Ասում են, որ Ամերիկայում մեկ անձին տարեկան հասնում է քսանհինգ կիլո թուղթ։ Այ քեզ բան։
Տեսնես ի՞նչ են անում՝ ուտո՞ւմ են, կտրտո՞ւմ են։
Չէ, թղթից ինչ-որ ափսեներ, բաժակներ, նոթատետրեր են պատրաստում։ Նրանք եռացրած ջրի տարայի կողքին իրար մեջ խցկած թղթե բաժակների սյուն են դնում: Մեկը կխմի ու առանց խղճի խայթի դեն կշպրտի բաժակը։ Վարակների առումով ասում են շատ հիգիենիկ է։
Դե, բացի այդ, նրանք, իհարկե, գրքեր են հրատարակում, համարյա ամեն օր նամակներ են իրար գրում։
Իսկ մեզ մոտ թուղթը ցավոք դեռ քիչ է։ Իհարկե, ավելի շատ է, քան մինչև պատերազմը, բայց մեկ է՝ դեռ շատ քիչ է։
Բացի այդ, «թուղթ» բառից մեր մտքում ավելի շուտ վատ, քան լավ պատկերներ են առաջանում։ Մենք մտովի պատկերացնում ենք ինչ-որ անձը հաստատող փաստաթղթեր, Էլեկտրատոկից ինչ-որ անդորագրեր, մայթերին շաղ եկած ինչ-որ պատառիկներ, հեռագրեր, որոնց վրա բառերը լղոզված են, կամ ինչ-որ անդուր ծրարներ, որոնցով ավելի հարմար է մածնի բերանը փակել, քան վրան հասցե գրել։
Մենք մտովի լսում ենք փոստի աշխատողի ծվծվան ձայնը. «Վայ, դե չունենք մենք թուղթ, ի՞նչ եք ուզում»։
Ա՜խ, գրողը տանի։ Իսկ մենք երազում ենք, որ շատ թուղթ ունենանք, որ գրքերն ու դասագրքերը հնարավոր լինի գնել ամեն քայլափոխի, որ թղթի որակի շնորհիվ նամակ ուղարկելը հաճելի լինի, ոչ թե հակառակը։
Մի խոսքով, թղթի գործի հետ մեծ հույսեր ենք փայփայում։
Եվ դրա համար մենք պիտի խիստ հայացքով քննենք մեր ռեսուրսները:
Եվ ահա, մեր խիստ հայացքի տեսադաշտում հայտնվեց Սյասկի կոմբինատը։
Մեր հոնքերը կիտված են, մեր աչքերը շանթում են, և սփրթնած շրթունքները շշնջում են․ «Գրողը տանի»։
Իսկ այնտեղ՝ Սյասկի թղթի կոմբինատ մի պատասխանատու աշխատակից է եկել։ Դե, իհարկե, բախվեց աղբի ու կեղտի սարերի ու փինաչիության։ Նա զարմացած էր գլխավորապես այն բանից, որ այնտեղ նունիսկ մերձատար ուղիներ չկան։ Մինչդեռ թափոններն ու հրաքարը վառարաններից հանում են ձեռքով՝ սայլակներով։ Եվ, իհարկե, այդ ամենը այդտեղ էլ թափում են։ Ամբողջական սարեր են գոյացել։ Ճիշտ և ճիշտ Ալպեր։
Դե, իհարկե, ստեղծեցին տարբեր հանձնաժողովներ և վերահանձնաժողովներ։ Որոշեցին նեղուղի երկաթգիծ անցկացնել։ Փոքրիկ, բաց վագոնիկներ պատվիրեցին, մեկը, մյուսը և այդպես շարունակ։
Ու գնաց։ Սկսեցին մաքրել ճանապարհը, որ ռելսեր գցեն։
Եվ մեկ էլ ինչ տեսնեն՝ աղբի սարի տակից, գրողը տանի, ինչ-որ ռելսեր են ծիկրակում՝ նախապատմական, թե ինչ։
Շատ զարմացան։ Շարունակեցին փորել։ Կներեք։ Տեսան, որ հիանալի ռելսեր են գցված, և դրանց վրա բաց վագոններ են կանգնած։ Ներողություն։ Է՞ն ինչ է։
Տեսան, որ պատրաստի մերձատար ուղի է առկա։ Եվ հիանալի, գեղեցիկ բաց վագոնիկների մի ամբողջ գնացք: Այդտեղ «բիս» և «ուռա» սկսեցին գոռալ։ Պարզվեց, որ պետք չէ վատնել ժողովրդի հյութերը՝ փողը։ Ամեն ինչ տեղում է, ճանապարհը պատրաստ է, երթևեկեք։
Այդժամ սկսեցին մտածել, թե ինչպես դա եղավ։ Գլխավորը՝ որ գործարանը նոր է։ Մեկնարկը տրվել է տասներորդ հոբելյանի առթիվ:
Բայց արի ու տես, որ մոռացել են, թե ինչ ունեն։
Դե, իհարկե, մենք ըմբռնոմով ենք մոտենում կառակազմի սողունությանն ու ավելի փնթի ապրելու հակմանը, բայց, այնուամենայնիվ, եղբայրներ, դա մի տեսակ էն չէ:
Գիտե՞ք ինչ։ Փորելը շարունակեք։ Աստված գիտի, թե էլ ինչ կարող է բացահայտվել: Միգուցե թղթի մի ամբողջ գործարան է մնացել աղբի սարի տակ:
Լավ կլիներ։ Յուրաքանչյուր անձին հասանելիք մի քիչ էլ թուղթ կավելանար:
Թուղթ։ Բանաստեղծների ասած՝ Մոսկվա՝ այդ մեկ, հրաշք բառում որքան թանկ բան կա մեր սրտին։
Թարգմանեց Արփի Ոսկանյանը