Գրական փառատոն ԱրմաԳիր2021

Պատերազմը չի ավարտվել։

Պատերազմն ամենուր է։ Ու եթե արկեր չեն ընկնում, ԱԹՍ-ները չեն գաղտնանկարում ու հարվածում, դա դեռ չի նշանակում, թե պատերազմն ավարտվել է։ Եվ ամենատխուրն այն է, որ բազում հակառակորդների հետ միացած՝ մենք էլ ենք մեր դեմ պատերազմում, մենք մեզ հոշոտում ենք, թշնամի ենք սարքում, «դավաճան» ենք վանկարկում, թալանչի ենք կարգում՝ ակամա երկրորդելով նրանց, ովքեր մեզ ու մեր երկիրն են սակարկում…

Սոցցանցերը դարձել են կղանքանետման մրցահարթակ, նույնիսկ հազար տարվա ընկերներն են վաղուց մոռացած «հինունորն» իրար խառնել… Սա անում ենք ամեն օր, մեր ոսկեղենիկ հայերենով, փոխանակ այդ ոսկեղենիկը դայլայլեր, հույս տար, հավատ ներշնչեր…

Հայհոյելուց հեշտ բան չկա, բայց հապա մի փորձեք երգել՝ ոսկեղենիկ հանգերն իրար կապելով… Փորձեք, և կտեսնեք, որ անխուսափելի թվացող ավարտն ու ինքնակիզումը կանգ կառնեն։ Ինքներս մեր դեմ սանձազերծած հիստերիկ, գլխակեր պատերազմում հաղթելու միակ ճանապարհը միասին երգելն է, ուս-ուսի, մեջք-մեջքի տված հանգերգն է դադարեցնելու այս ինքնակեր գզվռտոցը։

Սա էր միակ շարժառիթը, միակ հավատամքը, որ դրդեց խոսքի, բառ ու բանի հանդիսություն նախաձեռնել իմ հայրենի քաղաքում՝ Արամայիս նահապետի հիմնած Արմավիր մայրաքաղաքում, որտեղ նրա հայր Արամանյակը հիմել էր սրբազան սոսյաց պուրակը։

Փառք Աստծո, քաղաքն ունի ամեն բան ճիշտ ընկալող ու ճիշտ գործերին աջակցող ղեկավարություն։ Արմավիրն էլ իր անվան «վ» տառը հոժարակամ զիջեց Գրի «Գ» տառին, որ ունենա ԱրմաԳիր անունով Գրի, բառ ու բանի տոն, որ իրար լսենք, ուս-ուսի տանք ու մեջք-մեջքի…

Հոկտեմբերի 22-ին և 23-ին բոլոր ցանկացողներին հրավիրում ենք Արմավիր, մասնակից լինելու գաղջ կղանքաձգությունից ազավելու սկզբնավորմանը։

Գևորգ Գիլանց

ԾՐԱԳԻՐ

Օր առաջին (22.10.2021)

11։ 00 – Հյուրերի դիմավորում։

12։00 – Այցելություն Արմավիր մայրաքաղաքի հնավայր։

14։00 – Բացման արարողություն (Արմավիրի մշակույթի տուն)։

15։00 – «Նստարանին ընթերցող աղջիկը» (բացօդյա ընթերցում հայ դասկաններից Արմավիրի մշակույթի տան հարակից ծառուղում։

16։00 – Գրական զբոսանք-բանավեճ (մասնակիցները զբոսնելով հասնում են Շառլ Ազնավուրի արձանին։ Ընթերցումներ (ըստ ցանկության)։

17։00 – «Սոսաց պուրակի հմայախոսություններ» (բանաստեղծական էքսպրոմտների «սլեմ»։ Ժյուրին ընտրում է առաջարկված թեմայով լավագույն էքսպրոմտը և հանձնում մրցանակը)։

19։00 – Մեկնում Երևան

Օր երկրորդ (23.10.2021)

11։ 00 – Հյուրերի դիմավորում։

11: 30 – Այցելություն Մեծամոր հնավայր:

13։ 30 «Նոր Սոսյաց պուրակի հիմնարկեք» (տնկվում է նորաստեղծ փառատոնի առաջին սոսին հրապարակամերձ օղակաձև այգում)։

14։ 00 – «Տաք կարկանդակ» (ակումբներն ու կրթօջախներն ընդունում են գրողներին)։

16։00 – «Հացն ու գինին, տեր կենդանին…» Գինի և ընթերցումներ (հրաժեշտի հյուրասիրություն ընթերցումների ուղեկցությամբ)։

18։00 – Փառատոնի արդյունքների ամփոփում, մասնակիցների հուշագրերի հանձնում, փառատոնի փակում։

19։00 – Մեկնում Երևան։

Please follow and like us: