(հույժ գաղտնի)
Ահազանգը
Լուրը, թե աշխարհի ամենակարևոր գիրքը կեղծիք է, տարածվեց կայծակնային արագությամբ։ Աստված մարդուն ու կենդանիներին վեցերորդ օրը գրեթե միաժամանակ ստեղծելով, երբեք չի ասել, թե մարդը պետք է իշխի բոլորի վրա, բոլոր նրանց, ով թռչում է երկնքում, լողում ծովում կամ ուղղակի ցամաքի վրա քարշ գալիս։ Պարզապես առաջինը մարդն է գլխի ընկել, որ այդ պատմությունը կարելի է գրքին հանձնել, հետևաբար հասկանալի է և միանգամայն բնական, որ իր դերը մի փոքր չափազանցրել է ու, ինչ-ինչ սրբագրումներ անելով, առաջ մղել ինքն իրեն։ Հետագայում նրա սերունդները լիուլի օգտվել են այդ անփույթ չարամտությունից կամ թե կուզեք գոռոզամտության կողմնակի ազդեցությունից ու աշխարհի բոլոր շնչավոր էակներին համոզել, թե աստվածային նախախնամությամբ մարդը պիտի իշխի աշխարհում, իբր սևով սպիտակի վրա պարզորոշ գրված է։ Միամիտ ու մոլորյալ շնչավորներն էլ գլուխները կախ հնազանդվել են ու արդյունքում իրենց պատվավոր տեղը գրավել նրա ստեղծած կենդանաբանական այգիներում, մասնավոր վանդակներում կամ արգելանոցներում՝ համբերատար սպասելով, թե երբ կբարեհաճի մի կտոր ոսկոր շպրտել։ Իսկ առավել բարի տեսակները, իրենց գոյությամբ սպասարկել են մարդկության ահռելի ստամոքսի կարիքները։ Երեսպաշտությունը նույնիսկ այնտեղ է հասել, որ մարդը կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպություններ է ստեղծել, Կարմիր գրքեր կազմել՝ իբր նրանց պաշտպանելու, իսկ իրականում` զգոնությունը բթացնելու նպատակով։ Հետն էլ աշխարհի բոլոր եզերքներում ծաղկել է մի այնպիսի եղկելի երևույթ, որ որսորդություն է կոչվում։ Այսինքն, առանց նույնիսկ քաղցած լինելու, հենց այնպես, զուտ զվարճանքի համար սպանում են մեր եղբայրներին ու քույրերին։ Իհարկե ասել, թե բոլորը միանվագ հավատացել են գրքի պատգամին ու հնազանդվել, ճիշտ չի լինի, և ընդվզողներ են եղել, և կասկածողներ, սակայն ապացուցել, թե մարդու առաջնորդության տեսությունը սուտ է, չեն կարողացել, հետևաբար համատարած վստահության չեն արժանացել կենդանական աշխարհում, կամ մի կողմ են քաշվել ավելի լավ ժամանակների սպասումով, կամ փորձել են անհատական վրեժխնդրության դիմել ու դաժանորեն պատժվել են։ Այս անգամ, սակայն, լուրը հենց այնպես չի տարածվել, կենդանական աշխարհի մի շարք իմաստուն անդամներ կարողացել են ապացուցել, որ ամենակարևոր գրքի ստեղծման պահին արդեն իսկ աշխարհի տարբեր անկյուններում մարդու հետ հաշտ ու համերաշխ ապրել և բարգավաճել են իրենց ցեղակիցները, և միայն գիրքը գրելուց հետո են աշխարհում սկսել բուն դնել խտրականությունն ու անարդարությունը։
Այնպես որ ծառից ծառ, ճյուղից ճյուղ, ոռնոցից ոռնոց, կռինչից կռինչ և բնության ու ձայնի զարմանազան ելևէջներ անցնելով, լուրը թևաբախեց մեր մոլորակի անդաստաններում ու վայրէջք կատարեց ոչ թե մի հասարակ անտառում, այլ ամենակարևոր մայրաստանում, ուր մարդու ոտքն առավել քիչ է դիպել, ուր հավաքվել են կենդանական աշխարհի ազդեցիկ առանձնյակները, ու սկսեց իր սև գործը։ Լուրը այնքան փոթորկահույզ ընթացք ստացավ, որ ամենուր կասկածի քամի փչեց ու գնաց խտտեց Բինգոյի թմբկաթաղանթը, նա էլ տագնապահար որոշեց այցի գնալ Թավաբաշին։
– Լուրը կեղծ է եղել,- ահազանգեց Բինգոն առանց սեթևեթանքի,- գիրքը ոնց ուզել, գրել են ու հանգիստ իշխել։
– Իսկ ո՞վ ասաց, թե մարդն է իշխում,- հարցրեց Թավաբաշը ի պատասխան դժգոհության։
– Իրենք են ասում, բացի այդ, միակ կենդանիներն են, որ այլ կենդանիների պահում են վանդակի մեջ, նման խայտառակ բան ուրիշ տեղ չես տեսնի,-լուսավորեց Բինգոն։
– Դե, դա իրենց է գուցե թվում,-ուսերը թոթվեց Թավաբաշը։
– Մենք և շատ ենք նրանցից, և ուժեղ, սթափվելու ժամանակն է,-հուշեց Բինգոն։
– Օրինակ մրջյուններն ավելի շատ են, ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, ավելի քիչ կոտորվում, և որ ամենակարևորն է՝ մեկը մեկին համարյա չեն սպանում,- շարունակեց հանդիմանել Թավաբաշը,- ո՞վ ասաց, որ նրանք ավելի պակաս են իշխում։
– Բայց մարդը կարող է տրորել մրջյունին, թե ուզենա,- զարմացավ Բինգոն։
– Դե, իրենք իրենց ավելի շատ են տրորում, հետո ի՞նչ։ Թռչունները, միջատները, տարատեսակ սողունները հաշվից դուրս են, նրանց համար մարդ թե կենդանի նույն հաշիվն է։ Այլ է կաթնասունների բանը, որոնք, չհաշված մի քանիսի, որոնց հաջողվել է ստրակացնել կամ իրենց բառով ասած՝ իբր ընտելացնել, բոլորն էլ դժգոհ են,-բացատրեց Բինգոն,- քանի ուշ չէ՝ պիտի փրկության շարժում սկսել։
Որպեսզի ավելի պարզ դառնա հարցի էությունը՝ ասեմ, որ Բինգոն անտառի ամենաըմբոստ կապիկն էր՝ շիմպանզեների ազնվական ցեղատեսակի կարկառուն ժառանգորդ, Թավաբաշն էլ՝ ամենահայտնի առյուծը՝ կատվազգիների գիշատիչ տոհմի առաջնորդը, որ Մայրաստանում լուրջ հեղինակություն ուներ։ Եվ որպեսզի ոչ մի մութ բան չմնա, ասեմ նաև, որ այս աշխարհում միայն կաթնասուններն են միմյանց լեզու հասկանում, իսկ թռչունները, ձկներն ու միջատները կարծես այլ մոլորակից լինեն, հետևաբար աղոտ հույս փայփայել, թե նրանց խոսք կհասկացնես, այնքան էլ իրատեսական չէ։ Օրինակ մոծակը, որ միլիոնավոր զոհերի պատճառ է դառնում մարդկանց շրջանում, գաղափար էլ չունի իր գործած սխրանքի մասին, իր բաժին արյունն է ծծում ու ճողոպրում, իսկ եթե ահա կաթնասուն լիներ, իրավամբ կարժանանար ազգային հերոսի կոչման Մայրաստանի օրենքի տառին ու ոգուն համահունչ։
Խորհրդավոր այցը
Քիչ մնաց մոռանայի խոստովանել, որ ես էլ Հեղաշրջման գրքի համեստ հեղինակն եմ, մի շարքային շնագայլ Մուխի անունով, որ ծանոթի միջոցով վերջերս հաջողացրել եմ որպես գրագիր խցկվել աշխատանքի Թավաբաշի գրասենյակում։ Այնպես որ եթե ուղղագրական կամ կետադրական սխալների հանդիպեք, խնդրում եմ չքարկոծել, առանց այն էլ երկու կողմից էլ քարկոծում են, շները՝ մի քիչ գայլի, գալերն էլ՝ մի քիչ շան նման լինելու համար։
– Մուխի, տեղը տեղին սղագրի Բինգոյի ասածները, որ շաբաթօրյա ժողովի ժամանակ քննարկենք,-այդ ճակատագրական օրը ինձ հանձնարարեց Թավաբաշը։
– Ճիշտ այդպես, պարոն առյուծապետ,-համաձայնեցի ես։
Ով չգիտի, ասեմ, որ ամեն շաբաթ Մայրաստանում ժողով է լինում, և ժողովը նախագահում է Թավաբաշը։ Իհարկե, լինում են չարախոսողներ՝ բողոքելով, թե նույնիսկ այդ ներընտանեկան հարցը որոշել է մարդը, իր քմահաճույքին հագուրդ տալու համար։ Չգիտես ինչու, հավանաբար բաշի գեղեցկությանը խաբված, եզրակացրել է թե կենդանիների թագավորը առյուծն է ու այնքան այստեղ-այնտեղ կրկնել, որ Թավաբաշը, ընդամենը մի շարքային առյուծապետ լինելով, ինքն իրեն ներշնչել է, թե բոլորի արքան է։ Իհարկե, հաշվի առնելով կենդանիների հնազանդ բնավորությունը, անախորժություններից խուսափելու համար հիմնականում համակերպվել են կամ ձևացրել, թե ընդունում են նրա առաջնորդությունը։ Բայց մինչ ժողովի սղագրությանն անցնելը, պատմեմ մի խորհրդավոր այցի մասին, որ պատահեց ուրբաթ օրը, հենց հավաքույթի նախօրեին․ անակնկալ հայտնվեց Զորրոն՝ աղվեսազգիների ամենաաղվես ժառանգը․
– Եկել եմ մի բան զգուշացնելու,-ասաց նա։
– Պատմիր՝ տեսնենք,-կարճ կապեց Թավաբաշը։
– Բինգոն սիրահարված է, պատկերացնում եք, գիշեր-ցերեկ չի քնում և միայն Բանանայի մասին է մտածում։
– Իսկ ո՞վ է այդ դժբախտը,- հարցրեց Թավաբաշը։
– Մայրաստանի ամենախարտյաշ կապկուհին՝ շիմպանզեների տոհմից, ճտպտան խոպոպիկներով,-տեղեկացրեց Զորրոն։
– Պահո, լուրջ մեղադրանք ես ներկայացնում, Զորրո, իսկ ապացույցներ կա՞ն,-հարցրեց առյուծապետը։
– Ամեն օր բանան է տանում նրան, և պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ կլպում է, նոր մատուցում, որ մադմուազելը շատ չչարչարվի։ Մի խոսքով, ուզում եմ ասել, որ ինչ նախաձեռնություն էլ առաջարկի, պետք է հաշվի առնել, որ անում է պարզապես Բանանայի աչքին հերոսանալու փորացավից, այլ ոչ թե ուղնուծուծում նստած համոզմունքներից դրդված։ Մտածեցի զգուշացնեմ։
– Ապրես, Զորրո, միշտ այդպես աչալուրջ, երեկոյան ընթրիքին մի խլահավ կուղարկեմ,- հորանջելով աղվեսի ուսին թփթփացրեց Թավաբաշը,- իսկ հիմա գնամ մի փոքր ննջեմ (առյուծները երբեք չեն քնում` ննջում են)։
Զորրոյի հեռանալուց հետո էլ քթի տակ մրթմրթաց․ «Պատկերացնու՞մ ես, պատկերացնում ես…դե գնա․․․»։
Մինչ Թավաբաշը ննջում է, մի քիչ բացատրական աշխատանք տանեմ։ Ով չգիտի, կամ ով գլխի չընկավ, ասեմ, որ սիրահարվելը Մայրաստանում համարվում էր աղանդ և լուրջ հանցագործություն։ Կենդանական աշխարհում տարբեր սեռերի հարաբերությունները զուտ վերարտադրողական գործառույթ ունեին, մինչդեռ սիրահարվելն իր հետ բերում էր կողմնակի բարդություններ և խաթարում ընդհանուր ներդաշնակությունն ու ներկենդանական անդորրը։ Եթե ապացուցվում էր, որ մեկը սիրահարվել է, այսինքն տուրք է տվել մարդուն ներհատուկ սովորության գայթակղությանը, նրան արտաքսում էին Մայրաստանի ծայրամասերը, որտեղ հեշտորեն դառնում էր կամ որսորդների թիրախ կամ, թե բախտը բերում էր, բռնում ուղարկում էին քաղաքային գազանանոցներ։ Այս հազվադեպ հերձվածողները պիտի որ նկատի առնեին այդ հանգամանքը, բայց երբեմն անհավատալիորեն պարզվում էր, որ սերն ավելի ուժեղ զգացմունք է, քան Մայրաստանի լուսավոր ապագայի հանդեպ կույր հավատը։
Մարդու իշխանության գաղտնիքը
Շաբաթ օրը Մայրաստանի վրա կբացվեր սովորական շաբաթ օրերի նման, եթե մեկը չկանխագուշակեր, թե աստղերի ու մոլորակների նման բարենպաստ դասավորություն հազար տարին մեկ է լինում ու առիթ տար Թավաբաշին ժողովի բացման հետ անելու ավետաբեր հայտարարությունը․
– Այսօր կայացրած որոշումները ճակատագրական են լինելու աշխարհի ապագայի համար, Մուխի, ամեն ինչ գրի առ, սերունդների համար։
– Ճիշտ այդպես, պարոն առյուծապետ։
– Հարցի էությունը ներկայացնելու համար խոսքը տալիս ենք Բինգոյին։ Բարձրացիր գլխավոր հողաթմբի վրա,-դղրդացրեց Թավաբաշը։
Բինգոյին էլ ինչ էր պետք, մի բարձր հողաթումբ, խառնիճաղանջ լսարան ու ամենակարևորը՝ աչքի պոչով նայելու հեռահարության վրա խունջիկ-մունջիկ եկող մի խարտյաշ կապկուհի՝ Բանանա անունով։ Մնում էր միայն մաքրել կոկորդը ու սկսել հարցի էության ներկայացումը։
– Եվ այսպես՝ ամենակարևոր գիրքը կեղծված է, մարդն ինքն է գրել, թե Աստված որոշել է, որ բոլորի վրա ինքը պիտի իշխի, այնինչ նման բան չկա։ Արդարությունը պետք է անհապաղ վերականգնել, դանդաղ փոփոխությունները որևէ օգուտ չեն կարող տալ, փրկության միակ ճանապարհը հեղաշրջումն է։ Իսկ հիմա կներկայացնեմ օրակարգի երկու կարևոր հարցերը․ Մարդու իշխանության գաղտնիքը և Գործողությունների պլանը։
Օրակարգի առաջին կետի պարզաբանման համար հողաթումբ հրավիրվեց աղվեսազգիների ամենաաղվես ժառանջ Զորրոն, քանզի որոշվեց, թե նրա ցեղակիցներն են մարդուն ամենամոտը ապրում և քիթը գրեթե նրանց տան մեջ խոթած լինելով ամենալավը գիտեն թե ուժեղ, թե թույլ կողմերը։ Զորրոն տեղում երկու հում ձու խմեց, գլուխ գովեց, թե մարդու ատամները վաղուց են հաշվել ու անցավ իր դիտարկումներին։ Քանի որ ելույթը շատ երկար ստացվեց և պարունակում էր բազմաթիվ աննշան մանրամասներ, կփորձեմ համառոտ նկարագրել հիմնական ասելիքը։ Ըստ Զորրոյի, մարդը առանձնապես ոչինչ չի անում, որ կենդանիները չեն կարող անել։ Զուտ ֆիզիկական իմաստով մարդը կարողանում է օգտագործել արհեստականորեն ստեղծված փոխադրամիջոցներ՝ ինքնաթիռ, ավտոմեքենա և գնացք, մեկ-մեկ էլ նավ, բայց թե ինչ է այդ անհարկի շտապողականությունը նրան տալիս, անհասկանալի է, միևնույն է՝ ժամանակը շարունակում է նույն արագությամբ հոսել։ Մարդը արհեստական հագուստ է կրում, որոշ մարմնամասեր թաքցնելու համար, մի բան, որ մինչև այսօր էլ անհասկանալի է մնում կենդանական աշխարհի համար, ամոթ են ասում, ինչ են ասում։ Եթե տաքանալու համար են անում, մենք էլ մորթի ունենք, այնպես որ այդ տարբերությունը էական չէ ուժերի հավասարակշռության տեսանկյունից։ Տարօրինակ մյուս բանը փոքր բներում ինքն իր ազատությունը սահմանափակելու արատավոր սովորությունն է։ Մի անհասկանալի բան էլ կա, մշակույթ են ասում, սակայն դա էլ իշխանության պահպանման համար էական գործոն չէ, մենք էլ մեր ձևով ենք երգում, գրում ու նկարում։ Ինչ վերաբերում է ամենավտանգավոր աղանդին՝ սիրահարվելու տարերքին, ապա այն գնահատում ենք որպես թուլություն, ինչքան շատ իրար սիրեն, ինչքան շատ գլուխները կորցնեն, այնքան ավելի լավ (Այս խոսքի վրա Բինգոն հայացքը շփոթահար փախցրեց)։ Աղվեսազգիների կատարած ուսումնասիրությունը այնուհանդերձ դերև է հանել երկու էական առավելություն, որ կարող են վճռական դեր ունենալ այս անհավասար պայքարում։ Առաջինը հումորի զգացողությունն է, որ մարդն ունի, իսկ մենք՝ ոչ, և օգտագործելով այդ առավելությունը կարողանում է այնպես անել, որ բոլորը կյանքի դժվարություններին հումորով նայեն և տրվեն համակերպության թմբիրին։ Որոշ մարդ գիտնականներ ասում են, թե հումորի զգացողությունը խելքի ցուցիչ է։ Եթե կարողանանք մարդուն զրկել հումորի զգացողությունից, արմատախիլ անել, հաշվի, որ երգը երգված է․ կարող ենք ներքաշել նրան մեր աշխարհի հորձանուտը, հավասարեցնել մեզ ու ձուլել կենդանական աշխարհի տարբեր ցեղախմբերում։ Երկրորդ կարևոր առավելությունը որ մարդուն ուժ է տալիս, ցուցամատն է։ Պատկերացրեք մարդը չկարողանար քաշել հրացանի ձգանը, կվերածվեր վտիտ մարմնով մի խղճուկ որսացուի, մի թեթև փչեինք՝ կթռներ Անտարկտիդա։ Այնպես որ, մեր բոլոր գործողությունները պետք է կենտրոնացնել երկու ուղղությամբ՝ զրկել մարդուն հումորի զգացողությունից և ցուցամատից, այսինքն ճնշել հոգեբանորեն և ֆիզիկապես, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։
Պիտի խոստովանեմ, որ Զորրոն այնքան լավ լուսաբանեց օրակարգի առաջին հարցը, որ սղագրումից պարզապես գեղագիտական հաճույք ստացա, այո, տաղանդը սարսափեցնում է։ Այնքան լավ ներկայացրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ոչ մի ելույթ չհնչեց ու Բինգոն ստիպված եղավ անցնել օրակարգի երկրորդ հարցին ու անձամբ ստանձնել նախօրոք մշակված և գլխավոր դերակատարների հետ համաձայնեցված Հեղաշրջման պլանը հնարավորինս պատկերավոր մատուցելու դժվարին առաքելությունը։
Հեղաշրջման պլանը․
Աչքի պոչով համոզվելով, որ Բանանան հետևում է իր ելույթին ու ամեն խոսքի վրա ծափ տալիս, Բինգոն մեծ ոգևորությամբ ու ներշնչանքով ներկայացրեց Հեղաշրջման պլանի նախագիծը։ Բանանայի ներկայությունից հուզված լինելով՝ իհարկե, որոշ անտեղի զեղումներ եղան, սակայն ես այս գրքում կսղագրեմ միայն ամենակարևոր, ինչպես մարդիկ են ասում՝ թիրախային մտքերը։
Հեղաշրջման պլանի համաձայն որպես նախապատրաստական վարժանքներ պետք է կազմակերպվեին կենդանիների հումորի զգացողության խթանման դասընթացներ՝ թշնամուն ավելի լավ ճանաչելու համար։ Հեղաշրջման գերագույն գլխավոր հրամանատար էր նշանակվում Թավաբաշը, գլխավոր շտաբի պետ՝ Բինգոն, իսկ մամուլի քարտուղար՝ ձեր խոնարհ ծառան։ Պլանի համաձայն ձևավորվելու էին երեք հիմնական զորախմբեր՝ հետախուզական, հոգեբանական պատերազմի և հարձակողական։ Քանի որ ամեն ինչ այս աշխարհում սկսվում է հետախուզությունից, սկզբում կփորձեմ նկարագրել այդ զորախմբի հիմնական խնդիրը։
Հետախուզական զորախումբը, որի հրամանատար նշանակվեց Զորրոն, իր ձեռքի տակ ունենալով իր ազգակիցներին ու ամեն վայրկյան նրանց ուղարկած թարմ տեղեկատվությունը, որպես լրակազմ կստանա երկարավիզ ընձուղտների աջակցությունը, որոնք վերևից կուսումնասիրեն թշնամական ուժերի տեղակայումն ու տեղաշարժը, օգնելով կանխել մարդու խորամանկ մտահղացումների իրագործումը։ Հետախուզության զորախմբի գործունեության մնացած մանրամասները հրապարակման ենթակա չեն։
Հոգեբանական պատերազմի զորախմբի գաղափարը կարելի է առանց վարանելու գնահատել որպես Բինգոյի հրամանատարական տաղանդի փայլատակման վառ օրինակ, որ անկասկած կմտնի ռազմարվեստի ձեռնարկներում։ Ըստ ստացված վիճակագրության, աշխարհի ամենամահացու կենդանին մարդու համար որքան էլ զարմանալի է խոտակեր գետաձին է (բնականաբար չհաշված մոծակներին), ում հեքիաթներում չգիտես ինչու միշտ բարի կերպարանքով են հրամցնում։ Եվ ահա պլանի համաձայն գետաձիների գումարտակը՝ առաջնորդ Ֆերգյուսոնի հրամանատարությամբ կողողի մարդաշատ գետափերը ու անդադար հորանջելով ահ ու սարսափ կտարածի մարդկանց շարքերում։ Հանուն արդարության պետք է նշել, որ մարդ կուլ տալը, թեկուզ պատահմամբ, համարվում էր անցանկալի և հեղաշրջման բուն նպատակին չծառայող շեղում, և Ֆերգյուսոնն էլ առանձնապես խանդավառություն ցույց չտվեց այդ առթիվ։ Հոգեբանական պատերազմի զորախմբի երկրորդ գումարտակի հրամանատար նշանակվեց Մուրադ անունով փիղը, որին վերջերս հայտնաբերել էին օվկիանոսում լողալիս, ափից քսան մղոն հեռացած։ Պատկերացնում եք, փղերը պարզվում է սուզանավի նման լողում են, իրենք սուզված ջրի մեջ, իսկ կնճիթը փրփրաշատ ալիքներից դուրս հանած հանգիստ շունչ քաշում։ Բինգոյի երևակայությունը սահմաններ չուներ։ Ըստ նրա, բացի սուզանավի նման լողալով ափ դուրս գալուց, ինչը մարդկանց մոտ խելահեղ խուճապ կառաջացնի, Մուրադի ջոկատը կարող է մեկ այլ ծառայություն էլ մատուցել։ Բանն այն է, որ դեռ անցյալում տեղի ունեցած մի ճակատամարտի դառնահամը, որտեղ հարբած փղերը կործանարար վնաս են հասցրել մարդկանց բանակին, մինչև այսօր էլ մնացել է նրանց քիմքին։ Հետևաբար հարբած փղերի որոշ խմբաքանակի գործուղումը մարդաբնակ շրջաններ կարող է շեշտակիորեն ընկճել մարդու մարտական ոգին։ Գինու մատակարարման հարցով պետք է զբաղվեր անձամբ Զորրոն։ Հոգեբանական պատերազմի զորախմբի խուճապի և ընկճախտի տարածման գործողությունների հետևանքով մարդը պետք է որ կորցնի իր հումորի զգացողությունը ու վերածվի անօգնական որսացուի։
Եթե հետախուզությունն ու հոգեբանական զորախմբերը հստակ գործեն, հարձակողական ուժերի խնդիրը էապես կհեշտանա։ Խուճապահար այսուայնկողմ փախչող մարդկանց առևանգելու և բերման ենթարկելու գործը կիրականացնեն կապիկների տասներկու ցեղախմբերը, որոնք կգործեն Բինգոյի ընդհանուր համակարգմամբ։ Նրանք նաև այլ խնդիր կիրականացնեն, անընդհատ պետք է քրքջան՝ մարդու մոտ տպավորություն ստեղծելով, թե կենդանիների մոտ վերջապես արթնացել է հումորի զգացողությունը։ Իսկ ամենասև գործը էլի բաժին կընկնի իմ ազգակից շնագայլերին, որ ստիպված կլինեն ութ միլիարդ մարդու ցուցամատ կծել և զրկել նրանց ձգանը քաշելու վճռորոշ առավելությունից։
Այսպիսով, գլխավոր մտահղացման համաձայն՝ երբ բոլոր մարդիկ զրկվեն ցուցամատից ու խելքից, իսկ կենդանիներն էլ ձեռք բերեն հումորի զգացողություն, աշխարհում կտիրի արդարությունը, ու ազնիվ և թափանցիկ ընտրությունների արդյունքում արքա կընտրվի մեր սիրելի Թավաբաշը, աշխարհի ամենաարդար առաջնորդը։
Հեղաշրջման պլանի նախագիծը ընդունվեց միաձայն, միայն Զորրոյի առաջարկով ավելացվեց մի կետ, որ նախատեսում էր այդ փխրուն ժամանակահատվածում հատուկ միջոցներ ձեռնարկել սիրահարության աղանդի տարածման դեմ, խստացնելով պատժաչափը։ Թավաբաշն էլ թելելով ասեղը, եզրափակեց․
– Ու ամենակարևորը, չլնեմ-չիմանամ մեկն ու մեկը Մայրաստանում համարձակվի սիրահարվել, ներում-բեկում չի լինի։ Իսկ հիմա գնացեք ննջելու, արևածագին իմ առաջին մռնչոցի հետ սկսում ենք հեղաշրջումը։
Հատուկ գործողությունը
Եթե այս ընթացքում զգոնությունը կորցրած ընթերցողը մի պահ սկսեց անկեղծորեն հավատալ հեղաշրջման հաջողությանը, աստղերի ու մոլորակների բարենպաստ դասավորությանը և այլ անհեթեթությունների, կամ իրոք հումորի զգացողություն չունի, կամ լավ չի ճանաչում Հեղաշրջման գրքի հեղինակին։ Կասկած չունեմ, որ խորամանկ ընթերցողը գլխի ընկավ ինչն ինչոց է։ Իրականում ես առաջին մարդն էի, ում հաջողվել էր յուրացնել կաթնասունների լեզուն, ու, ինչպես և սպասվում էր, բռնել էին ու ծպտված ուղարկել ծառայության կենդանական աշխարհի ամենախառնիճաղանջ երկրամասում, որպես Թավաբաշի գրագիր՝ շնագայլի ծածկի տակ, Մուխի մականունով։ Բախտս բերել է, որ դեռ կարդալ չեն սովորել ու, գել ու գազանի ականջը խուլ, կարողացա հանգիստ պատմել այն ամենը, ինչ տեսել և զգացել եմ Մայրաստանում ծավալված խժդժությունների ժամանակ։ Ամեն դեպքում, գիրքը կնշագրեմ հույժ գաղտնի, լսարանը սահմանափակելու և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար։
Որքան էլ ես սիրեմ իմ կենդանի բարեկամներին, հո չեմ կարող հրաժարվել առաջխաղացման փայլուն հեռանկարից։ Չէ մի չէ հեղաշրջում, թան էլ չէ, փրթած մածուն։ Դուք էլ հավատացիք, աշխարհի ամենակարևոր գիրքը ո՞նց կարող է կեղծիք լինել, էլ ո՞վ, եթե ոչ մարդը պիտի իշխի բոլորի վրա։ Բոլոր նրանց վրա, ով թռչում է օդում, լողում է ծովում կամ իր գոյությունն է քարշ տալիս ցամաքի վրա։ Որպես հատուկ գործակալ կարող եմ ասել, որ սա իմ աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտած ամենաարտասովոր գործն էր։ Հիմա, երբ այդ ստոր դավադրության բոլոր մանրամասներն ու դերակատարները մերկացված էին, խմբի վնասազերծումը զուտ տեխնիկայի հարց էր։ Աշխարհագրական կոորդինատների փոխանցում, և լուսաբացին, ինչպես և նախատեսված էր, Թավաբաշի առաջին մռնչոցի հետ բոլոր առաջնորդները ձերբակալված էին։ Իսկ եթե չկա գլուխ, չկա ղեկավար, մնացածը վերածվում են ոչխարների հոտի, ու ցանկացած ոտնձգություն ի բնե դատապարտված է ձախողման։ Միայն Զորրոն էր հասցնելու ծվծվալ, թե ինքն ախր ասում էր, որ մի բան այն չէ, բայց չլսեցին իր զգուշացումներն ու անտեսեցին այդ հրեշավոր աղանդի թաքնված ականները։ Մարդասիրական ինչ-որ օրենքի կիրառմամբ որոշվեց Կարմիր գրքում ներառված կենդանիների նկատմամբ կարճել քրեական գործը՝ սահմանափակվելով միմիայն նրանց առաջնորդներով։ Իմ առաջարկությամբ Մուրադ փղին որոշվեց թողնել պայմանական ազատազրկման մեջ, քանի որ ճանաչվեց անմեղսունակ, այսինքն փորձագետները եզրակացրին, որ լիարժեք չի գիտակցել իր արարքի ամբողջ վտանգավորությունը (ասեկոսեներ էին պտտվում, թե իրականում տեղափոխման և կերակրման հսկայական ծախսն ու հոգսն է պատճառ դարձել նման որոշման)։ Փորձագետները եզրակացրեցին նաև, որ ընձուղտների գործողություններն էլ լուրջ հանցակազմ չեն պարունակում, ընդամենը ինչ տեսնեին, պիտի պատմեին էլի, մեր օրերի համար սովորական մի բան։ Շնագայլերն էլ ինչպես միշտ պլստացին, դե գիտեք, ծառայության ընթացքում շատերի հետ մտերմացել էի, հաց ու ջուր կիսել։ Իմ միջնորդությամբ Թավաբաշը տեղավորվել է աշխարհի ամենալավ՝ Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգում և առոք փառոք իր ցմահ ազատազրկումն է վայելում այնտեղ։ Ի վերջո արքա է եղել, հո հենց այնպես չէինք նետելու ինչ-որ զարգացող երկրի փնթի ու կեղտոտ գազանանոց։ Մեկ-մեկ գործի բերումով այդ կողմերով անցնելիս այցելում եմ երբեմնի արքային և երանությամբ հիշում ենք հին, բարի ժամանակների անուշ ակնթարթները։ Բինգոն, Ֆերգյուսոնը, Զորրոն ավելի կարճ պատժաժամկետներ են ստացել, ասում են Զորրոն նույնիսկ երջանիկ է, ամեն օր խլահավ են հյուրասիրում, մեկ-մեկ էլ սանրում, անգամ չստուգված կասկածներ կան թե տրվել է աղանդին ու սիրահարվել հարևան վանդակի աղվեսուհուն։ Ֆերգյուսոնն էլ դժգոհ չի, մերթընդմերթ ստիպված է լինում ստից հորանջել այցելուներին զվարճացնելու համար, բայց իքներդ գիտեք՝ երկու երնեկ մի տեղ չի լինում։ Բինգոն մարդկային լեզվի դասընթացներ է վերցրել և անհավանական ջանքերի շնորհիվ մի տարվա մեջ արդեն հինգ բառ կարողանում է արտասանել՝ Աստված, Մարդ, Արև, Երկինք և Սեր։ Եթե բախտը բերի ու կարգուկանոնը չխախտի, վաղաժամ ազատ կարձակեն ու ծերությունը կանցկացնի Մայրաստանում։
Հա, քիչ էր մնում Բանանայի մասին մոռանայի, նրա անունը հիմա Մեյմունա է, ուրախ-զվարթ թռվռում է իմ տան պարտեզում և զբաղեցնում հյուրերին, ո՞վ չի սիրում ճտպտան խոպոպիկներ․․․
