Հովիկ Մխիթարյան/Հրետանավոր Կարենը

Սխալ կլինի ասել, թե Կարենը պատերազմ էր որոնում, բայց պատերազմը գտավ նրան: Գտավ զինվորական տաք անկողնում պառկած, երբ մտքով դեռ սարերում կորած փոքրիկ քաղաքի ծայրամասում գտնվող տանն էր ու մեքենայով Շումախերին վայել հնարքներ էր բանեցնում քաղաքի ոչ բանուկ փողոցներում: Կարենը բահից ու մեքենայի ղեկից բացի ոչ մի ուրիշ ծանր բան չէր բռնել: Չէր վիրավորել ու նեղացրել որևէ մեկին, մորից բացի, իսկ պապից փախած էր ման գալիս, որ իրար չնեղացնեն: Հիշում էր՝ ինչպես մի քանի անգամ բռնել էր Անահիտի տաք ձեռքը, ու շատ հաճելի էր եղել, բայց դա մանկական հրապուրանք էր, ոչ ավելի: Հենց այդ մտքերի մեջ էլ նրան գտավ պատերազմը ու առաջին վայրկյանից բռնեց հրեշի իր մահաշունչ ճիրաններում:

Երբ զորանոցի վրա թափվեցին առաջին արկերը, Կարենին թվաց, թե մարտաֆիլմի շարունակությունն է, որ իրիկունը նայեցին տղերքով ու քնեցին: Կինոյում ուրիշ էր. հերոսը հիմնովին ջարդեց հնարավոր բոլոր թշնամիներին անսովոր դաժանությամբ: Իսկ իրական դաժանությունը հառնեց նրա առաջ թափվող ռումբերի հետ միասին: Սա մի ուրիշ, կյանքի իրական ֆիլմն էր… Ֆիլմի նախաբանը սկսվեց, երբ հրետանավոր Կարենը դուրս թռավ զորանոցից: Կողքի շենքն արդեն փլվել էր: Մյուսների հետ միասին արագ մոտեցավ, որ տեսնի, թե ինչպես արդեն չկային Արմենը, Ավոն, Վազգենը, էլի ուրիշ տղաներ, որոնց մի մասին չէր էլ հասցրել ճանաչել… օգնության ճիչեր էին լսվում, գոռոցներ, շատերը տնքում էին փլատակների տակ…

18-ամյա Կարենը, որ իրենց մարագում պահվող կարմիր աչքերով փամփլիկ ճագարին էլ չէր նեղացրել, իրեն պատրաստ զգաց պատերազմելու ում հետ ասես, երբ իրեն գտավ մեքենայի թափքում, որպեսզի շատ արագ հասնեն հրանոթներին, որտեղ ինքն առայժմ արկեր էր մատակարարելու: Չգիտեր թե կռիվն ինչ է, որտեղ է այն սկսվում և որտեղ ավարտվում: Բայց շատ արագ հասկացավ, որ կռվի մասին ֆիլմերը ապուշություն են, և որ կռիվը սովորում են մահվան վախի տակ, պառկած ու կքած, սողալով ու կանգնելով, մահվան աչքերին նայելով ու նրա երեսին ծիծաղելով, մինչև հասկացավ, որ կռվելն ու մահանալը դժվար չի, ապրելն է դժվար: Ու համակվեց կատաղությամբ, երբ տեսավ, որ մարտադաշտի մյուս կողմից համառորեն փորձում են սպանել իրեն: Նա արագ ճանաչեց կռվի այբուբենը` կամ իրենք քեզ, կամ` դու իրենց: Հրաշալի՜ սովորեց այբուբենը, որ սովորեցնում էր պայմանագրային Սիսակը, ում համար սա երրորդ կռիվն էր…

Կարենը նկատել էր, որ բոլորն աշխատում էին մոտ կանգնել Սիսակին: Մտածում էին, որ մահը նրա կողքով է անցնելու, որովհետև գիտեր` ինչ են կռիվն ու մահը:

-Տղե՜րք, քնե՞լ եք, էսօր ի՞նչ սովորեցիք կյանքից, սովորեցի՞ք մի բան,- երբեմն բղավում էր Սիսակը,- չենք քնում… Խփու՜մ ենք, հը՜, ասելու բան չունե՞ք: Բայց տղաներն այնքան հոգնած ու ցնցված էին լինում, որ խոսելու տրամադրություն էր չէր լինում: Հատկապես երբ կյանքն ու պատերազմն էին սովորում, որ դադարելու միտք չուներ և ամեն օրվա հետ ապրելու հույսն էր մահանում… Պայմանագրային Սիսակը շատ մարտերի էր մասնակցել էր ու հիանալի գիտեր իր գործը: Մոլեգնում էր մարտերի ժամանակ, աչքերը դուրս էին թռչում բներից: -Խոսեք, – հրամայում էր նա, – կռվի ժամանակ էլ խոսեք, թող հրանոթներն էլ խոսեն, իսկ դուք բղավեք ինչքան ուժ ունեք, թող ոչինչ չմնա ձեր ներսում…

10 օր հետո զինամթերքը վերջացավ, իսկ համալրումն անհնար էր: Հրաման եկավ փոխել դիրքը: Հիմա Կարենը, որ 100 մետրից ավելին միշտ հոր գնած մեքենայով էր անցնում, ամեն օր քայլում էր 10 կիլոմետրի չափ կամ վազում, որ կռվեն ու փրկվեն: Իրենք էլ չգիտեին, թե ուր և ինչպես են գնում: Բարեբախտություն էր, որ շուլավերցի Սիսակը նախորդ կռվի ժամանակ էլ էր այս կողմերում եղել, ու չնայած տարիներ էին անցել, կարողանում էր գտնել ճիշտ ճանապարհը:

Զարհուրելի մարտեր էին գնում։ Թվում էր թե կյանքը ոչ մի արժեք չուներ… Նա կարծես ենթագիտակցության մեջ տեսավ թե ինչպես թույլ սվվոցով հենց խրամատի պատին հարվածեց արկը։ Չնայած ականջների աղմուկին, նա լսեց Խաչոյի անմարդկային գոռոցը.

– Տղե՜րք, ես մեռա…

Երբ մոտեցան, տեսան, որ Բագրատն ու Աբոն զոհվել են բեկորներից ու օդային ալիքից։ Խաչոն գլուխը բռնած, զարմացած իրենց էր նայում. զոհվածներն իրենից երկու մետր այն կողմ էին գտնվում, իսկ արկը պայթել էր իրենից կես մետր հեռավորության վրա… Կարենը հասկացավ, որ պատերազմն ապուշություն է ու անհասկանալի մի բան, որ իմաստ էլ չունի հասկանալ։

-Բախտ է, – վերլուծեց պայմանագրային Սիսակը:

-Բա՞խտ, – կմկմաց Կարենը, – չգիտեմ:

– Տղերք, հիշու՞մ եք, Արամեին, որ թաքնվել էր թփերի մեջ: Երբ իր նախկին տեղում արկը պայթեց, ինքն արդեն թփերի մեջ էր:

-Ի՞նչ էր անում թփերի մեջ, – հարցրեց քչախոս Վանոն, ու նույն պահին էլ լռեց:

-Ձևացրինք, թե ոչինչ չենք նկատում,- ասաց Կարենը,- վախենում էր: Բայց օգնեցինք, որ ներքնաշորերը փոխի… տակն էր արել:

Ծիծաղի տրամադրություն էլ չկար…

-Դա պատերազմի առաջին օրն էր, բոլորս էինք վախենում, միայն արևամուտին դադարեց ռմբակոծությունը, – ասաց Կարենը:

-Տղերք, ես մարդասպան չեմ, չէ՞- հույսով նրանց նայելով, մի օր ասաց Կարենը…

-Դու արդեն ցխել ես ոնց պետքն է, – շպրտեց Գալուստը, – քեզ չխաբես: Դու վատ չես աշխատում: Դու լավ հաշվարկող էլ կլինես:

-Բայց ոնց եմ ապրելու նրանց հետ, տղերք, ամեն իրիկուն այցի են գալու, – հեծեծաց նա:

-Մի անգամ էլ կցխես, – ուրախ հռհաց Գալուստը, – միևնույնն է արդեն մահացած են:

-Տղերք, եկեք բղավենք միասին, ինչ-որ բան անենք, մեր ներսից մի բան հանենք, հոգոց, տնքոց, բղավոց կամ գայլի ոռնոց,- մի օր առաջարկեց աղմկոտ Նորոն, – նյարդերս էլ չեն դիմանում:

-Հետո ձայնդ կլսեն ու վրա կտան, այ էն ժամանակ ուզածիդ պես կոռնաս, տղաս, – ասաց տարեց կամավոր Համբարձումը:

-Քեզ ինչ կա, ես 18 տարեկան եմ:

-Կապ չունի, բոլորս էլ 18 ենք եղել ու անցել ենք:

-Բայց դուք 18-ում էս կռիվը չէիք անում:

-Դա ճիշտ է, բայց մեկ է` մի ոռնա: Գնա թփերի ետևում ձեռնաշարժությամբ զբաղվի, քանի դեռ ժամանակ կա: Նյարդերի բուժման այս լուծումը հավանության արժանացավ ու թույլ ծիծաղ լսվեց:

Հեռվից քանի՜ անգամ տեսան թշնամիներին… իրենց շատ էին նման հագուստներով, միայն ավելի բաց էր նրանց հագուստը: Կարենին մինչ այդ թվում էր, թե թշնամին պոզով ու պոչով է լինում, բայց երբ տեսավ իրենց նման սովորական մարդկանց, ապշանքից անշարժացավ: Երիտասարդ տղերք էին, մի քիչ շեկոտ, մի քիչ թուխ, ու վախեցած․ մեռնել չէին ուզում։ Մի անգամ ձեռնամարտի բռնվեց նրանցից մեկի հետ։ Նիհարակազմ մեկն էր, քրտնած ու չռված աչքերով, վախի՞ց էր, ինչից էր, բան չհասկացավ։ Շատ տարօրինակ հաղթանակ էր, ընթացքում հա հիշում էր զոհված ընկերներին։ Հետո հասկացավ, որ ինքը չի ապրում ու մորը զանգեց, ասաց, որ ինքը հիմա բունկերում է, թող չանհանգստանա։ Բայց չասաց, որ խելագարության բունկերում է։ Տարօրինակ աշխարհ է, մտածում էր հրետանավոր Կարենը, ոչ մեկը սպանելու ու մահանալու ցանկություն չունի, բայց սպանում են ու մահանում…

Նորից դիրքավորվեցին, նորանոր մարտեր ու նոր զոհեր: Հրաման եկավ այս մի դիրքն էլ թողնել, որովհետև հակառակորդը մոտենում էր: Արդեն ավելի շատ էին քայլում… շրջանցում էին ինչ-որ վայրեր ու տարածքներ, գնում էին ավելի շատ գիշերով, ուտում էին ինչ գտնում էին. կաղին շատ կար, անտառում ուտելի խոտեր էլ գտան, լավ էր ճանաչում դրանց, պապը միշտ բերում էր ու տապակում էին: Կռիվներ տվեցին բաց դաշտերում, թաքնվեցին որտեղ ասես: Վերցնում էին սպանվածների զենքերը: Ապրելու ամեն վայրկյանը երկարաձգում էր մահվան հոգևարքը, որին արդեն հավատում էին ու սպասում, այնինչ նա ուշանում էր: Ամեն վայրկյանը հաղթանակ էր մահվան հանդեպ, իսկ իրենք հաղթած զինվորներ էին:

-Հասնում ենք հաջորդ դիրքերին,- ասաց Սիսակը, – դիմացեք: Կարենը դիմանում էր, բայց ոտքերն ուռել էին ծանր ու անհարմար կոշիկների մեջ: Ամեն դժվարության դիմանում էր, բայց չէր դիմանում, երբ իրիկուններն այցի էին գալիս իր ցխածներն ու ընկերոջ ոտքը, որ մարտերից մեկի ժամանակ գլորվեց հենց կողքին: Երբ կիսազարթուն էր, վեր էր թռչում ու բղավում, իսկ երբ երազում էին գալիս, հենց երազում ոռնում էր առանց ամաչելու: Տղերքն արագ փակում էին բերանը, այնքան որ տհաճ էր այդ ոռնոցը, իսկ ինքը կուզեր, որ դեռ շատ երկար ոռնար… Գուրգենի ոտքն էր այցի գալիս:

-Տղերք, Կարենը կակազում է, – մի օր ասաց Մելոն:

-Ոչինչ, ավելի լավ է էդպես, քան թե ներսում մի բան մնա, – ասաց հին զինվոր շուլավերցի Սիսակը, որ շատ մահեր էր տեսել, բայց էսպիսի կռիվ ու էսպիսի կենդանի մարդիկ չէր տեսել:

-Բառերը դուրս չեն գալիս, պոկում է շրթունքներից, – ասաց Գալուստը:

-Էդպես է տղերք, էն օրն էլ Դավիթի ձեռքերն էին դողում, չէր կարողանում հացը նորմալ ուտեր: Չի վախենում ոնց որ, բայց ձեռքերը… -Տղերք, կպատկերացնեի՞ք՝ ինչ է պատերազմը,- ասում էր Կարենը:

-Դա խելացի սրիկաների ու իմաստուն տականքների, խորագետ լպրծունների ու ճշմարտությունը բռնաբարողների, ձիգ կոստյում–շալվար հագնող, վատ տղեքի հաղթանակն է,- փիլիսոփայեց շուլավերցի Սիսակը,- բայց սա երկար չի տևելու:

-Չեմ դիմանում, – պայթեց Գալուստը, – էս ինչքան քչացել ենք: Ու ապրել ենք էն ժամանակ, երբ խաղաղություն է եղել ու չենք գնահատել, երբ ընկերդ կողքիդ է ու չի գլորվում հանկարծ կամ չի գոռում ցավից: Գոնե ապրեի՜նք միասին, միասի՜ն վախենայինք, իսկ երբ ռումբը ոռնում է, միասի՜ն սեղմվեինք գետնին ու լսեի՜նք միմյանց շնչառությունը…

Կարենը գիտեր, որ երբ ռումբերն էր լիցքավորում ու կրակում էին, իրեն գժություն էր պատում, իրեն, որ պատերազմ չէր ուզում, ու իրեն պարտադրել էին պատերազմը: Պարտադրել էին քրտնած դեմքով ու վախից չռված աչքերով էն տղուն, ում ինքը հաղթեց… Իրենց գլխավերևով էին անցնում ռումբերը, եթե կրակողները շիլ լինեին ու մի փոքր ներքև ու սխալ կրակեին, ինքը մի քանի անգամ արդեն մասնատված կլիներ: Բայց քանի որ էն կողմի տղերքը շիլ չէին, ռումբերն իր գլխավերևով էին անցնում: Ուրիշներին էին գտնում, բայց իրեն այդպես էլ չգտան: Արդեն չգիտեր, ավելի շատ կուզեր, որ կպնեի՞ն, թե՞` որ չկպնեին… Կարենին թվում էր, թե ուրիշ մի կյանք, քան այս մեկն է` երբեք չի եղել… չի եղել խաղաղություն ու ընկերություն, չի եղել կյանք`առանց քեզ ու ընկերոջդ կորցնելու սարսափի…

Ռումբն այնքան մոտիկ պայթեց, որ ականջներն արագ խլացան: Ձեռքը արագ տարավ ականջներին, ձեռքերն արյունոտվեցին: Նայեց կողքերը… Օնիկն անշարժ պառկել էր… Կարենը վազեց հրթիռի նման: Աչքերը լայն բացված էին ու իրեն էին նայում. որովայնի բացված վերքին նայել չէր լինում, ոտքի թաթը չկար… Մարմինը թույլ ջղաձգվում էր։ Նա աչքերով որոնեց բուժակին, որ արագ հասավ ու առաջին օգնություն էր ցույց տալիս աչքերը փակվող Օնիկին:

-Ես գիտեի, որ դու կգաս, – ասաց Օնիկը:

-Ես եկա, – ասաց Կարենը, – ինքն էլ չճանաչելով իր ձայնը, -դու ապրիր, խնդրում եմ, մի փակիր աչքերդ, ապեր,- ինքն էր աղերսում, թե մեկ ուրիշը, չէր հասկանում, բայց պետք էր խոսել: Օնիկի հետ մանկություն էին ապրել: -Իմ փոխարեն կսիրահարվես,- տնքալով վերջին կատակն արեց Օնիկը, – շատ երեխաներ կունենաս, մեծի անունը Օնիկ կդնես: Չմոռանաս ինձ, Կար ջան, խնդրում եմ…

-Ապե՜ր, ո՞նց ենք պայմանավորվել, մի խաբի ինձ: Դու ապրելու ես…

Ինքն էլ չէր հավատում իր ասածներին: Հակառակ իրենց խոստման, որ տվել էին միմյանց պատերազմի առաջին օրը` Օնիկը մահացավ: Իր հարցերին պատասխանում էին խանձված թփերն ու այրվող հողը, սարսափահար սոսափող տերևները: Կարենը փակեց Օնիկի աչքերը, ապա ձեռքերով փակեց սեփական բերանը, որ չոռնա… Պայմանագրային Սիսակն ու տղաները համարյա ուժով բարձրացրին նրան, չէր ուզում պոկվել գետնից, հողն այնքան տաք էր ու սիրառատ: Նա անուժ մեկնվեց խրամատում ու ցանկացավ չլինել: Լիներ հրաշք, մի անգամ էլ ապրեին այս կյանքում, տղերքի հետ, մի անգամ էլ նայեին իրար աչքերի մեջ, ընկերություն անեին թաղում կամ ծառայության ժամանակ կատակով վիճեին սուր սայրի, սափրվելու օճառի փրփուրի համար: Մի անգամ էլ իրար ձեռք սեղմեին, հեծանիվի մրցում կազմակերպեին փողոցում կամ վազեին պլացում ու ոտք գցեին, հռհռային անհոգ: Երբ մի անգամ ինքը ոտք գցեց Օնիկին, սա լրջորեն սայթաքեց ու ընկավ, բայց չնեղացավ: Իրիկունը, քնելուց առաջ գրկախառնվեցին: Հիմա Օնիկը չկա… Մի անգամ էլ գրկախառնվեի՜ն… երբ երեխա ունենա, անունը Օնիկ է դնելու։

Ճանապարհներն ու պատերազմն ավարտ չունենին: Քայլում էին, կռվում ու պակասում: Բայց գիտեր, որ կռիվը մի օր ավարտվելու էր: Մահն իրեն մոռացել էր, որովհետև արդեն չէր վախենում մահից, գիտեր, որ նա խաղաղ նինջ է: Որ գնալու էր այնտեղ, որտեղ Օնիկն էր ու նրա նման շա՜տ ուրիշ սովորական տղերք, որ ապրել էին ուզում: «Ամեն ինչ ժամանակի հարց է,- մտածում էր Կարենը,- մեկն ավելի շուտ է գնում, մյուսն ավելի ուշ:

… Երբ հրետանավոր Կարենը պատերազմից հետո առաջին գիշերը գլուխը հողին դնելու փոխարեն թրխկացրեց, դրեց դպրոցի չոր, փայտե հատակին, այնքան փափուկ թվաց փայտը ու այնքան հյուրընկալ: Նա գլուխը կոխեց զինվորական քնապարկի մեջ ու ակնթարթորեն քնեց՝ երազում ընկերներին մի անգամ էլ տեսնելու երջանիկ հույսով:

Please follow and like us: