Նարե Վարուժանի/Ձմերուկներ

Քուվեյթ, ճերմակ օրեր։  Ինքնաթիռը վայրէջք կատարեց, և օդն ակնթարթորեն լցվեց քուվեյթյան տապով։  Առաջին բանը, որ միտքս ընկալեց, այն էր, որ կյանքս արդեն ուրիշ է լինելու։  Այստեղ մարդկանց մտածմունքները տարբեր են իմից, տարբեր են հոգսերն ու ուրախությունները, շոգն ու խցանումները մարդկանց ագրեսիվ  չեն դարձնում այստեղ։ Կյանքն այստեղ  թե՛ քուվեյթցիների, թե՛ բնակություն հաստատած մյուս ազգերի համար ապահով է, կուշտ ու քիչ թե շատ  ճերմակ։ 

Մինչդեռ կան ազգեր, որոնք հեռվում թողեցին իրենց հայրենիքի խորը, սև փոսերը․․․  Ես հայ եմ․․․

– Ես էլ եմ  հայ,- հերթով պատասխանեցինք քուվեյթցի դասախոսին, որ մտավ լսարան ու սկսեց ծանոթանալ աշխարհի տասնյակ եկրներից սովորելու եկած ուսանողների հետ։ 

Հենց այդ պահն  էր, երբ առաջին անգամ թիկունքս լցվեց լկտի, նողկալի քմծիծաղով․ ադրբեջանցիցներ էին։ Յոթ տղա էին, մենք՝ յոթ աղջիկ։ Այ թե հետաքրքիր սկիզբ էր։

***

Օր երրորդ։ Ապրում ենք համալսարանական հանրակացարանում։ Մեր նոր կյանքը կազմված է արաբերենի դասերից, որոնց համար եկել ենք, հանրակացարանի  խոհանոցից, որը չենք սիրում, ու մեր տաք, աղջկական զրույցներից, որոնք չեն վերջանում։ Դե իսկ մեր լեքսիկոնի անբաժան բառն էր դարձել․․․ «ձմերուկ» բառը։ Չզարմանա՛ք, բանն այն է, որ մենք որոշեցինք այդպես դիմել «հրաշալի յոթնյակին»՝ ավելորդ բաներից խուսափելու համար։

– Տեսա՞ք՝ էն մի ձմերուկը ոնց թարս նայեց, երբ դասախոսն ասաց, որ եղել է Հայաստանում։

– Իսկ դուք տեսա՞ք՝ դրա կողքի հաստագլուխը քմծիծաղ տվեց, երբ դասախոսի հետ հայ գրողներից էինք խոսում։

– Ոչխա՛ր, թե ասա դուք ձևի համար մի հայտնի գրող ունե՞ք։

– Ձմերուկ էլ ասում ենք սրանց, ձմերուկն ափսոս ա։

Այսպես անցավ առաջին  շաբաթը։ Հետո կամաց-կամաց հանդարտվեցինք։ Հանրակացարանը դարձավ մեր տունը, խոհանոցը՝ մեր սիրած վայրը, ձմերուկները՝ մեր հումորի թեման։

***

Օր երևի տասներորդ, տասնհինգերորդ կամ քսաներորդ․․․ չգիտեմ երբ էր, բայց այդ օրը դասախոսը բոլորիս առաջարկում է պատմել մեր հայրենիքի որևէ նշանավոր վայրի մասին։

Մենք՝ յոթ աղջիկներս,  նստած ենք դասախոսի դիմաց, նրանք՝ յոթ ձմերուկները՝ մեր թիկունքում։

Փսփսում ենք իրար ականջի․

– Աղջիկնե՛ր, այ կտեսնեք, Արցախից են խոսելու։

– Եկե՛ք մենք խոսենք։

– Վատ ե՞ս, կռիվ կդառնա։

– Բա որ սրանք խոսե՞ն։

– Խոսելու են։

– Եկեք մենք ասենք, մեկ ա՝ մի մասը մերն ա։

– Հա էլի, կեսը մերն ա, ի՞նչ կարան անեն։

– Չէ՛, երեխեք, եկեք Արցախի անուն չտանք էլի, մեզ ավելորդ խնդիրներ պետք չեն։

– Բա որ իրանք տա՞ն։

– Դե ոչի՜նչ, երեխեք, թեթև՛ տարեք,- ասաց աղջիկներից մեկը։

Մռայլվեցի․ բայց չմեղադրեցի, չէ՛, հաստատ  չմեղադրեցի ընկերուհուս․ ես գիտեմ, որ նա էլ թեթև չէր տանում, ոչ մեկս էլ թեթև չենք  տանում,  որովհետև  թեթև չե՛նք դրել խորը, սև փոսերում․․․

– Արցախից են խոսելու,- վերջին անգամ քթիս տակ շշնջալով՝ պարտվեցի։

***

Մենք առաջինը սկսեցինք․ պատմեցինք վարդագույն մայրաքաղաքի ու նրա հազարամյակների պատմության մասին։ Ես մտովի հայտնվել էի Երևանիս տաքուկ գրկում ու զբոսնում էի Աբովյան փողոցի երկայնքով․ ինձ ողջունում էին աշնան տերևաթափ ծառերն ու մարդկանց  քաղցր ու անհագ հոսքը․ ի՜նչ սիրուն կլինի հիմա նոյեմբերի սիրտը մխրճված աշնանային Երևանը։ Բայց միտքս չհասցրեց վերջնական թմրել․ թիկունքից զազրելի քմծիծաղը չուշացավ։

Մեզնից հետո  «ձմերուկները» արհեստական էմոցիայով, կոտրտված արաբերենով ու իրար հերթ չտալով  մեջ ընկան․

– Ադրբեջանի պատմական յուրահատուկ մասն է մեր  հինավուրց բնօրրանը՝ Ղարաբաղը։ 

– Ղարաբաղն աչքի է ընկնում իր բարձր ու անհաս լեռներով։ 

– Ղարաբաղը Ադրբեջանի դարավոր պատմության վկան է։

– Մենք լցրել ենք այն մեր սուրբ  աղոթքներով ու մզկիթներով։ 

– Ղարաբաղի համար մարտնչել են մեր հայրենանվեր հերոսները և դարձել սուրբ նահատակ։ 

Թիկունքս սաստիկ կծկծվել էր․ և վերջնական խոցվեց այն ժամանակ, երբ․․․

– Ի դեպ, նոյեմբերի 8-ին մենք տոնում ենք Ղարաբաղի ազատագրման օրը, բոլորդ հրավիրված եք։

***

Մինչև հիմա ականջներիս մեջ ինչ-որ խշշոց կա․ «եկեք Արցախից խոսենք․․․ չէ, մեզ ավելորդ խնդիրներ պետք չեն»։

Ես գիտեմ, որ դա ճիշտ էր, գիտեմ, որ մեզ խնդիրներ իսկապես պետք չեն, գիտե՛մ, բայց․․․ միգուցե այսպե՞ս են զիջում հայրենիքը․․․ միգուցե հենց այսպե՞ս են պարտվում հայրենիքը, միգուցե այսպե՞ս են ավելանում մեր հայրենիքի սև, խորը․․․ սև՛ փոսերը։ 

Քուվեյթ, ճերմակ օրեր։ 

Please follow and like us: