Մեղր քամելու օրերն ամենասպասվածն էին մեր գերդաստանում․ բոլորը հավաքվում էին դիտելու, թե պապս ոնց է հրաշք գործում։ Տասներկու փեթակ ունեինք․ տատս գլխին հագնում էր իմ տեսած ամենատարօրինակ ցիլոն, որի շուրջբոլորը ցանց էր կարված։ Եվ երբ ցիլոն գլխիդ էիր դնում, ցանցը իջնում, ծածկում էր դեմքդ, որ մեղուները չկծեն։ Իսկ պապս այնքան լավ էր ճանաչում իր մեղուներին, և մեղուներն էլ՝ իրեն, որ ցիլո չէր էլ դնում։ Այսպես մարդ ու կին մտնում էին բզզոցների խառնաշփոթ աշխարհը ու փեթակներից զգուշորեն հանում «ռամկաները», որոնց մեղրը պետք է քամեինք։ Ես հեռու էի կանգնում, որովհետև վախենում էի մեղուներից, բայց մտքում երազում էի նրանց պես խիզախ լինել․․․
Հետո «ռամկաները» բերում էին բակ, նրանց հետևից սլանում էին խենթացած մեղուները։ Մեծ, կլոր սարքի մեջ շարում էին շրջանակները, տատս շտապ աման էր բերում, դնում սարքին կպած փոքր ծորակի տակ , որից պետք է թափվեր արդեն քամված մեղրը։ Պապս գոհ ժպտում էր ու հիանում տարվա բերքով, ապա հանգիստ, անշտապ անցնում գործի․ բոլորս շրջապատում էինք նրան։
-Դը՜նգ,դը՜նգ,դը՜նգ,- պապս աշխատեցնում էր աղմկոտ սարքը։
-Բը՜զզ, բը՜զզ, – զայրանում էին մեղուները։
Շուտով մեղրի առաջին կաթիլները ծորում էին ամանի մեջ․ ես փայլող աչքերով բռնում էի տատիս փեշից․․․
***
Մեր նկուղում միշտ հպարտ կանգնած էին մեղրով լի ահռելի բանկաները։ Իսկ պապս իսկական հերոս էր բոլորիս աչքում։
-Պա՛պի, բա քեզ ինչի՞ չեն կծում։
-Կծում են, բա՛լա,- հանգիստ պատասխանում էր ճերմակահեր պապս։
-Բա չի ցավու՞մ։
-Չէ հա՜, ա՛յ բալա, մեղվի կծածն ընկերական է, անչար։
Ես բան չէի հասկանում պապիս ասածից ու շարունակում էի մեղու տեսնելիս տատիս փեշից կախվել։ Բայց մի օր էլ ուզեցի հասկանալ պապիս աշխարհը, նրա հանգստության ու ներդաշնակության գաղտնիքը։ Հագա տատիս պաշտպանիչ ցիլոն ու զգույշ, ինքս իմ ոտնաձայնից վախենալով, գնացի փեթակների պարտեզ։ Եվ իսկապես, բզզոցները միայն առաջին վայրկյաններին էին մահացու թվում, հետո սկսեցի դրանց մեջ ինչ-որ մեղեդի լսել՝ բնության մեղեդին, մանկության մեղեդին․․․ ես տեսնում էի, թե ինչպես են փոքրիկ արարածները ողջ մարմնով խրվում ծաղիկների մեջ ու ջանասիրաբար նեկտար հավաքում, տեսնում էի, թե ինչպես են փեթակի փոքրիկ անցքով՝ իրենց տան մուտքով ներսուդուրս անում, տեսնում էի, թե ինչպես են մեղուները սիրում իրենց աշխատանքը, տեսնում էի ու հրճվում։ Այդ օրը ինձ մի մեղու կծեց, բայց առաջին անգամ չցավեց․․․
***
Հաջորդ տարի փեթաներից մեկը «հանգավ»՝ ոնց տատս էր ասում, ու մնացին տասնմեկը։ Բայց դա ամենևին չխանգարեց, որ բոլոր բարեկամները, ընկերներն ու հարևանները մեղր քամելու օրն ստանան իրենց բաժին թարմ մեղրը։
-Դը՜նգ, դը՜նգ, դը՜նգ,- պապս աշխատեցնում էր սարքը, ու նրան շրջապատած բոլոր մարդիկ անհամբեր նայում էին ծորակին։ Իսկ ես նայում էի սարքի մեջ արագությամբ պտտվող շրջանակներին, պապիս դողացող ձեռքերին, ու մտածում, որ անցած տարի նրանք ավելի թափով էին պտտում սարքը, մեղրն ավելի շուտ էր սկսում ծորալ, հիմա երբեմն տատս կամ մայրս էին փոխարինում պապիս, մինչև ձեռքը հանգստացներ։
– Սոֆի՜կ, ամանը փոխի։
Ու տատս արագ վազում, նոր աման էր բերում․ մեղրով լցված ամանի հետևից վազում էին հավաքվածների աչքերը ու մի խումբ չհանձնվող մեղուներ, իսկ տատս մի մեծ գդալ մեղր էր լցնում սուրճի ափսեի մեջ, իր թխած հացից կտրում ու ինձ կանչում խոհանոց․ դա իմ ամենասիրելի պահն էր։
-Դը՜նգ, դը՜նգ, դը՜նգ,- ականջներիս մեջ պապս դեռ մեղր է քամում․․․
***
Իսկ մյուս տարի մի տեսակ տխուր էինք․ պապս դժվարությամբ էր պատրաստվում մեղր քամելուն․ առաջին անգամ սարքը նկուղից հանեց քեռիս, որ եկել էր Ռուսաստանից՝ մի շիկահեր երեխա գրկին։ Քեռիս տանուլ էր տվել բիզնեսը, իսկ նրա ռուս կինը հեռացել էր՝ թողնելով երեխային։ «Խորթ»-ից մինչև «ռսի ճուտ» արտահայտությունները սովորական էին դարձել իմ ականջին, և միայն պապս էր երեխային «բալա» ասում։
-Բալա՛, արի քեզ էլ մեղր տամ։
Իսկ երբ թաթերը մտցնում էր մեր մեղրամանի մեջ ու լպստում , ակամայից ես էլ էի հակակրանք զգում այդ արարածի նկատմամբ։
***
-Պա՛պի, կլինի՞ մյուս տարի ես էլ պտտեմ սարքը,- փաթաթվում էի պապիս վզին։
-Մյուս տարի դու քանի՞ տարեկան ես։
-Ինը։
-Ա՜յ որ դառնաս տասը, կթողնեմ։
-Բայց ինչու՞։
-Որ տասը մատիդ մեջ էլ հավասար ուժ ունենաս։
-Էէէէ՜։
Ու պապս ծիծաղում էր, ծիծաղում էր ու ծխում ՝ հայացքը մեր պարտեզին․․․
Հաջորդ տարի, այնուամենայնիվ , պապս ինձ թողեց մի քանի անգամ սարքը աշխատեցնել․ իհարկե փոքրիկ ձեռքերիս ինքն էր ձեռքերով օգնում։ Ես վախեցած էի ու անվստահ, ողջ ընթացքում մտածում էի՝ բայց ինչու՞ թողեց, չէ՞ որ դեռ տասը չկամ, իսկ երբ իմ քամած առաջին կաթիլ մեղրը շողաց ծորակին, սիրտս թպրտաց։ Հետո քաշվեցի մի կողմ ու սկսեցի դիտել․ պապս քամում էր մեղրը՝ արդեն երկու ձեռքով, դանդաղ, քամում էր, ու քրտինք էր շարվում ճակատին․ ես աչքերս լցրի։ Որպեսզի աննկատ մնամ, վազեցի խոհանոց, բայց ճանապարհին ինձ կանգնեցրեց քեռուս ձայնը․ մեր հարևանի հետ էր խոսում։
– Բայց քեզ մեղու կտա՞ն։
-Բա ի՞նչ պիտի անեն, հարևա՛ն ջան, ո՞վ ա պահելու։ Ես էլ միակ տղան եմ։
– Դե տես հա՜, խաբել չլինի։ Տասնմեկ փեթակից վեցն ինձ ես վաճառելու։
– Անպայմա՛ն։ Դու հո լավ գիտես, որ ինձ մեղու պետք չէ, ինձ փողն ա պետք։
– Բա մնացած հինգը ի՞նչ ես անելու։
– Էս պահին երեք ուզող կա, տեսնենք։
Կարծես ողջ մարմինս մեղուներ պատեցին ու սկսեցին միալար բզզալ։ Ես ձեռքերով փակեցի ականջներս ու սկսեցի լուռ արտասվել։
Հետո վերադարձա մեղր քամելու տեղը։ Սկսեցի ավելի ուշադիր զննել մարդկանց ու նկատեցի, որ բոլորի աչքերը հառած էին ծորացող մեղրին, և միայն մայրս ու տատս էին նայում պապիս, իսկ պապս քամում էր ու քամում՝ դանդաղ, համաչափ, դը՜մբ, դը՜մբ, քամում էր ու քամում՝ ծանր, անձայն․․․ Եվ այսպիսին եղավ պապիս կյանքի ավարտը՝ մեղրաքամվելով․․․
