Հոմերոսից մինչեւ Գազա․ գրքերի պատմությունը պատերազմի ժամանակ (2)

Սկիզբը՝ այստեղ

Արևմտյան գրական ավանդույթի հիմնարար գրքերից մեկը՝ «Իլիականը», պատերազմական գիրք է՝ Աքիլլեսի զայրույթի և Տրոյայի դեմ արյունոտ հաղթանակի մասին, որը տևեց տասը տարի։ Այն ոչ միայն նշանավորեց բանավոր պատմելուց դեպի գրավոր ձևի անցումը, այլև, ինչպես ցույց են տալիս պատառիկները, հին հունական աշխարհում ամենաշատ ընթերցվող գրքերից էր։

Դասական շրջանի իսպանացի մասնագետ Իռեն Վալյեխոն իր բազմաշերտ «Papyrus» գրքում գրում է, որ մարդիկ «Իլիական»-ի հատվածները նույնիսկ տանում էին իրենց հետ դեպի մահ՝ դնելով սարկոֆագներում, կարծես այն լիներ սրբազան տեքստ։

Մեծ պոեմի բազմաթիվ դասերից մեկն այն է, որ նույնիսկ ամենաքաջ մարտիկները, նույնիսկ նրանք, ովքեր առավելապես վայելում են ամենազոր աստվածների բարեհաճությունը, փրկություն չեն գտնի։ Մարդը «ծնված է մահանալու համար, վաղուց դատապարտված է դրան»։ Պատմությունը լի է հերոսների արյունով, նրանց վիրավորված մարմինների ցավով ու պղծմամբ, և հավանաբար հենց այդ պատճառով էլ «Իլիականը», ի տարբերություն «Ոդիսականի», այն գրքերի շարքում չէր, որոնք ուղարկվում էին ամերիկացի զինծառայողներին։ Այնուամենայնիվ, «Իլիականը» հնագույն ժամանակներից ի վեր ոգեշնչել է զինվորներին։ Ասում են, որ Ալեքսանդր Մեծը միշտ պահում էր այն իր մոտ և իրեն տեսնում էր որպես նոր Աքիլլես՝ Եգիպտոսից մինչև Հնդկաստան նոր տարածքներ նվաճելով։

Նրա հիմնադրած քաղաքում գտնվող նշանավոր Ալեքսանդրիայի գրադրանը ստեղծվել է 323 թվականին ընդամենը երեսուներկու տարեկանում կնքած նրա մահից մի քանի տասնամյակ անց։ Սակայն Իռեն Վալյեխոն ենթադրում է, որ այդ գրադարանի գաղափարը սկիզբ է առել հենց Ալեքսանդրից։ Նրա ուսուցիչը՝ Արիստոտելը, անկասկած նրա մեջ սերմանել էր գրքերի հանդեպ սեր։ Սակայն ավելի խոսուն է այն փաստը, որ գրադարանը կիսում էր Ալեքսանդրի համաշխարհային հավակնությունները․ այն ստեղծվել էր բոլոր հայտնի երկրների բոլոր հայտնի գրությունները հավաքելու համար՝ հունարեն թարգմանությամբ։ Դրանց թվում էին եբրայերեն Աստվածաշունչը, եգիպտական փարավոնների պատմությունները և զրադաշտական երկար տեքստերը։ Անվերջ նվաճում և անվերջ գիտելիք․ լիակատար տիրապետություն թե՛ աշխարհագրական, թե՛ մտավոր աշխարհին։ Զինված մարդկանց զինվորների նման ուղարկում էին օտար երկրներ՝ մատյաններ որոնելու։ Սակայն գրադարանը նաև իր յուրահատուկ դեղամիջոցն էր առաջարկում իր պատերից դուրս մոլեգնող պայքարների դեմ։ Ինչքան էլ եգիպտացիները, հրեաները, հույները և մյուս ժողովուրդները պատերազմեին միմյանց դեմ, նրանց գրքերը խաղաղությամբ հանգչում էին նույն դարակների վրա։ Որպես Մուսաներին նվիրված տաճարային համալիրի մաս՝ Ալեքսանդրիայի գրադարանը սրբազան տարածք էր։

Այդ շենքից և նրա հսկայական հավաքածուից այսօր ոչինչ չի մնացել։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Ալեքսանդրիայի գրադարանը պատահաբար այրվել է, երբ Հուլիոս Կեսարը ճնշում էր Կլեոպատրայի եղբոր գլխավորած ապստամբությունը՝ դարձնելով գրադարանը աշխարհաքաղաքական նվաճումների հերթական ալիքի զոհ։ Սակայն Իռեն Վալյեխոն ու այլ հետազոտողներ կասկածի տակ են դնում այդ դրամատիկ վարկածը։ Պապիրուսը՝ պատրաստված ջրային բույսի ցողուններից, որոնք կտրում, հյուսում և սեղմում էին՝ գրելու համար հարմար մակերես ստանալու նպատակով, չափազանց փխրուն նյութ էր։ Այն խոցելի էր միջատների, խոնավության և ժամանակի ազդեցության դեմ։ Հնարավոր է, որ պատերազմից կամ հրդեհից ոչ պակաս ավերիչ է եղել գրադարանի համար անտեսվածությունը, խնամքի պակասը՝ այն շրջանում, երբ Հռոմը գերիշխող դարձավ, իսկ Ալեքսանդրիան անկում ապրեց։

Մեզ հասած հին տեքստերը՝ երբևէ գոյություն ունեցածի ընդամենը մի փոքր բեկորը, պահպանվել են պատահականությունների և դանդաղ կուտակվող տեխնոլոգիական փոփոխությունների շնորհիվ։ Ինչո՞ւ են, օրինակ, Էսքիլեսի  եւ Սոֆոկլեսի շուրջ երկու հարյուր պիեսներից պահպանվել ընդամենը յոթական ստեղծագործություն։ Վալյեխոն առաջարկում է հետաքրքիր բացատրություն․ պապիրուսե գլանների պահպանման արկղերը, կախված չափից, տեղավորում էին հինգից յոթ գլան։ Հավանաբար այսօր մեզ հասած պիեսները ներկայացնում են երկու այդպիսի արկղերի պարունակությունը, որոնք բախտի բերմամբ դուրս են ընկել դապի մոռացություն ուղևորվող բեռից։ Այս պահպանված գործերից ամենահինը՝ «Պարսիկները», առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 472 թվականին։ Ի տարբերություն մյուս պահպանված ողբերգությունների, որոնք հիմնականում տեղի են ունենում առասպելական անցյալում, այն ներկայացնում է իրադարձություններ, որոնք հաջորդել են Սալամինի ճակատամարտին, որն այնքան իրական և այնքան թարմ էր, որ հենց Էսքիլեսն էլ մասնակցել էր դրան՝ պաշտպանելով աթենական ժողովրդավարությունը Պարսկական կայսրության ներխուժումներից։ Զարմանալիորեն, դրամատուրգը գործողությունը տեղափոխում է պարտված թշնամու մայրաքաղաք և հույների թանկարժեք հաղթանակը ներկայացնում է հակառակորդի աչքերով՝ պատկերելով վերջինիս  խորապես մարդկային կերպարանքով։ Մենք տեսնում ենք թշվառ խորհրդականների երգչախումբ, վշտահար թագուհի, ռազմաճակատից վերադարձած պատգամաբեր, որը հայտնում է սարսափելի կորուստների մասին, և մի ամբողջ կայսրություն, որը լի է լացող երիտասարդ այրիներով։ Համաշխարհային թատրոնի ամենահին պահպանված ստեղծագործություններից մեկը, այսպիսով, պատերազմի և երևակայական կարեկցանքի մասին մեծահոգի դաս է՝ մի դաս, որը մարդկությունը դեռ շարունակում է սերտել։

Վալյեխոյի գիրքը նկարագրում է երկու տեխնոլոգիական նորամուծություններ, որոնք նպաստեցին բազմաթիվ տեքստերի պահպանմանը։ Մագաղաթը՝ այսինքն կենդանու մշակված կաշին, որ թրջվում էր կրային լուծույթի մեջ և ապա քերվում, սկսեց փոխարինել պապիրուսին մ.թ.ա. երկրորդ դարում։ Հետագայում էլ պապիրուսե գալարները իրենց տեղը զիջեցին կոդեքսին՝ գրքի նախատիպին, որն ուներ ուղղանկյուն էջեր՝ ամրացված մի եզրով, որպեսզի հնարավոր լիներ թերթել դրանք։ Մագաղաթն ավելի ամուր և դիմացկուն էր, քան պապիրուսը, և, ի տարբերություն վերջինիս, թույլ էր տալիս գրել թերթի երկու կողմերի վրա։ Իռեն Վայլեխոն, որը նաև վիպասան է և իր գրքում ներառել է հուշագրություն ու մտորումներ, հակասական զգացումներ ունի մագաղաթի ընձեռած օգուտների և դրա գնի վերաբերյալ։ Նա նշում է, որ մագաղաթի համար նախատեսված կենդանիների կաշիները հաճախ գնվում էին դեռ կենդանի վիճակում, քանի որ ավելի առողջ կենդանիներն ավելի հարթ և որակյալ մակերես էին ապահովում։ Ձեռքում պահելով մագաղաթե ձեռագիր մատյանը՝ նա միաժամանակ հիանում է թանկարժեք բառերի պահպանմամբ և զզվանք զգում այն կոտորածից, որի վրա հիմնված է այդ հրաշքը։

Կոդեքսը, որը հեշտ էր տեղափոխել և կարող էր պարունակել շատ ավելի մեծ քանակությամբ տեքստ, լայն տարածում գտավ աճող քրիստոնեական շարժման շրջանակում՝ համապատասխանելով թե՛ նրա ծիսակարգերին, թե՛ հալածանքների փորձառությանը։ Կոդեքսում կարելի էր հեշտությամբ գտնել անհրաժեշտ հատվածը, երբ մի քանի մարդ բարձրաձայն ընթերցում էին միասին․ փորձեք նույնը անել երկար գալարով։ Բացի այդ, այն կարելի էր արագ թաքցնել, երբ հայտնվում էին կայսեր ներկայացուցիչները։ Երբ քրիստոնեություն ընդունելուց հետո 313 թվականին այն որպես պետական կրոն ընդունած Կոնստանտին Մեծը պատվիրեց արտագրել հիսուն Աստվածաշունչ, նա հատուկ պահանջեց, որ դրանք լինեն «գրված մագաղաթի վրա» և պատրաստված «հարմար ու դյուրակիր ձևաչափով»։ Ութ հարյուր էջանոց Աստվածաշնչից բացի, գրքերը գնալով դառնում էին թեթև առարկաներ, որոնք կարող էին ուղեկցել ընթերցողին ամենուր։ Որոշ կոդեքսներ այնքան փոքր էին, որ հնարավոր էր պահել մեկ ձեռքում, իսկ Ցիցերոնը նույնիսկ պնդում էր, թե տեսել է «Իլիականի» մի օրինակ, որ ընկույզի չափ էր։ Սակայն մոտավորապես հինգերորդ դարում՝ այն ժամանակ, երբ կոդեքսը արդեն լայն տարածում էր ձեռք բերել, թվում էր, թե ընթերցողների թիվը գնալով նվազում է։

Հաջորդած երկար դարերը, որոնք տասնչորսերորդ դարի իտալացի բանաստեղծ Պետրարկան անվանել էր Խավար դարեր, ավարտում են Վալյեխոյի գրքի պատմությունը՝ որպես տխուր վերջաբան մի դարաշրջանի, որը լի էր աշխարհաքաղաքական եռուզեռով և մտավոր աշխուժությամբ։ Գերմանական ցեղերը բազմիցս թալանել էին Հռոմը, և նրա գրադարանների մեծ մասը փակվել կամ ոչնչացվել էր։ Արևմտյան գրական ժառանգության պահպանման անսպասելի դերակատարներ դարձան վանականները, որոնք աշխատում էին որպես արտագրիչներ՝ ջանասիրաբար վերարտադրելով ոչ միայն քրիստոնեական, այլև ավելի հին այն տեքստերը, որոնք համարվում էին քրիստոնեության հետ համահոնչ։ Օգոստինոս Երանելին նույնիսկ գրել է, որ Պլատոնը եթե ապրած լիներ ավելի ուշ ժամանակներում, հավանաբար քրիստոնյա կդառնար։ Վանականները կատարեցին հսկայական աշխատանք՝ քայքայվող պապիրուսների բովանդակությունը տեղափոխելով մագաղաթի վրա, իսկ վանական գրադարանները դարձան այդ գիտելիքի ապահով ապաստանը։ Սակայն նոր նյութն էլ զերծ չէր խնդիրներից։ «Այս մագաղաթը մազոտ է», — դժգոհությամբ գրել է մի գրիչ իր աշխատած ձեռագրի լուսանցքում։ Ավելին, չնայած միջնադարի բազմաթիվ նվաճումներին՝ գոթական տաճարների կառուցմանը, եռադաշտ ցանքաշրջանառության համակարգին և այլ առաջընթացներին, այդ ձեռագրերում պահպանված գիտելիքը մշակութային լայն ազդեցություն չստացավ մինչև այն պահը, երբ հենց Պետրարկան սկսեց փնտրել ու ուսումնասիրել գրադարանների դարակները՝ բացահայտելով այնպիսի գիտելիք, որը հետագայում լուսավորելու էր ամբողջ Եվրոպան և դրանից անդին գտնվող աշխարհը։

Ֆլորենտական Վերածննդի պատմությունը նույնպես կարելի է պատմել պատերազմների լեզվով՝ մրցակից ընտանիքների և քաղաք-պետությունների մշտական բախումների միջոցով, ինչպես նաև այն գրքերի միջոցով, որոնք օգտագործվում էին թե՛ քաղաքացիական ազատությունները պաշտպանելու, թե՛ դրանք սահմանափակելու նպատակով։ Ռոս Քինգի՝ 2021 թվականին լույս տեսած «Ֆլորենցիայի գրավաճառը» գիրքը հետևում է այդ բարդ պատմությանը՝ կենտրոնանալով մեկ արտասովոր մարդու՝ Վեսպասիանո դա Բիստիչիի կյանքի վրա, որը տասնհինգերորդ դարի կեսերին հայտնի էր որպես «աշխարհի գրավաճառների արքա»։ Ծնված մոտ 1422 թվականին՝ այն ժամանակ, երբ ոչ հեռու ստեղծագործում էին Դոնաթելլոն, Ֆրա Անջելիկոն և Մազաչչոն, Վեսպասիանոն տասնմեկ տարեկանում աշկերտ ընդունվեց մի գրավաճառի մոտ։ 1440-ական թվականներին այդ խանութը, որը գտնվում էր ներկայիս Բարջելլո թանգարանի հարևանությամբ, ոչ միայն գրքեր պատվիրելու վայր էր (դրանք դեռևս ձեռագիր էին և, հավանաբար, տեղում էլ կազմվում էին), այլև հանրահայտ հավաքատեղի՝ քաղաքականության, փիլիսոփայության և գրքերում արտացոլված այլ գաղափարների շուրջ քննարկումների համար։ Քինգը ստեղծում է Ֆլորենցիայի մտավոր շրջանակների կենդանի պատկերը և ցույց տալիս, թե որքան կարևոր էին դրանք քաղաքի գեղարվեստական ու մշակութային վերելքի համար։ Ընթերցողը հա բախվում է մեծ, գուցե նույնիսկ անպատասխան հարցերի. ի՞նչն է ստիպում որևէ մշակույթի ծաղկել։ Եվ ինչո՞ւ հենց այս քաղաքը այս ժամանակաշրջանում ծաղկեց։

Սակայն նրա բոլոր հաճախորդները խաղաղասեր գիտնականներ չէին։ Ամենանշանավորներից ոմանք մարդիկ էին, որոնց կարելի էր անվանել վարձու հրամանատարներ․ նրանց սերը գրքերի հանդեպ կարծես մեղմացնում էր (կամ գուցե պարզապես քողարկում) իրենց մասնագիտության դաժանությունը։ Դարաշրջանի լավագույն մասնավոր գրադարաններից մեկը պատկանում էր Վեսպասիանոյի հաճախորդներից մեկին՝ Ֆեդերիկո դա Մոնթեֆելթրոյին, որը հայտնի էր իր շքեղ պալատով Ուրբինո քաղաքում։ Նա նաև հայտնի էր նրանով, որ ղեկավարել էր հարձակումը Վոլտերա քաղաքի վրա՝ այնպիսի անհասկանալի դաժանությամբ, որ Նիկոլո Մաքիավելին այդ դեպքը բերել էր որպես ապացույց, որ մարդիկ բնականից հակված են չարիքի։ Վեսպասիանո դա Բիստիչին իր հաճախորդին արդարացնում էր՝ պնդելով, թե նա փորձել էր զսպել իր զինվորների վայրագությունները, թեև հենց Ֆեդերիկոն էր յուրացրել հազվագյուտ եբրայական ձեռագրերի մի հավաքածու, որը պատկանել էր այդ հարձակման զոհ դարձած մի հրեայի։ Վեսպասիանոն նաև նշում էր, որ Ֆեդերիկոյի կողմից հին հռոմեական պատմիչների ուսումնասիրությունը պատճառներից մեկն էր, որ նա այդքան հաջողակ էր ռազմական գործում։ Այդ դիտարկման մեջ Վերածննդի դարաշրջանին բնորոշ հակասություն կա․ նույն մարդը կարող էր լինել և՛ արվեստների ու գրքերի հովանավոր, և՛ պատերազմների ու ավերածությունների հեղինակ։ Գիտելիքն ու մշակույթը միշտ չէ, որ մարդկանց դարձնում են ավելի խաղաղասեր. երբեմն դրանք պարզապես դառնում են իշխանության և փառքի ձգտման ևս մեկ գործիք։

Այնուամենայնիվ, լավատեսություն կար այն համոզմունքի շուրջ, որ գրքերի տարածման միջոցով գիտելիքը շարունակելու է աճել։

Թուղթը, որը Չինաստանում օգտագործվում էր արդեն ավելի քան հազար տարի, իսլամի տարածման հետ աստիճանաբար հասավ արևմուտք և հետո տարածվեց ամբողջ Եվրոպայում։ (Այս գործընթացը նույնիսկ լեզվական հետքեր է թողել. օրինակ՝ անգլերեն ream՝ «թղթի կապոց» բառը ծագում է արաբական rizma բառից։) Սակայն իրական հեղափոխությունը տպագրական մեքենան էր։ Չինացիներն այստեղ ևս դարեր առաջ էին հասել այդ նվաճմանը, բայց նրանց ձեռքբերումները հայտնի չէին Յոհաննես Գուտենբերգին՝ գերմանացի ոսկերչին, որը 1450-ական թվականներին ստեղծեց շարժական մետաղյա տառերով տպագրական մեքենան՝ գրքերը դարձնելով շատ և համեմատաբար մատչելի։ Հարուստների համար ձեռագիր, մագաղաթյա մատյանները դեռ երկար ժամանակ պահպանեցին իրենց հեղինակությունը որպես շքեղության առարկաներ։ (Լորենցո Մեդիչին, որը նույնպես Վեսպասիանոյի հաճախորդներից էր, նույնիսկ պատվիրում էր, որ իր հավաքածուի համար տպագիր գրքերը կրկին ձեռքով արտագրվեն։) Սակայն շատերի համար տպագրությունը պարզապես հարմարավետության կամ ցածր գնի հարց չէր։ Այն ընկալվում էր որպես խավարը ցրելու միջոց և մի իդեալիստ վանականի խոսքով՝ որպես ճանապարհ՝ «երկրի վրա փրկություն» հաստատելու համար։

Ֆլորենցիայի մշակութային վերելքի ամբողջ ընթացքում քաղաքը անկախ քաղաք-պետություն և սահմանադրական հանրապետություն էր, թեև իրականում հաճախ խաղաղությունը խաթարվում էր հարուստ ընտանիքների իշխանատենչ ձգտումներից, որոնցից առավել ազդեցիկը Մեդիչիներն էին։ Հին հեղինակների շատ գործեր, որոնցով տարված էին ֆլորենցիայի բնակիչները, անմիջականորեն արձագանքում էին այդ քաղաքական լարվածությանը, որտեղ ժողովրդական ազատությունները մշտապես հավասարակշռվում էին Մեդիչիների վերահսկողության հետ։ Օրինակ՝ «Նիկոմքյան էթիկան», որը տասնհինգերորդ դարի բեսթսելլերներից էր, քաղաքացիներին վստահեցնում էր, որ, հակառակ քրիստոնեական ուսմունքին, մեծ գումարներ ծախսելը կարող է առաքինություն լինել, եթե դա արվում է առատաձեռնությամբ և ճաշակով։ Հարուստ մարդը կարող է լինել «ծախսելու արվեստագետ»՝ գաղափար, որը Մեդիչիները սիրով ընդունեցին։

Մյուս կողմից, Կիկերոնը ուսուցանում էր, որ լավ մարդը պարտավոր է ակտիվ մասնակցել քաղաքական կյանքին։ Սա կարևոր գաղափար էր, որը համապատասխանում էր ինչպես ֆլորենցիական հանրապետական համոզմունքներին, այնպես էլ մշտական քաղաքական զգոնության անհրաժեշտությանը։

Որպես եռանդուն հանրապետական՝ Կիկերոնը երկար ժամանակ համարվում էր հին աշխարհի ամենաառինքնող հեղինակներից մեկը։ Սակայն տասնհինգերորդ դարի ընթացքում նրան աստիճանաբար փոխարինեց Մարսիլիո Ֆիչինոյի թարգմանած Պլատոնը, որը բոլորովին այլ խորհուրդ էր տալիս։ Այժմ լավ կյանքը ոչ թե քաղաքական գործունեությամբ հագեցած կյանքն էր, այլ խորհրդածության կյանքը՝ անցկացված քաղաքական աղմուկից հեռու, ճշմարտության, ներդաշնակության և գեղեցկության հավերժական սկզբունքների մասին մտորումների մեջ։

Մեդիչիները խորապես նվիրված էին Պլատոնի գաղափարներին։ Ընտանիքի քաղաքական հավակնությունների հիմնադիր Կոզիմո դե Մեդիչին հովանավորել էր Պլատոնի ստեղծագործությունների թարգմանությունը և, ինչպես պատմում են, մահվան մահճում նույնիսկ դրանցից նրա համար հատվածներ էին ընթերցում։ Նրա թոռը՝ Լորենցո դե Մեդիչին, որը 1469 թվականին ձեռք բերեց ոչ պաշտոնական իշխանություն, նույնիսկ երկար փիլիսոփայական պոեմ էր գրել՝ նկարագրելով իր անցումը դեպի պլատոնականություն։ Նրանց հետաքրքրությունները, թվում է, միաժամանակ և՛ անկեղծ էին, և՛ շահավետ։ Պլատոնը, որը ժողովրդավարությունը չափազանց անկատար էր համարում արդյունավետ կառավարման համար, հավատում էր, որ հանրապետությունը պետք է ղեկավարի «փիլիսոփա-արքան»։ Իսկ Պլատոնի թարգմանիչը՝ Մարսիլիո Ֆիչինոն, այդպիսի կերպար էր համարում հենց Լորենցոյին։ Պատահական չէ, որ 1480 թվականին, երբ նախկինում քաղաքականապես զգոն ֆլորենցիացիները, ըստ հեղինակի հեգնական դիտարկման, հավանաբար զբաղված էին բարձր պլատոնական խորհրդածություններով, քաղաքի սահմանադրությունը փոփոխվեց այնպես, որ վճռականորեն ամրապնդեց Լորենցոյի իշխանությունը։ 1532 թվականին այդ սահմանադրական փաստաթուղթն արդեն ամբողջովին կորցրել էր իր սկզբնական նշանակությունն ու ուժը։ Եվ մինչ Ֆլորենցիայի մշակութային փայլը սկսում էր մարել, Լորենցոյի ժառանգները հաստատվում էին որպես ժառանգական դքսեր մի քաղաքում, որի երկարատև հանրապետական փորձը վերջնականապես ձախողվել էր։ Այս պատմությունը հիշեցնում է գրքերի պատմության ամենահետաքրքիր հակասություններից մեկը․ գրքերը կարող են ծառայել ազատությանը, բայց կարող են նաև ծառայել իշխանությանը։ Նույն տեքստերը, որոնք ոգեշնչում են մարդկանց մտածել, վիճարկել և ընդլայնել իրենց աշխարհայացքը, երբեմն օգտագործվում են նաև քաղաքական գերիշխանությունը հիմնավորելու և ամրապնդելու համար։

Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ընթերցանությունը միշտ չէ, որ հանգեցնում է այն արդյունքներին, որոնք մենք երանությամբ պատկերացնում ենք։ Երբեմն հետեւանքները կարող են ցնցող լինել։ «Ստալինի գրադարանը» (2022), որի հեղինակն է Ջոֆրի Ռոբերտսը, մռայլ, բայց կլանող ընկերն է Թիմըթի Ռայբեքի 2008 թվականի «Հիտլերի անձնական գրադարանը» գրքին։ Երկու աշխատություններն էլ հուշում են, որ Ալեքսանդրիայի գրադարանին բնորոշ՝ նվաճման և մշակութային գիտելիքի կուտակման մղումները հաճախ փոխկապակցված են։

Եթե հաշվի առնենք միայն գրքերի քանակը (ոչ թե զոհերին), ապա Ստալինը զգալիորեն գերազանցում է Հիտլերին։ Նրա անձնական հավաքածուն ներառում էր շուրջ 25 000 գիրք, պարբերական և բրոշյուր։ Հիտլերն ուներ մոտ 16 000 գիրք, որոնց թվում էին Շեքսպիրի՝ գերմաներեն թարգմանված, կաշվե շքեղ կազմով ժողովածուն և ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆորդի «Ինտերնացիոնալ հրեան» գրքի գերմաներեն տարբերակը, որը կազմված էր նրա սեփական թերթում հրապարակված հոդվածներից։ Երկու բռնապետներն էլ ոչ միայն ագահ ընթերցողներ էին, այլև որոշ ժամանակ ձգտում էին գրող դառնալ։ Հիտլերը 1925 թվականից, երբ հրատարակեց «Mein Kampf»-ի առաջին հատորը, մինչև 1933 թվականը իր հարկային փաստաթղթերում մասնագիտությունը նշում էր «գրող»։ Միայն Ռայխի կանցլեր դառնալուց հետո նա փոխեց դա։ Ստալինն իր երիտասարդ տարիներին ռոմանտիկ բանաստեղծություններ էր տպագրում վրացական ամսագրերում և երբեք չդադարեց հետաքրքրվել պոեզիայով։ Ռոբերթսը, բավականին սարսափեցնող ձևակերպմամբ, նրան անվանում է «հուզականորեն խելացի և զգացող մտավորական»։Իրոք, ռուս մեծ բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը սովորություն ուներ իր կնոջը՝ Նադաժդա Մանդելշտամին ասել, որ չբողոքի Ստալինի իշխանության օրոք իրենց կրած տառապանքներից. «Պոեզիան միայն այս երկրում է հարգվում՝ մարդկանց դրա համար սպանում են»։ 

Մանդելշտամը ձերբակալվեց 1934 թվականին՝ Ստալինի մասին ծաղրական բանաստեղծություն արտասանելուց հետո, որը նա կարդացել էր մի փոքր խմբի առջև՝ կարծելով, թե բոլորն իր ընկերներն են։ Նրան աքսորեցին Մոսկվայից գավառ, սակայն 1938 թվականին կրկին ձերբակալեցին, և նա մահացավ ճամբարում՝ մինչ օրս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում։ Տարիներ շարունակ, երբ նրա բանաստեղծությունները արգելված էին, և նույնիսկ դրանք գրի առնելը վտանգավոր էր, Նադեժդա Մանդելշտամը պահպանեց դրանք բացառիկ հիշողության շնորհիվ՝ բոլոր գործերը անգիր պահելով։ Միայն Ստալինի մահից հետո՝ 1950-ականների կեսերին, այդ բանաստեղծությունները սկսեցին հայտնվել այսպես կոչված սամիզդատում՝ ինքնհրատ մեքենագիր օրինակներում, որոնք գաղտնի փոխանցվում էին ձեռքից ձեռք։ «Մենք ապրում ենք նախագուտենբերգյան դարաշրջանում», — ասել էր բանաստեղծուհի Աննա Ախմատովան։ Մոտավորապես նույն ժամանակ Օսիպ Մանդելշտամի ստեղծագործությունների մի հավաքածու հրատարակվեց Նյու Յորքում՝ ռուսերեն, նրա երկրպագուների կողմից, որոնք նույնիսկ չգիտեին՝ նա դեռ կենդանի՞ է, թե՞ մահացած։ Իսկ Նադեժդա Մանդելշտամը՝ համեստ կինը, հավատարիմ ուղեկիցը և իր ամուսնու ժառանգության պահապանը, դարձավ 20-րդ դարի կարևոր արձակագիրներից մեկը՝ իր «Հույս ի հեճուկս հույսի» և «Լքված հույսը» հուշագրություններով։ («Նադեժդա» ռուսերեն նշանակում է «հույս»։) Եվ, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, որքան էլ սուր և թափանցիկ լիներ նրա միտքը, այդ գրքերում կա մի կարևոր բան, որը նա, այնուամենայնիվ, չէր հասկացել։

Օսիպ Մանդելշտամի մահից անմիջապես հետո, պատմում է Նադեժդա Մանդելշտամը, նա մի քանի շաբաթ անցկացրել է մի ընկերուհու հետ, որը նոր էր ազատվել ճամբարից, ինչպես նաև այդ կնոջ մոր հետ, որի ամուսինը գնդակահարվել էր։ Երեք կանայք միասին կարդում էին  Ուիլյամ Շեքսպիրի «Ջոն Արքան»։ Նրանք կանգ առան երիտասարդ Արթուրի տեսարանի վրա, որի մահը պատվիրում է նրա դավադիր հորեղբայրը, սակայն տղայի անմեղությունը փափկեցնում է մահապատիժն իրականացնելու հանձնարարություն ստացած մարդու սիրտը, և նա չի կարողանում կատարել հանցագործությունը։ Նադեժդան ասում է ընկերուհուն, որ չի կարող հասկանալ, թե ինչպես են անգլիացիները, որոնք անշուշտ կարդացել են երիտասարդ Արթուրի պատմությունը, այդուհանդերձ շարունակել սպանել իրենց մերձավորներին։Ընկերուհին, ակնհայտորեն ցանկանալով մխիթարել նրան, պատասխանում է, որ երկար ժամանակ Շեքսպիրը չէր կարդացվում և չէր բեմադրվում, և մարդիկ շարունակում էին կոտորել միմյանց պարզապես այն պատճառով, որ չէին տեսել այդ պիեսը։  Այս բացատրությունը անխախտ է թողնում գրականության զորության մասին հավատը։ Այն առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ գուցե մի օր այդ պիեսը իսկապես ազդեցություն ունենա մարդկանց վրա։ Սակայն Նադեժդան չի մխիթարվում։ «Գիշերները ես լաց էի լինում այն մտքից, որ դահիճները երբեք չեն կարդում այն, ինչը կարող էր փափկեցնել նրանց սիրտը,- գրում է նա,- եւ դա մինչ օրս ինձ լացացնում է»։

Նայելով աշխարհին՝ հեշտ է հավատալ, որ չափազանց քիչ մարդիկ են կարդացել այն պատմությունները, որոնք կարող էին մեղմացնել նրանց սիրտը։ Իր գրքում Էնդրյու Փեթըգրին անդրադառնում է նաև Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը՝ առանձնացնելով մի խորհրդանշական լուսանկար։ Լուսանկարն արված է Կիեւում։ Այնտեղ մարդիկ չկան, բռնություն չկա։ Փողոցից երևում է միայն բնակարանի մի պատուհան, որն ամբողջությամբ լցված է գրքերով՝ աղյուսների պես դասավորված։ Եվ դրանք օգտագործվում են հենց աղյուսների նման՝ պաշտպանելու համար ներսը բեկորներից և պայթյուններից կոտրվող ապակուց։ Այս պատկերն արտահայտում է կրթված ու մշակութային ժողովրդի դիմադրությունը բարբարոսությանը նույնքան ուժեղ, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արված այն հայտնի լուսանկարը, որտեղ անխռով ընթերցողները թերթում են գրքեր ռմբակոծված, տանիքը կորցրած շենքում։ Ուկրաինայում այնքան շատ գրադարաններ են ոչնչացվել, որ փլատակների լուսանկարները, որոնց միջից դուրս են ցցվում կոտրված դարակները, գրեթե անհնար է տարբերել միմյանցից։ Եվ վերջին ամիսներին նման պատկերներ ենք տեսնում նաեւ Գազայից։ Հանրային գլխավոր գրադարանը ավերվել է նոյեմբերին, իսկ բոլորի սիրած Սամիր Մանսուրի գրախանութը, որը 2021 թվականին արդեն մեկ անգամ ավերվել էր և վերականգնվել միջազգային աջակցությամբ կազմակերպված դրամահավաքի շնորհիվ, այժմ ստացել է ցավալի «պատվավոր» կարգավիճակ՝ դառնալով երկու անգամ ոչնչացված գրախանութ։ Այս հատվածը ավարտվում է մի ցավալի, բայց կարևոր մտքով․ գրքերը միշտ չէ, որ կարողանում են կանխել պատերազմները կամ փոխել մարդկանց վարքը։ Բայց նույնիսկ ամենամութ ժամանակներում մարդիկ շարունակում են պահել, պաշտպանել և վերակառուցել գրքերը, որովհետև դրանք մարմնավորում են այն աշխարհի հնարավորությունը, որտեղ մարդկային փորձը, հիշողությունը և կարեկցանքը չեն ոչնչացվում բռնության հետ միասին։

Լուսանկարը՝ Լեւ Շեւենկոյի

Նման ավերածությունները մաս են ավելի լայն հարձակման՝ ուղղված առանձնահատուկ մշակութային ինքնություններին՝ ուկրաինական և պաղեստինյան, բայց այստեղ վտանգված է նաև ավելի համընդհանուր ինքնություն։ Պատերազմից առաջ Սամիր Մանսուրի գրախանութը ներկայացնում էր ոչ միայն պաղեստինյան դասականներին, օրինակ՝ քաղաքական վիպասան Հասան Քանաֆանիի գործերը (որը 1972 թվականին սպանվել էր իսրայելական գործակալների կողմից՝ այն խմբին իր մասնակցության պատճառով, որը կապվում էր Թել Ավիվի մոտ տեղի ունեցած կոտորածի հետ), այլ նաև «Աննան Կանաչ կտուրներ ագարակից» գրքի արաբերեն թարգմանությունը, ինչպես նաև Չիմամանդա Նգոզի Ադիչիի եւ Քերրի Ֆիշերի անգլերեն գրքերը։ Այդ խանութի ամենապահանջված մանկական գրքերից էին նաև «Հարի Փոթեր» շարքի գրքերը։ Այստեղ, ոչ պակաս, քան հին Ալեքսանդրիայում, մենք տեսնում ենք մի հավաքածու, որտեղ պատերազմող ժողովուրդների գրքերը կարծես հուշում են խաղաղություն, որը իրականում գոյություն չունի արտաքին աշխարհում՝ մի ընդհանուր հողի, ընդհանուր լեզվի հնարավորություն։ 

Սրան հետեւելը հատկապես ցավոտ է, որովհետև մենք դեռ չենք դադարում հավատալ, որ գրքերը կարող են տարածել այդ խաղաղությունը՝ եթե միայն ճիշտ մարդիկ կարդան ճիշտ գրքերը և ճիշտ կերպով հասկանան դրանք՝ նույնիսկ երբ դրանք բառացիորեն դուրս են շպրտվում դարակներից։ Կամ գուցե ամենակարևոր պատերազմական գրքերը հենց նրանք են, որոնք երբեք չեն գրվել։ Աննա Ֆրանկի վեպերը, Օսիպ Մանդելշտամի ուշ շրջանի պոեզիան, Ուիլֆրեդ Օուենի հասուն գործերը, որը զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ 25 տարեկանում։ Հասան Քանաֆանիի՝ խաղաղության իրական հույսերը՝ ի՞նչ ձև կարող էին ունենալ դրանք։ Եվ բոլոր այն ստեղծագործությունները, որոնք երբեք նույնիսկ չեն սկսել գոյություն ունենալ։ Գուցե հենց սրանք են այն գրքերը, որոնք մեզ պետք են՝ լի այն պատասխաններով, որոնք մենք դեռ չունենք։ Գուցե պատերազմի իրական գրքերը պարզապես դատարկ էջեր են։

Please follow and like us: