Վարդան Ջալոյան/Խորեն Աճեմյանը` ստալինիզմի գիսաստղ (1)

Խորեն Աճեմյանին (Խորեն Ռադիո, 1907 – 1968) Հայաստանում հիմնականում գիտեն իբրև Գուրգեն Մահարու փոքր եղբոր։ Ծնվել է 1907 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1927 թվականին գրել է «Դասակարգ» պոեմը, որը հռչակ է բերել հեղինակին։ Հետագայում հայերեն գրել է  բանաստեղծություններ, արձակ։ Ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Իր հրապարակախոսությունը և հիշողությունները գրել է ռուսերեն։

Խորեն Աճեմյանը, չնայած Հայաստանում հանիրավի մոռացված է, եղել է 1940-1950-ական թվականներին ԽՍՀՄ-ում պատմական և փիլիսոփայական քննարկումների առաջատար մասնակից և կարևոր հետք է թողել խորհրդային պատմագրության պատմության մեջ։ Հայտնի է Ռուսաստանում, նրա անունը փաստորեն գրաքննության է ենթարկվել Հայաստանում։ 

Բայց ինչո՞ւ։ Կարելի է ենթադրել՝ այն պատճառով, որ  ստալինիզմի ժամանակ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին և հետո հանդես է եկել ռուսական մեծապետական հայրենասիրության պաշտպանությամբ։ Համարվում է, որ Խորեն Աճեմյանը Ա.Վ.Եֆիմովի և Ե.Վ.Տարլեի հետ հեղինակ է Ստալինին ուղղված նամակի, որտեղ քննադատում են պատմական գիտության մեջ չափազանցված «ինտերնացիոնալիզմը»։ Պատմաբանները այս նամակը, Խ․ Աճեմյանի որոշ արտահայտություններ համարում են նախահիմք Ստալին֊ Ժդանովի կազմակերպած «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» քարոզարշավի համար։ Այդպես է համարում, օրինակ, դիսիդենտ պատմաբան Ալեքսանդր Նեկրիչըիր հիշողություններում։

Բայց ակնհայտ է, որ Խ․ Աճեմյանի՝ «ինտերնացիոնալ կոսմոպոլիտիզմի» և «անհայրենիք կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարի քարոզարշավի միջև կա հինգ տարվա խզում։ Իսկ դա նշանակում է, որ վերջնական որոշումը ընդունել է Կենտկոմի քարոզչական մեքենան։ Մյուս կողմից, հատկապես նրա՝ Շամիլի շարժման քննադատությունը կարող էր գաղափարական հիմք հանդիսանալ կովկասյան մի շարք ժողովուրդների բռնի տարհանման համար։ Իհարկե, Խ․ Աճեմյանը ոչ մի տեղ հանդես չի եկել այդպիսի գաղափարով, բայց Կենտկոմը այդպիսի մտքերը օգտագործել է իբրև ռեսուրս իր դաժան քաղաքականության համար։

Մյուս կողմից, Խ․ Աճեմյանը Ե․ Թառլեի, Ա․ Յակովլևի և մյուսների հետ հանդես են եկել ստալինյան գաղափարախոսության, մասնավորապես պատմական մտքի «նոր շրջադարձի» գաղափարները արտահայտելու համար։ 

Բայց այստեղ էլ որևէ միանշանակություն չկա։ Գաղափարախոսական մեքենան, հիմնականում ակնհայտ համակրելով մեծապետական հայրենասերներին, բոլորովին էլ չէր պատրաստվում հրաժարվել «դասակարգային պայքարի» ստալինյան մեկնաբանությունից։ Այս երկու անհամատեղելի մոտեցումները գաղափարախոսական մեքենան օգտագործում էր պատմաբանների և գրականագետների վրա իր ազդեցությունը ուժեղացնելու համար։

Խ․ Աջեմյանի «գիսաստղը» հայտնվեց գաղափարախոսական «երկնակամարում» 1943 թ․ և անհետացավ համարյա 15 տարի հետո։ Այս «գիսաստղի» հայտնությունը չարագուշակ նշան համարվեց այն խորհրդային պատմաբանների համար, ովքեր համաձայն չէին պատմությունը ըստ ռուսական մեծապետական հայրենասիրության չափանիշների վերաձևելու համար։

Կա այսպիսի մոտեցում ժամանակակից պատմական գիտություններում՝ microhistorical approach, Խորեն Աճեմյանի մասին այս պատմությունը ևս միկրո է, մի մարդու գործունեության պատմությամբ ներկայացնել ուշ ստալինիզմի գաղափարախոսական քարոզարշավների էությունը։

Հոդվածաշարի առաջին մասը նվիրված է համատեքստին և նախապատմությանը։

Մաս առաջին․ «Ղազախական ԽՍՀ պատմությունը» իբրև փորձաքար

1920-ական թթ․ Խորհրդային Միությունում «Մեծ ռուսական շովինիզմի» դեմ պայքարի համատեքստում ազգային նարատիվները կառուցվել են մի պարզ սխեմայով. Ռուսական կայսրության՝ ցարիզմի ազգային քաղաքականությունը ապրիորի չարիք է, իսկ ազգային փոքրամասնությունների ցանկացած ելույթ ցարական ռեժիմի դեմ պայքար է գաղութատիրության դեմ, որը պետք է գնահատել բացառապես դրական։ 

Ներքին և արտաքին քաղաքականության շրջադարձերը 1920-ականների վերջին – 1930-ականների սկզբին հայեցակարգային փոփոխություն հարուցեցին հասարական գիտություններում, հատկապես պատմական գիտություններում և գրականագիտության մեջ։ «Ժողովուրդների բարեկամության» գաղափարախոսությունը եկավ  փոխարինելու «ռուսական մեծապետական շովինիզմի» դեմ պայքարի հայեցակարգին։ Այդ նոր գաղափարախոսության առանցքային սկզբունքներից էր այն, որ ռուսներն առաջինն են ԽՍՀՄ իրավահավասար ժողովուրդների մեջ՝ «ռուսոցենտրիզմի» գաղափարը։

Գաղափարախոսական և պատմագիտական մեջ ներդրվեց, ի հակադրություն Մ․ Պոկրովսկու դպրոցի «դասակարգային պայքարի» հարացույցի, «չարյաց փոքրագույնի» բանաձևը՝ ամրագրված «Դիտողություններ ԽՍՀՄ պատմության դասագրքի կոնսպեկտում», որը հեղինակել էին Ի.Վ.Ստալինը, Ա.Ա.Ժդանովը և Ս.Մ.Կիրովը: Նշվեց, որ Ուկրաինայի և Վրաստանի մուտքը Ռուսաստան ավելի փոքր չարիք էր, քան եթե նրանք լինեին Լեհաստանի կամ Թուրքիայի կազմում։

Բայց պահպանվեց որոշակի անորոշություն։ Ոմանք հավատարիմ էին դասակարգային մոտեցմանը, մյուսները հակված էին միանալ խորհրդային հայրենասիրության գաղափարում մարմնավորված  նոր մոտեցումներին։ Կարելի է ասել, որ պատմական գիտությունը հայտնվել է երկու կրակի արանքում՝ դասակարգային մոտեցման և «ժողովուրդների բարեկամության»։ Երկուսն էլ պաշտոնական գաղափարախոսության բաղադրիչներ էին։ Ուստի որոշ պատմաբաններ շարունակել են ոչ ռուս ժողովուրդների ընդգրկման գործընթացը համարել ազգային ճնշում, մյուսները՝ «չարյաց փոքրագույնը»։

Օրինակ, 1942-1943 թվականներին, չնայած ռուսական հերոսական անցյալի փառաբանման ուժգնացմանը, ուժեղացավ նաև ուկրաինական, ղազախական, այլ ժողովուրդների հայրենասիրական քարոզչությունը։ Մասնավորապես ղազախական պատմության գլխավոր հերոսը դառնում է խան Քենեսար Կասիմովը։ Երկիմիմաստությունը այն էր, որ XIX դարի կեսերին Կասիմովը ղեկավարել է հակառուսական մեծ ապստամբություն։

1943 թվականին Ղազախստանում պատերազմական պայմաններում Աննա Պանկրատովայի խմբագրությամբ հրատարակվեց «Ղազախական ԽՍՀ պատմությունը»։ Գրքի հեղինակները ոչ միայն տեղացի պատմաբաններն էին, այլ նաև էվակուացված, հիմնականում  լենինգրադյան հայտնի գիտնականներ։

Այս նախագծի իրականացման ընթացքում ակնհայտորեն դրսևորվեց գոյություն ունեցող գաղափարական կանոնի երկիմաստությունը։ Հեղինակների առջև դրված էր «չարյաց փոքրագույն» բանաձևի կիրառման նպատակահարմարության հարցը։ Երկար քննարկումներից հետո որոշվեց հրաժարվել դրանից և ղազախների հակացարական շարժումները գնահատվել են որպես առաջադեմ։

Գրքի կարևոր առանձնահատկություններից էր, որ չէր ընդգծվում Ղազախստանի՝ Ռուսաստանին կամավոր միացման դրույթը, այլ շեշտվում էր, որ ցարիզմը բռնի ուժով միացրել է Ղազախստանը՝ վերածելով այն իր գաղութի, ինչպես ազգային այլ ծայրամասերը։ Ուստի, ինչպես նշում են գրքի հեղինակները, ղազախների, ինչպես նաև այլ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը կապված էր առաջին հերթին հողի համար մղվող պայքարի հետ։ Տվյալ դեպքում՝ ղազախների հողազրկմանը հօգուտ ռուս վերաբնակների։

Այս ամենը գրավեց ռուս ազգայնական պատմաբանների և գաղափարախոսների ուշադրությունը։ Կենտկոմի Ագիտպրոպի ղեկավար Գ.Ֆ.Ալեքսանդրովն այն անվանել է «հակառուսական» և պահանջում էր, որ հեղինակները դրսևորեն ավելի ռուսակենտրոն մոտեցում. Միևնույն ժամանակ, Ա.Ա.Ժդանովը լիովին լոյալ դիրք գրավեց «Ղազախական ԽՍՀ պատմության» հեղինակների տեսակետի հանդեպ։ Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ գաղափարախոսների վերնախավում չկար միասնություն։ Բայց, ակնհայտորեն, իշխանություններին անհանգստացնում էին այն հրապարակումները, որոնք ոչ միայն չեն ծառայում «ժողովուրդների բարեկամության» ամրապնդման գործին, այլ ընդհակառակը՝ կարող են այն կասկածի տակ դնել։

Գիրքն առաջադրվեց Ստալինյան առաջին մրցանակի։ Սակայն այն չի շնորհվել, քանի որ գրախոսներ պրոֆ․  Ա.Ի. Յակովլևը և ակադեմիկոս Ե.Վ. Տարլեն ընդհանուր առմամբ գիրքը քննադատել են՝ այնտեղ գտնելով բազմաթիվ թերություններ։ 

Պահպանվել է 1944 թվականի հունվարի 3-ին կայացած «պատմական հասարակայնության» ժողովի արձանագրությունը, ուր քննարկվել են ինչպես պատմության դասավանդման, այնպես էլ գիտության խնդիրները։

Առաջինը հանդես եկավ Ա.Մ. Պանկրատովան։ Նա խոսեց դպրոցում պատմական կրթության մասին։ Ա․ Պանկրատովան ի թիվս այլ բաների նշեց որ «Ռուսաստանի պատմության մեջ մենք շատ մեծ նյութ ենք ընդգրկում ռուս մեծ ժողովրդի ղեկավարությամբ ԽՍՀՄ ժողովուրդների պատմության վերաբերյալ»:

Հաջորդ բանախոսն էր պրոֆ. Ա.Ի. Յակովլևը։ Նա առաջ քաշեց ռուս ազգայնականության դրույթը․ «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր Միության կազմում ընդգրկված ժողովուրդներին, սիրով ենք վերաբերվում նրանց։ Բայց ռուսական պատմությունը կերտել է ռուս ժողովուրդը։ Եվ ինձ թվում է, որ Ռուսաստանի մասին ցանկացած դասագիրք պետք է կառուցվի այս լեյտմոտիվի վրա, որն այս տեսանկյունից էական է ռուս ժողովրդի հաջողության, նրա զարգացման, նրա կրած տառապանքը հասկանալու և ընդհանուր ճանապարհը բնութագրելու համար: ..․ Ազգային զարգացման այս շարժառիթը, որն այդքան փայլուն կերպով անցնում է Սոլովյովի, Կլյուչևսկու պատմության ընթացքում, պետք է փոխանցվի դասագիրք կազմող ցանկացած անձի։ ․․․

Ահա մի քանի ընդհանուր նկատառումներ, որոնք կարելի է հիմք ընդունել դասընթացի ձևավորման համար: Հայտնի ընդհանուր գաղափար՝ մենք՝ ռուսներս, ուզում ենք ռուս ժողովրդի պատմությունը, ռուսական ինստիտուտների պատմությունը ռուսական պայմաններում։

Եվ ուրախանալ, որ ղրղզները ժամանակին մորթել են ռուսներին, կամ որ Շամիլը… <… > …կարողացավ դիմադրել Նիկոլայ Առաջինին, ինձ դասագրքում անտեղի է թվում։ ․․․անհարմար իրավիճակ է կապված Շամիլի հետ… Նա պարզունակ աստվածապետության ղեկավարն էր, և արդյո՞ք այդքան վատ է, որ ներկայումս այնտեղ ոչ թե շամիլներն են  իշխում, այլ ստալինյան սահմանադրությունը»:

Համանման արտահայտվեց ակադեմիկոս Ե․ Տառլեն 1944 թ․ մարտին կարդացած իր դասախոսությունում. «Մտավախություններ առաջացան հետևայլ պատճառներով. որոշ գլուխներում, որոնք նվիրված են Ղազախստանի միացմանը ընդհանուր խորհրդային տարածքին, գրախոսներն այս գլուխներում ցուցադրում են անպատշաճ տոն։ Կարծես պատմաբանները գրում են Ղազախստանի պաշտպանության պատմությունը բարբարոսներից, որոնց հարկավոր է վռնդել, ակնհայտորեն ունի թշնամական տոն ռուսական զորքերի և ռուս գործիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են Ղազախստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն»։

1944 թվականի մարտի 2-ին Ա. Պանկրատովան դիմել է Ա.Ա. Ժդանովին նամակով, որում նա նշում էր, որ կա «հրատապ անհրաժեշտություն և անհրաժեշտություն՝ օգնության և խորհրդատվության համար ձեզ դիմելու գիտական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող որոշ հիմնարար հարցերի մասին»։ 

Այդ նամակից մի դրվագ վերաբերվում է հայկական կինոյին․ «Պետրոսի իդեալականացման օրինակ, ով որպես պետական բարեփոխիչ իսկապես հսկայական առաջադեմ դեր է կատարել՝ մնալով իր դասի՝ կալվածատերերի և նոր ձևավորվող վաճառական խավի ներկայացուցիչը, մենք գտնում ենք ոչ միայն պատմական աշխատություններում, այլև բազմաթիվ հոդվածներում, աշխատություններում, գեղարվեստական ստեղծագործություններում և կինոսցենարներում։ ․․․

Օրինակ, վերջերս դուրս եկավ  հայ ռեժիսոր Բեկ-Նազարովի «Դավիթ Բեկ» ֆիլմը, որը բավականին դրական գնահատական գտավ մամուլում։ Բայց գրախոսություններում Պետրոս Առաջինը բնորոշվում է  գրեթե նույն բառերով, ինչ մենք գրում ենք միայն Լենինի մասին. «Ստրկացած Հայաստանի հայացքը ուղղված է դեպի հզոր հարևան Ռուսաստանը, դեպի մեծ արքա-բարեփոխիչ Պետրոս Առաջինը։ Իսկ Պետրոսը անշահախնդիր և բարեկամական օգնության ձեռք է մեկնում հայ ժողովրդին»։ Նկատենք, որ ոչ Պետրոսի ձեռքը, ոչ էլ ռուսական սապոգը այդպես էլ  18 – րդ դարում Հայաստան չհասան։ Ակնհայտ է, որ հայ մտավորականությանը բավարարում էր Ռուսաստանի հետ միացման առաջադիմական դրույթը, իր ծայրահեղացված՝ «փրկչական» տարբերակով։

Աննա Պանկրատովան դիմեց Կենտրոնական կոմիտե՝ առաջարկելով հրավիրել երկրի առաջատար պատմաբանների ժողով՝ քննարկելու ԽՍՀՄ պատմության հարցերի լայն շրջանակ։ Նրա համառության արդյունքում այս հանդիպումը կայացավ։ Այն տեղի է ունեցել ընդհատումներով 1944 թվականի մայիս-հունիսին և հուլիսին (մայիսի 29, հունիսի 1, 5, 10 և հուլիսի 8)։

Այդ խորհրդակցության կարևորության մասին խոսում է այն, որ նրա աշխատանքին մասնակցել են խորհրդային նշանավոր պատմաբաններ՝ Կ.Ս.Բուշուևը, Ա.Մ.Պանկրատովան, Մ.Վ.Նեչկինան, Ս.Վ.Բախրուշինը, Ի.Ի.Մինցը, Բ.Դ.Գրեկովը և ուրիշներ։ Նիստը նախագահում էր կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ա.Ս.Շչերբակովը։ Դրա աշխատանքին էպիզոդիկ մասնակցություն են ունեցել նաև Ա.Ա.Ժդանովը, Գ.Մ.Մալենկովը։ Թեև հանդիպմանը ծագած քննարկման արտաքին պատճառը «Ղազախական ԽՍՀ պատմությունն» էր, այն անդրադարձավ ԽՍՀՄ պատմության տարբեր հարցերին, այդ թվում՝ ցարիզմի գաղութային քաղաքականությանը։ 

Պատմաբանների և Ագիտպրոպի այս համատեղ խորհրդակցությունը երկար ժամանակ ներառված էր Կենտկոմի փակ միջոցառումների կատեգորիայի մեջ։ Պարբերական մամուլում նրա մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Նրա նյութերը հրապարակվեցին միայն «գլասնոստի» տարիներին, 80-90 ական թթ։ Հանդիպման նշանակությունն այն է, որ վերջնականապես որոշեց խորհրդային պատմաբանների կողմից նախահեղափոխական պատմական գիտության ժառանգության յուրացման սահմանները։ Այդ սահմանները Հայաստանի համար նշել ենք Լեոյին նվիրված մեր հոդվածում։

Պատմական գիտության պառակտումը նշանակում էր, որ հնարավոր դարձան երկու դիրքորոշումներ, որոնք մրցում էին միմյանց հետ, թե որն է պատմության շարժիչ ուժը՝ կա՛մ դասակարգային պայքար, կա՛մ (ռուսական) ազգային շահ։ Անջատումն այնքան նշանակալից էր, որ ոչ միայն Ա․ Պանկրատովան, այլև նրա հակառակորդները լիովին գիտակցում էին, որ վեճը վերաբերում էր հենց Ռուսաստանի պատմության մեջ նրա ազգային շահի ճանաչմանը, այն մասնավորապես հակադրելով գաղութացված ժողովուրդների  ազգային ազատագրական պայքարին իբրև  դասակարգային պայքարի ձև։

Please follow and like us: