Մարինա Գևորգյան/Ջուջուպուլուզ

Դավիթը, Կարոն, Նարեկը, Էդգարն ու Լևոնը մի թաղում էին մեծացել, միասին ավարտել դպրոցը, և նույն օրը զորակոչվելու էին հայոց բանակի շարքերը։ «Հզոր հնգյակ» անունն ստացած ընկերները շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեին․ ուսանել էին Թումո կենտրոնում,  խաղացել  բասկետբոլի նույն թիմում։  Եվ ահա միասին պիտի գնային՝ հայրենիքին պարտքը տալու․․․ Տղերքից միայն Լևոնն էր, որ Թումո կենտրոն չգնաց, որովհետև անընդհատ  զբաղված էր լինում կիթառի դասերով, և այդպես ոչ դիմեց, ոչ էլ սովորեց էնտեղ, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերներն անունը դրին Թումո։ Հինգով երազանքների ցանկ էին կազմել, քանի որ իրենցից ամենասիրուն ձեռագրով տաղանդավորը Կարոն էր, մի գիշեր չէր քնել, դրանք փորագրել էր տախտակին ու փակցրել իրենց բակի ծառերից մեկին։ Էդ ծառը իր հերթին «մուրազածառ» անունով էր կնքել Կարոյի Վարդուշ տատը։
Հավաքակայան ներկայանալուց երկու օր առաջ «բանակի քեֆ» արին, ազգ ու բարեկամ եկան, կերան- խմեցին, մաղթանքներ ու կենացներ ասին, հույզ ու արցունքով ամեն օջախ իր զինվորին ճանապարհից առաջ մեծարեց։
Մինչ տնական գինուց ու ծիրանի օղուց քեֆները տնգոզ մեծերը ջան ասում՝ ջան էին լսում, հրաշալի հնգյակը գիշերով նստեց մեքենան ու հասավ Եռաբլուր։ Իրենց հերոսացած ընկերների շիրիմներին  լուռ ծաղիկներ խոնարհեցին, քամուց փռփռացող դրոշները համբուրեցին ու նստեցին՝ ամեն մեկն իր մտքի թևին  հեռուներ հասնելով։ Լուսադեմին, երբ Թումոյի պապը արդեն հազարերորդ զանգով ազդարարեց տղերքի գլխի գալիքը, իրար թիկունքի հենված ու քնած զինակոչիկները տեղներից թռան ու զգաստ շարվեցին։
-Հա, պապս, թագավորս,- հպարտ-հպարտ ասաց Թումոն։
-Այ տղա, այ քու․․․ ցավը տանեմ ես,- զայրույթից հևալով, տղեքին հայտնի յոթհարկանի «օրհնանքաշարը» մի կերպ զսպելով՝ արտասանեց Հովիկ պապը,- ախր կոտորվանք, է , սպասելով, ո՞ր քուչեքն եք էդ հնգով զվռնում, հենց հիմա՛, հրամայո՛ւմ եմ, հենց էս պահին շարված լինեք մեր դարպասի մոտ։
Բարձրախոսի միջից պապի ձայնը այնպես ազդեցիկ էր, որ տղերքը միաձայն բացականչեցին՝ լսո՜ւմ ենք, Հովիկ պապ ջան։
– Հլը դուք եկեք, ականջներդ էս երկու մատիս 220 վոլտով ոլորելու եմ, հլը դուք եկեք,- ասաց ու անջատեց։
Կես ժամ անց տղերքը շնչակտուր շարվեցին Թումոյենց դարպասի մոտ ու ձեռքները սրտներին սկսեցին երգել՝ մեր հայ-րե-նիք՝ ա-զատ, ան-կախ․․․ Հովիկ պապը, որ թևերը քշտած սպասում էր ավազակախմբի  «բմբուլները քամուն տալու» պահին, զգաստացած կանգնեց,  հիացած նայեց տղերքին, ու երբ իմացավ՝ որտեղից են գալիս երեխեքը, աչքերը լցվեցին արցունքով։
-Այ մալադե՜ց, այ ես ձեր ցավը տանեմ, հենց հիմա փախեք ձեր տները, տնեցիք կոտորվան, է ՜, ձեզ սպասելով, հայդե՛,- ու թոռան թևից բռնած՝ խրատական քարոզ կարդալով ներս տարավ։
Թումոն մտավ սենյակ, փռվեց իր մահճակալին ու սկսեց նայել բաց թողնված զանգերի ցանկը։
-Տո ա՛յ ջուջուպուլուզ,- գոռաց ձայնը,-  երեկվանից մեռա զանգելով, արդեն վազող տողով հայտարարություն եմ տվե, որ քեզի գտնիմ, էս ո՞ւր ես։
-Էդո ախպեր, բարև, ես լավ եմ, ապրես, դու լավ լինես,- պատասխանեց Թումոն։
-Գլուխս մի հարթուգե, ըսա՝ ո՞ւր ես։
-Էդո ջան, տղերքով  գնացել էինք Եռաբլուր, եսիմ ոնց էր եղել՝ աչքներս կպել էր, քնել-մնացել էինք, լուսադեմին ելանք, եկանք հետ, պապի քարոզը քիչ էր, դու էլ էդտեղից։
-Տո ա՛յ ջուջուպուլուզ, հեչ չես ըսե՝ ընգերս զորակոչվիգը, մե մոմ վառեմ, խնդրեմ, աղաչեմ, որ իրար հետ ընգնինք նույն տեղը։ Մարդ ես՝ հերոսանալ կա, բան կա․․․
– Էդո տղա, լավ, էլի, մենակ ոչ էտի, ես չեմ դիմանա։
-Տո քու ինադու, հենց ըդպես էլ  բդի էղնի, Էդոն մարգարեական տաղանդ ունի․․․ Լսե, բայց ինչղ հետաքրքիր է ,չէ, կյանքը։ Կըսեմ՝ հայ էղնելը, հատկապես հայ տղա էղնելը շատ պատասխանատու բան է, տեսնիս՝ ինչ կզգա էն մարդը, որ զենքով կելնի շակալների դեմ ու կհասկընա, որ իրանից էլ է կախված հայրենիքի ամեն թիզը պահելու գործի հաջողությունը։
-Էդո, քեզ ի՞նչ ա եղել, էս ի՜նչ կարգի ես լրջացել,- ծիծաղեց Թումոն։
– Սուս, ապ, էս քանի օր է՝ էդ մտքերով եմ, կըսեմ՝ մենք էլ երթանք զգանք էդ ամեն ինչը, հայ էղնելը ավտոմատ կերպով կնշանակե պայքարող, հայրենիքը կանչեգը, ապ, պադրաստվի․․․
Այսպես ասել- խոսելով, հեռու- մոտիկ հարազատներին հրաժեշտ տալով՝ օրն անցավ աննկատ։ Առավոտյան ամեն մեկն իր տնեցիների հետ մեքենաներով շարժվեցին հավաքակայան։ Այստեղից էլ ավտոբուսները տղաներին տարան զորամասեր։
Տխուր էին՝ հինգն էլ  տարբեր  զորամասերում էին ծառայությունն անցկացնելու։ Զինվորական համազգեստով, գոտիները պրկած՝ հրաշալի հնգյակի համար սկսվեց բանակային առօրյան։
Միառժամանակ անց եղավ նաև երդման արարողությունը, տնեցիներին կարոտած նորաթուխ զինվորները հենց այդ օրը զգացին այն, ինչ զգացել են հազարավոր տղաներ՝ ծառայության անցնելով իրենցից առաջ․․․
Հետո աշունն իջավ հայոց չքնաղ երկրին։ Սյունյաց լեռների ու անտառների ոսկե աշունը ոչ մի տեղ չես տեսնի․․․ Լուսաբացները թարմ են ու սառը, օդը՝ մաքրամաքուր, մարդ  շնչում է ու վերակենդանանում։ Մարդկային ամբողջ երևակայությունն ու տաղանդը չեն հերիքում՝ այդ բնության գունախաղն ու աշնան բնապատկերները յուղաներկերով վրձնելու և աշխարհին ներկայացնելու համար։  Մարդ ուզում է կանգնել ու գոռալ հիացմունքից, ուզում է լաց լինելու չափ երջանիկ լինել, որ էդ հող ու ջրի զավակն է, ուզում է անդորր ու խաղաղ արարել, ստեղծել, ապրել․․․ Ուզում է․․․ Դարերով ուզում է, երազում, աղոթում, բայց ո՜վ է թողնում․ թշնամին չի քնում, չի հանգստանում ՝ արյուն խմելով․․․ Է՜հ, աշխա՛րհ, ի՞նչ ասեմ քեզ․․․
Այդ գիշեր տղերքին հանեցին դիրքեր։ Դիմացի ձորակում ու սահմանագծին թշնամու զորքերի անհանգստացնող տեղաշարժեր ու կուտակումներ էին նկատվել։
-Էս գիշեր թեժ է լինելու, – ասաց Թումոյի ծառայակից ընկերը։
Կյանքում  առաջին անգամ տղան խորապես գիտակցեց, որ ինքն էլ է հիմա հայրենիքի պաշտպան, և ինչ զորեղ է այդ առաքելությունը,  իրենից ու իր նման զինվորների քաջությունից է կախված հիմա իրենց հարազատների խաղաղ գիշերը։ Մեր արմատն էս հողում է, ոչ ոք չի կարող զրկել մեզ էստեղ շիվեր տալու, էստեղ զորանալու իրավունքից․․․ Մեր արմատը էս հողում է, էս հայրենիքն է մերն ու միակը, ուրիշ չկա, պիտի պահենք ամեն գնով․․․Մտքով տուն հասավ, տեսավ իրեն՝ տանն ու բակում վազվզելիս, պապի հոգու հետ խաղալուց հետո շան բնի մեջ թաքնվելիս․․․ ժպտաց ակամա․․․
Միառժամանակ անց թշնամին սկսեց հրետակոծել,  փախադարձ կրակոցներ, աղմուկ, վիրավորների տնքոցներ ու հառաչանք, ամեն ինչ խառնվեց իրար, հետո չարագույժ լռություն էր, զենքը անորոշ ուղղությամբ պարզած՝ պառկել էր խրամատում ու սպասում էր։
-Լևոն տղա, ի՞նչ ես քարացել, ա՛յ շաշ,- ձայն տվեց իրենից մի քանի ամիս շուտ զորակոչված լոռեցի ծառայակիցը։
– Կամո, խի՞ պիտի սպանենք իրար, խի՞չեն թողնում մենք մեր հողին հանգիստ ապրենք, – սթափվելով խոսեց Լևոնը,- մենք հո չենք զավթում իրենցը, եկել են՝ մեզ մեր տնից քշեն էդ թուլեքը․․․
– Այ ախպեր, հիմա փիլիսոփայելու պահը չի, ա շաշ, դու չխփես՝ քեզ կխփեն, հասկացա՞ր, քեզ հավաքի, մեռնեմ քեզ,- հանգստացրեց Կամոն ու ընկերաբար գրկեց Լևոնի ուսերը,- դրանք մեր համբերությունն են փորձում, էլ չեն իմանում, որ վիրավոր առյուծը մեկ ա առյուծ է, շակալներին թաթով կճզմի, էսա տես՝ ինչ ենք անում․․․
Մի քանի ժամ տևած փոխրաձգությունից հետո հետ քաշվելու հրաման ստացան, վաշտի տղերքից շատերն ընկել էին, Կամոն էլ չկար։ Վիրավոր առյուծը մեկ ա առյուծ է․ զրնգում էին բառերը Լևոնի ականջներում․․․ Բարձունքի դիրքը վերցնելու թշնամու փորձը տապալվել էր, այն էլ ո՜նց էր տապալվել․․․ Լուսադեմին հրաման ստացան՝ դիմացի ձորակից հանել վիրավորներին ու զոհվածներին, պետք էր խիզախել, պետք էր կյանքի գնով էլ հանել տղերքին։ Լևոնն առաջիններից էր, որ ելավ ոտի, հրամանատարը հրահանգներ տվեց ու շտապեցրեց։
Սողեսով իջնելով ՝ մտածում էր պապի մասին, թե հիմա ինչ խրատներ կտար իրեն, ոնց կոգևորեր, պապի ձայնը ականջներում՝ հասավ ձորի աղբյուրին, ներքևում նկատեց թշնամու մի քանի դի։ Քիչ հեռվում տնքոց էր լսվում, վիրավոր կար։
Սողեսող հասավ մասրենու թփերին ու տեսածից լեզուն կապվեց, աչքերի դիմաց սևացավ, ուզում էր փղձկալ, երբ  հանկարծ․
-Տո ջուջուպուլո՛ւզ, ի՞նչ ես ռոմանտիկ հայացքդ մեխել վրես, մեռնիմգը, խաբա՞ր ես․․․,- արնահոսող պարանոցը մի կերպ Լևոնի կողմը թեքելով՝ արտասանեց Էդոն։
-Էդո, ապեր, դու էստեղ ի՞նչ, ո՞նց, ախպեր, ի՞նչ անեմ ես ,- իրեն կորցրած խոսեց Լևոնը։
-Հըբը որ կըսեի՝ իրար հետ կհերոսանանք, տեսա՞ր, համոզվա՞ր, որ էս տղու խոսքերը մարգարեական են, այ ջուջուպուլուզ․․․
-Էդո, մի խոսա, սուս, ուժերդ խնայի, հեսա քեզ կհանեմ, մերոնք վերևն են, լավ կըլնի, ապեր․․․
-Հլը ըսոր աշե, է, եկել է ընձի հույս կուդա, խո երեխա չենք, երկուսս էլ լավ կհասկնանք՝ դու չես կրնա ընձի ըստեղից հանես․․․ Բայց ես հեչ չեմ ափսոսա, ապ, ոչ էլ վախենամգը, էս գիշեր ըդոնց հարցերը ղայդին հավեսով լուծել ենք․․․ Ապ, սաղ հեչ, մենք էլ զգացինք էն, ինչ որ զգացել են էս հողի ամեն թիզը կյանքով պահած տղեքը։ Հըբը որ կսեի՝ հայ էղնելը պատասխանատու բան է, հըմի տեսա՞ր, այ ջուջուպուլուզ․․․
-Զարմանում եմ, այ հումորչի, քո էդ ապրած քսան տարվա ստաժով ոնց ես դու էդքան իմաստուն,- հումորի տվեց Թումոն։
– Իյա, հըբը հո սաղ կյանքս գիտառ-միտառ քոքելով չեմ աբրե որոշների նման, ես կյանքի դբրոց եմ անցե, ընգեր․․․
– Վայ, Էդո, գլուխ գովալու աշխարհի չեմպիոնը դու ես։
Էդոն շատ արյուն էր կորցրել, աչքերը մշուշված էին, գրեթե ուժասպառ էր, բայց ընկերոջը ավելի շատ չվախեցնելու համար սեղմել էր ձեռքն ու իրեն բնորոշ հումորով փորձում էր համոզել, որ Լևոնը ռիսկի չգնա․․․Հասկանում էր, որ եթե թշնամու նշանակետում հայտնվեն, երկուսի վերջն էլ վատ էր լինելու։ Թանձր մշուշը երկար չէր մնա, շուտով արևը դուրս կգար և թշնամու հենակետերից իրենք կհայտնվեին ուղիղ նշանառության տակ։
-Լևոն, կհիշե՞ս մեր ծանոթանալը, ապ։ Ո՞վ կմտածեր, որ ըսպես պտի վերջանա, ես մենակ մե բանըմ շատ կափսոսամ, որ լիքը էնելու բան ունեի, բայց վայթե չհասցնեմ։ Տնեցիքին կփոխանցես, որ ես իրանց սիրեմգը․․․
– Էդ մոռանա՞լ կլնի, ախպեր,- փորձեց թեման շեղել,- լավ ա լինելու, ապեր, հլը մի քիչ դիմանալ է պետք ու վերջ։
-Լսե, խոստացի, ախպերական, եթե ըստից ողջ-առողջ ելար, էն պատմական հումորիս պատմությունը չթողնիս մոռացվի, մե հողակտորմ կվերցնես ու սաղ ջուջուպուլուզ տնկես, գարունքվան էլ գիտառդ կառնիս , կնստիս էդ անուշ հոտերին ու ռոմանտիկայիդ զոռ կուդաս, եղա՞վ․․․ Հա, ու  մեկ էլ՝ էն երազանքների ցուցակը կզարգես ծառին ու հերթով կիրականացնես, ըդիգ քեզի մարտական առաջադրանք, հասկըցա՞ր։
– Ըհը, ճիշտ այդպես, անպայման , ախպեր, դու մենակ դիմացի․․․
Հետո ուժգին պայթյունից շուրջը մթնեց, լռեց, վերացավ․․․
Թումոն քնեց, շուրջն այնքան խաղաղ էր, լուռ, ներդաշնակ, ոչ մի տեղը չէր ցավում, երազում տեսնում էր Երևանը, ամռան այն օրը,երբ զբոսաշրջիկների խմբի հետ քայլում էին լուսավոր փողոցներով։ Հետո նրանց միացավ Էդոն՝  խմբի ուրախությունը։ Ահա երեկոյան Կասկադը, ընկերովի շարվել են աստիճաններին, կիթառի հնչյունների ներքո վայելում են շոգ ամռան զով երեկոն։ Աղջիկներից մեկն ասմունքում է ՝ «Աքասիաներու շուքին տակ․․․», հետո բառախաղ են խաղում, ամեն մեկը փորձում է մյուսներին զարմացնել չլսված-չտեսնված ինչ-որ բաներով, ինչպես միշտ Էդոն առաջատար է դառնում։
-Հայեր, – մի հոնքը վեր հանելով՝ ասում է Էդոն,- հարգելի հայեր, հարգելի սեղանա․․,չէ, ավելի ճիշտ՝ կասկադակիցներ, ես կրնամ ձեզի զարմացնեմ մե բառովմ, ընպես որ հեչ մեկդ չիմանա՝ ըդիգ ինչ է։
Բոլորը սկսեցին ընդդիմանալ, ասել, որ անհնար է։
-Ջուջուպուլուզ,- ասաց Էդոն ու ելավ տեղից,- դե ըսեք՝ ի՞նչ է․․․
Բոլորը ծիծաղից թուլացան էդ բառի վրա, ամեն մեկը մի բան ասաց, ոչ մեկը չգուշակեց։ Եվ իմանալով, որ էդ չտեսնված բանը տեսնելու համար պիտի հասնեն Գյումրի՝ Էդոյենց բակ, ոգևորված պայմանավորվեցին՝ առավոտվա գնացքով հասնել Գյումրի։
Լևոնը մի տեսակ թերահավատորեն էր նայում էդ չտեսնված բանը միայն Գյումրիում տեսնելու անհավանական գաղափարին, պնդում էր, որ էդ ջուջուպուլուզը հորինած բառ է, Էդոյի վառ երևակայության արդյունքը։
Առավոտ շուտ կայարանից լցվեցին գնացքն ու քսան հոգով տեղավորվեցին առաջին վագոնում։ Ամեն մեկն իր հերթին ընկերներին էր պատմել, որ գնում են՝ մինչ այժմ չլսված ինչ-որ ջուջուպուլուզ տեսնելու, էդպես զինավառ խումբը ութից դարձել էր քսան հոգի։
Ամբողջ ճանապարհին Լևոնը մնաց իր կարծիքին, Դավիթը,Կարոն, Նարեկն ու Էդգարը կողք կողքի նստած, Թումոյի կիթառի սև պատյանին հենված՝ հիշում էին դպրոցական տարիների իրենց արկածները։ 
Վերջապես գնացքը հասավ Գյումրի կայարան, իրար հրմշտելով դուրս եկան ու քայլեցին դեպի կայարանամերձ հրապարակը, ուր հանգրվանել էր տասնամյակներ առաջ Լենինական մտած առաջին շոգեքարշը։ Ապա նստեցին տաքսիներն ու ուղևորվեցին Էդոյենց տուն։
Տնեցիները շատ ջերմ դիմավորեցին, սառը հյութ, սուրճ, համեղ գաթա ճաշակելուց հետո դուրս եկան բակ ու բոլորը գրեթե միաձայն հարցրին․
-Էդո, ո՞ւր է խոստացվածը։
-Իմ հետևից եկեք,- հանդիսավոր ձայնով ասաց Էդոն ու քայլեց դեպի բակի խորքը։ Ցանկապատի մոտ փարթամ սաղարթով ու ճերմակ ծաղիկների փնջերով հսկա աքասիան էր վեր խոյանում՝ ստվերելով ներքևում աճած տերեփուկներն ու հիրիկները։
– Ուշադրություն, ժող ջան, ձեզի կներկայացնեմ բանաստեղծությունների հերոս, ծառ ու ծաղիկների՝  իմ համար թագավոր ծառ ՋՈՒ-ՋՈՒ-ՊՈՒ-ԼՈՒ-ԶԸ։
Բոլորը զարմանքից բերանները բաց նայեցին անուշ բուրմունք սփռած ծառին։
-Ասիգա աքասիա է,- վրդովված բացականչեց Նարեկի լիբանանահայ ազգականուհին։
-Աբրի արևդ, ճիշտ ես, ըսիգա ջուջուպուլուզ է, նույն ինքը՝ աքասիա, դուք էլ հմի կայնած եք, էն ինչղ էր, ծո, հա՝ աքասիաներու շուքին տակ․․․
-Պահո՜, էս հո տատիս մուրազածառն է,- բացականչեց Կարոն։
-Էդո տղա, մորթելու եմ քեզ,- կատաղությունը զսպելով մռնչած Թումոն։
– Թումո, նի նադը, Թումո քեզ պահի, ամա՜ն․․․կատաղեց․․․,- քրքջալով վրա տվին տղերքը։
Թումո դու Թումո, ընկել է Էդոյի հետևից, Էդոն էլ կրոսավազքի քառակի չեմպիոն տղա, նրա հետևից ո՞վ կհասնի․․․ մի լավ վազեցրեց, ծիծաղեցրեց, իր ասելով՝ պատմականորեն անմոռանալի օր պարգևեց բոլորին։
Ու այդ օրվանից ալամ-աշխարհի համար Լևոն -Թումոն Էդոյի համար դարձավ ու մնաց Ջուջուպուլուզ․․․ Եվ հրաշալի հնգյակը հեռակա համալրվեց․․․

Այդ աշնան մարտական գործողություններից անցել էր  մեկ տարի։
Թումոյի Հովիկ պապը իրենց բակին հարակից փոքրիկ այգում աքասիայի հինգ  շիվ էր տնկել (զինվորական հոսպիտալից Լևոնի դուրս գրվելու օրը մարտական առաջադրանք էր ստացել ), երեխայի պես խնամում ու փայփայում է Էդոյի ջուջուպուլուզները, որ դեռ պիտի բարձրանան, փարթամ սաղարթ գցեն, ճերմակ ծաղկեփնջերով բուրեն, տղերքը դեռ պիտի զորացրվեն, գան նստեն էդ պուրակում, Էդոյի անունը հավերժացնող ցայտաղբյուրից ջուր խմեն, պատմեն ջուջուպուլուզի պատմությունը, ու հիշեն հերոսներին․ ամենալավ վազորդներին, ամենաուժեղներին, ամենախելացիներին, ամենա՝  իրենց կամքով ու արիությամբ, վճռական պահին չնահանջածներին․․․  Արմատը ամուր է հողում, էս հայրենիքը մերն է ու միակը․ խշշում են ծառերը․․․ Ամեն գարնան աքասիայի խենթացնող բույրը պիտի ելնի, ելնի ելնի, վերև հասնի, խուտուտ տա ու ասի՝  էս հողը ձեզնով է մերը՝ երեկ ,վաղը և միշտ, պատիվ ունենք, Տղերք ․․․

Please follow and like us: