Ինչո՞ւ պատկեր՝ «Իդիլիա»: Սա նշանակում է, որ մենք պարտադրված ենք լինել հանդիսատես: Ո՞րն է հելենիստական կամ ալեքսանդրյան պոեզիայի և արխաիկ պոեզիայի տարբերությունը: Վերջինս պարտադրող էր, առաջինը «հնարովի»: Վերջինը «հնարովի» է, ոչ թե այն պատճառով, որ չի համապատասխանում փաստերին, այլ՝ ըստ ոգու՝ այն հանդիսատեսի երևակայության միջոցով է շունչ առնում:
Այսպիսով կարող ենք ասել, որ ժամանակակից ՖԻՔՇԸՆ գրականությունը ծագում է իմպերիալիզմի քննադատությունից, քաղաքացու անզորությունից իշխանական էլիտաներից: Այդ անզոր քաղաքացին պոեզիայի միջոցով ինչ որ տեղ հաղթահարում է իշխանության դրած պատնեշը: (Տես՝ Գրականության հնարովի բնույթը/Վարդան Ջալոյան)
Խորհրդային Միությունը գրականակենտրոն կայսերություն էր: Գրական ամեն մի նշանակալի գործ կոմկուսի կենտկոմում լուրջ քննարկման էր ենթարկվում, իսկ ապա՝ գրաքննության: Գրականությանը տրվում էր քաղաքական և հասարակական մեծ նշանակություն: Հավանաբար այդ պատճառով է Իոսիֆ Բրոդսկին իր նոբելյան ճառը սկսում՝ ասելով, որ նա մասնավոր մարդ է և հասարակական դեր ունենալ չի ցանկանում: Թվում է ակնհայտ, որ նա նկատի ուներ, թե ինքը չունի «օգտակար հասարակական դեր բռնապետական ռեժիմի համար», քանզի ասում է, որ գերադասում է լինել “քանի որ ավելի լավ է լինել հետին ձախողակը ժողովրդավարության մեջ, քան խոհերի տիրակալ՝ բռնապետության մեջ ”:
Խորհրդային գաղափարախոսական պատկերացմանը գրականության հասարակական դերին Բրոդսկին հակադրում է մարդկային անհատականությունը.
Եթե արվեստն ինչ-որ բան էլ սովորեցնում է, ուրեմն` հատկապես մարդկային գոյության մասնավորությունը: Լինելով ավելի հին` առավել տառացի` մասնավոր ձեռներեցության ձև, այն կամա թե ակամա մարդու մեջ խրախուսում է հատկապես նրա անհատականության զգացողությունը, յուրօրինակությունը, առանձնակիությանը` հասարակական կենդանուց նրան դարձնելով անհատ: Շատ բան կարելի է կիսել` հացը, անկողինը, համոզմունքները, սիրած էակին, բայց ոչ բանաստեղծությունը, ասենք, Ռայներ Մարիա Ռիլկեի:
…Արվեստի գործը, հատկապես՝ գրականությունը և բանաստեղծությունը՝ մասնավորապես, մարդու հետ շփվում է տետ-ա-տետ, նրա հետ մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ, առանց միջնորդների:
… Ամեն մի նոր էսթետիկական իրողություն այն ապրող մարդուն դարձնում է էլ ավելի մասնավոր անհատ, և այդ մասնավորությունը, որ երբեմն ձևավորվում է՝ որպես գրական (կամ որևէ այլ) ճաշակ, արդեն իսկ ինքնին կարող է հանդիսանալ եթե ոչ՝ երաշխիք, ապա գոնե՝ պաշտպանության եղանակ՝ ճորտացումից:
Բռնապետերին քիչ է իշխել մարդու հասարակական կյանքի վրա, նա ուզում է հսկել նաև մասնավոր կյանքը: Հենց այդ պատճառով նրանք չեն սիրում գրականությունը և արվեստը.
Քանզի այնտեղ, որտեղով անցել է արվեստը, ակնկալվող միահամուռ համաձայնության փոխարեն՝ նրանք գտնում են անտարբեր բազմաձայնություն, գործելու վճռականության փոխարեն՝ անփույթ նողկանք:
Ինչու հաճախ գրականությունը վերևից է նայում պետությանը, ազգին: Ըստ Բրոդսկու՝ լեզուն և գրականությունը մշտական են և անսահման, իսկ պետությունը անցողիկ է և սահմանափակ: Հենց այդ պատճառով.
Գրողի համար իսկական վտանգը կայանում է ոչ այնքան պետության կողմից հետապնդումների հնարավորության (հաճախ՝ իրողության) մեջ, որքան հիպնոսացված լինելու հնարավորության մեջ նրա՝ պետության, հրեշավոր կամ բարենորոգվող – բայց մշտապես ժամանակավոր – դիմագծերի ազդեցության տակ:
Այստեղից բխում է, որ ամենամեծ հանցագործությունը, որ մարդիկ և ազգերը կարող են գործել, գրականության դեմ է, բայց որի համար պատիժ չկա, քանզի հանցագործությունը կատարվում է ինքն իր դեմ: Բրոդսկին ասում է.
Որովհետև չեն կարող լինել օրենքներ, որոնք մեզ կպաշտպանեն մեզանից, քրեական ո՛չ մի օրենսգիրք պատիժ չի նախատեսում գրականության դեմ հանցագործության համար: Եվ այդ հանցագործությունների մեջ առավել ծանրացուցիչը ո՛չ թե գրաքննության սահմանափակումներն են, ո՛չ էլ խարույկի վրա գրքեր այրելը: Գոյություն ունի առավել ծանր հանցագործություն՝ գրքերը առհամարելը, գրքեր չկարդալը: Այս հանցագործության համար մարդը հատուցում է ամբողջ կյանքով, եթե այդ հանցագործությունը ազգն է կատարում, դրա համար նա իր պատմությամբ է հատուցում:
Այսպիսով գրականությունը, այնուամենայնիվ հանրային և ոչ միայն անհատական նշանակություն ունի, դա է վկայում ընթերցանության սոցիալական պատմությունը: Չարժե քննադատել Իոսիֆ Բրոդսկուն բուրժուական ինդիվիդուալիզմը փառաբանելու համար: Խորհրդային ավտորիտար համակարգում գրականությունը և ընթերցանությունը ներքին հանրային ոլորտն էին, արտաքին հանրային ոլորտի լիակատար բացակայության պայմաններում:
Հայաստանի պատմության համար հանրային ոլորտի և ընթերցանության միջև կապը ևս ակնառու է: Պայմանականորեն կարելի է ասել, որ Էջմիածնի կաթողիկոսության հիմնադրումից մինչև Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» հրատարակումը եղել է գրականության անկման դարաշրջան: Չի կարելի ասել, թե ոչինչ չէր գրվում, բայց հիմնականում՝ քարոզներ: Մարիո Բրոսեն կամ Նիկողայոս Մառը բնութագրում են հայկական գրականությունը որպես չոր ու ցամաք, ռացիոնալիստական քարոզների հավաքածո: Դա նաև պետականության բացակայության պայմաններում հանրային կյանքի անկման դարաշրջան էր:
Աբովյանը իր վեպի նախաբանում հանդիմանում է հայ գրագետներին, թե ի՞նչու են մեծ գումարներ վերցնում գրագիտություն սովորեցնելու համար: Նա դառնությամբ գրում է, որ մոլաները մզկիթներին կից դպրոցներ են բացում և ձրի սովորեցնում: Ինչո՞ւ Աբովյանը գրեց իր վեպը: Նա բացատրում է, որ ուզում է ցրել այն միֆը, թե հայը խորամանկ, հաշվենկատ և անզգամ մարդ է, որ նա էլ ունի սիրտ և զգացմունքներ, այդ թվում՝ արժանապատվություն: Սա հայ ընթերցանության ժամանակակից պատմության սկիզբն է:
Երբ ստեղծվում էին ազգային բուրժուական պետությունները, այդ պրոցեսի հիմքում դրված էին երկու մեխանիզմ, որոնք դարձնում էին հպատակին քաղաքացի՝ պարտադիր զինվորական ծառայությունը և ազգային դասականների պարտադիր ընթերցանությունը: Այսինքն, պետությունը ոչ միայն զինված կամավորների քաղաքական միություն է, այլ նաև ընթերցողների քաղաքական միություն: Հանրային կյանքի զարթոնքը նաև ընթերցանության զարգացումն էր, նրա դեմոկրատացումը:
Այդպիսի մի զարթոնք էր անցյալ դարի 90-ականները, ինչպես հանրային կյանքի, այնպես էլ գրականության և ընթերցանության: Եվ հակառակը. 21-րդ դարի սկիզբը ավտորիտարիզմի և ռաբիսական շոու բիզնեսի բարգավաճման տարիներ էին:
Հիմա այլ դարաշրջան է, սոցցանցերի դարաշրջան: Ես տեսնում եմ, որ հիմա շատ են կարդում, բայց հիմնականում …ֆեյսբուքյան ստատուսներ: Մի ժամանակ Աբովյանի և Րաֆֆու ընթերցողները ստեղծեցին հայ ազգը: Ֆեյսբուքի հայ օգտատեր-ընթերցողները ստեղծում են ինչ-որ բան, բայց ի՞նչ … Գրականությունը իբրև գաղափար, իհարկե, ուշ հայտնագործություն է: Այն ժամանակային առումով համընկնում է արևմտյան աշխարհագրական հայտնագործությունների և իմպերիալիզմի դարաշրջանին, չնայած ժամանակ էր պետք, որ գրողները դառնային «մտքի տիրակալներ», յուրօրինակ խոսքի իմպերիալիստներ:
Գրականության և աշխարհագրական հայտնագործությունների այս զուգորդումը մեզ մտածել է տալիս ընթերցողի մասին: Եթե ընթերցողը, իսկ այդպիսին էր 19-րդ դարի ընթերցողը, ճանապարհորդ է, ապա նա լավ գիտի, որ իրեն հանդիպած հարյուրավոր կղզիներից միայն մեկն է «գանձերի կղզի»: Այն կլանում է տեքստերը, փնտրելու համար իր սեփականը:
Ժամանակակից ընթերցողը ապրում է տեղեկատվական դարաշրջանում և նա գուգլում է, թե որտեղ է գրական «գանձերի կղզին»: Նա տեղեկանում է, թե ով է «ռեյտինգով» առաջին տասնյակում ու այդ ցուցակից մի քանի բան կարդում է: Հայաստանում մի տասը տարի առաջ այդպիսի «ռեյտինգներ» գրողների համար անում էր «Կանչ» թերթը: Դա նույնիսկ ավելի առաջ էր, քան զանգվածային երաժշտության Հ1-ի ռեյտինգները:
Ժամանակակից ընթերցանությունը «բրենդային» բնույթ ունի, ընթերցողը տուրիստ է, որ կողմնորոշվում է «ռեյտինգային» բրենդերով: Նա կարդում է նոբելյան մրցանակիրներին /վայ քեզ Բորխես/, կամ «Բուկերը» և «Գոնկուրը», կամ ով մեծ տպաքանակ ունի: Օ՜, կան «բարձր արժեքներ» ունեցող տուրիստներ. իսկ այս հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՈՆ հավան՞ել է: Չի հավանել, անցանք: Իսկ Հայաստանը հավնեցա՞ք …
Հավատում եմ, որ գրականության համար «գուգլիտը» կդառնա ավելի խելացի, որ այն չի լինի բրենդային տուրիզմ, որ չի խանգարի փնտրել այն, ինչ իրենց պետք է:
Ձեզ կարող է դուր գալ
-
Վովա Արզումանյան / Էքզիստենցիալ տագնապի կետում
-
Վովա Արզումանյան/ Ինքնության ապրանքայնացումը և տեքստի ազատությունը
-
Վովա Արզումանյան/«Գոմեշը»՝ գոյի կարևոր նախապայման
-
Գրիգոր Արծրունի/Մամուլի կոչումը
-
Սմբատ Հովհաննիսյան/Անկեղծությունն ընդդեմ ամբոխահաճության․ հանրային դիսկուրսի սահմաններն ըստ Գրիգոր Արծրունու
