ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 26/ Պղպջակ / Գեւորգ Գիլանց

Չէ, հաստատ բան եմ ասում, էս արտակարգ դրությունը որ վերջացավ, բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմելու եմ դատարան, քանի որ արտակարգ դրության և լրատվական տեռորի պատճառով անդառնալի վնաս է հասցվել ընկերոջս՝ Մեսրոպին։ Ընդ որում, այնքան ուժգին են վնասել (հատկապես նրա ներքին կողմնորոշմանը՝ GPS-ին), որ կորցրել է ոչ միայն մեր դարպասի տեղն ու հօգուտ մրցակցի է խաղում, այլև կորցրել է հիշողությունը. ինձ մի կերպ տեղը բերեց՝ վերհիշելով, թե ով եմ, խաղը ոնց սկսեց… Բայց թե ո՞ւմ հետ ենք խաղում՝ տնաշենը չհիշեց ու նորից ջանասիրաբար պայքարում է բոլոր նավթալինոտ բռնապետությունների դեմ՝ ԽՍՀՄ, ՍԵՐԺԻԿ, ՌՈԲ։ Էդ էլ քիչ չի, ոչ թե մեր կողմից է խաղում, այլ ընկել է հետևիցս, որ ոտքիս քացով խփի։ Հա փորձեցի իրավիճակը շտկել՝ գրադ-մրադով կրակելով, մեր դարպասն իր խփած գոլին պատասխանելով … Հիշողությունը հետ չեկավ, հայտնի սովետական ֆիլմի նման՝ «տուտ պոմնյու, տուտ նե պոմնյու» («Джентльмены удачи», 1971 թ.)… Գոնե այս ֆիլմը պիտի հիշի, քանի որ աչքիս էնպես են մշակել, որ 2018 թվից հետո կատարվածը չի հիշում (բայց էս տարվա Ավոյենց տանը կազմակերպած խաշկերույթը հիշեց, քանի որ Մեսրոպին խաշից ու գարեջրից անհնար է առանձնացնել. դրանք անքակտելի միասնություն են, ինչպես «ին»-ը և «յան»-ը)։ Մեռա գոռալով, թե՝ «այտա, ախր դիմացդ պարետ-մարետը չի, ես եմ՝ Գիլանցը, գիլու ձագը…»։ Չօգնեց։ Մեր թիմակից Մարինան ասաց. «Ես ճարը գիտեմ, ինքը շախմատ էլ է սիրում»։ Սկսեց արագ-արագ շախմատային բոլոր հայտնի և անհայտ սկզբնախաղերով ու գամբիտներով Մեսրոպիս ուղեղը «բամբիտ» անել, բաց օգուտ չտվեց, իսկի աչքն էլ չթարթեց, չնայած նորմալ որ լիներ՝ աչքերն այդպիսի արագությամբ փոխվող խաղաքարերից պիտի որ չախմախին տային։ Բայց ոչ ջրալի մրգին էր, ոչ էլ… Ընդհակառակը, կենտրոնացել էր իմ նման ախմախի ոտքին քացով տալու գործի վրա։ Հետո Մախսուդյան Արփին փորձեց վիճակը շտկի, ասաց. «քնքուշ և հումորային երազներով էլ կարելի է ուշքի բերել», բայց էս մեկն էլ չանցավ…

Ոտքերիս խփելու ապարդյուն փորձերից հետո, դարձավ խռովկան երեխա ու գնում էր իր աչքին երևացած տրիբունան, թվացյալ երկրպագուների հետ թվացյալ գոլը նշելու։ Մենք դաշտում շվարած նայում էինք, թե ոնց է գնում դեպի հակառակորդի հանդերձարան, դիպլոմատի հետևից, որի մեջ ոչ այն է շախմատ է, ոչ այն է՝ արժեքավոր թղթեր, օրինակ՝ Յուքոմի բաժնետոմսեր… Բայց սա արդեն դավադրությունների տեսության ոլորտից է, որին ոչ ես եմ հավատում, ոչ Մեսրոպը, ոչ էլ առավել ևս Պորսեմը (չասեք, թե չգիտեք, որ Մեսրոպն ու Պորսեմը նույն մարդն է, «ին» և «յան»-ը հիշեք, կամ Մեսրոպ անունը թարս կարդացեք)։ Շատ-շատ մի քաշ տեխնիկական կանեփի ծուխ տալու լինեն, էն էլ հո գիտեն, որ «մեջը բան չկա» (մեր գլխավոր կանեփագետ Գարեգին Միսկարյանը կհաստատի)… Հիպնոսել են, կամ էլ դեռևս մեզ անհայտ, հույժ գաղտնի, ասած Մեսրոպի՝ շատ WAR-ի տեխոնոլոգիաներ են կիրառել։ Դատելով կիրառվող տեխնոլոգիաներից՝ ՏՏ միջամտություն էլ կա։ Էնպես որ մի հատ ուշքի արի, Մեսրոպ ջան, թե չէ հայտնի անեկդոտի նման է ստացվում՝ «ով տWAR-ի, ով գնա սնատորիա»…

Ախր նույնիսկ Արփին փորձեց իր դատավորական բարձր սուլիչով զգուշացնել, որ «կառանծյախաղի» կանոնները խախտել է, կռիվ կանխագուշակելով, բայց էդ կարգի անհանգստանալու հարկ չկար, «գառանծյա» եմ տալիս, որ ԱԴ-ն դուս եկավ թե չէ՝ Պորսեմն էլ ուշքի կգա, Մեսրոպն էլ, հիմա կարևորը էս կորոնագնդակը տշելն է, որ տեխնիկական կանեփի հռհռոցադոզան անպակաս լինի։ Բայց դե խաղից առաջ հազար ասի, զգույշ կխաղաս, Մեսրոպ ջան, գրողուցավի դաշտում որ խաղում ես, էդ գրողի (Համբարձումի) տարած Արփին դաղալ խաղալու համար անպայման ցավացնում է։ Էնպես որ սկսում եմ «ոսկորներդ աղալ»,

էլ ոչ մի կռիվ, ոչ մի ղալմաղալ,

շուտով ամառ է, առջևում՝ մանղալ,

կգնանք Եղվարդ, Ավոյի բաղը,

տանը մնացիր՝ կսկսես չաղանալ։

Ոչ մի չինացի, ու ոչ մի մոնղոլ,

Դժվար օրերին չի խաղում դաղալ,

դու էլ թարկը տուր, մեկ է չեմ կաղա՝

թե ոտքիս խփես։ Իմացա՞ր, աղա։

Հիմի կասեք՝ «էս ի՞նչ, ես անում, այ Գիլանց, ինքը քեզ էդքան սիրում է, քնքշորեն ասում է՝ «Գիլու ձագ», իսկ դու դժբախտության մեջ հայտնված բիձուն սարքել ես կոռոնաբռնցքամարտի տանձ ու բոքսում ես…»։ Հա, ճիշտ կասեք, բայց նախ՝ ինքը բիձա չի, հլա անեկդոտներին նայեք… Հետո էլ ես՝ իմ Մեսրոպ ախպերը, կուզեմ՝ կյեղեմ, կուզեմ՝ կդեղեմ, բայց էլ չեմ խփի՝ կճաքի լեղին… Ճիշտ և ճիշտ այնպես, ինպես մենք ենք վերաբերվում մեր հեղափոխական հիմնական թիմին ու ընկերներին, երբ ուզում ենք՝ յեղում ենք, երբ ուզում ենք՝ դեղում… Լավ ենք անում, կենացներն էլ ենք խմելու, դատի էլ ենք տալու, իրար հետ։ Մնում է պարզենք, թե ում. ախր ԱԴ ավարտից հետո ոչ պարետ է լինելու, ոչ մարետանոց…

Հ.Գ.

Գրիգոր ջան, գլուխդ կախ, ոչ դաշտին ես նայում, ոչ՝ խաղին։ Արի կլինի քարը Մեսրոպի փեշերից թափենք, նոր տրիբունա-մեկուսարան սարքենք, որ խալխի աչքից հեռու լինի, մեջը մտցնենք ու թող իր համար հա գոռա «գո՜-ո՜-ո՜-լ», մեկ է, մոռացել է, որ գոլը դա կորոնագնդակը հակառակորդի դարպասն ուղարկելն է, ոչ թե գոռալը։ Քեզ տեսնեմ, առաջին քարը ես արդեն տարա։

Հ.Հ.Գ.

Աղջիկս զարթնեց։ Ասաց.

– Պապա, դու արդեն զարթնել ես։

Ասացի.

– Գրողուցավ եմ արել, «Գրողուցավի» համար, Մեսրոպին հիշացնում էի, թե գոլ խփելը որն է։ Բոլոր ազգային առաջնությունները չեղարկել են, անգամ եվրոպայի առաջնությունը, էնքան ֆուտբոլ չի նայել, որ չի հիշում, թե գոլը որն է։

– Պապա, էսօր ե՞ս գյուղ տանում։

Գլուխս ճոճում եմ։

– Պապա, ես թուղթ կգրեմ, որ ոստիկանին ցույց տամ, որ գնանք խանութ, նվեր առնեմ, որ գնանք գյուղ, Կարինկայի ու Միքոյի մոտ, Ավոյենց տուն, ռոլիկ քշելու, մանակապարտեզ, որ…

– Բակում, կես ժամ գնդակ կխաղանք, դու գոլ կխփես, իսկ ես կտեսագրեմ, որ Մեսրոպը վերհիշի, թե գոլը որն է։

– Գոլեր էլ չենք գնալո՞ւ։

– Կգնանք,- ասացի,- հենց համաճարակը պրծավ՝ կգնանք։ Կհավաքվենք կորոնաթիմով, մի լավ գետի ափին գոլ կկապենք….

Հ.Հ.Հ.Գ.

… ու ես ու Մեսրոպը մի-մի գարեջրի շիշ առած կնստենք էդ գոլի մեջ ու աշխարհի մասին, WAR- ի մասին, ՏՏ տեղորոշման ու զանգորոշման հետագա ճակատագրի մասին, գոլի մեջ տWARենք։ Եվ այդ պղպջակներն ավելի պակաս ազդեցություն չեն ունենա մոլորակի կլիմայի վրա, քան այս ամբողջ թնջուկն ու «կարանծյան»։

Please follow and like us: