Շալվա Բակուրաձե/Նամակ Նինոյին

Շալվա Բակուրաձեն (ծնվ․՝ 1973թ.) բանաստեղծ է, նաև պոեզիայի թարգմանիչ։ Ծնունդով Սոխումից է։ 1995 թվականին ավարտել է Սուխումի համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ անգլերենի մասնագետի որակավորմամբ։ Բանաստեղծական ասպարեզ է մտել վաղ 90-ականներից։  Երեք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է՝ «Բարի մարդիկ» (2000 թ.), «Նամակ Նինոյին» (2003 թ.), «Սուրբ Զատիկը» (2013թ): Նրա պոեզիան թարգմանվել է գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, սլովակերեն և լիտվերեն: Վրացերեն է թարգմանել Ուոլթ Ուիթմենի, Դեյվիդ Լոուրենսի, Թոմաս Էլիոթի, Ֆրանսուա Վիյոնի, Սերգեյ Ժադանի բանաստեղծությունները։

Իրեն բնութագրող է համարում իր հեղինակած հետևյալ տողերը․

«Ո՞ւմ հավատացնեմ, որ Աստված եմ,
Մահվանդ մի տողն անգամ չհաջողացրի փոխել,
Անգամ մի ստորակետ չհաջողվեց ջնջել,
Մի փոքրիկ, կանաչ շիվ չհաջողացրի ծլեցնել սրտիցս,
Ո՞ւմ հավատացնեմ, որ Աստված եմ,
Ում ժպիտ պարզեցի՝ արցունք ավետեց, 
Ում ժպիտ չխնայեցի՝ բոլորը մեռած են,
Իսկ ես պիտի աննպատակ շնչեմ գարունը տարեցտարի․․․
»։

ՓԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ


Սուրբծննդյան քառյակ

Ըստ շենքերի արանքներում տարածվող  մառախուղի՝ 

Գիշերը նրա գալստյան վախով  ականապատեց քաղաքը։

Այս գիշեր դուրս մի եկեք տներից:

Անջատեք սենյակների լույսերը, անջատեք լամպը,

Քնից առաջ այսօր ձեր թոռնիկին մի պատմեք,

Թե ոնց էիք անցյալ ձմեռ հատակին նստած թեյ խմում,

Երբ հանկարծ եղանակի փոփոխություն նկատվեց,

Եվ մենք կարողացանք պատուհանից  տեսնել նրան,

Ով տասը տարի առաջ հենց այդպես՝ գիշերը դուրս գալով,

Երջանկությունը ընկերների հետ թաղեց:

Այս գիշեր դուրս մի եկեք տներից:

Նա  բարակ է, ավելի  շուտ ամրակազմ, քան փոքր-մոքր:

Ձմռանը ցերեկը վերարկուն է տաքացնում, գիշերը՝ վերմակը։

Ձմռանը լվացած ձեռքերն է չորացնում ցուրտ քամու տակ։

Բույսեր է խնամում ՝ երեխայի պես փայփայելով,

Եվ ամեն առավոտ հոր նարգիլեով պլան է ծխում։

Այս գիշեր դուրս մի եկեք տներից:

Նա սովորականի պես այս առավոտ էլ քնից հարություն առավ,

Միզեց, ջուրը քաշեց, բարևեց տնեցիներին,

Փաղաքշեց, գրկեց նրանցից յուրաքանչյուրին՝

Մեկ, երկու, երեք․․․ վեց անգամ 

Ու արդեն ութերորդ շրջանով պիտի պտտվեր, 

Երբ հանկարծ նկատեց ձմեռը,

Իսկ երբ նորից հետ շրջվեց, մայրը կակաո էր խմում։

Այս գիշեր դուրս մի եկեք տներից:

Սանրեց մորուքը, վրան շոր գցեց, ոտքերը մտցրեց

Տաք կոշիկների մեջ,  ձգեց-կապեց քուղերը,

Դեմքը հայելուն շատ մոտ տարավ,

Փոփոխություն չտեսավ և դուրս եկավ։

Ոչ մի տաքսի չկանգնեց շտապողի համար,

Եվ ըստ շենքերի արանքներում տարածվող  մառախուղի՝

Այսօր այս քաղաքում նրա դեմ ոչ ոք դուռ չի բացի,

Նրա երեսունն է այս գիշեր լրանում։

Իսկ մարդիկ շարքով, ձեռքերին՝ առաջվա պես եղևնիներ,

Սուրբծննդյան գիշերը քայլում են մեկ է՝ առանց պատկառանքի,

Եվ մինչև մենք նրանց նման տաք անկողիններում պառկենք, 

Մինչև քնից առաջ պատուհաններն ու դռները փակենք,

Աղոթքի նման ասենք՝ սպիտակ ձյուն, 

Նրա երեսունն է այս գիշեր լրանում։

Երեկ վերջին անգամ էր պառկել կնոջ հետ, ում սիրում է,

Ում մարմինը տասը տարի հնազանդ դիմանում է։

Պառկած էին անխոս, նայում էին սեւացած բուխարուն։

Մեկ ժամ, երկու ժամ, հետո կինը ափերով դիպավ

Փքված փորին ու տղամարդուն ասաց․

-Բժիշկը ճշգրիտ հաշվարկեց, հուլիսին է ծնունդը,

 Հայր ես դառնալու։

Այս գիշեր դուրս մի եկեք տներից:

Կանգնած է նա փողոցի վերջում, կանաչ կրպակի մոտ,

Տասը լարիանոցը անշտապ մեկնում է ձկնավաճառին,

Մատով ցույց է տալիս իններորդ հարկը, որտեղ լույս է վառվում,

Հանգիստ դեմքով կրկնում է խռպոտաձայն,

Որ ըստ շենքերի արանքներում տարածվող  մառախուղի՝

Էն տուն այլևս չի վերադառնա, վերջ, վերջացավ,

Երեսունն է  լրանում այս գիշեր։

Իսկ մենք չորսով տարիներ հետո կնստենք ինչ-որ տեղ՝

Ավելի շատ  առանձին, քան միասին, ու այս գիշերվանից սկսած

Կհաշվենք երկնքում երկինքը, երկրում՝ Աստծուն, ու սրտերում՝ ասելիքը։

Կգրենք, որ բոլորը անաստվածորեն  սխալվել են,

Եթե անգամ մեկ վայրկյանով կասկածել են նրան,

Կգրենք, որ մեռավ բոլորի համար այն գիշեր ու

Ինքն իր մասին եզակիով Աստված բառը բերանից թռցրեց։

Այս գիշեր դուրս մի եկեք տներից:

Կգրենք, որ մեռավ բոլորի համար, ու հետո երկար ժամանակ 

Մոշահավը աղավնու ձայնով ղունղունում էր նրա պատուհանի մոտ,

Մինչև մայրիկը վեր կացավ ու թեթև ծափով

Խրտնեցրեց ծտին, իսկ պատուհանը պինդ փակեց,

Մազերն ականջի հետև տարավ ու հետ եկավ հևալով,

Բացված, մաքուր անկողնուն նստեց, պառկեց,

Մի  հատ էլ կծեց տումբայի գլխին դրված խնձորը,

Թևը բարձին դրեց ու միայն այդ ժամանակ

Նկատեց, որ իր մահճակալի մոտ ամուսնու փոխարեն

Պառկած էր մերկ, նորածին երեխա։

Երանի նրանց, որ չեն սխալվի։

Երանի նրանց, որ չեն  սխալվի։

Երանի նրանց, որ չեն սխալվի։

Աստվածային մշուշ

Թող ճանապարհը պահպանի ուղևորներին,

Թող ճանապարհը հաղորդություն տա զոհերին,

Թող ճանապարհը բացի սիրտս

Այս երգի մեջ, որի շուրջը

Անպտուղ պտտվում են

Վերջին երեք գիշերը։

Ծովը աղի գաղտնիքը ինձ բացի,

Խռիկներով այս հողոտ

Ինձ էլի երգել տա քեզ համար,

Որ ձեռքումդ լինեմ ևս մեկ անգամ,

Որ քեզ հետ լինեմ դեռ երկար,

Ուրիշ ոչ մի բան։

Այստեղ ամեն ինչ քեզնով է ապրում,

Այստեղ ամեն նիրհ քեզ համար է արթուն,

Եվ ավելի եմ հասկանում, հավատա,

Թե այս բառերը մինչ այսօր

Առանց իրար ոնց էին դիմանում,

Ինչին սպասելով էին դիմանում։

Դիմանում է հուշս պատերազմով անցած՝

Իբրև մսաղաց մեկնած ընկերների զավակ,

Որի տարիները խուզած են,

Դիմանում է, որ աղոթքս սեր

Նրանց անջնջելի դեմքերի պատկերով

Այս երգի մեջ դնեմ։

Խմեմ ջուրդ ընթրիքներին,

Խմեմ գինիդ ծորակներից,

Ուրիշ ոչ մեկին չվստահեմ

Այս կասկածով լի ծոցագրպանը,

Փոշով ներծծված վերնաշապիկը,

Արևից մաշված վերարկուն։

Որ քեզ ամեն ինչ մոռացնել տամ,

Որ ինձ ամեն ինչ ներես,

Որ նեղ տեղ խցկված, ճմրթված,

Մութ պահարանում գտնես ինձ

Ու թևդ թևքիս  մեջ դնես։

Նամակ Նինոյին

Ես լավ եմ, քեզ մոտ եմ վերադառնում ամենաարագ գնացքով ու

Անցա արդեն Երուսաղեմը, Մցխեթան, Արարատը։

Ավելի լավ բառեր երևի Կալկուտեցի իմաստունն էլ չէր գտնի,

Իսկ ես գտա` լավ եմ, ուրիշ ի՜նչ ճար ունեմ։

Այս ճանապարհն էլ մինչև քեզ, ուր այսքան անմոռանալի դեմքեր եմ տեսնում ու

Այսքան ուրախություն եմ հիշում քեզ մատուցելու համար,

Ուր լսված բոլոր բանաստեղծությունների բոլոր բառերում քեզ հետ եմ,

Ժպիտի հետ որ աճեցրել եմ կնճիռներում։

Մի սպասիր ինձ, մեկ է կգամ, ինը սար էն կողմ էլ որ գնաս ու

Ինը Աստծո հետևում որ թաքնվես, չես կարող փախչել ինձնից։

Գալիս եմ, թողնում եմ ժպիտի հետքը քաղաքների, ծովերի, կամուրջների մոտ,

Քեզ հետ լինելն եմ կյանքից ժառանգել։

Գալիս եմ, քեզ հետ պառկել եմ ուզում, երազիս տեսա քեզ միլիարդ անգամ ու

Գիտեմ, որ այսուհետ միայն արթմնի ես երազիս գալու,

Քանի որ ցանկությամբ այս մարմնի յուրաքանչյուր մկանն է հագեցած,

Տաքացրել եմ քեզ համար անկողինն ու բարձերը։

Գրկեցի բոլոր ամպերը, բոլոր աստղերը, բոլոր արևները և

Կիզիչ արևի տակ՝ մարդուն, որ միայնությունը չտապալեր ինձ, 

Խլեցի երկնքից թռչնին ու ձուկը՝ գետաբերանից

Ու գետափին մի չոր քար նույնիսկ չթողեցի։

Փորեցի, սիրտ արմատախիլ անելով, հին հողը թափ տվեցի ու

Ափերովս տնկեցի քեզ ավելի մոտ հողի մեջ։

Ես այրեցի բոլոր երկինքները, բոլոր առավոտները, 

Ետնապատկերները, որ խանգարում  էին ինձ,

Հրաժեշտ տվեցի ծնողին, քրոջը, եղբորը, ընկերոջը, զարմիկին:

Մաքրեցի անտառի բոլոր սնկերը, 

Արցունքներ հավաքեցի գերեզմանների վրայից ու

Մի շնչով չորացրի Աստծուն աղոթքների մեջ։

Ես լավ եմ՝ այս երեք բառերը փնտրել են անթիվ աստվածներ,

Երեք կարևոր բառ, որը մեր շուրջը խավարը կջնջի։

Հարցնում էի դրա մասին խոտին, միջատներին,  ծիտիկներին՝ երկնքում,

Ես փնտրում էի երկար փողոցներում և նեղ խրամատներում

Եվ հիմա հասկացա, որ նա միակ էր՝ ինձ պահպանող

Մահվան՝ հոտերը սպանող օրերից՝  իմ դեմ վարժեցրած։

Ես լավ եմ, քեզ մոտ եմ վերադառնում ամենաարագ գնացքով ու 

Անցա արդեն Երուսաղեմը, Մցխեթան, Արարատը։

Ավելի լավ բառեր երևի Կալկուտեցի իմաստունն էլ չէր գտնի,

Իսկ ես գտա, լավ եմ, ուրիշ ի՜նչ ճար ունեմ։

Իգոր Պանչենկոյի սիրային երգը

Երեկվա օրն եմ ուզում լինել 

Ու երգել հին երգը մեռած թռչունների մասին,

Որոնց ստվերը ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս գյուղի արահետը,

Եվ իրիկնապահին ծեր թթենու փչակից նրանց թևերի շրշյունն է լսվում։

Այս ճանապարհով եմ ամեն օր գալիս քեզ մոտ,

Բերում եմ մարած լամպերի լույսը,

Երգում ու մեռնում եմ ամեն օր քեզ համար,

Եթե մարմնիդ ջերմությունը չլիներ,

Տաք երկինքներ կթռչեի,

Եթե մարմնիդ ջերմությունը չլիներ,

Չէի կարողանա տեսնել մահն անհայր ու անմայր տների, 

Եթե մարմնիդ ջերմությունը չլիներ,

Չէի զգա անծայրածիր աշունը մեր այգու ու

Չէի լսի քունը հարևան խրճիթների, 

Որը գնդակահարված երեխայի անունն ունի։

Այստեղ է սկսվում սերս։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

https://www.youtube.com/watch?v=aaEmaVOOcVo&ab_channel=MikhoMosulishvili

Please follow and like us: