ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ/ՊԱՅԹԱԾ ՄԱՐԴՈՒ ԱՐՁԱՆԸ

Սեփական բախտի հետ հաշտություն կնքած, չգիտես որ պայմանագրով, չգիտես ինչից ելնելով, չգիտես կոնվենցիայի որ նորմի համապատասխան, նա որոշեց նախաձեռնել իր կյանքի ամենամեծ գործը՝ ստեղծել մի արձան, որը կպատկերեր պայթած մարդուն։

Սկզբում  պայթած մարդու քանդակը Ավգուստը պատկերացնում էր որպես տիեզերքի նման մի պիրկ շրջանակ, որտեղից ամեն պահի կարող էր մի բան դուրս գալ։

Հետո նրա ուղեղի մեջ այդ քանդակը  բացված վարդի տեսք ստացավ, որտեղ տերևները կարծես վարդի սաղմից հեռանում էին՝ նրան թողնելով մեն-մենակ։

Մի տարբերակ էլ կար, որ սգացող կինը նստած էր իր զավակի քրքրված մարմնի առջև ու փորձում էր ձեռքերով փակել որդու մարմնի բաց մասերը։

Մի ուրիշ պատկեր էլ էր ուրվագծվում, որ  նախկինում պայթած շենք ընտրվի ու մի փոքր այն  ձևափոխելով  ցուցանակներ տեղադրվեն՝ մատնանշելով, որ այս շենքի  փլատակների տակ հայտնվել են պայթյունի հետևանքով զոհված մարդիկ։

Սպիտակ մարմարե արձաններն էլ էր Ավգուստի մտքով անցել, որ կողք-կողքի պառկացնի ճերմակ սավաններով փաթաթված քարեր, որը կխորհրդանշի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։   

-Այս տարբերակներից որևէ մեկը պետք էր կյանքի կոչել, քանի  չեմ մոռացել  սեփական անունս,- մտածեց Ավգուստը ու սարսափեց, թե արդյոք այդպիսի բան էլ է հնարավոր, որ իր հետ պատահի։

Մի քանդակ էլ էր ուղեղում պտտվում՝ անգլուխ հեծանվորդի քանդակը, որ պայթյունը թռցրել էր նրա գլուխը քանդակից մի քանի մետր հեռու։ Քանդակի հեծանիվի անիվներին շարժիչ պետք է դրվեր, որ դրանք շարունակեին պտտվել՝ ցույց տալու համար, որ մարդու գլուխը թռել է, սակայն նա շարունակում է իր ընթացքը։ Գլուխն էլ կարելի էր  առանձին իր առանցքի շուրջ  պտտվեր ու երկրի շուրջ պտտվող արբանյակի էֆեկտ տար։

Էս վերջին մտածած քանդակի նախագիծը շատ մոդերնիստական թվաց, ու կարող էր երկիմաստ ընկալվել, որ մարդու գլուխը թռել է ոչ թե բուն պայթյունից, այլ պարզապես կյանքի ընթացքից մարդը կորցրել է իր գլուխը, դրա համար էլ Ավգուստը տարընկալումների տեղիք չտալու համար, դեռևս խուսափեց այդ տարբերակի մասով լուրջ գործողություններ անելուց։

Հումորային տարբերակներ էլ էր Ավգուստի մտքով անցնում, որ կինը խոհանոցի սեղանի կողքը նստած նայում է ննջասենյակի ուղղությամբ, որտեղ ոռը սեղանին շրջած՝ պառկած  է ամուսինը՝ «նասկիներն» ու շորերն էլ ողջ տնով շաղ տված ու այդ քանդակով ցույց էր տրվում, թե կինը ինչպես է «պայթում» իր ամուսնուց։ Պայթյունը ավելի հստակ նկարագրելու համար Ավգուստը մտածում էր քանդակի մեջ դներ նաև մի «ունիտազ», որի կոնքի վրա կլինեին ամուսնու մեզի հետքերը։

Դե տիեզերական պայթյունի մասին արդեն ասացի, սակայն էդ տեսակ քանդակի մասին խոսելիս դրա մեջ  կարելի էր ներառել նաև հրաբուխի պատկերը, կամ էլ ջրախեղդ եղած ու մի շաբաթ էդ վիճակում ջրի վրա լողացած մարդու պատկերը, որը անհամբեր սպասում է մի հպման, որ հեսա-հեսա պայթի։

-Իսկ միգուցե «Պայթած մարդը» հենց ի՞նքն էր ցանկացել պայթել,- մտածեց Ավգուստը, սակայն զգաց, որ իր կյանքի ամենամեծ նախագծի ստեղծումից շեղվում է։

Իսկ եթե չպայթած մարդու արձան սարքի՝ էն հույսով, որ մեկը կգա ու այն կպայթեցնի, դրանով իսկ իր ստեղծած արվեստի գործը կդառնա համ պայթած մարդու արձան, համ էլ չպայթած։ «Հը, ինչ կասես»,- ինքն իրեն հարցրեց Ավգուստը։

Հողի միջից  դաշտի ողջ երկայնքով, մի տեղից ծլում էր բրոնզե ոտք, մյուս տեղից, գիպսապատ ականջ, դաշտի հեռավոր անկյունում կարմիր ներկով շպարված  շրթունք էր, մութ անկյունում էլ  մեկ այլ շրթունք, սակայն արդեն առանց շպարի ․․․ ու այդպես մանրամասնրեն՝ կտոր առ կտոր դաշտով մեկ սփռված մարմնի մասերը ցույց էին տալիս պայթած մարդուն։

 Պետք էր նաև մարմնի մասերը էնպես ընդգծվեին, որ հաստատ հասկացվեր, որ դրանք իրականում մարմնի մասեր են, այլ ոչ թե երկնքից բուսնած բաներ։

Կարելի էր նաև մարմնի մասերի մեջ գտնվող տարածքի վրա գեղեցիկ խոտածածկույթ ցանել, կամ էլ ծաղիկներ։

-Չէ՛, ծաղիկները շատ գեղջկական կնայվեին։ Փշերի պարագայում ավելի բնական կդիտվի, ու կարելի է մի քանի մարմնի մաս էլ փշերի վրա ամրացնել,- մտածեց Ավգուստը ու ինքն իր մտքից ոգևորվեց։

   Իսկ ավելի հետաքրքիր չէր լինի պարզապես «պայթած մարդուն» թաղել ու շիրմաքարի վրա գրել․ «Այստեղ թացված է պայթած մարդը»։ Շիրմաքարն էլ անել ռումբի տեսքով առանց ավելորդ սեթևեթանքների։

Նավակի վրա դրված դագաղը Ավգուստի ուղեղում տեղադրվում էր  ինչ-որ մի գյոլի մեջտեղում՝ օրինակ Թոխմախ գյոյի, իսկ երբ ջրի հեծանիվ քշողը փորձում էր մոտենալ այդ նավակին, ձայնային ազգանշանով հայտարարվում էր, – «Մի մոտեցեք, այստեղ գտնվում է «Պայթած մարդու արձանը»»։

Կարելի էր ավելի սյուռ լինելու համար նշել, որ այստեղ գտնվում է ջրի մեջ թաղված «Պայթած մարդու  արձանը», որ մոտեցողները իրենց հարց տային՝ ինչպե՞ս կարող է մարդ առանց հողի թաղվել, սակայն էդ պարագայում էլ ենթադրվում էր, որ բոլոր մոտեցողները պետք է մտածող լինեին, իսկ էս դարում արի ու էդքան մտածող գտի։

Ավգուստը իրան էնքան տվեց-առավ՝ անհամար անքուն գիշերներից հետո ու իր կյանքի երազանքը վերջապես իրականություն դառնալու սպասումից, որ տան գազը մի ամբողջ գիշեր բաց թողեց, իսկ առավոտյան կողմ վերցրեց դեռևս 20 տարի առաջվանից թարգած սիգարետը  ու այն խցկելով շրթունքների արանքում լուցկին առավ ձեռն ու արտասանեց․

-Դե թող հիմա էլ իրանք մտածեն ոնց են իմ արձանը սարքելու՝ ես իմ փայ ուրիշների համար լիքը մտածեցի ․․․

 

 

Please follow and like us: