Հեղափոխության այն գեղեցիկ, ոգեւորությամբ լի օրերին ո՞վ կպատկերացներ, թե ինչ կարգի փորձություններ են պահված մեզ համար։ Երկու տարի շարունակ իմ առաքելությունը նոր իշխանություններին քննադատելն էր։ Ինչո՞ւ էի դա անում, արդյոք երկարատեւ շարժման իներցիա՞ն էր մղում ինձ այդ ուղղությամբ, թե՞ արվեստագետի մասին կածրատիպային պատկերացումը, որ նա միշտ պիտի ընդդիմադիր լինի։ Միգուցե գաղտնիքը հենց իմ մեջ էր՝ դեռ մանուկ հասակից երեւան եկած իմ դեվիանտության, իշխանության բոլոր աղբյուրների հանդեպ բնածին արգահատանքի։ Նման մի բան Համբարձումի մեջ էլ կար, բայց շատ ավելի թույլ արտահայտված։ Նա դեմ չէր ինքն էլ իշխանության մաս կազմելուն, ամեն կերպ ինձ էլ մղում էր, գրեթե ստիպում, որ չօտարեմ ինձ իմ շարժումից, գնամ ու ստանձնեմ իմ բաժին պատասխանատվությունը նոր Հայաստանի համար։ Բայց ինչ-որ բան իմ ներսում ինձ թույլ չէր տալիս դա անել։ Իմ այդ վարքի համար ես ունեի նաեւ ռացիոնալ բացատրություն․ հանրության իննսուն տոկոսը անվերապահ սատարում էր վարչապետին, եւ դա ըստ իս շատ վտանգավոր էր, քանի որ պարարտ հող էր իշխանության արագ այլասերման ու բռնատիրության հաստատման համար։ Կար նաեւ շատ մեծ ճնշում խոսքի ազատության նկատմամբ, բայց եթե նախկինում խոսքի ազատությունը իշխանության ճնշման տակ էր, հիմա ժողովուրդն էր սահմանափակում առանձին առանձնյակների խոսքի ու խղճի ազատությունը։ Ժողովուրդը, որի մեծ մասը հեղափոխության վերջին օրվա նախօրեին էր քաղաքականացվել միայն եւ քաղաքացիական ազատությոնների ու իրավունքների մասին պատկերացում չուներ։
Մի խոսքով, ես ուշադիր հետեւոմ էի Նիկոլի ու մյուսների ելույթներին, հրապարակային վարքին, կադրային քաղաքականությանն ու տարվող այլ քաղաքականություններին եւ քննադատում դրանք՝ հեղափոխությունը պաշտպանող շատ-շատերի աչքից ընկնելով։ Համբարձումը ինձ թվում է մասամբ իմ ջրերը ընկավ, մասամբ էլ միգուցե հասկացավ, որ ավելի լուրջ անելիքներ ունի, քան պատգամավոր դառնալն է, եւ սկսեց կինո նկարել, գիրք տպել եւ այսպես շարունակ։
Մի առավոտ Համբարձումը վերադարձավ խանութից ու ասաց․
– Ադրբեջանը հարձակվել ա․․․
Ադրբեջանը հա էլ հարձակվում էր, հա էլ զինվորներ էին զոհվում սահմանին, բայց այս անգամ լայնածավալ պատերազմ էր սկսել, եւ Նիկոլը հայտարարել էր մոբիլիզացիա։ Մի կարճատեւ պատերազմ էլ հոլիսին էր բռնկվել, եւ մենք մտածում էինք, որ մի երկու օր էլ սա կտեւի, կամ միգուցե չորս-հինգ օր, ինչպես Ապրիլյանը։ Մենք ողբում էինք տասնութամյա պատանիների համար, որ զոհվում էին ամեն օր եւ որոնց նկարներն իսկույն հայտնվւմ էին ֆեյսբուքի նյուզֆիդում։ Մենք չէինք պատկերացնմ, որ պատերազմը ոչ թե չորս, այլ քառասունչորս օր է տեւելու, որ զոհերը ոչ թե տասնյակներով ու նույնիսկ հայուրներով ենք հաշվելու․․․ Մենք գիտեինք, որ պարտվել չենք կարող, եւ մեզնից յուրաքանչյուրը փորձում էր անել ձեռքի եկածը։
Հենց առաջին օրից զինկոմիսարիատի մոտ հերթեր էին՝ տղամարդիկ գնում էին կամավորագրվելու։ Համբոն նույնպես գնաց։ Հենց նույն օրը պիտի տանեին, ասել էին՝ պատրաստվի, կզանգենք, կգնանք։ Անհրաժեշտ իրերը դաբավորեցինք, գնացինք սրճարան, սպասում էին զանգին։ Ես սարսափով նայում էի նրա հեռախոսին ու միայն մի խնդրանք ունեի Աստծուն, տիեզերքին, գերբնական ուժերին, որ մի հրաշքով չզանգեն․․․ Ինքը պատրաստ էր այդ քայլին, բայց ես պատրաստ չէի դեռ։ Եվ հետագա մի քանի օրերին էլ դեռ սարսափից ցնցվում էի, երբ նրա հեռախոսը զնգում էր։ Ինչ-որ պահի, երբ մահերի թիվը անասելի շատացավ, երբ մեռնելը հեշտ դարձավ, երբ կյանքն այլեւս մեծ արժեք չուներ, պատրաստ էի ոչ միայն իրեն, այլեւ ինձ զոհել, ու եթե տղաս չլիներ, նրան պահել-մեծացնելու հոգսը ու պատասխանատվությոնը չլիներ, միգուցե ես էլ կամավորագրվեի։ Բայց մեր զոհաբերությունը անիմաստ կլիներ ըստ ամենայնի, որովհետեւ արագ պարզ դարձավ, որ սա ոչ թե մարդուժի, այլ զենքի, ընդ որում քսանմեկերորդ դարի զենքի կռիվ է։ Իսկ զենք մենք չունեինք․․․
Ինչ-որ ձեւով տիեզերքը, Աստված կամ գերբնական ուժերը լսել էին իմ խնդրանքը, եւ Համբարձումին չտաան մարտի դաշտ։ Բայց դրանից ցավը չէր թեթեւանում, ֆեյսբուքյան ամբողջ նյուզֆիդը զոհված տղաների նկարներ էին, ամեն մեկը՝ մի կյանք, մի պատմություն, մի մոր զավակ․․․ Վիշտը անասելի մեծ էր, բոլորի վիշտը բոլորինս էր․․․
Նոյեմբերի վեցին-յոթին տարօրինակ հանգստություն համակեց ինձ։ Վախեցնող էր իմ այդ հանգստությունը, որովհետեւ նման մի բան էլ եղել էր 2008 թվականի մարտի մեկի նախօրեին։ Այն ժամանակ մեր շարժումը պարտվել էր, բայց հիմա մենք հաղթում էինք, ամեն օր շտաբը մեզ կերակրում էր հաղթանակով։
– Մենք չենք հաղթում,- ասում էր Համբարձումը,- բա հո չի՞ կանգնելու Պաշտպանության նախարարության խոսնակն ու ասի, որ մեր գործերը լավ չեն։ Բայց խոսքից, տրամադրությունից պարզ ա, որ լավ չեն․․․
Բոլորս հետեւում էինք նաեւ ադրբեջանական ինֆորմացիոն հոսքերին, տեսնում էինք, որ նրանք հաղթանակների մասին են խոսում, բայց վստահ էինք, որ նրանց ոչ ժողովրդավար իշխանությունն է նրանց պահում անգիտության մեջ, կերակրում հերոսական ստերով։ Երբեմն, իհարկե, մեր մտքով անցնում էր, որ միգուցե մեն էլ ամեն ինչ չգիտենք, որ միգուցե մեր գործերն էլ այնքան փայլուն չեն, որքան ներկայացվում է, բայց մենք վանում էինք այդ մտքերը մեզնից հեռու-հեռու։ Մի անգամ Նիկոլը շատ մռայլ ելույթ ունեցավ, մեղադրեց մարդկանց դասալքության համար, եւ նախարարության խոսնակի հաղթական ճառերի ֆոնին նրա ելույթը շատ տարօրինակ ու զզվելի թվաց։ Մենք չցանկացանք լսել, որ պատվում ենք, եւ Նիկոլը հաջորդ ելույթն ունեցավ՝ ուղղված հաղթական ժողովրդին։ Մենք չէինք ուզում տեսնել, որ պարտվում ենք։
Պատերազմի ընացքում զարմանալի մետամորֆոզներ տեղի ունեցան ինձ հետ։ Ես մի օր զարթնեցի ու հասկացա՝ կան մարդիկ, որ մարդ չեն, այլ միջատ։ Նրանք ապրում էին մեր հարեւան երկրում։ Նրանք մեր մահն էին ուզում բոլորովին չճանաչելով մեզ։ Մեր մահը միայն այն պատճառով, որ մենք հայ ենք։ Նրանք մեր տանջալից մահն էին ուզում, ինչպես նրանց արյունակից նախնիները՝ մեր նախնիների։ Կար հավանաբար մեր արյան մեջ մի բան, որ, ինչպես Քոչարյանն էր ասում, անհամատեղելի է նրանց արյան հետ։ Նրանք եկել էին հեռուներից հազար տարի առաջ ու հազար տարում հետեւողականորեն ո դաժանաբար ոչնչացրել այն ամենը, ինչ ստեղծել էինք մենք մեր տաղանդով ու հանճարով, տիրացել ամենին։ Նրանք աչք էլ չէին թարթի ու կջնջեին մեզ երկրի երեսից։ Նրանց «Քաաբաղ» ֆուտբոլային ակումբի խոսնակը գրել էր․ «Մենք առանց խտրականության պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին։ Ոչ մի խղճահարություն և կարեկցանք։ Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Ինչ էլ որ պատահի, նրանք դա անում են արդեն 120 տարի։ Պետք է վերականգնել «Դիֆաին» (խմբ․՝ գաղտնի հակաահաբեկչական կազմակերպություն, որը ստեղծվել է Գյանջայում 1905 թվականին։ Այդ կազմակերպությունը պայքարել է հայկական «Դաշնակցություն» կուսակցության դեմ), ինչպես նաև կազմավորել մահապարտների ջոկատ։ Դուք չեք կարող օրինականորեն խոսել նրանց հետ։ Թուրքիան քանի անգամ փորձել է, սակայն չի հաջողվել։ Վերջապես հասկացան, երբ սկսեցին իրենց լեզվով խոսել։ Նրանց պետք է սպանել, որպեսզի չհամարձակվեն հարվածներ հասցնել Բարդային, Գյանջային, ինչպես նաև մեր այլ տարածքների վրա։ Նրանք պետք է իմանան, որ եթե սպանեն մեզնից մեկին, ապա մենք կսպանենք նրանցից հարյուրին։ Մենք պետք սպանենք։ Այն ծնողի կրակը, որը երեխա է հուղարկավորել Գյանջայում կամ Բարդայում, չի կարող մարվել՝ համամատվելով նրա վշտի հետ։ Մինչև վերջին մարդը պետք է սպանենք․․․ մինչև վերջին»։
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկեց Նուրլան Իբրահիմովին, իսկ «Քարաբաղ» ակումբը տուգանվեց հարյուր հազար եվրո տուգանքով։ Բայց Հայաստանին աջակցող ձաները հատուկենտ են, եւ դրանք հիմնականում հայազգի ձայներ էին։ Երկու սիրելի մարդ՝ Մել Գիբսոն, Չոմսկի․․․ Եվ վերջ։ Ոչ մի միջազգային աջակցություն, երկերեսանի ու պատեհապաշտ Արեւմուտք՝ երկակի ստանդարտներով առաջնորդվող, մարդու իրավունքները միայն իր շահերին ծառայեցնում։ Պատերազմի օրերին նորից հիշեցի հրաժեշտի ճաշը մեզ հրավիրած կազմակերպության տնօրենի հետ, որի անունն արդեն մոռացել եմ։ Նորից հիշեցի, թե ինչ հեշտությամբ նա խառնեց իրար Ադրբեջանն ու Հայաստանը, եւ թե ոնց Հայաստան բառի փոխարեն անընդհատ Ադրբեջան բառն էր արտասանում՝ այնքան միեւնույնն էին իր համար այդ երկուսը։ Դժվար է երեւի արդար դատավոր լինել անծանոթ երկուսի վեճում։ Եվրոպան՝ ինչպես մի Գուլիվեր, որ նայում է լիլիպուտների երկու ցեղի կռիվներ՝ հիմարներ, դադարեցրեք կռիվը, դուք դատարկ բաների համար եք կռվում, նախնիների հողը ո՞րն է, կամ հետո ի՞նչ, որ ապրոմ եմ այդտեղ դարեդար, կամ հետո՞ ինչ, որ այդտեղ ձեր մշակույթի վաղեմի հուշարձաններն են՝ չորրորդ դարում ձեր Մեսրոպ Մաշտոցի կառուցած Ամարասը, բա ձեր թշնամին էլ ասում է, որ ա իրենցն է, մենք հիմա ո՞ւմ կողմը բռնենք, եւ վերջապես՝ սրանք են էն սահմանները, որ գծվել են ձեր միջեւ, հարգեք դրանք, մեզ համար սուրբ են այդ սահմանները, հետո՞ ինչ, որ այդ սահմանները մեզ համար ատելի երկրի՝ Սովետի իշխանությունն է գծել ու պարտադրել ձեզ, մեզ համար ատելի Ստալինը, ով էլ լինի սահմանների հեղինակը, դրանք սրբազան են, հատկապես եթե դուք մեր դաշնակիցը չեք։ Եվ չհամեմատվեք Կոսովոյի հետ, այն կարող է ստանալ անկախություն, որովհետեւ Ռուսաստանի դաշնակից Սերբիայից է անկախանում, իսկ Արցախը չի կարող, որովհետեւ Ռուսաստանի դաշնակից Հայաստանինն է։ Երրորդ աշխարհի բոլոր երկրներն էլ մեզ համար հավասար են, բայց որոշ երկրներ հավասար են ավելի․․․
Պատերազմի օրերին ես ատեցի Արեւմուտքը։ Ես հասկացա, որ Եվրոպայի մայրամուտը կատարված փաստ է։ Եվրոպայում արդեն խոր գիշեր է, պարզապես նեոնային լույսերը թույլ չեն տալիս դա նկատել։ Ես ատեցի իմ երբեմնի արեւմտամետությունը։ Ատեցի հիացմունքը, որով նայել եմ Եվրոպական ճարտարապետությանը, կարդացել եվրոպացի գրողների գործերը․․․ Ատեցի ստորացուցիչ մեթոդները, որոնցով Արեւմուտքը իբր պարտադրում է մեզ մարդկային ազատություններ՝ մեզ հավերժորեն պահելով թերզարգացած ժողովուրդների կարգավիճակում եւ չցանկանալով տեսնել, որ մենք այդ լուսավորչական առաքելության կարիքը չունենք։ Ինձ համար հանկարծ հասկանալի դարձավ ողջ պատկերը՝ մենք պարտված աշխարհի մասն ենք, եւ մեր պարտությունը նոր չէ, եւ այս պարտությունը հերթականն է պարտությունների շղթայում, եւ որ մի փոքրիկ ու ժամանակավոր հաղթանակը իննսնականներին պարզապես շլացրել էր մեզ, մեր աչքերին մշուշ էր կապել, մենք չէին ընկալում այս իրողությունը, մեզ թվում էր ինչ-որ մի հրաշքով՝ ինքներս մեզ ուանալով կարող ենք դառնալ հաղթող աշխարհի մասը։ Մեզ թվում էր, որ ուրացումը բավական է դրա համար։ Բայց չկար չափ, որ բավարար կլիներ։ Չկար չափ։ Որովհետեւ հաղթողները հաղթում են մի բանի շնորհիվ միայն՝ որովհետեւ պարտվողները պարտվում են։
Կերպարանափոխությունը, որ տեղի ոնեցավ ինձ հետ պատերազմի օրերին եւ դրանից հետո, ապշեցւցիչ էր հենց ինձ համար։ Ես՝ երսեմնի կոսմոպոլիտս, ազատամիտս ու լայնախոհս, դարձա ազգայնական։ Ես երբեք ավելի շատ չեմ սիրել իմ հայրենիքը, քան նոյեմբերի իննի լույս տասի գիշերը, երբ որոշ խմբեր գրոհել էին Ազգային ժողովն ու կառավարությունը։ Ես գիտեի, որ սրանի հետո իմ երկրի իշխանությանը պիտի քննադատեմ միայն էն դեպքերում, երբ դրա կարիքը իսկապես կլինի։ Գիտեի, որ ինչ էլ լինի, ես երբեք չեմ հարվածի իմ պետությանը, երբեք դուրս չեմ գա ինքս իմ դեմ։ Ես գիտեի, որ որքան էլ ցավալի լիներ պարտությունը, չէր կարելի գլուխը կորցնել ու պարտվել մինչեւ վերջ։ Ու որ թշնամու պարագան պիտի մեզ միայն ավելի համախմբի ու հզորացնի։ Ու որքան հզոր են թշնամիներդ, այդքան էլ ավելի հզորանալու կարիք ունես դու։ Իսկ եթե ամբողջ աշխարհն է քո դեմ, դու դատապարտված ես դառնալ աշխարհի հզորագույն պետությունը։ Ես գիտեմ, ասասծներս հիմա վիճահարույց են թվում, բայց ես գիտեմ, վստահ եմ, որ Հայաստանը դառնալու է հզոր պետոթյուն։ Այսօր՝ 2020 թվականի նոյեմբերի տասի մռայլ-մոխրագույն առավոտվա մեջ պատուհանիս դիմաց տխու ծածանվող եռագույնը ասաց ինձ այդ մասին․․․
Պատերազմից հետո որքան էլ ցավալի էր գիտակցել, որ Արցախի շուրջ յոթ շրջաններն ու Շուշին ի վերջո ոչ թե մեր իշխանությունն է զիջել, որը մինչեւ վերջին պահը մահու ու կենաց կռիվ էր տալիս այդ հողերի համար, այլ Ռուսաստանն է դա արել՝ Ադրբեջանին իր կողմը տրամադրելու համար։ Որքան էլ մեծ էր ատելությունս Ռուսաստանի հանդեպ, ես հասկանում էի, որ Արցախում հայ բնակչության քիչ թե շատ անվտանգության միակ երաշխավորը հիմա Պուտինն է։ Ես հասկանում էի, որ եթե Ռուսաստանը չկանգնեցներ պատերազմը, թերեւս ամբողջ Արցախն էինք կորցնելու։ Ես հասկանում էի, որ Արեւմուտը բառի բուն իմաստով թքած ուներ մեր վրա, ու որ այս պահին Արցախում հայերի մնալը ձեռնտու էր միայն Ռուսաստանին։
Պատերազմի օրերին իտալացի հայտնիմտածող Ջորջո Ագամբենը իր հերթական էսսեն էր գրել կորոնավիրուսի եւ դրա դեմ պայարի մասին՝ «Երբ տունդ վառվում է» վերնագրով։ Քովիդի համավարակը ամբողջ աշխարհը միավորեց մի ընդհանւր վտանգի մեջ, այլեւս չկար ոչ մի տեղ, որտեղ կյանքը ապահով լիներ։ Այդպես էինք մտածում մինչեւ պատերազմը։«Ո՞ր տունն է հրդեհվում։ Երկիրը, որտեղ ապրո՞ւմ ես, Եվրոպա՞ն, թե՞ ամբողջ աշխարհը։ Միգուցե մենք չգիտենք, բայց տներն ու քաղաքներն արդեն այրվել են՝ մի մեծ հրդեհի ժամանակ, որը ձեւացնում էինք, թե չենք նկատում»,- գրում էր Ագամբենը։ Երբ Ադրբեջանը, անտեսելով մարդկությանը սպառնացող վտանգը, պատերազմ սկսեց հայության դեմ, հայերի համար քովիդն ու նրա սարսափները ավարտվեցին՝ մանկական խաղեր թվալով։ Մենք պոկվեցինք աշխարհից եւ վերադարձանք իրական սարսափի մեջ։ Որտեղ կրակը Ագամբենի հիշատակած թվային կրակը չէր։ Այստեղ կրակն իրական էր, ու այն լավփում էր մարդկանց իրական տները։ Այն տները, որ նրանք ժառանգել էին իրենց պապերի պապերից կամ այն տները, որ նրանք կառուցել էին սեփական ձեքերով՝ իրենց երեխաների բերանից կտելով քաղցրն ու համովը, նրանց զրկելով խաղալիքից ու հեծանվից, խմբակներից ու առավել որակյալ կրթությունից։ Տները, որոնց ամեն քարը դրված էր տառապանքով, ջրված քրտինքով, ամրացված սիրով ու ապրելու, արարելու կամքով։
Նայելով այրվող տներին, որ մարդիկ կրակի էին տալիս դրանք լքելուց առաջ, նայելով մարդկանց՝ բեռներով ծանրաբեռնված ավտոմեքենաների քարավանին, որ Քարվաճառից շարժվում էր դեպի Հայաստան, ես հիշում էի 1915 թվականի ցեղասպանության ժամանակ անապատներով դեգերող հայերի անվերջանալի շարքերը եւ ատելություն էի զգում․․․ Արեւմուտքի հանդեպ․․․