Առաքել Սեմիրջյան/Արդարության փնտրտուքներում

Ամբողջ աշխարհն է ստեղծված քեզ ցավեցնելու համար: Քո խնդիրն է` գործ ունենալ նրանց հետ, որոնց կներեիր:
Մհեր Արշակյան

Մոլորված կյանքի լաբիրինթոսում՝ Միգելեն փորձում էր արդարության մի լույս գտնել, որի ուղղությամբ կշարժվեր ու որը հնարավորություն կտար նրան դուրս գալ այդ լաբիրինթոսից։

– Միգելե՜, Միգելե՜, Միգելե՜,- նրա ականջին ձայն էր տալիս Դանկոն, ում սիրտն, իր սեփական ձեռքերի մեջ դողալով, երկյուղած բաբախում էր։ Թե՞ այնուամենայնիվ ձեռքերն էին դողում, կամ էլ երկուսը միասին։

Միգելեն դադարել էր ականջալուր լինել այդ ձայնին, քանի որ ծնված օրվանից լսել էր այն ու ամեն անգամ, երբ գնացել էր Դանկոյի արձակած ազդանշանի հետևից, հաստ բանի էր ռաստ եկել։

«Հաստ ու Ռաստ»,- հանգավորեց Միգելեն ու այդ տողերը արագ գրանցեց գրպանի բլոկնոտի լուսանցքում, որ ապագայում չմոռանա, իսկ հետո ներքևում տող ավելացրեց․ «Դու հաստ նիխտ», և անմիջապես հիշեց, որ Ռամշտայնի այդ երգի տակ մեկը սեր էր խոստովանել, ու նույնիսկ սերը բերվել էր իր տրամաբանական վախճանին՝ ամուսնության։

– Հա, բայց ո՞վ ասաց, որ ամուսնությունը սիրո տրամաբանական վախճանն է,- մտածեց Միգելեն ու ինքն իրեն ուղղեց,- իսկ միգուցե ամուսնությունը սիրո ոչ տրամաբանական վախճանն է, իսկ տրամաբանությունը ենթադրում է, որ առանց ամուսնության էլ շարունակես սիրել։

– Բայց ու՞ր կորավ արդարությունը,- մտածեց Միգելեն ու կրկին լսեց Դանկոյի ոռնոցը, թե՞ որձկոցը, կամ էլ երկուսը միասին։

– Էսքան ժամանակ մեկը մտածե՞լ է, որ քո արդարության որոնումը կարող է ուրիշի անարդարությանը բերել, իսկ ուրիշի արդարությունն էլ՝ քո անարդարությանը, -մտածեց Դանկոն ու սիրտը դեն շպրտեց։ Հետո փոշմանեց ու արագ այն գետնից վերցրեց, որ հանկարծ չկեղտոտվի՝ չէ՞ որ ըստ Նյուտոնի 5-րդ օրենքի, գետնին ընկած ցանկացած բան չի աղտոտվում, եթե այն վերցվում է 5 վայրկյանի ընթացքում։

– Էդ Նյուտոնի օրենքը չէր, էդ տատս էր ասում,- մտաբերեց Միգելեն, ում տատը իսկապես վստահ էր, որ կարող ես գետնին ընկած ուտելիքը առանց լվանալու բերանդ դնել, եթե այն գետնի վրա չի մնացել 5 վայրկյանից ավել։

– Այ սա արդարության մի տրամաբանական ձևակերպում է, որը համ տեղավորվում է ժամանակային ինչ-որ տիրույթում, համ էլ մի պահ ընկած ու հավերժ կորսված թվացող արդարությունը ինչ-որ կերպ վերականգնվում է, ու արժեքավոր սնունդը այս կամ այն պատճառաբանությամբ աղբի մեջ չհայտնվելու փոխարեն, հայտնվում է քո բերանում,- մտածեց Միգելեն, ու հույս արթնացավ սրտում, որ կարող է այս լաբիրինթոսից էլ ելք լինել։ Հետո փնտրեց հույս արթնացրած սիրտը ու չգտավ և հանկարծ նկատեց, որ այն Դանկոյի ձեռքերի մեջ այրվում է ու կրկին արդարության զգացողությունը անհետացավ, իսկ ինքը մնաց լաբիրինթոսում՝ միայնակ խավարի հետ դեգերելիս։

– Կոխեմ Դանկոյին,- լաբիրինթոսի խորքից հնչեց Միգելեի տատի ձայնը, ով բացի նրանից, որ վաղուց մեռել էր, նրան երբևէ տեսնող էլ չէր եղել։ Սակայն Միգելեն այդ ձայնին էլ ուշադրություն չդարձրեց, քանի որ այն կարող էր Դանկոն էլ արձակել ու որպես արդարության փշուր մատուցել Միգելեին, որպեսզի նա խաբկանքով շարժվի ձայնի ուղղությամբ։

Իսկ Միգելեն արդեն գտել էր իր արդարությունը՝ անդադար արդարություն ման գալու մեջ, ու իրեն էս լաբիրինթոսն էլ էր լրիվ դզում՝ էն որ ի սկզբանե գիտես, որ ոչ ելք կա, ոչ էլ մուտք ու պարզապես պետք է չհավատաս բոլոր տեսակի ելքերի ու մուտքերի գոյությանը։

– Միգելե, բայց ես քեզանից ավելին էի սպասում,- կանչեց Դանկոն՝ Միգելեի վառվող սիրտը որպես գնդակ Ռամշտայնի դարպասը ուղարկելով։

1-0

Please follow and like us: