինչից մի պահ կորցնում ա զգոնությունը: Դե, իհարկե, դուք առանց պատի ու տետրի էլ արդեն գուշակեցիք, որ Գիլանցը հենց էս պահին ա հաջողացնում խփել իր նկարագրած էն կայծակնային գոլը: Ու անկախ նրանից, որ Գիլանցը ինչ-որ անորոշ երազներ ա տեսնում ու ծխամած ակնարկներ անում, մենք սրտանց ուրախանում ենք էդ գոլով ու նրա, հաղորդավարը կասեր, դիտարժան խաղով ընդանրապես:

Դե պարզ ա, հասկացաք, որ տետրի ու պատի մասին հենց էնպես չեմ գրել:

Արդեն գիտեք, որ մեր Վաչը սատանայի կամակատարը չի, բայց չգիտեք, որ ինքը, ինչպես ասում են, սատանայից մի օր շուտ ա ծնվել ու համ ճշգրիտ երազներ ա տեսնում, որի մասին մի օր մեզնից մեկը կգրի, կամ չի գրի, համ էլ գուշակություններ ա անում:
Ուրեմն մեր քննական կարանտիններից մեկի ժամանակ, երբ մենք՝
Հաթամի 4 թոռնես, սովորում էինք Պոլիտեխնիկում ու ապրում էինք Մեսրոպի նկարագրած վարձով տանը, ամեն մեկս մի կողմում թթվել էինք մեր լեկցիաների վրա, մեկ էլ Վաչը թե.

-Հը, Կարե՜ն, լավ չես ոնց որ:
-Հա՜, Սարդը ցանցը գործել ա՜, մեզ ա սպասում:
-14-րդ տոմսը սովորի, տետրդ խփի պատին, արխային գնա չորսդ վերցրու, արի:

Չգիտեմ, երևի Վաչի տոնը էնքա՜ն վստահ էր, որ Կարենը էդպես էլ անում ա ու հաջորդ օրը քննությունից հետո ծիծաղելով տուն ա մտնում, թե՝ 14/4:

Էս էր ու էս, դրանից հետո մեր տղաները ամեն քննությունից առաջ տետրերը խփում էին դիմացի պատին ու դրանց ցրիվ գալու չափից գուշակում՝ թե ինչ են ստանալու:

Հիմա կասեք՝ էս ամեն ինչը ինչ գրողուցավս էր:
Կարծում եմ ոչ մեկդ չեք վիճի, որ
«Գրողուցավի» կորոնախաղը ոնց որ մի մեծ քննություն լինի, բայց մյուսներից տարբերվում ա նրանով, որ սրա ելքը մենք գիտենք, հաստատ հաղթելու ենք, էն էլ խոշոր հաշվով ու էստեղ մեզ ոչ մի գուշակություն պետք չի:

Հ.Գ.

Դե հիմա ես չեմ դուք եք, Գիլանցի էս վերջին տինտիրիտներից հետո ոնց չասեմ, Գիլանցը իրան նենց ա ներկայացնում ու գրում, ոնց որ Բրեժնևը իրա դերն էր, մեղմ ասած, ուռճացնում ու գրում սովետական սուրբ երրորդությունը՝ «Մալայա զեմլյան» «Ցելինան» ու «Վերածնունդը»:

Հ.Հ.Գ.

Սովետի տարինեին բոլոր հիմնարկներում քաղ պարապմունքներ էին լինում: Դրանցից մեկի ժամանակ, ռայկոմից դպրոց եկած ագիտատորը ուսուցիչներին հարցնում ա.

«Մալայա զեմլյան» կարդացե՞լ եք- Պապաս, որ շատ հումորով մարդ ա, տեղից թե.

-Հալա կոնսպեկտավորել էլ ենք:

Հ.Հ.Հ.Գ.

Հիմա փաստորեն մենք «Գրողուցավի» կորոնախաղը էս գլխից կոնսպեկտում ենք:

Please follow and like us: