Հովիկ Մխիթարյան/Ուլյան լեռան առասպելը

Ուլյան լեռան առասպելը հոգում էր ծնվում.. սիրո, հերոսության ու պայքարի, կորստի ցավից… Ինչպես լեռն էր դիմադրում ու չէր շարժվում տեղից, այնպես էլ լեռան պահապանները չէին շարժվում: Նահանջ գոյություն չուներ, որքան էլ հեղեղի նման թափվեին արկերը, ոռնային հրանոթներն ու չարագուշակ հայտնվեին ինքնաթիռները: Հոգնությունը, մահվան սպասումներն ու մահերն անգամ մի մետր չշարժեցին տեղից: Հերոսությունը մի անուն ուներ` թշնամու առաջ ծնկի չեկած Ուլյան լեռան առասպելը… Լեռ, որ արձագանքում էր կապիտան Թորոսի` հոգնած ու հուզված, սակայն միշտ խրոխտ ձայնը` պահե՜ք լեռը։

Ուլյան լեռը կապիտան Թորոսի մանկությունն էր, սիրո, հիշողությունների ու առատ հույզերի լեռը, որ կորստի, կորցնելու վախի էր վերածվում: Նա ոչինչ չէր խոսում այդ մասին իրեն հույսով ու վստահությամբ նայող զինվորների հետ, որովհետև առանց խոսքերի էլ պարզ էր ամեն ինչ: Նրանց կյանքն իր սեփականն էր դարձել: Զինվորները գալիս էին ու գնում, իսկ ինքն այստեղ էր և այստեղ էլ մնալու էր։ Նրանք ավարտում էին ծառայությունն ու տուն վերադառնում: Եվ երբ սկսվեց պատերազմը, նրանք տուն չէին գնում… զոհվում էին… ու մի մետր անգամ չէին նահանջում… Նահանջը հարվածի տակ էր դնում մյուս դիրքերը, որովհետև շղթայաձև դասավորված դիրքերից մեկի կորուստը դուռ էր բացում մյուսների համար: Վաշտերը մաշվում էին, բայց մնում էին տեղում: Կապիտանը զոհվում էր ամեն զինվորի հետ։ Լեռան պաշտպանությունը մահվան խաղ էր, տղերքը չգիտեին ինչ է վախը, բայց ընկնում էին անմռունչ, հեկեկում էին ու ոռնում ընկերոջ մահը տեսնելիս: Մարտերից ազատ ժամերին, գիշերները պատսպարվում էին ականակույր խավարի մեջ, որ ապահովության ու պահպանության մի ակնթարթ էր միայն հավերժության մեջ, երբ չգիտես, թե երբ կավարտվի պատերազմը: Նրանք հյուսում էին Ուլյան լեռան առասպելը զոհված ընկերների հիշողություններից ու բզկտված մարմիններից, անժամանակ մահերից ու հոգին ալեկոծող հույզերից, աշխարհի արնահամ լռությունից:

Առաջին օրը, երբ բարձրացան լեռը, զոհվեց Սարգիսը: Նա չհասցրեց նետվել չգիտես որտեղից հայտնված, ռումբերի հարվածներից ծնված փոսը… Նրանից ընդամենը մեկ-երկու վայրկյանի տարբերությամբ մահից հրաշքով փրկվեց Ալբերտը: Կապիտանը գիտեր, որ երկրորդ անգամ նույն տեղում հարված չի լինի և արագ մոտեցավ Սարգսին: Զինվորը չէր տանջվել, ռումբի բեկորները ցրվել էին մարմնով մեկ: Դա առաջին մահն էր, որ իրենց աչքի առաջ տեսան զինվորները: Կապիտանը զգաց իրեն հառված, ընդամենը մի քանի օր առաջ աշակերտական նստարաններից վեր կացած երիտասարդների վախեցած հայացքը: Ավոն` Սարգսի ընկերը, գլուխն էր բռնել ու լաց էր լինում:

-Չվախենա՛ք, – միայն ասաց կապիտան Թորոսը,- սա պատերազմ է, ամեն ինչ պատահում է։

Տարիներով ծառայած զինվորի իր իմաստությամբ նա գիտեր, որ պատերազմում կյանքի ու մահվան անհեթեթ օրենքներ են գործում, հրաշքի, մարդկային տրամաբանությանը չենթարկվող օրենքներ: Եվ հասկացավ, որ այս մահն առաջինն ու վերջինը չէր լինելու: Երբ բարձրացան լեռը, շատ արագ սկսեցին դիրքավորվել. երկարացնում ու լայնացնում էին խրամատը: Փորում էին՝ հրաշալի հասկանալով, որ դա իրենց փրկությունն է լինելու դեռ շատ օրեր: Գլուխ պահելու մասին խոսք չկար, փորում էին բահերով, սվիններով, եղունգներով…Այդ երկա՜ր փոսերն իրենց կյանքն էին փրկելու:

-Կապիտա՛ն, դու այսպիսի մարտերի շա՞տ ես մասնակցել, – հարցնում էին նրան:

-Մարտերի շատ եմ մասնակցել, բայց այսպիսի հրետակոծության` երբե՛ք։

Զինվորներն ակնածանքով էին նայում… իրենց ակնածանքով նայող կապիտանին:

Պաշտպանվելով անդադար թափվող արկերից՝ ջոկատը նաև հետևակի գրոհներին էր դիմագրավում, կռվում էին ինչպես և ինչով կարողանում էին: Միևնույն ժամանակ հետևում էին դիմացի բարձունքը պահող ջոկատի հերոսական դիմադրությանը: Այնպես էր ստացվել, իրենք նրանց էին պաշտպանում և հակառակը. մեկի անկումը մյուսի անկումն էր:

-Տղե՛րք, ովքեր վախենում են, թող գիշերը գան ինձ մոտ,- ասում էր Թորոսը:

Սակայն ոչ մեկն այդպես էլ չգնաց, մնում էին իրենց տեղերում: Երիտասարդական լավատեսությունն ապրեցնում էր, իսկ պայծառ հույսերից նրանց հոգիներում ծնվում էր փրկության երգը, որի մեղեդին ալիք-ալիք ծփում էր հոգու անեզր օվկիանում, ծառս լինում ու երկինք հասնում: Նրանք` կենդանի մնացածները, հաճախ գրկախառնված էին քնում, զգալով կենդանության շունչն իրենց կողքին և փափագում էին գոնե երազում տեսնել զոհված ընկերներին… նրանք մոլեգնում էին ու ընկնում, բայց չէին նահանջում: Աշխարհի լռության, դիվային ագահության ու անարդարության դեմ պայքարում նրանք երկնում էին Ուլյան լեռան առասպելը…

Օրերի հաշիվն էին կորցրել: Մնացել էր ապրելու կամքը, լեռան հետ զրույցներն ու նրա պահպանությունը: Լեռը հայրենիքի դուռն էր, կապիտանի երիտասարդությունն ու խաղաղության տարիները, և զինվորական կյանքն այս տղաների հետ, որոնցից շատերն արդեն հուշ էին դարձել: Այդ տղաները գալիս էին ՝ իրենց հետ բերելով մանկական երազանքներ ու պարզամտություն, և տուն էին գնում՝ տանելով հասուն այրականություն ու մարտական կոփվածություն: Հիմա նրանք տուն կտանեն մահվան հետ զրույցների, նրա աչքերին նայելու ցավոտ փորձառությունները:

-Սա մեր տունն է, – ասում էր կապիտանը, – մեր փոքրիկ հայրենիքը, խնդրում եմ՝ պահպանենք այն… պատերազմի ժամանակ և՛ հրամաններ են լինում, և՛ խնդրանքներ։

Ժամանակը լեռան վրա կանգ էր առել, ու չէր եղել մեկ այլ կյանք, քան անդադար ռմբակոծությունն էր, մարտերն ու լուրերը պատերազմական իրավիճակի մասին: Իրենց միակ ցանկությունն ու նպատակը դիրքը պահելն ու կենդանի մնալն էր. եթե միայն կենդանի մնային…

Այս պատերազմը հոշոտում էր տղաներին… Պատահել էր ` զոհվածների մարմնի մասեր էին թաղել…Կապիտան Թորոսն ատամները սեղմած նայում էր կողք-կողքի, երկու-երեք մետր հեռավորության վրա, միաձույլ դիրքավորված տղաներին և նրանցից յուրաքանչյուրի հանդեպ հսկայական սեր ու պատասխանատվություն էր զգում. պատերազմի բոցերի մեջ այրվող այս խանձողներին սպասու՜մ էին տներում:

-Տղե՛րք, դեռ կենդանի ենք, մեռնեմ ձեզ, – անընդհատ կրկնում էր սերժանտ Արտակը, – չենք զոհվելու, ամեն մի մահ քանակի նվազում է, ամեն մեկիս կորուստը մեր պաշտպանությունն է թուլացնում։

-Ես չեմ ուզում մահանալ, – պատերազմի 29-րդ օրը բղավեց Ռոմանը, ապա հիստերիկ ճչաց,- ինձ ուզում են սպանե՜լ, ես ոչ մեկին ոչինչ չե՜մ արել,… Նա հենվել էր խրամատաճեղքին ու սարսափած այս ու այն կողմ էր նայում: Չդադարող ռմբակոծությունից նրա նյարդերը տեղի էին տալիս։

Զինվորները նայեցին կապիտանին: Նա կտրուկ մոտեցավ Ռոմանին, սակայն, տեսնելով դողահար մարմինը, ոչինչ չասաց, միայն հանդարտ բռնեց ուսերից և տարավ դեպի քնելու համար նախատեսված փայտե հարմարությունը, ապա համարյա ուժով պառկեցրեց նրան:

-Հանգիստ պառկի՛ր, – ասաց նա, – քեզ ոչինչ չի պատահի, մենք բոլորս այստեղ ենք: Կարող ես պառկել, այսօր դիրք մի՛ պահիր, հանգստացի՛ր:

Ռոմանը շնորհակալ ու լարված նրան էր նայում. աչքերում մահվան վախ կար

– Ռոմ, ծխախոտ կուզե՞ս, – հարցրեց կապիտանը։

-Կյանքում ծխած չկամ, պարո՛ն կապիտան, բայց տուր փորձեմ, վախենում եմ… Նա դողացող մատներով վերցրեց ծխախոտն ու անվարժ շարժումներով սկսեց ծխել:

-Ծխի՛ր, բայց պատերազմից հետո կթողնես…

Կապիտանը զգաց, թե ինչպես սուր հեղձուկը այրեց կոկորդն ու քիթը։ Ցանկացավ բարձրաձայն հայհոյել պատերազմն ու այն հրահրողներին, բայց միտքը փոխեց՝ չուզենալով ցույց տալ իր թուլությունը։

Կապիտանի համար կյանքը նաև կաթնագույն լուսինն էր, որ շողշողում էր իր մանկության հեռուների անհասանելի բարձրությունից: Նա իր մանկության ու երազի մի մասնիկն էր, որ ներկայի իրականության մեջ ավելի խորհրդավոր էր դարձել։ Այնտե՞ղ էին խաղաղ ննջած տղաները… Կլինի՞ մի այնպիսի խաղաղ վայր, որտեղ կյանքին վաղ հրաժեշտ տված այդ հերոսները կապրեին մի այլ կյանքով… Մանկության երազներն էին այցելում, երբ տատի տանն էր, ու մինչ աչքերը փակելը նայում էր պատուհանից խորհրդավոր ժպտացող կաթնագույն լուսնին ու թարթող աստղերին… գծելով իր կյանքի երազանքները: Երազում էր սեփական տունը, գեղեցիկ մի կնոջ` Սիրարփի անունով, իր շարունակությունն ամփոփող երեխաներին: Երևակայությամբ գծում էր իրեն` անվախ զինվորին, որ զենքը ձեռքին պաշտպանում էր իր հարազատ քաղաքն ու հայրենիքը: Կատարվեցի՞ն իր երազանքներն այստեղ… Ո՞ր խորհրդավոր ուժն էր լեռան գագաթ հասցրել իրեն, կողք-կողքի պառկած այս տղաների մոտ, ապրելու փափագը սրտերում, մի բուռ հողի վրա կծկված, ամեն պայթյունից սարսռացող ու մահվան սպասումների մեջ, մինչև ատամները զինված թշնամական աշխարհի բանակների դեմ:

Ժամանակը հյուսում էր Ուլյան լեռան առասպելը նաև խաղաղ պահերին, երբ ռումբերը չէին պայթում, ու մահը չէր սավառնում օդում, երբ մի այլ աշխարհից էին խոսում, որ վաղուց կարծես իրենցը չէր ու հիշողություն էր դարձել:

-Տղե՛րք, – սիրում էր կրկնել Հայկը, – Նառան ինձ սպասում է, չեմ մահանալու, չեմ հավատում մահվանը:

-Ապրելու որոշո՛ւմ կայացրեք, – ասաց կապիտանը, – որոշումից հետ չկանգնե՛ք, բայց վախն էլ լուրջ ընդունեք, անխոհեմ որոշումներ չկայացնե՛ք: Պատերազմում հաղթում են սառը գլուխներն ու ամուր նյարդերը…

– Ու ընկերասիրությունը, – ասաց Հայկոն:

Կապիտանը ոչինչ չպատասխանեց, միայն ավելի երկար նայեց տղաներին: Հենց լեռան գագաթին ծնվեց այն գաղափարը, որ երբ ամուսնանան ու երեխաներ ունենան, կդնեն իրենց զոհված ընկերների անունները: Առաջին որոշումը Սահակը կայացրեց. նա մոլեգին կատաղությամբ մեկ օրում երեք մետր խրամատ փորեց, որպեսզի շրջանցի այն տեղը, որտեղ ընկերոջ` ռումբից պոկված թևն էր ընկել…

Պատերազմի 35-րդ օրը երբ կապի դուրս եկան հարևան դիրքի հետ, այնտեղ արդեն թուլանում էր պաշտպանությունը: Անդադար ռմբակոծությունը մաշեցրել էր ուժերը: Մեծաթիվ զոհեր էին տվել, և համալրում չկար: Մնացել էին առանց սպաների: Դիրքում շփոթության նշաններ էին ցույց տալիս: Օդում նահանջի ու հուսալքության ոգին էր սավառնում:

Կապիտան Թորոսը երկար չմտածեց.

-Գնում եմ, չեմ կարող սպասել, – ասաց նա, ավտոմատն ուսը գցելով: Մի անգամ էլ ստուգեց իր սպառազինությունը. ամեն ինչ տեղում էր:

– Մի՛ գնա, – բղավեց ժամկետային Ալբերտն ու համարյա գրկեց նրան,- այնտեղ ավելի վտանգավոր է:

Թորոսը մի կողմ հրեց նրան:

-Կապիտա՛ն, հրամայում եմ` մի՛ շարժվիր տեղիցդ,- բղավեց կարգով բարձր հրամանատարը,- դու այստեղ էլ ես պետք:

-Չեն դիմանա, հրամանատա՛ր, սպաներ չկան, միայն ժամկետայիններ են, օգնություն է հարկավոր: Հրամա՛ն տուր, միևնույն է` գնալու եմ:

-Որպես հրամանատար հրամայում եմ` մի՛ գնա, իսկ որպես մարդ…

Կապիտան Թորոսն արագ, հաստատուն քայլերով առաջ ընթացավ… Փակ աչքերով էլ կգնար այս ճանապարհով: Չլիներ պատերազմը, միշտ այսպես քայլեր իր մանկության արահետներով, որտեղ գիտեր ամեն քարն ու փոսը: Կարող էր նույնիսկ թաքնվել այս ծմակներից մեկում ու մնալ մինչև պատերազմի ավարտը, բայց չէր կարող թողնել կյանքի ու մահվան սահմանագծին մաքառող զինվորներին: Շատերը նահանջի ճանապարհն անգամ չգիտեն ու արագ կմոլորվեն, ընկնելով թշնամու ձեռքը:

Ահա և ծաղկաշատ դաշտը: Կարծես պատերազմ չէր եղել… զարմանալիորեն կենդանի մնացած բազմագույն ծաղիկները խաղաղ օրորվում էին: Շատ անգամ են այստեղ եկել Սիրարփիի հետ: Երանի հիմա էլ իր կողքին լիներ…Կցատկոտեր արագավազ եղնիկի նման, հիացած կճչար ու ծաղիկներ կքաղեր, ապա կմոտենար ու կգրկեր իրեն՝ միաբանվելով կյանքի խորհրդով ու սիրո փափագով: Երազ էր թվում այդ ամենը հիմա: Նա դանդաղեցրեց քայլերն ու մի գեղեցիկ փունջ ձևավորեց։ «Վայրենանում եմ, – մտածեց, – վաղը մի ձևով կուղարկեմ Սիրարփիին»: Երկու փոքրիկ փունջ էլ աղջիկների համար պատրաստեց:

Երկու ժամից հասավ խրամատին: Զինվորներն անկեղծ ուրախ էին փորձառու սպային տեսնելով: Նրանց ոգևորությանը չափ չկար: Առանց շփոթության գրկում էին ու մի կողմ քաշվում: Խիզախ սպայի մասին պատմություններն իրենց էլ էին հասել:

Ուլյան լեռան առասպելը սիրուց ու խիզախությունից էր ծնվում…

Ծանր, անսովոր մարտեր էին մղում: Անօդաչու թռչող սարքերը չէին թողնում շունչ քաշեն, ու նրանցից համարյա պաշտպանություն չունեին: Քրքրում էին, բզկտում հողն ու երիտասարդ տղաներին…

Մարտից, պաշտպանությունից ազատ պահերին մտքերը հանգիստ չէին տալիս։ Կապիտանը հաճախ էր մտովի հարցնում կյանքն արարող այն Մեկին, Ում հայտնի էին կյանքի բոլոր գաղտնիքները… Ո՞րն է կյանքի խորհուրդը, ո՞րն է այս հիանալի տղաների այստեղ գտնվելու գաղտնիքը, կբացահայտի՞ ինքը երբևէ մահվան ու կյանքի անմեկնելի խորհուրդը… Այս տղաները… Միմյանցից երկու-երեք մետր հեռավորության վրա պառկած, ճակատագրին հլու, կյանքի ու մահվան սպասումով, հրաշքին հուսացող ու երիտասարդական եռացող արյամբ նրանք երկնում էին Ուլյան լեռան առասպելը՝ որպես քաջության ու երիտասարդական հզոր կամքի առհավատչյա…

Լեռը դիմադրում էր, յուրաքանչյուր մարտ անկանխատեսելի էր, իսկ ամեն օրը` ապրելու ու կյանքը երկնելու հայտնություն:

Անհավասար մարտեր էին մղում: Արկերը չէին թողնում կարգավորել ուժերը: Օդում տիրություն էին անում անօդաչու թռչող սարքերը: Նրանք հայտնվում էին կանոնավոր հաճախությամբ ու անողոք դաժանությամբ: Հերոսությունն ու քաջությունը թվում էր թե ոչ մի նշանակություն չունեն, միայն փորձում էին ունեցած հնարավոր զենքերով պաշտպանվել: Իսկ ժամանակը որևէ փոփոխություն չէր մտցնում պատերազմի ընթացքի մեջ, թերևս` ամեն օրվա հետ աճում էր շրջափակման մեջ ընկնելու վտանգը։ Վտանգվել էր հայրենիքը, իր մանկության, հոգու առաջին արթնության, ապրելու հրաշքի զգացողությունը… Հայրենիքն այն վայրն է, ուր սրտի թրթիռով զգացել ես առաջին սիրո մեղմ հպումները, այն երբեք չմոռանալու անգիտակից պոռթկումները, քո ապրած առաջին ու վերջին տունը, իրիկնային հատուկենտ լույսերի մեջ թարթող պատուհանները։ Այն առաջին քայլն է ու սեռի` առաջին բուռն ճիչն ու ինքնության ալիքվող ծփանքը, որ բնավորվում է քո հոգում և երբեք այլևս չի լքում։ Հայրենիքը անծայրածիր հովիտներին ու ձորերին, լեռներին ու ժայռերին հառված հույսի դեգերումներն էին, նահատակված տղաների առաջին զարկն ու վերջին ճիչը, բազկի առաջին հարվածն ու թափված արյան վերջին կաթիլները։

Ավարտվել էր հերթական մարտը և փորձում էին հանգստանալ, կարգի բերել զենքերը: Կապիտանը գլխավերևում տեսավ խուլ ոռնոցով դեպի իրենց եկող այդ մահաբեր անօդաչու թռչող սարքերը… նրանք այնքան շատ էին և այնքան մոտ, դեռ երբեք այդքան մոտ չէր տեսել մահվան այդ բանբերներին… Նա կծկվեց ու ընկավ, երկու ձեռքերով բռնելով գլուխը: Փորձեց հեռանալ այդտեղից, սակայն չէր կարողանում: Պայթյունները հաջորդում էին միմյանց, որոնցից մեկի ժամանակ վիրավորվեց նաև ձեռքը… լեռը… սրտի ամեն զարկի հետ հուր էր շնչում… Օգնության եկան միայն կես ժամ հետո: Երբ տեղավորում էին մեքենայում, ուղեղում զինվորներն էին. գոնե ծանր չլիներ վերքը, մնար նրանց մոտ։ Կողքին ուրիշ վիրավորներ էլ կային և մեկ բժիշկ, բուժքրոջ հետ:

–Կարո՞ղ եք կապել վերքերս ու թողնել այստեղ, ասաց նա բժշկին։ Վերջինս զարմանքով նայեց նրան, ապա ասաց.

–Շատ ծանր վիրավորում ունես, անհնար է։ Շտապ վիրահատություն է հարկավոր։

-Կապիտա՛ն, չվախենա՛ս,- ասաց ծանոթ դեմքով զինվորականը, երբ մեքենայի մեջ էին դնում։ Անունս Վանո է, հիշո՞ւմ ես ինձ, կողքի ջոկատից էի. դու մի անգամ ինձ փրկեցիր մահից:

-Տղե՛րք, կպահե՛ք սարը, հանկարծ չտա՛ք․․․ Հա, քեզ հիշում եմ, – ասաց նա, – սա մեր սարն է, մեր սիրտն այստեղ է, մեր տղերքն այստեղ են, կենդանի թե զոհված, կպահե՛ք, հրամայո՛ւմ եմ:

-Կապիտա՛ն, – ասաց Վանոն, – հրամանը կկատարենք, իսկ դու դեռ կվերադառնաս…

Մեքենան դեռ չէր շարժվել, երբ կապիտան Թորոսը հանկարծ նկատեց դեպի իրենց մոտեցող հերթական անօդաչուն։ Գիտակցությունը հրաժարվում էր ընդունել իրականությունը… Սիրարփին, ծաղիկները, աղջիկները… զինվորներն առանց իրեն… մա՞հ… գիտակցության վերջին պայծառությամբ անցավ նրա մտքով… մի՞թե մահ գոյություն ունի․․․ չէ, ինքը չի վախենում նրանից…

Նա տեսավ անողոք, տիեզերական անսահմանության մեջ շարժվող անօդաչուի տձև մարմինն ու այն պատրաստողների հրեշավոր դեմքը… լսեց բժիշկների սարսափահար ձայներն ու կողքին պառկած վիրավորի տնքոցը… Վերջինը, որ տեսավ կապիտան Թորոսը, դեպի իրեն լողացող ամպերն էին. մահն իրակա՞ն է, երբ քո կողքին է, քեզ վրա ծիծաղում է։ Մահը բնակարանները փոխելու վա՞յրն է, խաղաղ նի՞նջ, որից հետո քեզ հետ մի կարևոր բան է կատարվում… Սիրարփին` իր նվիրած ծաղկեփունջը ձեռքին, որ դեպի իրեն է վազում, երեխաները, որ ձեռքով էին անում, հրաժե՞շտ էին տալիս… Նա զգաց չգիտես որտեղից այտին ընկած տերևի նուրբ հպումը, մինչև երկիրը կընդուներ իր մարմինը և կծնվեր թշնամու առաջ ծնկի չեկած Ուլյան լեռան առասպելը:

Please follow and like us: