Միխայիլ Զոշչենկո/Մազալու պատմություն

Լիտվական գնացքը երբեք արագ չի գնում։ Կամ էնտեղ ճանապարհը թույլ չի տալիս, կամ  շատ սեմաֆորներ են շարել՝ չափից դուրս շատ, չգիտեմ: Միայն թե գնացքի ընթացքը զարմանալի դանդաղ է։ Էնքան, որ վիրավորական էլ է դրանով գնալը:

Եվ, իհարկե, էդ դանդաղությամբ երթեւեկելիս վագոնում մի այլ կարգի ձանձրույթ է լինում։ Պարզ ասսած՝ անելու բան չկա։

Մարդկանց ուսումնասիրելը պլշած՝ էդ էլ մի բան չի։ Մեկ էլ տեսար՝ վիրավորվեցին։  «Ի՞նչ ես նայում,- կասեն,- տեղը չես բերո՞ւմ»: Կարող է տփեն էլ: Իսկ քո գործով զբաղվելը՝ էդ էլ միշտ չի, որ հնարավոր է։ Կարդալ, օրինակ, չես կարող։ Լամպի լույսը առանձնահատուկ թույլ է։ Ու ահավոր բարձր են հարմարեցրած։ Հենց ոնց որ վերեւում շեղջեր կայծկլտան, ու բնավ՝ ոչ ուրախ։

Թեև լամպի առումով չարժեր երեւի։ Էս ուրախ պատմությունն եղել է ցերեկը։ Բայց ցերեկը երթեւեկելն էլ ձանձրույթ է։ 

Ուրեմն, շաբաթ ցերեկը Ֆյոկլուշան ճանապարհ էր ընկել չծխող ուղեւորների համար նախատեսված վագոնում։ Ֆյոկլա Տիմոֆեևնա Ռազուվաևան։ Նա Լիգովից Լենինգրադ էր գնում՝ ապրանք գնելու։ Խնձոր ու սերմեր է վաճառում Լիգովում՝ կայարանում։

Ուրեմն, այս նույն Ֆյոկլուշան իր համար գնում էր դեպի Շչուկին։ Դեպի Շչուկին շուկա։ Միտք ուներ մի արկղ խոտանված անտոնովկա առնել։

Եվ նստեց Լիգովում պատուհանի մոտ ու ճանապարհ ընկավ: Գնում էր ու գնում։ Իսկ նրա դիմաց նստած էր Ֆյոդորովը, Նիկիտան։ Կողքը, իհարկե, Աննա Իվանովնա Բլյուդեչկինան է՝ Սոցապի աշխատակից։ Բոլորը՝ լիտվացի։ Գործի են գնում։

Լիգովից քիչ հետո մեկ ուրիշ ուղեւոր է ներս մտնում։ Զինվորական. Մինչ այդ միջանցքում կանգնած էր երթեւեկում։ Եվ սա նստում է Ֆյոկլա Տիմոֆեևնա Ռազուվաևայի դիմաց շեղ։ Նստում է շեղ ու երթևեկում է։

Ֆյոկլա Տիմոֆեևնան, քաջառողջություն նրան և բարօրություն, արձակեց գլխաշորն ու հանելով այն՝ սկսեց անկաշկանդ մտածել առևտրական թեմաների շուրջ՝օրինակ, թե քանի հատ անտոնովկա կարող է լինել տուփի մեջ և այդպես շարունակ:

Հետո նայեց պատուհանից դուրս։ Իսկ հետո տաղտուկից Ֆյոկլա Տիմոֆեևնան սկսեց ննջել։  Տաք վագոնի մեջ թլֆե՞ց, թե՞ բնության ձանձրալի պատկերները ազդեցին վրան, բայց Ֆյոկլա Տիմոֆեևնան սկսեց դանթել։ Եվ հորանջեց։

Առաջին անգամ որ հորանջեց, հեչ: Երկրորդ անգամ նա պորանջեց իր լենով մեկ, անգամ կարող էիր ատամները հաշվել։ Երրորդ անգամ ավելի ջիգյարով հորանջեց։ Իսկ զինվորականը, որ նստած էր ոչ հեռու, բռնեց ու մատը կոխեց նրա բերանը։  Կատակով։ Դե, դա հաճախ է պատահում․ինչ-որ մեկը հորանջում է, կողքինները բերանը մատ են կոխում։ Բայց, իհարկե, դա անում են, ասենք, իսկական ընկերների, նախապես ծանոթների կամ կնոջ կողմի հարազատների հետ: Իսկ սա՝ բոլորովին անծանոթ, օտար մարդ։ Ֆյոկլա Տիմոֆեևնան առաջին անգամ է տեսնում նրան։

Այդ պատճառով Ֆյոկլա Տիմոֆեևնան, իհարկե, վախեցավ։ Եվ վախից արագ փակեց իր էդ ճամպրուկը։ Եվ բավականին ուժեղ կծեց զինվորի մատը:

Էդտեղ զինվորն ահավոր ճչաց. Սկսեց բղավել և հայհոյել․ մատն իբր ամբղջությամբ պոկել են։ Ձեռքերին էլ ազատություն կտար, սակայն ուղեւորները չթողեցին։ Առավել ևս, որ մատը բոլորովին չեն պոկել, այլ մի թեթև բռնել են ատամներով։ Արյուն էլ գրեթե չկար՝ կես բաժակից ոչ ավել։ Թեթև լեզվակռիվ գնաց։ Զինվորն ասում է.

– Ես,- ասում է,- ուղղակի կատակ էի անում: Եթե, ասում է, ես պոկել եմ ձեր լեզուն կամ ինչ-որ այլ բան, այդ դեպքում խնդրեմ, կծեք, իսկ այսպես,- ասում է,- ես համաձայն չեմ։ Ես,- ասում է,- զինծառայող եմ եւ չեմ կարող ուղևողևորներին թույլ տալ, որ իմ մատերը ծամեն։

Ֆյոկլա Տիմոֆեևնան ասում է.

-Վայ․․․ Եթե ​​դու բռնեիր իմ լեզուն, ես կպոկեի քո ամբողջ թաթը։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ բռնում են իմ լեզուն։

Ապա Ֆյոկլա Տիմոֆեևնան սկսեց թքել հատակին՝ իբր ի՞նչ իմանաս մատն ինչ կարգի կեղտոտ է, Աստված գիտի, թե ինչերի է դիպել, ախր չի կարելի նման բաներ անել, հակահիգիենիկ է։ 

Բայց շուտով նրանց վեճը ընդհատվեց՝ մոտեցան Լենինգրադին։

Ֆյոկլա Տիմոֆեևնան մի քիչ էլ լկռահաչ տվեց զինվորականի հետ և գնաց Շչուկին։

Թարգմանությունը Արփի Ոսկանյանի

Please follow and like us: