Զարմանալի էին մարդիկ ապրում նախկինում:
Ասենք, հարյուր տարին երկար ժամանակ չէ, բայց տեսեք, թե ինչ նկատելի տարբերություն կա։
Պատահել է, հարյուր տարի առաջ, թերթը բացում էիր, սկսում օրինակի համար հայտարարություններ կարդալ։ Իսկ հայտարարություններն այսպիսին են.
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՂՋԻԿ։ Կարողանում է կարել և պարզ կերակուրներ եփել։Արժե այդ աղջիկը 75 ռուբլի արծաթով։
ԿՓՈԽԱՆԱԿԵՄ տղամարդուն երեք աղջկա հետ։ Տղամարդը մորուքով է, շատ ուժեղ։ Կարող է լինել դռնապան կամ նման մի բան:
Հնավաճառներին խնդրում ենք մեջ չընկնել։
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՂՋԻԿ։ 16 տարեկան, առանց խաբեության։ Գիտի տապակել, խաշել կրունկները քորել։ Իսկ այդ աղջկա գինը սակարկելի չէ՝ 100 ռուբլի։
Այսպես էին ապրում մարդիկ առաջ։ Զվարճալի էին ապրում։ Անհեթեթ էին ապրում։ Զզվելի է կարդալ:
Բայց հիմա թե ժամանակներն են այլ, թե երգերն են այլ, և թե… գինն է ուրիշ։ «Աղջկա» գինը, պարզ ասենք, երեսուն չերվոնեց է։ Սա՝ Սպասսկի գավառի գներով։
Հիմա կբացատրենք։
Վլադիվոստոկից ոչ հեռու՝ Սպասսկի գավառում, մի արատավոր հեր էր ապրում։ Նա ուներ դուստր՝ Նյուրոչկան։
Եվ ահա, հերը մտածում է.
«Ինչո՞ւ,- մտմտում է,- Նյուրոչկային չծախեմ, եթե գումար է պետք»:
Այդպես էլ արեց։ Մի արատավոր մարդ գտավ, աղջկան երեսուն չերվոնեցով վաճառեց վրան։
«Լենինգրադսկայա պրավդա» թերթը գրում է.
Սպասսկի գավառում ծնողներն իրենց 16-ամյա դստերը կնության են վաճառել 300 ռուբլով։ Աղջիկը վաճառվել է առանց իր իմացության։
Շատ սակարկեցին։ Հերն ինքը մի լավ լաց եղավ․
– Դու,- ասոմ է,- մի հատ տես ինչ աղջիկ է վաճառվում։ Ազատ, իրավահավասար աղջիկ։ Չոլից չեմ գտել։ Մի քիչ էլ ավելացրու։
Երեք հարյուրի վրա բարիշեցին։
Մի խոսքով, փեսան էժան առավ։
Սակայն, ինչպես ասում են, էժան առնում ես, տուն չես հասցնում։ Այդպես էլ՝ այստեղ։
Գյուղսովետը, այս հարցը քննարկելով կոմսոմոլի բջջի և կին-դելեգատների հետ, աղջկան վերցրեց իր պաշտպանության ներքո և չեղյալ համարեց ծնողական «գործարքը»։ Ծնողների և փեսայի նկատմամբ ցուցադրական դատ կազմակերպվեց։
Արատավոր հայրը վերադարձրե՞ց փողը փեսային, թե՞ ոչ՝ այս հարցը պարուրված է անհայտության մշուշով: Այս մասին թերթը ոչինչ չի հայտնում։
Եվ սա մեզ չի էլ հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է՝ իսկ, օրինակ, ի՞նչ գին ունեն աղջիկները այլ գավառներում։
Մենք չգիտենք։ Այ, օրինակ, Պսկովի գավառի մասին գիտենք։ Այնտեղ աղջիկներին չեն վաճառում, այլ դեռ մի բան էլ հավելյալ վճարում են նրանց համար: Չափը՝ եկամտից կախված:
Գործարքը կոչվում է օժիտ:
Իսկ մեր անկարևոր կարծիքով մեկը մեկին արժեն։
Թարգմանեց Արփի Ոսկանյանը