Ծնողներս, հենց խանութից բեռնված տուն էին գալիս, դեռ լիարժեք ապրանքները չդատարկածմայրս, ինչքան հասցներ, նոր գնված սննդամթերքից վերցնում ու չիր էր դնում, իսկ հայրս էլ մորս ձեռքից մազապուրծ եղած ապրանքները խոթում էր սառցարանը։ Չրի ու սառցարանի արանքում էդպես էլ տնեցիներով թարմ ուտելիք չէինք ուտում ու ստիպված էինք կա´մ չորացված ու հետագայում թացացնելու միջոցով կենդանության նշաններ ցույց տվող մթերք ըմբոշխնել, կա´մ սառցակալությունից հալացված ու հետ բերված։ Ողջ մանկությանս ընթացքում փորձում էի հասկանալ ծնողներիս «չրասառեցման» տրամաբանությունը, որ, եթե կարելի էր պարզապես թարմ ապրանքներ ուտել, ինչի՞ էինք հնեցվածն ուտում, բայց տենց էլ չէի հասկանում։ Վախենում էի մի օր էլ ինձ չիր դնեն կամ էլ մտցնեն սառցարանը, բայց, չգիտես ինչի, էդ օրը հետաձգվում էր։
Սրան վրադիր, տատս էլ թարմ հաց չէր ուտում, որ նախորդ օրվանը չփչանա, իսկ նախորդ օրվանն էլ չէր ուտում, որովհետև դրա նախորդ օրվանը պետք է կրակի վրա տաքացնելով մի կերպ սաղացներ, իր խոսքերով «քթր հաց» աներ, որպեսզի թարմ հացի տեղը էդ քար դարձած խմորը ինչ-որ կերպ ուտվեր։
Մեծ հասակում արդեն մտածում էի, որ յուրաքանչյուրի մանկության մեջ թաքնված են հենց էսպիսի հիշողություններ, ու ամեն ինչ կտայիր, որ մի ձև դրանք վերադառնային։
Ինձ հասած չստուգված տեղեկություններովպապս ապրել է 30 տարի, հայրս 40, ես հիմա 50 եմ, ու էդ պայմանական թվերը դրդում են մտածել, որ պապուցս էս օրվա դրությամբ արդեն 20 տարի ավել եմ ապրել, իսկ հորիցս10 ու դեռ շարունակում եմ ապրել։ Հենց հիսունս խփեց, մեկ էլ անհագ ցանկություն առաջացավ պապուս հետ նույն ժամանակում ապրած լինել։ Կարելի էր հորս հետ էլ միևնույն ժամանակ ապրել, բայց, որ բոլորով միասին նույն տարիքին լինեինք։ Հետաքրքիր է մենք իրար հետ յոլա կգնայինք, թե՞ մեր ջրերը նույն առվով չէին հոսի։
Էս մտորումների մեջ մի փոքր էլ հետ գնացի ու ապու-պապերիս էլ պատկերացրեցի իմ տարիքումնույն ժամանակներում ապրելիս, հետո, մի քիչ էլ հետ գնալով, հասա ամենանախապապիս ու մտածեցի նրա հետ ինչ ընդհանուր բան կունենայի կիսելու, բացի գենետիկ կոդից։ Արդյոք նա էլ էր իր նախնիներին նույն ձևով կարոտու՞մ՝ իր տատ ու պապերին, թե էն ժամանակ սառցարան չկար, ու մարդիկ միայն չիր դնելով էին կարոտները առնում։
Ժամանակների մեջ վեր ու վար անելու ճանապարհին գիտակցում ես, որ բոլորի միաժամանակյա գոյության պարագայում բացի տատիներին կիսելուց, սովից չմեռնելու հարց էլ է առաջանում, ու ամեն ինչ գալիս ու կրկին հանգում է չիր դնելուն, որպեսզի ինչ-որ կերպ մեծացվի սննդի երկարակեցությունը ու վաղվա օրվան էլ մի բան հասնի՝ թեկուզ այսօրվա զոհողությունների գնով։
Այ նոր հասկացա, թե ինչու էին տնեցիքս, առանց իմ պես խոհաիլիսոփայական տվայտանքների մեջ ընկնելու՝ մանկությանս հիշողությունների խորքերում ուտելիք հնեցնում ՝ իրենց դեռևս անհայտ թոռների եւ ծոռների համար վաղվա օրվա սննդային անվտանգությունը ապահովելու ճանապարհին․․․
