Նարե Վարուժանի/Տուն

 Արշոն դուռը բացեց պարտված շարժումով, և կինը դա զգաց․

– Հը՛ն, ի՞նչ եղավ։

– Ինչ որ մտածում էինք։

Ամանների սրբիչը ձեռքին՝ Մարոն քար կտրեց, մնաց։ Արշոն շարունակեց․

-Գյուղապետը էլ չմանրամասնեց, ուղղակի չոր փաստի պես արձանագրեց՝ գյուղը պիտի լքեք։ Տարբերակ չկա։ էդպես է հրամայված։ Էս տարածքը թուրքինն է։

 -Բա հրցուփորձ չարի՞ք, լա՛վ, մի բան չիմացա՞ք, էդ տղամարդիկով դրան մի դաս չտվի՞ք։ 

Մարոն հուսահատ ընկավ բազմոցին ու աչքերը հառեց ընդամենը մի քանի օր առաջ վերանորոգված հատակին։

-Արշո՛։

-Հը՛ն,- իմիջիայլոց պատասխանեց՝ առանց կնոջ կողմը նայելու, նասկիները հանելով։ 

-Ու՞ր ենք գնալու։

Արշոն կիսահանվեց ու մտավ լոգարան․ երևի ժամանակ էր պետք կնոջ հարցերին պատասխաններ գտնելու համար։

Առավոտյան արդեն գյուղով մեկ աղմուկ-աղաղակ էր ընկած։ Մի տեսակ տարօրինակ զգացողություններ էին նկատվում տարբեր մարդկանց մոտ․ կանայք խուճապի մեջ էին, ու աղմուկի գերակշիռ մասը  նրանց բարակ ձայնալարերից էր ծնվում, երեխաները մոր փեշից կախվում ու ինչ-որ բան էին անընդհատ ուզում։ Նրանց նվվոցն ավելի ագրեսիվ էր դարձնում մայրերին։ Իսկ տղամարդիկ․․․ տղամարդիկ լուռ էին, նրանց դեմքերին ամոթի ու անճարության երանգ կար, ասես նրանց կոր գլուխներն ամաչում էին  իրենց  պահող մարմինների խոշորությունից, կամ միգուցե ավելի շատ ամաչում էին իրենց կանանցից, դրա համար էին հեռու կանգնել, ծխում էին ու լռում։ 

– Արշո՜, Արշո՜,- Մարոն հարևանուհու հետ ակտիվ քննարկումից հետո դարձավ ամուսնուն։ Արշոն անխոս նայեց կնոջը։

– Հլա մի արի է՜։

Արշոն ներողություն խնդրեց տղամարդկանցից ու առաջացավ։ Մարոյի դեմքին փայլ կար․ 

– Ուրեմն էս Լյովայի կինը՝ Քնարը, ասում է, որ Երևանում տուն ունեն, ավելի ճիշտ եղբոր տունն է, դե իրենք էլ գնացած են, Ամերիկայում են։ Հիմա իրերը հավաքում են, որ գնան էդ տուն։ Ես խոսակցությունն էնպես տարա, էնպես բառերով ու ձևերով դասավորեցի, որ Քնարն իր բերանով առաջարկեց․ մենք էլ նրանց հետ կգնանք, լավ է՝ ո՛չ մենք երեխա ունենք, ո՛չ իրենք։ Չորսով կտեղավորվենք էդ տանը, մինչև․․․

Մարոն այնքան ոգևորված էր, որ սկսեց բարձր խոսել։

-Չշշշ,- Արշոն հասկացրեց , որ կլսեն։ Միևնույն ժամանակ ընկավ մտքերի մեջ։

Հաջորդ մի շաբաթը Մարոյի միակ թեման Քնարի եղբոր տունն  էր ու իրենց Երևան գնալը։ Իսկ Արշոն լսում էր, լսում ու ձայն չէր հանում։ Մարոն փորձում էր հասկանալ՝ ինչ կա մտքին՝ դե՞մ է, թե՞ կողմ, բայց հնար չկար․ ինչքան շատ էր ինքը խոսում, այնքան շատ էր ամուսինը մռայլվում ու փակվում իր մեջ։ Միևնույն ժամանակ գյուղի տղամարդիկ՝ այդ թվում Արշոն, իրիկունները հավաքվում էին ու անվերջանալի քննարկման բռնվում։ Որոշվում էր իրենց անելիքը․ ընտանիքներին առնել ու նրանց հետ հեռանա՞լ, թե՞ կանանց, երեխաներին ուղարկել ու մնալ, դիմադրել, պայքարել գյուղի համար, միգուցե մեռնել։

– Մենք տղամարդ ենք, ի՞նչ կասեն մեր մասին, գյուղը թողինք թշնամուն առանց մի հակաճառությա՞ն, բա էլ ինչո՛ւ ենք մենք տղամարդ, բա էլ ու՛ր է մեր արժանապատվությունը։ Սա մեր ամոթն է,- ճղաձգվելով խոսում էր գյուղի մսագործը՝ Վարդանը։

– Վարդա՛ն, – շեշտված տոնայնությամբ խոսեց դպրոցի պահակը՝ Համոն,- իրականությունը չե՛ս նկատում, դու հասկանու՞մ ես, որ քո ասածը նման է  անօգուտ անձնազոհության։ Մարդիկ իրենց կյանքը ռիսկի տակ են դնում, երբ իմանում են, որ դրանից մի բանի հույս կա, բայց մենք մեր կին, մայր, էրեխա․․․ անտեր թողնում ենք, գնում մեռնելո՞ւ։ Լավությո՞ւն ենք անում, էն ժամանակ պիտի ասեն՝ հա՜, լավ տղամարդ է՞ր։ Ընդունի՛ր վերջապես, որ ամեն ինչ արդեն որոշված է, մենք փոքր գնդակներ ենք այս մեծ խաղում , ու եթե մեզ ողջ ուժով  ձախ են հարվածում, մենք անկարող ենք աջ գլորվել։ 

Վարդանը լռեց․ երևում էր, որ սրտով չէին լսածները։ Արշոն էլ էր լուռ․ լսում էր ու ծխում։ Գյուղը լքելու վերջնաժամկետին մնացել էր մի շաբաթ, իսկ իրենք դեռ ոչինչ չէին որոշել։

Երբ տուն մտավ, տրամադրությունը լրիվ այլ էր։ Մարոն ուրախ-ուրախ իրերն էր հավաքում, ամբողջ տունը խառնած վիճակում էր։ Արշոն ատեց Մարոյին իր այդ ուրախության համար, բայց նույն վայրկյանին հիշեց իրենց կյանքը, ամուսնությունը, հողագործության վաստակով սարքած փոքրիկ տունը, իրենց առօրյա թեմաներն ու սահմանին առանց վախի ապրած օրերը։ Եվ  Արշոն ներեց Մարոյին իր ուրախությունը։

Երեք օր անց տղամարդիկ որոշեցին դեմ գնալ տղայական տաքարյունությանը և ընտանիքների հետ լքել գյուղը։ Կանայք արդեն հավաքել էին իրերը, ողջ օրը  մոլորված դեսուդեն էին վազում։ Ոմանք արդեն վարձով բնակարաններ էին գտել, ոմանք դիմել էին բարերարների ու կազմակերպությունների, ոմանք բարեկամ-ծանոթի տուն էին գնալու, ոմանք էլ՝ հարևան Քնարի եղբոր տուն։ 

Եկավ չարաբաստիկ օրը։ Նման օր, թվում է, ժամանակակից մարդը չպետք է տեսնի ու ապրի, բայց աշխարհի պլանները չեն ընկնում մարդկային զգացմունքնեի հետևից, նրանք վարպետորեն տրորում են դրանք իրենց ծանր ու քաղաքակիրթ անիվների տակ։ 

Տղամարդիկ ճանապարհում էին  կանանց ու երեխաներին։ Մարոն այդ օրը ասես ուշքի եկավ ու մոռացավ Քնարին, Երևանը, տունը, իր երեկվա ուրախությունը։ Տնից դուրս գալիս համբուրեց իր սենյակի պատը, երկար հոտ քաշեց, սիրտն ու աչքերը լցրեց, դուրս եկավ։ 

Մնացին տղամարդիկ։ 

-Դե՛, տղե՛րք, ու՞մ ենք սպասում։ Եկե՛ք սկսենք,-ասաց գյուղապետն ու բենզինի տարրաները զգուշորեն սկսեց մեքենայից հանել։

Ամեն մեկը վերցրեց մի տարրա, մեկ-երկու րոպե նայեցին իրար ու անցան գործի։ Իրենց քրտնիքով սարքած տներն սկսեցին այրել ու քրտնել տարածվող կրակից։ Կրակը ինչ-որ արտառոց ձայն առավ ու սկսեց վայրենի ճարճատյունով երգել․ ասես ինչ-որ ասելիք ուներ աշխարհին։ Ծխի ու համատարած մոխրագույնի մեջ մի անշարժ մարմին էր նշմարվում՝ բենզինի տարրան ձեռքին պինդ բռնած, աչքերը հառած միակ չայրվող տանը․ Վարդանն էր։ Արշոն նայեց Վարդանին ու, արցունքներին չդիմադրելով, հեռացավ իր մոխրացող տան շեմից։

Please follow and like us: