Մահը/Արփի Ոսկանյան

Բժիշկն ասել էր, որ մայրիկի վիճակն արդեն լավ է, արդեն կարող է տեղափոխվել տուն։ Մայրիկն այլեւս չէր ոնենում լացի ու ծիծաղի՝ իրար հաջորդող պոռթկումներ, որ այնպես վախեցնում էին Զապելին։ Նա իսկապես էլ միանգամայն առողջ էր թվում, եւ ոչինչ չէր մատնի նրա վերջերս ունեցած տկարությունը, եթե չլիներ տնեցիների չափազանցված ուշադրությունը։ Տանը ամեն ինչ պտտվում էր մայրիկի շուրջը, բոլորը սարսափով սպասում էին, որ խելագարությունը նորից կվերադառնա։ Իսկ խելագարությունը չար հոգու պես ասես մուտք էր փնտրում Զապելի մարմին։ Ժամանակ առ ժամանակ նա բոլորովին կորցնում էր ինքնատիրապետումը եւ սպասում, որ հիմա կլսի իր ծիծաղը ու լացը։ Թվում էր նրան, թե գժվում է։ Եվ ամեն օր բարձրանում էր ջերմությունը, ամեն օր հայրը ձեռքը դնում էր նրա ճակատին ու մտահոգ ասում, որ այս տարի պետք է անպայման Մալթեպե գնալ։  

Նա սպասում էր ամառվանը, որպես փրկության։ Բայց որքան ամառը մոտենում էր, այնքան Մալթեպե գնալու ծրագիրը ի չիք էր լինում։ Այս տարի հայրիկի գործերն արդեն ակնհայտորեն վատ էին։ Բայց այնուհանդերձ նա կազմակերպեց ընտանիքի տեղափոխությունը Մալթեպե։

Յորիկը տարօրինակ էր պահում իրեն, իրեն տեսնելիս արագ փոխում էր ճանապարհը, աշխատում էր չշփվել հետը։ Մյուս տղաներն էլ, որոնց հետ հաճախ վազում էին կողքի բլուրը, թավալվում հնձած խոտի դեզերի մեջ, իրենց հեռու էին պահում։ Երբեմն գյուղացիներից լավ խոսքեր էր լսում, թե ինչքան է մեացել, ինչ սիրուն աղջիկ է դարձել, զգում էր, որ արյունը խփում է դեմքին, ու մտքից, որ այս պահին շիկնում է, էլ ավելի էր ամաչում։

Դուրյանի գրքույկն առած՝ նստում էր մեն-մենակ ծովափին ու նայում ալիքներին։ Թվում էր նրան, թե մահը մոտենում է ալիքի պես։ Նա դեռ չի լսում ձայնը, բայց շուտով կսկսի լսել։ Դուրյանի բանաստեղծությունները նրան համակում էին մոտալուտ մահվան զգացողությամբ։ Մի օր էլ գրեց․ «Ոհ, մահ, որ ծներ ես ինձ հետ, որ եղեր ես իմ երկվորյակը, կուզեմ քեզ ճանչնալ ու նայիլ քու աչքերուդ շետ նայվածքով։ Մի սպանար ինձ որպես ինձ անծանոթ պատուհաս, դուն կաս, որովհետեւ ես կամ, ու առանց ինձ ու սին ստվեր մըն ես, ծիծաղելի խրտվիլակ»։

Ասել, որ մահը նրան սարսափ էր ներշնչում, սխալ կլինի։ Ինչ-որ բան ներսում սեղմվում էր, մի անսովոր, ոչնչի հետ չշփոթվող զգացողություն էր պատճառում մահվան մասին մտածելը։ Ավելի շատ տհաճ, քան հաճելի։ Բայց կար այդ զգացման տակից դուրս եկող մի այլ զգացում, որ կարծես ավելի շատ մոտ էր հաճույքին։ Նման պահերին, երբ տիեզերքի անվերությունը պարուրում էր նրա հոգին, երբ նա իրեն զգւմ էր փոքր, մանր ու անցողիկ մի բան ժամանակի ու տարածության ահռելի ծավալներին դեմ հանդիման, բոլոր մարդկային տառապանքները, բոլոր ցավերն ու անախորժությունները, բոլոր հաճույքներն ու վայլները նույնպես դառնում էին փոքր ու աննշան։ Նա ասես նայում էր Մալթեպեի այդ ափին շատ-ատ վերեւից։ Մանր ու աննշան էր դառնում իր մոր ծիծաղը, հոր պատվասիրությունը, իր վախը մահից։ Նա լցվում էր տիեզերքի ուժով, եւ այդ պահերին նա վախենում էր ինքն իրենից, թվում էր նրան, որ նա ամեն ինչ կարող է, ամեն-ամեն ինչ։

Աչքն ընկավ իր նոր գրածին։ կարդաց ու ավելացրեց․ «Եվ ես կհաղթեմ քեզ նույնիսկ մահվանս պահին»։

Please follow and like us: