(«Մեղրամիս» բլոգասերիալից)
Հերբերտն ամեն օր զանգում էր ու հարցնում. «Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը»։ Ու ավելացնում էր. «Եթե վաղը չէ, մյուս օրն անպայման կգամ»։ Ասում էինք՝ Գրացը սիրուն ա, մենք լավ ենք, իսկ դու մի շտապի, երբ հարմար կլինի, էն ժամանակ էլ արի»։ Ընթերցման օրն այսպես թե այնպես պիտի գար, ինքն էր թարգմանիչը, և հասկացել էինք, որ ավելի շուտ չի էլ գալու, բայց այնուամենայնիվ մի քիչ լարված էինք, եկավ-եկավ… Չէ, մենք իհարկե կուզենայինք, որ Հերբերտը գա ու մնա մեր տանը, բայց… Կտրականապես դեմ էինք նրան լվերոց անելուն։ Լվերի երեսից մենք նույնիսկ բանգլադեշցուն չէինք կարողանում ճաշի հրավիրել։ Եվ ընդհանրապես ճաշի հավես չունեինք էլ , ամբողջ օրը դիխլաֆոս էինք շնչում, դա մեզ ուտելիք էլ էր, խմելիք էլ։ Մենք այնքան էինք տարված լվերով, որ ճաշի ժամանակ չէր էլ մնում։ Ես օրը երեք կամ չորս անգամ լվացք էի անում։ Ու հարդուկ։ Անկողինն օրը երկու անգամ փոխում էի։ Կարդացել էի համացանցում, որ մաքրությունը լվերի դեմ պայքարում ամենազորեղ միջոցն է։ Ավստրիա էի եկել, դառել էի իսկական տնական հայ կնիկ։ Տանը մի չտեսնված մաքրություն էր տիրում, ու ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ էդ լվերը էդ մաքրությանը ոնց էին դիմակայում։
Ժամանակ առ ժամանակ լվերի հանդեպ մենք փոքրիկ հաղթանակներ էինք տանում, ու մեզ թվում էր՝ վերջնականապես հաղթել ենք, բայց մեկ էլ թեթև ծակոց էինք զգում ու հիշում, որ միջատները բնական տարրերք են։ Այդպիսի մի օր, երբ մեզ թվում էր, թե լվերի դեմ պայքարը պսակվել է հաղթանակով, գնացինք Մաքսին հանիպելու։
– Սո՞ւրճ, թե՞յ, ջո՞ւր,- հարցրեց Լուիսը։
Մենք սուրճ ուզեցինք, Մաքսը՝ ջուր։
– Ձեթ, ձվաձեղ,- մի կերպ կարդալով՝ արտասանեց Անդրեան՝ վարորդը, ով մեզ համար դդմակորիզի ձեթ էր բերել՝ ավստրիական ավանդական մթերքներից, որը ես շատ սիրեցի, իսկ Համբոն չսիրեց բացարձակապես։
Մաքսին տվեցինք Հայաստանի մշակույթի մասին գերմաներեն գիրքը և մեր գրքերը։
– Բոլորովին ուրիշ տառեր են,- ասաց Մաքսը,- նման չեն մեր տառերին։
– Հինգերորդ դարում են ստեղծվել,- ասացի։
– Եվ գրում եք այնպես, ինչպես արտասանո՞ւմ եք, թե արտասանությունն ու ուղղագրությունը տարբեր են։
Լեզուների, ավելի ճիշտ՝ գրերի հնության ապացույցը ուղղագրության մեջէ. Որքան քո գրածը հեռու է արտասանածիցդ, էնքան լեզուդ կարող է հին համարվել։ Հիմա ես ասում եմ՝ մեր գրերը ձեր գրերից հին են, ու հետևում է առաջին հայացքից անհեթեթ մի հարց, որի նպատակն է՝ պարզել իմ ասածի ճշմարտացիությունը։
– Մենք ունենք երկու գրական լեզու՝ արևմտահայրենն ու արևելահայերենը, որոնք տարբերվում են քերականությամբ։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը՝ մենք ունեցել ենք միասնական ուղղագրություն, սակայն Հայաստանի խորհրդայնացումից մի քանի տարի անց արևելահայությանը պարտադրվեց նոր, պարզունակ ուղղագրություն, որը գործում է մինչ օրս։ Այդ քայլի նպատակն էր կտրել ժողովրդին իր պատմական անցյալից, իր հոգևոր հարստությունից, և հավասարեցնել Խորհրդային միության կազմի մեջ մտած բոլոր ժողովուրդների պատմական ու մշակութային վաստակը։ Նոր ուղղագրությունը մտնում էր համահարթեցման այս քաղաքականության մեջ, և մենք հիմա գրում ենք այնպես, ինչպես լսում ենք։
Շշմելու բան՝ ես միշտ դեմ եմ եղել դասական ուղղագրությանը, բայց մինչև չես սկսում մի շատ վատ իմացած որևէ լեզվով բացատրել խնդրո էությունը, այն քեզ հասու չի դառնում։
Ի թիվս բազում հարցերի Հայաստանի տնտեսության, կառավարության, մադկանց և այլնի մասին, Մաքսը մի հարց էլ տվեց. «Ամեն ինչ կարգի՞ն է տանը, որտեղ ապրում եք»։ Ես ու Համբոն սարսափած իրար նայեցինք ու անմիջապես, միաժամանակ պատասխանեցինք. «Ամեն ինչ հոյակապ է»։ Ես հետո չէի դադարում հարցնել ինձ, թե ինչու Մաքսն այդ հարցը տվեց։ Ինձ սկսեց հետապնդել մի սևեռուն միտք, որ ուրեմն նա տեղյակ է, որ ամեն ինչ կարգին չէ։ Իսկ ի՞նչ, մտածում էի, եթե նրանք մեր սենյակում տեսախցիկ ունեն դրած ու հետևում են մեզ։
– Հիմար-հիմար մի խոսա,- ասեց Համբոն,- որպես ի՞նչ պետք ա հետևեն։
-Կարող ա ուզում են տեսնեն, թե ոնց ա գրում օտարազգի, մեր պարագայում՝ հայ գրողը, ինչ արտահայտություն ա ունենում նրա դեմքը ստեղծագործական տվայտանքների պահին, ի վերջո՝ ինչպես ա նա համակցում գրողական գործունեությունը ամուսնական պարտականությունների հետ։
Եթե օտարազգի լինելու հանգամանքն անգամ մի կողմ դնեինք, նրանց պիտի որ հետաքքրեր, թե ինչպես են երկու գրող յոլա գնում մի սենյակում, որովհետև գրողական ընտանիքներն այնտեղ էլ հաճախ հանդիպող բան չեն։ Ու հիմա պատկերացրեք՝ եթե իսկապես տեսախցիկ կար տանը, ու նրանք հետևում էին մեզ, ի՞նչ եզրակացություն պիտի անեին. հայ գրողը չի գրում, չի կարդում և անգամ սիրով չի զբաղվում, հայ գրողը մաքրություն է հաստատում օրնիբուն։ Ի՞նչ պիտի մտածեին նրանք։ Որ Հայաստանում չունենք լվացքի մեքենա, հարդուկ, պոլի փետ, ավել, ցնցուղ ու լոգարան, և ահա այստեղ՝ այս հարուստ ու զարգացած երկրում, մաքրասիրության փորձառություն ենք ձեռք բերում։
Ես չեմ էլ կասկածում, որ այդպես կմտածեին։ Նույն օրը երեկոյան, երբ Լուսիը մեզ հրավիրել էր մի քանի արվեստագետ աղջիկների հետ խմելու, ու մենք էլ գնացել էինք, քանի որ այդ օրն, ինչպես ասացի, հերթական հաղթանակի օր էր, Լուիսը հարցրեց՝ Երևանում սրճարաններ կա՞ն։ Մենք ասացինք, որ Երևանում ոչ միայն սրճրաններ կան, ոչ միայն դրանք խելքից դուրս շատ են՝ յուրաքանչյուր քայլափոխի, իրար կիպ կպած, Երևանն ընդհանրապես մի մեծ սրճարան է բաց երկնքի տակ։ Լուիսը, հիշում եմ, զարմացել էր ու տխրել մի տեսակ. «Բայց Հայաստանը աղքատ երկիր չի՞»։ Սրճարանն այստեղ հարստության, ճոխության, շռայլության նշան էր, և դա հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ սրճարաններն այստեղ բավականին թանկ էին։
Մենք ոչինչ չէին թաքցնում մեր երկրի մասին, ճիշտ ինչպես չէինք թաքցրել Հիմոգենայից՝ անտեսելով Ապրեսովի սաստող հայացքները։ Ինչպես բարում՝ Լուիսին ու աղջիկներին, այդպես էլ մինչ այդ Մաքսին ու հետո՝ բոլոր մյուսերին, ովքեր մեզ հարցուփորձ էին անում Հայաստանից, ասում էինք. «Հայաստանում մարդիկ աղքատ են ապրում, իսկ կառավարությունը հարուստ է, ֆորմալ առումով դեմոկրատական հանրապետություն ենք, բայց ընտրությունները համատարած ձևով կեղծվում են, ինչը չի խանգարում ձեր դիտորդներին ամեն անգամ վավեր ճանաչել դրանք և մարդուն կատաղության հասցնող անհեթեթ եզրակացություններ հրապարակել։ Բայց հայերը հասկացել են, որ միջազգային հանրությունը նույնքան ձևական մի բան է, որքան Հայաստանի դեմոկրատիան, և հույսը հիմա միայն իրենց վրա են դրել։ Արդյունքում մենք ունենք շատ հզոր, չափազանց հզոր ընդդիմություն՝ ամենահզոր ընդդիմությունը ողջ հետսովետական տարածքում։ Ու երբ եվրոպացիներն իմանում էին, թե մեր ընդդիմության հանրահավաքներին քանի տարի շարունակ ինչքան մարդ է մասնակցում, նրանց դեմքին թերահավատության ու նախանձի խառը արտահայտություն էր հայտնվում։ Բայց մենք նրանց սփոփում էլ էինք՝ այդչափ քաղաքականացվածությունը վատ կյանքի հետևանք է, ձեր երկրներում մարդիկ լավ են ապրում, դրա համար է, որ ընդդիմությունն էդ թափը չունի։
Աղջիկներից մեկը ճապոնուհի էր՝ Ասուզան։ Նա նկարիչ էր և ապրում էր Գեմանիայում։ Ասուզան հարց բարձացրեց միգրացիայի մասին, ու ես այդպես էլ չհասկացա՝ նա դեմ է միգրացիային, թե՞ կողմ։ Համենայնդեպս նրա գլխավոր միտքն այն էր, որ Եվրոպան «բեզռազմեր» չի ու չի կարող ընդունել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այստեղ ապրել։ Խորվաթուհի նկարչուհին՝ Իվանան, տաք-տաք վիճում էր Ասուզայի հետ ։
– Սա ամենազզվելի խաղն է, որ հնարավոր է,- ասաց նա մեզ,- սա «Մոնոպոլիա» խաղն է, բայց խաղացողները պետություններն են։ Ատում եմ այն պետություններին, որոնք լիդերություն են անում։ Երբեք չէի կամենա ապրել նման մի պետության մեջ։ Ես սիրում եմ երրորդ աշխարհի երկրները։
Ես մտածում էի՝ միգուցե իմ անգլերենի մակարդակը թույլ չի տալիս ճիշտ հասկանալ Իվանայի խոսքը։ Միտքը, որ նա արտահայտում էր, շատ հարազատ էր ինձ, բայց կար մի հակասություն՝ նա Ավստրիայում ապրում էր ինը տարի։ Չէ, ես երևի ամեն դեպքում մի բան սխալ եմ հասկացել։ Հաստատ։
Նախորդը՝ այստեղ
Հաջորդը՝ այստեղ