Ծնունդիս հաջորդ օրը մեզ զանգեց Գայանեն՝ ընթերցման եզրափակիչ մասում մեր հայրենասիրական իներտությունից բորբոքված ու մեր հանդիպումը Եղեռնի մասին աշխահին պատմելու առիթի վերածած աղջիկը։ Նա ասաց, որ ուզում է մեզ ծանոթացնել իր այն ընկերների հետ, որոնք չէին եղել մեր ընթերցմանը։ Գունդայի առաջնորդությամբ տեղական հայկական համայնքի նմուշների հետ հանդիպման ծանր տպավորությունը դեռ չհաղթահարած՝ մենք առանձնակի ոգեւորություն չդրսեւորեցինք այդ հանդիպման հեռանկարից, բայց համաձայնվեցինք՝ ավելի շատ, որովհետեւ առանձնապես անելիք չունեինք, նաեւ համեմատաբար լավ տրամադրությամբ էինք արթնացել։
Մեր լավ տրամադրության պատճառը պարզ ու հստակ էր․ այն, ինչ չէին կարողացել անել Գրացի տնտեսական խանութներում վաճառվող միջատասպան թույները, արել էր Վերդին․ լվերը ծանր նոկդաունի էին ենթարկվել։ Դա առիթ էր, որ մենք մեզ լիարժեք երջանիկ զգանք, բայց այդ լիարժեքությանը խանգարում էր հոգում ծվարած կասկածը, որ նրանց այս հանգստությունը ժամանակավոր է՝ պայմանավորված կենտրոնական նյարդային համակագի վրա դասական երաժշտության ազդեցությամբ, որին որոշակիորեն ենթարկվել էինք նաեւ մենք։
Ամեն դեպքում մի քանի հայ ուսնողի հետ հանդիպմանը գնացինք ավելի թեթեւ սրտով ու նվազ բզկտված մարմնով, քան հայ «հալածյալ» «վտարանդիների» հետ հանդիպմանն էինք գնում։ Ի ուրախություն մեզ Գայանեն հանդիպումը կազմակերպել էր ոչ թե հայկական համայնքին պատկանող ինչ-որ շենքում, որտեղ հայկական պար ու Մարաշի ասեղնագործություն էին սովորեցնում, այլ Գրացի մի սովորական, ժամանակակից հարդարանքով սրճարանում։
Երեք աղջիկ էին՝ Գայանեն, Անուշը եւ Մարինան, եւ մենք սպասում էին չորրորդ ուսանողին՝ Լեւոնին, որն ուշանում էր։ Ակնհայտ էր, որ Գայանեն օտար, ամայի ճանապարհներին հայկականության պահպանման ակտիվիստ է եւ նմանատիպ հավաքների մերանը։ Ի տարբերություն Գունդայի, որին հոգեկան բավարարում էր պարգեւում իրենց երկրներում հալածված ու այդ երկրներից փախած մարդկանց հոգեկան տառապանքները մեղմելն ու ավստրիական հասարակությանը անցավ ինտեգրելը, Գայանեն կարելի է ասել հակառակն էր անում՝ նա թույլ չէր տալիս, որ ուսման, աշխատանքի, փառքի հետեւից Եվրոպա հասած հայկական սերմը մոռանա իր ով լինելը, աշխարհին Հայաստանի մասին պատմելու առաքելությունը եւ հեռուներից Հայաստանին օժանդակելու պարտքը։ Ավստրիական Գրաց քաղաքի համալսարանում երաժշտություն ուսանելու առաջին իսկ ամիսներին նա համախմբել էր տեղի հայ եւ օտարազգի ուսանողներին եւ ստեղծել կամերային քառյակ։ Քառյակին նա տվել էր «Միրզոյան քառյակ» անվանումը՝ այդպիսով միանգամից երկու նապաստակ խփելով՝ թե տուրք հարգանքի տալով հայ անվանի կոմպոզիտորին, թե քառյակը, որի առաջնորդն էր անխոս, անվանակոչելով իր ազգանվամբ։ Նա պատմում էր, որ դա հատկապես հետաքրքիր ու զվարճալի է այն հանգամանքի բերումով, որ ինքը ալտ է, իսկ ալտերը երաժշտական աշխարհում հաճախ կատակների տեղիք են տալիս, կարծես շատ լուրջ չեն ընկալվում հատկապես քառյակի կազմում։ Բայց Գայանե Միրզոյանը, փաստորեն, ինչ-որ առումով կոտրել էր այդ կածրատիպը։ Բայց բացի մեծ կազմակերպչական ունակություններից Գայանեն ուներ նաեւ մարկետոլոգի տաղանդ։ Նա կարողացել էր իր «ապրանքը» վաճառել Գրացի քաղաքապետարանի վրա։ Վաճառքը փողով չէր եղել, նա առաջարկել էր քաղաքապետարանին անվճար ելույթ ունենալ պաշտոնական ընդունելություններին եւ քաղաքապետարանի այլ միջոցառումներին, ինչին քաղաքապետրանաը համաձայնել էր, եւ ամեն այդ դեպքը Գայանեն օգտագործե էր Կոմիտասի եւ հայկական մյուս երգահանների երաժշտությունը հանրահռչակելու, Հայաստանից եւ Մեծ Եղեռնից խոսելու առիթի։ Կարճ ժամանակում Միրզոյան քառյակը դարձել էր Գրացի այցեքարտի պես մի բան։ Բայց այն նաեւ նպաստել էր քառյակի կազմում ներառված երաժիշտների մասնագիտական ու կարիերայի աճին։ Կարճ ժամանակ անց Գայանեն սկսել էր ապրել երաժշտի կյանքով՝ ինչպես ինքն էր ասում՝ քնում էր մի երկրում, արթնանում մեկ այլ երկրում։ Իր աշխատած գումարներով նա հոգում էր ոչ միայն իր կացության ծախսերը, այլեւ պարտադիր խնայողություններ էր անում։ Խնայողությունների մի մասը հավանաբար ուղարկում էր ընտանիքին, նա այդ մասին մեզ բան չասաց, բայց փոխարենը պատմեց, որ այդ խնայողություններով հոգում է իր երաժտական դպրոցում գործիքների պակասը լրացնելու հոգսը։ Որոշ գործիքներ նա պարզապես ուղարկում էր Եվրոպայից, որոշ գործիքների ձեռքբերման համար պարզապես փողն էր ուղարկում։ Նա մտմտում էր հիմնադրամի պես մի բան ստեղծել Հայաստանի նաեւ այլ երաշտական դպրոցներին օգնություն հասցնելու համար։ Գայանեն համարում էր, որ ինքը պարտք է իր երաժշտական դպրոցին, որն իր համար այսպիսի հնարավորություններ է բացել, եւ ընդհանրապես Հայաստանին, որտեղ ծնվել է, ու որտեղ անցել է իր մանկությունը։ Գայանեն շշմելու դրական մարդ էր, իր հայրենասիրության մեջ անկեղծ ու զուլալ, եւ այն, ինչ մեզ սկզբում սովորական հայկական պաթոս էր թվացել, որ սովորաբար հայրենիից դուրս ապրող հայրենասերների երեսպաշտության հետ համընթաց է քայլում, հիմա բացահայտվում էր մեզ իբրեւ գաղափարականություն, սկզբունքայնություն, իրական, անկեղծ նվիրում եւ գործնական հայրենասիրություն։
Մյուսը Անուշ Ափոյանն էր, որ հասել էր Գրաց որպես ջազային երաժիշտ կարիերան շարունակելու համար։ Անուշն այդ այլն անելու համար անձնական ու ընտանեկան խոչընդոտներ էր հաղթահարել, մասնավորապես մայրիկից բաժանվելլու՝ սկզբում անտանելի թվացող ծանրությունը։ Անուշը պատմում էր այն հարենասիրության մասին, որ ունեցել է Հայաստանում ապրելու տարիներին, պատմում էր, թե որքան անհնարին էր թվում նրան կյանը Հայաստանից դուրս, եւ թե որքան անարեւ, տխուր ու տհաճ թվացին նրան թե Վիեննան, թե Գրացը, եւ ընդհանրապես Ավստրիայի բնությունը Հայաստանի բնության շքեղության կողքին, պատմում էր կատաղի թրքատյացության մասին, որով դաստիարակվլ է, եւ թե ինչպես էր Գրացը, իսկ ավելի ճիշտ՝ թուրք ուսանողի հետ կենցաղը կիսելու անխուսափելիությունը ստիպել նրան քիչ-քիչ հաղթահարել թրքաֆոբիան։ «Սկզբում մտածում էի, որ նա պարզապես կարող է ինձ քնած ժամանակ սպանել»,- ասում էր Անուշը՝ մեզ ծիծաղ պարգեւելով։ Անուշն օրգանապես այնքան ջազային էր, իր մի թեթեւ տղայական խոսվաածքով, կյանքի խոհափիլիսոփայությամբ, իր բուռն զգացմունքայնությամբ։ Ջիգյարով աղջիկ՝ ասում էինք հետո նրա մասին նրան քննարկելիս։
Երրորդը Մարինան էր, որ քիչ էր խոսում եւ խոսելիս տպավորություն էր, որ հայերեն շատ լավ չգիտի կամ հասցրել է մոռանալ։ Մարինան ջութակահար էր, որ վունդերկինդ էր եղել։ Նրան տասը թե տասնմեկ տաեկանում նկատել էին ու կանչել Մեծ Բրիտանիա, որտեղ նա սովորելու համար նաեւ մեծ թաշակ էր ստացել՝ այնպիսի թոշակ, որով ցուրտումութ տարիների Հայաստանում այդ թվերին կարող էին մի քանի ընտանիք բավականին բարեկեցիկ կյանքով ապրել։ Այդ օրերից Մարինայի կյանքը կանխորոշված էր ու ընթանում էր վեր՝ սահուն ու հիմնավոր կերպով։ Հետագայում նրան քննարկելիս մենք եկանք նաեւ այսպիսի տեսակետի, որ Մարինան ոչ թե մոռացել էր հայերենը, այլ որ նրա ընդգծված ու զարգացած երաժշտականությունը նրա ու խոսքի միջեւ պատ էր շարել։ Իհարկե, նա էլ, ինչպես եւ Գայանեն ու Անուշը գիտեր մի քանի ըտար լեզու։ Բայց չնայած դրան՝ ես վստահ էի, որ նա բոլոր այդ լեզուներով էլ առանձնապես լավ չի խոսում, մտքերը եւ բառերը, որ պիտի արտահայտեին այդ մտքերը, նրա ուղեղում փոխարինված էին վերացական հնչյուններով։ Նա ասես այլ աշխարհում էր ապրում, թեպետ միանում էր մեր աշխարհում քննարկվո թեմաներին՝ հայրենասիրության, Եղեռնի, թրքատյացության եւ այլն, բայց այդ ամենն անում էր ասես քաղաքավարությունից դրդված։
Վերջապես եկավ նաեւ Լեւոնը։ Նա մի նյարդային ու զգայուն երիտասարդ էր, որը թեպետ կես տարի էր, ինչ ապրում էր Գրացում, բայց արդեն հասցրել էր հոգնել Գայանեի կազմակերպչական գործւնեությունից ու հայրենասիրական եռանդից։ Նա բոլորովին ուրախ չէր մեզ տեսնելու առիթի համար եւ կասկածանքով էր նայում մեզ, ինչպես պիցայանոցի հայկական համայնքի անդամները։ Երեկում էր, որ հաճույքով կխզեր կապերը հայ ուսանողների հետ, կջնջեր իր կյանքից Հայաստանը հիշեցնող ամեն բան, բայց Գայանեն նրան պարզապես դա թույլ չէր տալիս։ Երբ փոքր- ինչ վստահություն ներշնչեցինք նրան, նա սկսեց պատմել, թե ինչպես է սովորել կոնսերվատորիայում, թե ինչպես են փորձել իրեն բանակ տանել, թե ինչ խնդիրների է առնչվել թաղում, ինչպես է ծաղրի ու հալածանքի ենթարկվել որպես մեկը, որ տարբեր է իրենցից։ Նա կիսատ էր թողել կոնսերվատորիան ու փախել Եվրոպա՝ առաջին իսկ հնարավորության դեպքում։ «Ես հիմա գիշերերը փողոց եմ ավլում, որ կարողանամ ապրել, բայց մեկ ա՝ նույնիսկ Երեւանի կոսնում դասախոսի աշխատանքը չէի փոխի սրա հետ»։ Գայանեն հարցրեց՝ Հայաստանում երբեւէ փողոց կավլե՞ր։ «Ոչ, իհարկե,- ասաց Լեւոնը,- չէի ավլի, որովհետեւ դա կնշանակեր, որ ես հայտնվել եմ կյանքի ամենացածրում, իսկ այստեղ դա ոչինչ չի նշանակում»։ Լեւոնը զզված էր Հայաստանից, թվում էր՝ ատում է Հայաստանն ու հայերին, բայց ի՞նչն էր զարմանալի, որ Գայանեն ոչ մի կռիվ չուներ նրա հետ, նրան վերաբերվում էր վերապահումով, մայրական հոգատարւթյամբ, որպես մոլոված գառնուկի՝ խորիմաստ ժպտալով, ասես մտքում անընդհատ ասեր՝ ո՞ւր ես փախչելու, տեսել ենք մենք քեզնից բեթարներին, վերջ-առաջ Հայաստանի կարոտը կզարթնի քո մեջ, կտապալի քեզ, մեզնից էլ հայրենասեր ես դառնալու։
Չեմ կարող ասել, թե մեր այդ հանդիպման հատկապես որ պահից ես զգացի, որ լվերը կարծես սկսեցին զարթնել այն անէության թմբիրից, որի մեջ հայտնվել էին Վերդիի երաժշտության հնչյունների զգլխիչ ազդեցության տակ։ Կասկածներ ունեմ, որ դա տեղի ունեցավ Լեւոնի՝ մեզ միանալուց հետո, թեպետ հասկանում եմ, որ այս միտքը ընդհանրապես կասկածի տակ դնում նրանց գոյությունը հետին թվով՝ այդ անտեսանելի ու անըմբռնելի արարածներին դարձնելով ազգային հատկանիշով մեր չգիտակցված բարդույթների արտահայտիչն ու խորհրդանիշը։ Մինչդեռ հետքերը, որ նրանք թողնում էին մեր մարմնին, իրական էին, եւ նման մեկնաբանությունը նսեմացնում է մեր տառապանքները, որ տարիներ առաջ ունեցանք օտար, ամայի այդ ճանապարհներին։
Ինչպես կարելի է կռահել, լվերի աշխուժացումը ես զգացի ոչ միայնակ։ Համբարձումի դեմքը փոխվեց, անհանգստություն հայտնվեց նրա դեմքին, եւ քանի որ հայ ուսանողների հանդիպման մեր օրակարգը քիչ-քիչ սպառվեց, մենք հրաժեշտ տվեցինք նրանց ու ուղեւորվեցինք Խշոսբերգի մեր բնակարանը։ Ճանապարհին արագ տեղեկացնելով իրար մեր ընթերցմանը զւգահեռ ընթացող լվերի պատմության սյուժետային գծում նոր շջադարձի մասին մենք որոշեցինք տուն հասնելուն պես զանգել Գայանեին ու պատմել նրան մեզ պատուհասած արհավիրքի մասին։ Սակայն դա, իհարկե, չարեցինք եւ միայն քննարկեինք, թե ոքան հաճախ էին նրանք քորում իրենց դեմքը, ձեռքերը, ականջները։ Եվ ընդհանրապես, ամբողջ Գրացը անդադար քորում էր իրեն, եւ միայն մենք էինք, որ տանջվում էինք քորից ու ձիգ բռունցքի մեջ սեղմում էինք մեր մատերը՝ մեզ քորելու անզուսպ ցանկությանը չմատնվելու ու մեզ չմատնելու համար։